
Սյունիքի նոր եկեղեցիները կամ Սուրիկ Խաչատրյանի «աստվածահաճո» գործը. նա որդու անունով մատուռ է կառուցել
Սյունիքի թեմը ձեւավորվել է 1988-ին Վազգեն Ա կաթողիկոսի կոնդակով: Այն ներառում էր Զանգեզուրի տարածաշրջանը: Թեմի առաջնորդը ստեղծումից մինչեւ 1993 թ. տեր Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանն էր, որին փոխարինեց տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը: 1996-ին թեմը Գարեգին Ա-ի կոնդակով վերակազմավորվել է՝ ներառելով Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցով (ք. Գորիս):
2010-ի դեկտեմբերին Գարեգին Բ-ի կոնդակով Սյունյաց թեմից անջատվել է Վայոց ձորի թեմը (ընդգրկում է նույնանուն մարզը): Տեր Աբրահամը նշանակվել է նորաստեղծ թեմի առաջնորդ, իսկ Սյունյաց թեմի ղեկավարումը հանձնվել է տեր Զավեն աբեղա Յազիչյանին որպես առաջնորդական տեղապահի, որը մինչ այդ միասնական թեմի փոխառաջնորդն էր: 2011-ից Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահը տեր Մակար վարդապետ Հակոբյանն է:
10 հազարից մինչեւ 1 մլն դոլար
Սյունիքի մարզպետարանի տեղեկացմամբ՝ 1991-ից մինչ օրս մարզում կառուցվել է 6 եկեղեցի եւ նույնքան մատուռ: Այդ եկեղեցիներն են.
Ս. Մեսրոպ Մաշտոց (Կապան, օծվել է 2001 թ.)
Ս. Սարգիս (Քաշունի, 2002)
Ս. Աստվածածին (Շաքի, 2003)
Ս. Գայանե (Դավիթ Բեկ, 2008)
Ս. Ստեփանոս (Դարբաս, 2010)
Ս. Հռիփսիմե (Տոլորս, 2012):
(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)
Մարզկենտրոն Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, փաստորեն, Սյունիքի մարզում անկախությունից հետո կառուցված առաջին եկեղեցին է: Սյունիքն այն թեմերի շարքում է (Արցախ, Կոտայք, Արագածոտն), որոնց առաջնորդանիստերը մարզկենտրոններում չեն: 2010-2011 թթ. թեմը ղեկավարած տեր Զավենը առաջնորդանիստը Գորիսից Կապան տեղափոխելու մասին հարցին ի պատասխան ասել էր. «Տարածքի խնդիր կա, կացարաններ պետք է կառուցվեն, էնպես չէ, որ միանգամից վեր կենանք ու տեղափոխվենք Կապան»: Ապա հավելել էր, որ եթե այդ ամենը լինի, ինքը խոստանում է կաթողիկոսի կոնդակը բերել՝ Կապանը թեմի կենտրոն դարձնելու մասին (սա եղել է տեր Զավենի ծրագրային դրույթներից մեկը):
Մինչեւ Ս. Մեսրոպ Մաշտոցի կառուցումը կապանցիները (պաշտոնական տվյալներով՝ Կապանը 40 հազարից ավելի բնակիչ ունի) գնում էին հարեւան բնակավայրերի գործող եկեղեցիներ: Եկեղեցին օծվել է 2001-ի դեկտեմբերի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Ըստ Սյունիքի մարզպետարանի՝ եկեղեցու շինարարությունը ֆինանսավորել են քաղաքի բնակիչներն ու արտերկրում ապրող կապանցիները:
Գորիսի տարածաշրջանի Քաշունի գյուղի (նախկինում՝ Մալդաշ, պաշտոնական տեղեկություններով՝ ընդամենը 27 բնակիչ ունի) Ս. Սարգիս եկեղեցին կառուցվել է 2002-ին: Հովանավորները քաշունեցի եղբայրներ Արարատ եւ Արմենակ Սարգսյաններն են, որոնք, ըստ համայնքի ղեկավար Գառնիկ Հակոբյանի, աշխատում են Մոսկվայում: Այս փոքր եկեղեցու կառուցումը, Հակոբյանի փոխանցմամբ, արժեցել է մոտ 10.000 դոլար:
Շաքիի Ս. Աստվածածին եկեղեցին էլ կառուցվել է 2003-ին: Հովանավորը մոսկվայաբնակ Նվեր Օհանյանն է, որը ծնվել է Մեղրիում, այնուհետ ապրել ու ամուսնացել Շաքիում, տարիներ անց էլ տեղափոխվել Ռուսաստան: Գյուղապետ Վահան Ղազարյանի ասելով՝ Շաքիում նախկինում մատուռ է եղել, որը խորհրդային տարիներին օգտագործվել է իբրեւ պահեստ, ապա դարձել մանկապարտեզ: Հետագայում այդ տարածքում հուշարձաններ են կառուցվել: Վ. Ղազարյանի տեղեկացմամբ՝ գյուղում եկեղեցի կառուցելու առաջարկն իրենցն է եղել, իսկ նախաձեռնությունը՝ Նվեր Օհանյանինը: Ըստ համայնքի ղեկավարի՝ շինարարության նախահաշիվը կազմել է շուրջ 35.000 դոլար, ինչից զատ աջակցություն են ցուցաբերել նաեւ գյուղացիները՝ շինանյութով, աշխատանքով: Շուրջ 1400 բնակիչ ունեցող Շաքիի եկեղեցու խնդիրներից է այն, որ չունի մշտական հիմունքներով սպասավոր, այնտեղ պատարագներ է մատուցում Սիսիանից ժամանած հեգեւորականը:
Դավիթ Բեկ գյուղի (նախկին Զեյվա, բնակչության պաշտոնական թիվը՝ 809) Ս. Գայանե եկեղեցին կառուցվել է Կապանի տարածաշրջանում հայտնի նախկին գործարար Միրիկ Մնացականյանի միջոցներով 2008-ին:
Սիսիանի տարածաշրջանի մեկ այլ գյուղում՝ Դարբասում, եկեղեցի է օծվել 2010-ին: Ս. Ստեփանոսը կառուցվել է մոսկվայաբնակ եղբայրներ Արամ եւ Արմեն Ստեփանյանների հովանավորությամբ, որոնք հայտնի գործարարներ են Շամբ-Դարբաս-Լոր (կոչվում է Ձորեր) հատվածում: Ստեփանյանները նույն տարում Շամբում հիմնել են պահածոների եւ «Տատնի» հանքային ջրերի գործարաններ, որոնք ղեկավարման էին հանձնել ծնողներին: Արամ Ստեփանյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը եղել է իրենցը, իսկ նախապատմությունը երկար է:
Հայրը՝ հանգուցյալ Ներսես Ստեփանյանը, այս առիթով ժամանակին «Որոտան» թերթին պատմել է. «Դարբասը 7 եկեղեցի է ունեցել: 1931-ի մեծ երկրաշարժին վերջնականապես խոնարհվել է կիսավեր միակ՝ սուրբ Ստեփանոս եկեղեցին, ուր հայրս՝ Արսենը, հավատքով աղոթում ու մոմ էր վառում: Շուրջ 100 տարի Դարբասը զրկված է եղել Աստծո տնից:
Գործող եկեղեցի ունենալու անհրաժեշտությունը զգում էր ոչ միայն Դարբասը, այլեւ ողջ Ձորերի ժողովուրդը (Դարբասը պաշտոնական տվյալներով 1141 բնակիչ ունի- հեղ.): Պատահական չէ, որ հիմնարկեքի օրը 200-250 մարդ բահը ձեռքին հող լցրեց եկեղեցու հիմքում՝ հաղորդակից լինելով այն սրբազան ուխտին, որ կատարել էր իմ ընտանիքը: Օգնել են բոլորը, անգամ՝ զինվորականները: Ու բոլորից շնորհակալ եմ: Շատ գոհ եմ աշխատանքի որակից: Բարձրակարգ վարպետներ ու բանվորներ են աշխատել կառույցի վրա: Դրսից եկած մարդիկ զարմանում էին, թե որտեղից ենք հրավիրել շինարարներին եւ հիանում էին, իմանալով, որ նրանք մեր տեղացի վարպետներն ու բանվորներն են՝ Գառնիկ Մարգարյանը, Վալիկ Վարդանյանը, Հակոբ Մարգարյանը, Նորիկ Ստեփանյանը, Ալբերտ Զաքարյանը, մյուսները: Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագծի հեղինակներին՝ ճարտարապետներ Մարտին Զորոյանին, Նունե Պետրոսյանին, Մանվել Համբարձումյանին՝ նման հրաշալի կառույց նախագծելու համար, իմ ընկեր, ռուսաստանաբնակ մեր հայրենակից Գագիկ Մկրտչյանին՝ ամեն ինչով աջակցելու համար»,- ասել էր Ներսես Ստեփանյանը:
Նոր Ս. Ստեփանոսի հիմնարկեքը կատարվել էր 2007-ին: Գործարանների բացումն ու եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2010-ի մայիսի 5-ին: Արամ Ստեփանյանի ասելով՝ եկեղեցու վրա ծախսել են շուրջ 1 մլն դոլար:
Պաշտոնապես 406 բնակիչ ունեցող Տոլորսի Ս. Հռիփսիմե եկեղեցին նույնպես կրում է հին եկեղեցու անունը: 1861-ին կառուցված բազիլիկ եկեղեցին հին բնակավայրի հետ 1974-ից մնացել է Տոլորսի ջրամբարի ջրերի տակ, սակայն մինչ օրս էլ ջրի մակարդակի իջնելուն պես հասանելի է դառնում տեղացիներին, այնինչ մնացած դեպքերում մինչեւ տանիքը ծածկվում է ջրով:
Հին Ս. Հռիփսիմեն՝ ջրի տակ եւ ջրամբարի մակարդակի իջնելուց հետո
Նույնանուն սրբատեղի կառուցելը եղել է երեւանաբնակ տոլորսեցի Ալեքսանդր Սուքիասյանի միտքը, որը որոշել էր գյուղի մասին գիրք տպագրել ու դրա հասույթով իրականացնել ծրագիրը:
Նախապես որոշված էր 25 քմ տարածքով ու 10 մ բարձրությամբ մատուռ կառուցել, սակայն հետո նախագիծը փոփոխվել է. ծրագրվել է 90 քմ տարածքով, կից զանգակատնով ու 30 հոգու համար մատաղատեղով եկեղեցի հիմնել:
Շինարարությունը ֆինանսավորել են Ա. Սուքիասյանի որդիները՝ Տիգրանն ու Վարդանը: Գյուղապետ Մարատ Առաքելյանի տեղեկացմամբ՝ հիմնական ներդրողը եղել է Տիգրան Սուքիասյանը, որը Մոսկվայում շինարարական կազմակերպություն ունի, սակայն աջակցություն են ցուցաբերել նաեւ գյուղից դուրս ապրող այլ տոլորսեցիներ:
Եկեղեցու կառուցման գումարի մասին Մ. Առաքելյանը նշում է, որ շինարարության նախահաշիվը փոփոխության շատ է ենթարկվել, գումարի հստակ չափը դժվարանում է ասել, բայց մոտ 150.000 դոլար է արժեցել: Նորակառույց Ս. Հռիփսիմեի հիմնարկեքը (լուսանկարում) կատարվել էր 2012-ի հունիսին, իսկ խաչօրհնեքի արարողությունը՝ նույն տարվա դեկտեմբերին, երբ ներքին հարդարման ու տարածքի բարեկարգման աշխատանքները դեռ չէին ավարտվել: Սյունիքի թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանն ասել էր, թե, ամենայն հավանականությամբ, եկեղեցին սպասավոր կունենա: Սակայն համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ մինչ օրս հոգեւորական չկա, Սիսիանից են երբեմն սպասավոր հրավիրում՝ պատարագ մատուցելու:
Մատուռ՝ մարզպետի որդու անունով
Սյունիքի մարզպետարանի տվյալներով՝ 1991-ից ի վեր մարզում կառուցվել են մատուռներ հետեւյալ վայրերում.
Ս. Վարդան (Տեղ, 1997 թ., հովանավոր՝ Սուրեն Էլյազյան)
Մատուռ (Արծվանիկ, 2006, Միքայել Մարգարյան)
Ս. Տրդատ (Գորիս, 2007, Սուրիկ Խաչատրյան)
Ս. Խաչ (Աշոտավան, 2008, Շողիկ Ներսիսյան)
Ս. Հովհաննես (Ճակատեն, 2009, Արշավիր Սարգսյան)
Ս. Նարեկ (Ախլաթյան, արտաքին հարդարման աշխատանքներն ավարտված չեն, Արամ Եղյան):
Ճակատենի Ս. Հովհաննես մատուռը
Գորիսում 2006-ին Ս. Տրդատ անունով մատուռ կառուցած Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի նախկին ու ներկա մարզպետն է (2004-2013, 2014-ից մինչեւ հիմա): 20-ամյակը չբոլորած Տրդատը նրա կրտսեր որդին է, 2006-ին նա ընդամենը 10 տարեկան էր: Ճիշտ է, հայ եկեղեցին ունի այսպիսի սուրբ (Տրդատ Գ Մեծ թագավոր, որի օրոք Հայաստանը քրիստոնեությունը ճանաչեց պետական կրոն), սակայն դժվար է հավատալ, թե որդու անվան հետ համընկնումը պատահականություն է:
Տրդատ Խաչատրյան, Ս. Տրդատ Գ Մեծ, Սուրիկ Խաչատրյան
Մատուռն օծվել է 2007-ի հունիսի 17-ին թեմի նախկին առաջնորդ տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի հանդիսապետությամբ: Մայր Աթոռի հաղորդագրությունից դատելով՝ կարող ենք ասել, որ այն իսկական իրադարձություն է եղել քաղաքի համար. մասնակցել են թեմի փոխառաջնորդը, Գորիսի հոգեւոր հովիվը, ներկա են եղել մարզպետը, Գորիսի այն տարիների քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, մարզի համայնքապետեր, օտարերկրյա հյուրեր: «Հավարտ արարողության Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ տեր Աբգար վարդապետ Հովակիմյանն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն ուղղեց մարզպետին եւ շինարարներին՝ մասնավորաբար նշելով, որ Սյունյաց աշխարհը միշտ առանձնացել է եկեղեցակառույց Աստվածահաճո գործունեությամբ: Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը եւս օրհնության խոսքն ուղղեց Ս. Տրդատ մատուռի բարերարներին եւ ճարտարապետ-շինարար Սեւադա Զաքարյանին»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:
Բայց հետաքրքիր է, որ մատուռները, որպես կանոն, կառուցվել ու կառուցվում են ի հիշատակ ննջեցյալների կամ որեւէ վկայի (հավատքի համար նահատակված, ապա սրբադասված անձ) գերեզմանի կամ մասունքների վրա: Տոլորսում էլ կա Ս. Մարտիրոս անունով մի մատուռ (մարզպետարանի ցանկում չի նշվել), որը կառուցվել է ավտովթարի ենթարկված, ապա ծանր ախտորոշումից հետո ոտքի կանգնած համագյուղացի Սուրեն Գրիգորյանի երազի հիման վրա եւ օծվել 2011-ին (լուսանկարում):
Հատկանշական է, որ ներկայում շատ են կառուցվում եկեղեցիներ դրանց բարերաների ընտանիքների, հարազատների անուններով: Օրինակ՝ Արցախի Զագլիկ գյուղում Անտոնյանների ընտանիքի կառուցած եկեղեցին անվանակոչվել է Ս. Անտոն (այսպիսի սուրբ մեր եկեղեցին նույնպես ունի), Ստեփանակերտի Ս. Հակոբն իր անունը ստացել է հովանավոր Ներսես Եփրեմյանի վաղամեռիկ որդու հիշատակին: Հայաստանի մյուս մարզերում նման դեպքերը բազմաթիվ են:
Գլխավոր լուսանկարում՝ Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել