HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

«Վարդապետի լռությունը»՝ խոսելու առիթ

2015 թվականի վերջին ցուցադրված «Վարդապետի լռությունը» ֆիլմը տարօրինակ մտքեր է արթնացնում: Ֆիլմի ստեղծման առիթը հուժկու է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ ֆիլմի առանցքը՝ հայ մեծագույն կոմպոզիտոր Կոմիտասի կերպարը:

Ու թեև ֆիլմը հենց այդ համատեքստում է ներկայացվում, այն միաժամանակ ջանում է լինել ավելին: Շատ ավելին, գրեթե գաղափարախոսական մի ընդհանրացում, որտեղ առկա են բազմիցս շահարկված ու խունացած բարձր հայրենասիրական-էսթետիկական կատեգորիաները, ինչպիսիք են՝ «ազգի խիղճը», «մտավորականի կենսաձևը», «ժողովրդի ձայնը», «ազգի համար աղոթքը»: Համենայնդեպս, հենց այս բառերն ու բառակապակցություններն են պատեհ կամ անպատեհ գովազդում ֆիլմը և հնչում հենց ֆիլմի մեջ:

«Վարդապետի լռությունը» կարծես չի բավարարվում միայն պատմություն պատմելով, այլ տարբեր վեհ բաները ուղղակի հանդիսատեսի աչքն է խոթում, ասելով՝ դու՛, հանդիսատես, լավ իմացիր, որ կան բառեր ու կան մեծատառով բառեր: Մենք քեզ հատուկ կասենք, թե երբ է հարկավոր օգտագործել մեծատառը, սեևեռուն հայացքն ու հայելու մեջ արտացոլվող իրականությունը, դու էլ շնորհակալ եղիր ու մտածիր:

Անգամ Վիքիփեդիայում բացված հատուկ էջ կա, որտեղ գրված է, թե ֆիլմի թեման Մեծ Լռությունն է (հենց այսպես մեծատառերով, ինչպես կարելի է մեծատառ դարձնել, ասենք, Մեծ Սերը կամ Մեծ Խաղաղությունը): Մեծ բառեր են շռայլվում նաև ֆիլմի հասցեին: Եվ այդ ամենը առանց ինքնահեգնանքի կաթիլի անգամ:

Ֆիլմի սիմվոլն ու հավաքական կետը Կոմիտասն է, բայց սա զուտ տեսականորեն: Ֆիլմում Կոմիտասը դիմակ է, առեղծվածային մի կաղապար, որի լինել-չլինելու, լռել-չլռելու որոշման հետքերը պետք է գտնվեն այսօրվա Երևանում: Կոմիտասը սպիտակ միջանցքներում ու սպիտակ վարագույրների տարուբերմամբ պատուհանի մոտ կանգնած ալեհեր-խորհրդանիշ է, որի գաղտնիքը փորձում է հասկանալ ժամանակակից երևանցի Էդգար Նովենցը:

Նա գիրք է գրում Կոմիտասի կյանքի վերջին տարիների մասին ու ուզում է ոչ միայն պարզել, թե ինչու է Կոմիտասը լռության մեջ ապրել, այլև ինչու է այսօրվա Հայաստանի կյանքը ոչ լիարժեք: Եզրակացությունն այսպիսին է. մենք սխալ տեղ ենք փնտրում հոգեկան անդորրը, քանի որ լավ չենք հասկանում, թե ովքեր պետք է խոսեն, իսկ ովքեր՝ լռեն:

Այս գրեթե հեղափոխական ուղերձը ֆիլմում դառնում է զարմանալի հնաոճ ու ժամանակավրեպ, քանի որ պարզվում է, որ ոչ բոլորը խոսելու իրավունք ունեն: Իսկ ո՞վ ունի: Պատասխանը սա է. ընտրյալները... Եվ սա առանց որևէ ինքնահեգնանքի նշույլի անգամ:

կադր «Վարդապետի Լռությունը» ֆիլմից

Իրականում «Վարդապետի լռությունը» հետաքրքիր սյուժետային գծեր ու պերսոնաժներ ունի. սիրիացիների համար սուռոգատ մայր աշխատող մարգինալ ու շատ գեղեցիկ աղջիկը, որը ճաղատ է ու քայլում է փողոցներով ջերմաստիճանը ձեռքին, ըմբոստ կեցվածքի հմայքը ըմբոշխնող ուսանողները, համալսարանի կաշառակեր ու հարմարվող դեկանը, երկու տարբեր հոգեբուժարաններում գտնվողները, էսթետ մի կինոռեժիսորը, որը զուգադիպությամբ՝ իր սենյակի պատերին Վիգեն Չալդրանյանի անունով դիպլոմներ է կախել:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս ու գրող Էդգար Նովենցը (Վարդան Մկրտչյան) փորձում է իր հերոսի մաշկի մեջ մտնել: Նովենցը անգամ ինկոգնիտո դառնում է հոգեբուժարանում բուժվողներից մեկը, որպեսզի հասկանա ու զգա 20 տարի ֆրանսիական հոգեբուժարանում մեկուսացված ու լռության մեջ ապրող Կոմիտասի հոգեվիճակը: Նա մտերմանում է գեղեցիկ ու միայնակ հղի Սոնայի հետ (Անի Ղազարյան), որը իրականում կույս է և ֆիլմի վերջում ծննդաբերելու է: Նաև օգնում է երևանյան հոգեբուժարանում լռակյաց ապրող մի այլ ծերուկի, որը լսելով Կոմիտաս՝ ապաքինվում է:

Գրագետ կառուցվածք ունեցող այս ֆիլմի խնդիրն այն է, որ այն ջանում է ամեն գնով լինել ակտուալ և իր մեջ ամփոփել բոլոր ժամանակներում ու իրավիճակներում ապրող ստեղծագործողի դիրքն ու եթե կարելի է վերամբարձ ասել՝ առաքելությունը:

Այս ֆիլմը կարծես ինքն էլ հավակնում է դիրքավորվել որպես առաքելության պես մի բան: Եվ դրանում է նրա թուլությունն ու անգամ՝ կոմիկականությունը: Ռեժիսորը կարող էր թույլ տալ, որ տարբեր պերսոնաժներն իրենց անունից խոսեն ու զարգանան, բայց նա ակտուալ է ուզում լինել, և բոլոր գծերը հանգուլածում մի կետում, որը կարելի է կոչել «հեղինակային դրոշմ մտավորականության թեմայով»:

 «Վերջերս մի բան ասացի՝ շատերը նեղվել էին․ կան մտավորականներ, բայց մտավորականությունը՝ որպես խավ, մենք կորցրել ենք: Որովհետև մտավորականությունը դա կենսաձև է, դա այն մարդն է, որը արթնանում է ժողովրդի մասին մտածելով»,- Վիգեն Չալդրանյանի այս խոսքերը սիրուն ու սահուն տեղափոխվում են «Վարդապետի լռությունը» ֆիլմի բոլոր սյուժետային գծերի մեջ, որոնք կարող էին բավարար լինել որպես ֆիլմ, եթե չլիներ այս անընդհատ կրկնվող ժողովրդի մասին մտածելով ու աղոթելով արթնանալու սպառնալիքը:

Ընդ որում՝ նշանակություն չունի, թե երբ են ապրում խոսքի իրավունք ունեցող հերոսները (Եղեռնի ժամանակ ծարավից ուժասպառ անապատով քայլելիս, թե բարեկեցիկ ու գեղատեսիլ ճաշասենյակներում արծաթե գավաթներով սուրճ խմելիս):

Պետք է ընդունել, որ «Վարդապետի լռության» ժանրը ոչ թե մաքուր դրամա է, այլ հեղինակային դրամա, քանի որ ուզենք թե չուզենք, Վիգեն Չալդրանյանը հեղինակային կինոյին հարող մասնագետ է, որն իր ուրույն ձեռագիրն ունի ու ուզում է ֆիլմեր անել հանուն արվեստի զորության:

Հեղինակային կինոյում հեղինակը միշտ կա (նուրբ դեպքերում քողարկված ու ենթատեքստային, իսկ ժողովրդի մասին մտածելու դեպքում՝ արդեն նշանակություն չունի, թե ինչպիսին):

«Վարդապետի լռությունը»  ֆիլմի մեջ հեղինակը ներմուծում է լայն իմաստով արվեստը. ոչ միայն երաժշտությունը (Կոմիտաս), գրականությունը (Նովենց), կինոն (Վիգեն Չալդրանյան), այլև պոեզիան: Երբևէ լսե՞լ եք այսպիսի պոետ՝ Սոնա Վան: Դժվար թե... Բայց հենց նրա բանաստեղծություններն են սրտաճմլիկ առոգանությամբ հնչում ֆիլմում որպես մտավորականի թեմայի հավելված: Երևի ըստ ռեժիսորի՝ Սոնա Վանի պոետիկ կերպարը ամենից լավը կարող է խոսել երևանցիների հետ՝ դառնալով ակտուալ «ժողովրդի ձայն» ու խոսքի արժեք:

Վիգեն Չալդրանյանի ֆիլմերի վերնագրերում հաճախ է հանդիպում «լռություն» բառը («Լռության սիմֆոնիա», «Ձայն լռության»), այն հեղինակային բրենդի պես այցեքարտ է դարձել: Վերջին ֆիլմում էլ՝ գրող Նովենցն իր վեպը էկրանավորել ցանկացող ռեժիսորին (Վիգեն Չալդրանյան) հարցնում է, թե ո՞ր դեպքերում է հարկավոր լռել, իսկ ո՞ր դեպքերում՝ խոսել: Եվ ո՞վ է հերոսը: Ռեժիսոր-պերսոնաժը պատասխանում է. «Հերոսը նա է, ով չի լռում»:

Այս դրվագը լավագույնն է «Վարդապետի լռությունը» ֆիլմում, քանի որ այն առավելագույնս ազնիվ է: Դիտելով ֆիլմը՝ մենք հասկանում ենք, որ Երևանի կյանքը խառն է՝ ցույցեր են, երիտասարդները բերման են ենթարկվում ոստիկանություն, քանի որ ինչ-որ բաներ են ուզում, բայց իրենց ուզածը ինչ-որ մարդկանց դուր չի գալիս:

Երևանյան խառը տեսարանները մենք տեսնում ենք երկու տարբերակում՝ կամ հեռուստացույցով, կամ էլ՝ հեռուստացույցով ցուցադրվելիս ու միաժամանակ հայելու մեջ արտացոլվելիս: Ինչ-որ բան ինչ-որ տեղ այն չէ: Անհայտ է, թե ինչը, բայց այն արտացոլվում է էկրանին ու հայելու մակերեսի մեջ արդեն շրջանակված ու գեղեցիկ մատուցած:

Հանդիսատեսին ասվել է, որ հերոսները չեն լռում: Չալդրանյանի պերսոնաժը, բացատրելով չլռելու բերկրանքը, շարունակում է. «Հերոսները չեն լռում, բայց նրանց փոխարեն խոսում են ... (դրամատիկ դադար ու աչքերի խաղ)... նրանց ստեղծագործությունները»: Օրինակ, Կոմիտասի մշակումները, կամ Սոնա Վանի ստեղծագործությունները, կամ էլ՝ ի վերջո, Վիգեն Չալդրանյանի ֆիլմերը:

Այս բոլորը մեկ հարթության վրա են դրված ու ըստ մտահղացման՝ փաստում են «մտավորականության խավի» զարթոնքի մասին:

Դե, կյանքն էլ թող կողքից անցնի որպես արտացոլանք, որպես հեղինակային հումք: Միգուցե նաև որպես աղմուկ, որը օգնում է լավ անել մտավոր գործը: Ժամանակակից ու ակտուալ հնչելու համար ֆինալային ծննաբերությունն ու հոգեբուժարանների պերսոնաժների գունեղ նկարագրերը բավարար չեն, հարկավոր է կյանք մտցնել: Բայց չմոռանալ, որ կյանքը ընդամենը հումք է:

«Վարդապետի Լռությունը» - ֆիլմ ֆիլմի մասին» տեսահոլովակից

Մի քանի տարի առաջ նկարահանված «Մաեստրո» ֆիլմում Վիգեն Չալդրանյանը նույնպես ուզում էր որսալ ստեղծագործողի ու իրականության կապն ու հակադրությունը: Որսաց: «Մաեստրոյի»  հերոսը՝ մտավորական երաժիշտը (Միքայել Պողոսյան) իր քաղաքում տեղի ունեցող աղմկոտ ցույցերից, բողոքի ալիքից ու արյունոտ բռնության դեպքերից նեղսրտում է, փակում է ականջներն ու թավջութակով թովիչ երաժշտություն նվագում: Նրան խանգարում է իրականությունը, որից նա փորձում է ոչ միայն փակվել, այլև՝ հակադարձել. «Լռե՛ք: Չե՞ք տեսնում, որ ստեղծագործում եմ»: Բայց փողոցում գտնվողները դա չէին տեսնում, հետևաբար՝ նաև չէին գնահատում ստեղծագործողի անձնուրաց գործը:

Եվ քանի որ գնահատվել ուզում են բոլորն ու մանավանդ՝ արվեստ արտադրողները, այս թեման կարմիր գծով (ներողություն այս ծեծված բառերի համար) անցնում է Վիգեն Չալդրանյանի ֆիլմերով:

«Վարդապետի լռությունը» ֆիլմում հերոս-«մտավորական» գրողը մեկ այլ հերոս-«մտավորական» ռեժիսորի հորդորով արդեն չի փակվում կյանքից, այլ իր ու կյանքի միջև դիստանցիա է դնում՝ կյանքը արտացոլում է հայելու մեջ ու ստեղծագործում արդեն ավելի հաշտ հանգամանքներում:

Իրականում ստեղծագործողի ու ամբոխի, անհատի ու զանգվածի կապ/հանգույցը հավերժ ու բարեբեր հող է այն հասարակարգերում, որտեղ հեռանկարները լայն չեն, իսկ մարդկային կյանքի արժեքը շատ մոտ է զրոյին: Այդ ժամանակ օգնության է գալիս ազգային-պլակատային բառապաշարն ու արվեստի բաժանումը բարձր ու ցածր մակարդակների, մեծ ու փոքր մարդկանց, Մեծ ու Փոքր Լռությունների:

«Վարդապետի լռությունը» ֆիլմ է, որը միջազգային կինոյի չափանիշներով անցողիկ աշխատանք է (կլիշեներն են շատ), բայց հայաստանյան իրականության մեջ ապրողներիս հաստատ կօգնի վերլուծել մեր սեփական տեղը անսպասելի տեսակետից:

Եթե դեն նետեք ընտրյալ ստեղծագործողների ու ազատությունից գոռացող հերոսների թեման, տակը կմնա մի մեծ իմաստային անդունդ, որը ցուցադրելը Վիգեն Չալդրանյանի առաքելությունն է: Նա անդունդի ռեժիսոր է: Անգամ կարելի է ասել՝ դեկադանսի, փլվող իմաստային շերտերը սիրով կուտակում է հայելիների մեջ, գեղեցիկ դեկորացիայով ու գեղեցիկ մարդկանցով:

Եվ դա նշանակում է, որ եկել է իմաստները թարմացնելու ժամանակը, քանի որ դրանք այնքան են փուչ բաներով ուռճացել, որ իրենք իրենց ծաղրն են դարձել: Հո չե՞նք կարող ամենայն լրջությամբ Սոնա Վան կարդալ ու մտորել խոսքի արժեքի ու լռության հաճույքի մասին:

«Վարդապետի լռությունը» ֆիլմի ստեղծմանը ֆինանսապես աջակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը (50 մլն դրամ), ՀՀ Մշակույթի նախարարությունը (35 մլն դրամ), անհատ հովանավորները:

գլխավոր լուսանկարը՝ կադր ֆիլմից

Մեկնաբանություններ (8)

Մարիա Թոքմաջյան
Մեկ շնչով կարդացվող հոդված։ Հրաշալի, հանգամանալից վերլուծություն։
Լուիզա
մի քիչ ինքնահեգնանքը ոչ մեկիս էլ չէր խանգարի))) Սոնա Վան բանաատեղծուհուն ոչ միայն ճանաչում եմ, այլև մեր ժամանակների բանաստեղծուհիներից միայն իրեն եմ ճանաչում...
Լուիզա
Մեկնաբանություններից մեկում նյութը որակվեց որպես թունավոր, ու իրոք տեղը տեղին թունավոր էր ))))
Անի Թադեւոսյան
ՄԱՅՐՍ ... ես այս օրերիս Աստծուն կրում եմ վերնաշապկիս տակ տաք հացի նման ու բաժանում եմ ում որ պատահի մեր խոհանոցում մեծ փայտյա տաշտը միշտ նույն չափով էր լցված խմորով մայրս կարծես թե իր մատներից էր սարքում խմորը կամ ավելի շուտ խմորը կարծես մորս մատների մետամորֆոզն էր փայտյա տաշտի մեջ մայրս... երբեմն փորձում էր սրբել քրտինքը դեմքի և տասը հավասար խմորի շիթեր մորս մատներից ձգվում էին մինչև նրա ճակատը հայրս ասում էր որ խմորից է մայրս մեզ սարքել ու ծիծաղում էր մայրս լռում էր ու շարունակում խմորից ճերմակ հրեշտակներ կախել մատների ծայրից մայրս... երդվում եմ կարող էր քայլել ջրերի վրա թե կարողանար ձեռքերը մի կերպ պոկել խմորից... ՍՈՆԱ ՎԱՆ Իսկապես կարող ենք ամենայն լրջությամբ Սոնա Վան կարդալ ու մտորել խոսքի արժեքի ու լռության հաճույքի մասին......
հայ տղամարդ
Սիրէլի Նւնէ, Ձէր անւնը որպէս լրագրող ինձ անծանոթ է բայց կհէտէւէմ , ինչպէս հայ կինն էր ասէլ թւյն կար բայց արկա էր ասէլիքը որը քիչ լրագրողնէրի է հատւկ այսօր. Ողջւնւմ էմ Վիգէն Չալդրանյանի կամքն ւ աշխատասիրւթյւնը Նա հիրաւի շնորհալի ռէժիսյոր է չնայած ասէլիքը հաճախ ճզմվւմ է գէղագիտւթյամբ գնահատէլի է նաէւ նրա մտահոգվածւթյւնը որպէս քաղաքացի.Բանաստէղծւթյւնը ֆիլմի մէջ օգտագործէլը անչափ համարձակ քայլ է էւ քանի որ դէռ չէմ տէսէլ ֆիլմը չէմ կարող ասէլ որքանով է դա արդարացված. Սակայն վստահ էմ որ բանաստէղծի ընտրւթյւնը չափազանց ճիշտ է կատարւած. Այդ թէմայով նրա ւէրջին գիրքը պարզապէս ցնցէց սփյւրքահայւթյանը իր խորւթյամբ էւ լրջւթյամբ, ստիպէլով բոլորիս անձամբ մտովի վէրապրէլ կատարւածը. Հիրավի Սոնա Վանը մէր ժամանկնէրի մէծագւյն պոէտնէրից մէկն է. Կանաչ ճանապարհ Ձէր շնորհալի գրչին . Հայ տղամարդ
Կարին
Շնորհակալություն, Նունե: Պահպանենք քո կենարար քննադատությունը:
Մարիա Թոքմաջյան
Նունե Հախվերդյանը մեր այսօրվա ամենից լավ լրագրողներից է, եթե ոչ ամենալավը։ Հոդվածը ադեկվատ է ֆիլմին․․․Մերօրյա հոբելյանական մշակույթ-արվեստին, որը որևէ կապ չունի կյանքի, իրականության, մարդու հետ։ Կարծես լցնում են դատարկությունը, վակուումը։ Դա մի ողբերգություն է, բայց երբ դադարել են ընկալել ահագնացող ճահիճը՝ դա արդեն ցավոք կրկնակի ողբերգությունն է։
հայ կին
հետաքրքիր էր, գրագետ, բայց շատ թույն կար... Վիգեն Չալդրանյանը եզակի հայերից է, որ հպարտանալ կարող է ցանկացած ազգ: Պահպանենք հայ տղամարդու այդ տեսակն էլ. Չալդրանյան, Իսաբեկյան, Երնջակյան...հոգնել ենք սուտ փիլիսոփայող, բազմոցա-դիվանագետ, պռոշյանա-խորովածագետ, քյարթու , օղու ու սիգարետի աղբահոտ, 9-ամսական հղիի տեսքով ու անթրաշ հայ տղամարդու կերպարից... իսկ մենք սիրում ենք միայն աղքատներին, տրորվածներին ու խեղճերի՞ն միայն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter