HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիա

Լեռ Կամսար

Թուրքիան իր նոր բարեկամ Հունաստանի հետ նստած, Միջերկրական ծովում իրենց ոտներն էին լվանում և զրուցում։

Թեև խոսակցության տոնը շատ քաղցր էր, թեև պատրաստ էին կյանքը զոհել իրար, բայց իմպերիալիզմն այնուամենայնիվ իրեն ցույց էր տալիս նրանց յուրաքանչյուր շարժումում։

Օրինակի համար, երբ պետք էր լինում իրենց կրունկի կոշտերը մաշելու համար կրունկները մի բանի քսել՝ Թուրքիան Հունաստանի ափին էր քսում ոտները, Հունաստանը՝ Թուրքիայի, ինչ է թե իրենց տերիտորիան կարող էր մի փոքր մաշվել, փոքրանալ․․․

Հունաստանը Թուրքիային ասում էր․

- Դրուստ, հարևա՛ն, դարեր շարունակ կողք-կողքի ապրում ենք, բայց մինչև օրս ես չեմ ճանաչում քեզ ինչպես հարկն է։ Օրինակ, ես կուզենայի գիտնալ, թե ի՞նչ ազգ եք դուք, ի՞նչ է ձեր պապենական արհեստը, ի՞նչ փեշակ ունեք։

- Մեր պապենական արհեստը հայ կոտորելն է ու աղոթել։

- Ուրի՞շ։ Դերձակություն, կոշկակարություն․․․

- Ո՛չ, ո՛չ։ Այդ բոլորը հայերն էին անում մեզ համար․ նրանց էլ կոտորեցինք ու մնացինք բոբիկ։

- Զարմանալի է։ Ամառվա երկար օրերը կոտորելով ու աղոթելով կարելի՞ է մթնացնել։

- Հե՞շտ բան է թվում քեզ։ Ամբողջ մի ազգ մինչև ծծի երեխան կոտորելը մի օրվա բա՞ն է։ Հետո էլ աղոթել։ Մենք աղոթում ենք օրական չորս անգամ։ Ամեն աղոթքին կատարում ենք նախնական լվացում, որը տևում է առնվազն չորս ժամ։ Չորս էլ աղոթք՝ ութը ժամ։ Մենք քնում ենք տասներկու ժամին։ Մնացյալ չորս ժամն էլ ճաշ, ղայլան, կին, բան․․․ մենք ախր բազմակին ենք։

- Բանտեր շատ ունե՞ք։

- Ինչքան ուզես։ Ողջ երկիրը բանտ է հիմա։

- Ուրեմն, ողջ ժողովուրդը հանցավոր։

- Համարյա այո։ Քանի մեր սրբազան կարմիր ֆեսն էինք ծածկում՝ ոչ մի հանցավոր։ Բայց երբ վերացան ֆեսերը ու ամեն ոք սկսեց իր ցանկացած գլխարկը ծածկել, հետևաբար մտածել, երկիրը բանտ դարձավ։ 

- Մի՞թե գլխարկն այդքան ազդում է մտածողության վրա։

- Թուրքիային պահողն իր կարմիր ֆեսն էր։ Ֆեսավոր գլխի մեջ բոլորովին սոցիալիզմ չի մտնի։

- Ես ո՜նց ազատվեցի այդ անիծյալ սոցիալիզմի՜ց․․․ Ախր մի ժամանակ Գեներալ Մարկոսն ուզում էր մտցնել, - ասաց Հունաստանը բթի եղունգը կտրելով։

- Արի ուխտենք սոցիալիստ չլինել։

- Ուխտենք։

- Ջանի՜դ մատաղ, լավ հարևան ես։

Այս միջոցին հանկարծ Միջերկրական ծովի վրա մի մեծ պետության ոտնաձայն լսվեց։

- Ֆրանսիան է,- ասաց Հունաստանն ականջ դնելով։

- Ֆրանսիան այսպես ինքնավստահ չի քայլում՝ նրա մի աչքն Անգլիային է, մյուսն Ամերիկային, - պատասխանեց Թուրքիան։

- Ասես Անգլիան լինի։

- Անգլիան էլ հիմա շատ շվարած է քայլում։

Խոսքը բերաններում, Ամերիկան նավը նստած երևաց ծովի վրա, ուժգին քամուց մղված։

Թուրքիան ու Հունաստանը իրենց ոտները քաշեցին ճամփա տալու համար։ Ամերիկան ըստ երևույթին երկուսին էլ ասելիք ուներ, կամեցավ առագաստը քաշել, բայց քամին չթողեց։ Նա միայն կարողացավ հարցնել Թուրքիային․

- Դարդանելի բանալին որտե՞ղ է։

- Իր սովորական տեղը, պատից կախ։ Տան բանալին իմ հողաթափերի մեջ է։ Գնա տուն հանգստացիր, ես էս է գալիս եմ։

Ու ինքն էլ սկսեց շտապ հագնվել։

- Ի՞նչ ես շտապում, օտար չէ, թող մի փոքր էլ սպասի, - ասաց Հունաստանը։

- Հարեմս կմտնի։ Դրանից եմ վախենում․․․

- Դրան առաջին անգամ ո՞ւր ես ճանաչել, - հարցրեց Հունաստանը։

- Տարիներ առաջ մեր երկիրը մտավ որպես միսիոներ, Ավետարանը թևի տակ և հայերին, որոնք իրենից ավելի հին քրիստոնյաներ էին՝ քրիստոնեություն էր քարոզում։ Բայց դու մի՞ ասի՝ երկրպագության պատրվակով գետինը համբուրելիս մեր նավթաբեր հողերն էր հոտոտում․․․

- Միսիոնե՜ր․․․

- Այո՛, մի միսիոներ, որ քրիստոնեին քրիստոնեություն է քարոզում, մահմեդականին՝ մահմեդականություն։ Բոլոր մահմեդական երկրներին ի մի է հավաքում և կամենում է «պատվավոր մոլլայի» կոչումը ստանալ մեզանից․․․ Վերջապես ի՞նչ երկարացնեմ, Հունաստան ջա՛ն, դրությունս լավ չէ։ Անվերջ ուրիշի զուռնայով պիտի պարեմ։ Մի ժամանակ Գերմանիան էր, հետո Ֆրանսիան  եկավ, ապա՝ Անգլիան։ Հիմա էլ սա Ամերիկան դուրս ընկավ։ Մի քիչ էլ սրա զուռնայով պարեմ՝ տեսնեմ Ալլահն ի՞նչ դուռ կբանա վրաս։

Ասաց Թուրքիան և երերալով «իր» տունը մտավ։ Տուն մտավ՝ դես Ամերիկա, դեն Ամերիկա՝ Ամերիկա չկա։ Տեսավ կոշիկները հանել է հարեմի դռանը ու ներս մտել։ Դուրս կանչելով նրար, ասաց․

-Ամերիկա ջա՛ն, ամեն ինչ զիջեցի քեզ, բայց այս մեկը կներես։ Մեր շարիաթով անթլփատ մարդ հարեմ չպիտի մտնի։ Թլփատվիր՝ աչքիս վրա․․․

1955թ․

            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter