
Սեւանի հրեական համայնքը
- Ես անցել եմ նոր դեղի:
- Իսկ Միշան չի քայլում, ոտքերն են ցավում:
Այսպես է սկսվում սովորական զրույցը հարեւանուհիներ Անյա Կիրիլինայի եւ Օլգա Երշովայի միջեւ: Կամ էլ, օրինակ, որ ջուրը դարձյալ կտրել էին ու ստիպված են եղել դույլերով կրել հարեւանների բնակարաններից:
Անյան ու Օլգան էթնիկ ռուսներ են, Սեւանի հրեական համայնքի անդամներ: Երբեմնի ծաղկուն համայնքից մնացել է ընդամենը տասներկու հոգի, գրեթե բոլորը` տարեցներ: Անյան ապրում է ամուսնու՝ համայնքի ղեկավար Միխաիլ Ժարկովի եւ քրոջ՝ Նադյայի հետ: Երկուսն էլ անկողնային հիվանդ են, եւ Անյան միայնակ է խնամում նրանց: Օլգան ապրում է եղբոր՝ Յուրիի հետ:
Ռուս հրեաները Հայաստանում հայտնվել են տասնութերորդ դարում: Ռուսական ուղղափառ եկեղեցին դարերի ընթացքում պայքարել է իր հեղինակությունը գցող հերետիկոսների դեմ: Նրանց թվին էին պատկանում նաեւ հրեականություն դավանող ռուսները: Տասնութերորդ դարում Եկատերինա Երկրորդ կայսրուհու հրամանագրով շատ «հերետիկոսներ» աքսորվեցին Կովկաս: Հայաստանում ապրող ռուս հրեաները հիմնականում Տամբովի, Սարատովոյի եւ Տուլի նահանգներից էին: Նրանք բնակվեցին Ելենովկա գյուղում, որը 1953 թվականին ճանաչվեց քաղաք եւ վերանվանվեց Սեւան: Մինչ քսաներորդ դարի սկիզբը Ելենովկայի գեթե ողջ բնակչությունը կազմում էին ռուս հրեաները: Հրեաներ ապրում էին նաեւ Գոլովինոյում, Սեմյոնովկայում, Դիլիջանում:
Միխաիլ Ժարկովը հիշում է, որ իր երիտասարդության տարիներին համայնքը մեծ էր` 150 ընտանիք, եթե ոչ ավելի: Ռուս հրեաները հիմնականում զբաղվում էին ձկնորսությամբ եւ հողագործությամբ: Հայերի հետ հարաբերությունները միշտ լավ են եղել:
«Հայերը միշտ էլ ըմբռնումով են մոտեցել մեր ավանդույթներին, մեր աշխատատեղերի ղեկավարները հարգում էին Շաբաթը (Շաբաթը հրեաների համար արարման վերջին օրն է, երբ արգելվում է ցանկացած աշխատանք)», - ասում է Միխաիլ Ժարկովը:
Հրեական տոները ռուս հրեաները նշել են ողջ համայնքով: Ճիշտ է, անվանում են դրանք յուրովի. օրինակ՝ Պուրիմը` Մորդոֆեյ, Պեսախը` Պասկա: Նրանք նույնիսկ իրենց սինագոգն ունեին. խորհրդային ժամանակներում այն արգելեցին եւ վերածեցին խանութի: Ռուս հրեաները հավաքվում էին միմյանց տներում, «ընդհատակյա», կարդում էին Տորա, աղոթում էին:
![]() |
![]() |
Ելենովկայում եղել է ու առայսօր կա իրենց գերեզմանոցը, որտեղ պահպանվել են առաջին հրեա վերաբնակների գերեզմանները: Բնակիչները բողոքում են, որ բոլորը մեկնել են, մարդ չկա, որ գերեզմանները խնամի: Հուշարձանների վրա խոտ է աճել, հին գերեզմանների վրա նորերն են փորում:
«Ձմռանը, երբ ձյուն է, այնտեղ հասնել չի լինի,- ասում է Անյա Կիրիլինան:- Իմ պապիկն է այնտեղ թաղված, ողջ ձմեռ չէինք այցելել նրա գերեզմանը, հետո գնացինք, տեսանք՝ ինչ-որ մեկն այնտեղ նոր գերեզման է փորում: Ի՞նչ կարող եմ ասել իրեն, ինչպե՞ս արգելել»:
Օլգան պատմում է, որ նախկինում բոլորն իրենց տներում ունեին ռուսական վառարաններ: Պեսախին ( Զատիկ ) իրենք էին մացա պատրաստում: Ուրբաթ օրերին մայրամուտից առաջ անասունը տանում էին գոմ, վառում էին բաղնիքները, լողանում էին ու հավաքվում էին աղոթելու:
«Առաջ այստեղ իշխան ունեինք, հետո անհետացավ, սիգ ունեինք,- հիշում է Օլգան:- Երբ երեխաներ էինք, մայրս հաց էր թխում ռուսական վառարանում, վազում էինք լիճ, կողակ էինք որսում, հենց այնտեղ էլ խորովում էինք ու հացի հետ ուտում: Հիմա սիգ որսալը դժվար է: Իսկ ձուկ գնելը թանկ է»:
«Խորհրդային տարիներին շատ լավ էինք ապրում, հարուստ էինք,- ասում է Միխաիլ Ժարկովը,- մթերքն ավելի լավն էր այստեղ, քան Մոսկվայում: Ես հորատող էի աշխատում Երեւանում, Սեւան գալիս էի շաբաթ-կիրակի օրերին: Քաղաքում շատ լավ բնակարան ունեինք: Վաճառեցինք, փողերը դրեցինք գրքույկի վրա, ու բոլոր փողերը կորան Խորհրդային Միության փլուզումից հետո»:
Անկախ Հայաստանում փակվեցին ռուսական դպրոցները, որտեղ սովորում էին նաեւ ռուս հրեաների երեխաները, իսկ սոցիալական առումով վատ էր բոլորի համար, ոչ միայն ռուս հրեաների: Աստիճանաբար երիտասարդությունը սկսեց լքել քաղաքը. մի մասը գնաց արտերկիր` սովորելու, մյուս մասը՝ աշխատանք փնտրելու նախկին խորհրդային հանրապետություններում:
![]() |
![]() |
Միխաիլ Ժարկովի որդին եւ դուստրը Մոլդովայում են: Նրանք հազիվ իրենց ընտանիքների հոգսն են հոգում:
«Երբ ես անցա թոշակի,- ասում է Միխաիլ Ժարկովը,- ապխտած ձկով էի ապրուստս հոգում: Եվ մեզ էի պահում, եւ երեխաներին, եւ հարեւաններին էի օգնում: Արդեն մեկ տարի է` չեմ կարող աշխատել հիվանդությանս պատճառով»:
Միխաիլ Ժարկովի թոշակը 20 000 դրամ է, կնոջ թոշակը՝ 16 000 դրամ, իսկ քենունը` ավելի քիչ: Դրամը հիմնականում ծախսվում է դեղերի եւ սննդի վրա:
Միխաիլն ասում է, որ ինքն իրեն չի համարում վատ ապրող. չէ՞ որ քաղցած ու մերկ չէ: Բացի այդ, Հայաստանի հրեական համայնքն իրենց շատ է օգնում սննդամթերքով, որոշ կոմունալ ծախսեր հոգալով: Թե չէ` կապրե՞ս միայն թոշակով:
«Փողը դատարկ բան է,- ասում է Միխաիլը,- առողջությունից թանկ ոչինչ չկա: Առողջություն լինի, փող էլ կլինի, մնացածն էլ»:
«Այ, մեզ մոտ շուտով ընտրություններ են,- ասում է նա:- Ես միշտ պարտաճանաչ գնացել եմ ընտրություններին: Արդեն մեկ տարի է, ինչ հիվանդ եմ, չգիտեմ՝ ինչպես եմ գնալու ընտրություններին այս անգամ: Չնայած` ի՞նչ տարբերություն մեզ համար, թե ով կանցնի: Մի քանի օր առաջ հարեւանս էլ եկել, ուզում էր իր ընկերոջ համար քվեարկենք: Իսկ ես նույնիսկ թեկնածուներին չգիտեմ»:
Օլգա եւ Յուրի Երշովներին նույնպես չի հուզում «ում օգտին քվեարկել» հարցը:
«Մե՞զ ինչ, թե ով կանցնի,- ասում է Օլգան:- Մեր խնդիրներն իրենք, միեւնույն է, չեն լուծի: Իմ տղան ապրում է Ուկրաինայում, ես իրեն տասնվեց տարի է չեմ տեսել, իսկ ինձ Փարոս չեն տալիս, ասում են` թող տղադ քեզ պահի: Եղբայրս ընդհանրապես ընտանիք չունի, բայց ինձ ասում են` միասին եք ապրում, ուրեմն ընտանիք եք, նրան էլ Փարոս չի հասնում: Մեր երկուսի թոշակը 32 000 դրամ է: Ես շաքար ունեմ, ճնշում, դեղեր է պետք գնել, կոմունալ վարձերը վճարել: Երբ երիտասարդ էինք, մեր անունները պատվո տախտակին էին կախում՝ որպես լավ աշխատողների: Իսկ հիմա մենք ու՞մ ենք պետք»:
«æուրը կտրել են, տալիս են ընդամենը օրական մեկուկես ժամ, հարեւաններից ենք կրում: Գազն անցկացրել են, բայց գազի վառարան չենք կարող վառել, ծխնելույզ չունենք, փայտ ենք վառում: Տունը մի քանի տասնյակ տարեկան է, հատակը փտել է, ամեն տեղից փչում է: Փող չկա, որ վերանորոգենք: Երբ աշխատում էինք, գնեցինք, սարքեցինք, ինչ կարողացանք, հիմա էլ մաշում ենք»:
«Դե լավ, բավական է բողոքես,- ասում է Անյան,- մինչեւ մեր մահը կհերիքի, ինչների՞ս է պետք նորը»:
«Մի անգամ Շաբաթի հավաքին,- ժպտում է նա,- ասում են` ահա, կմեռենք, ինչպե՞ս պիտի թաղեն մեզ, դագաղը փող արժե: Ասում եմ՝ մենք բոլորս գորգեր ունենք լավ ժամանակներից մնացած, թող մեզ փաթաթեն ամեն մեկիս մի գորգի մեջ ու հողն իջեցնեն, էլ ի՞նչ խնդիրներ»:
Լուս. Նելլի Շիշմանյանի
Մեկնաբանել