
Վերջնաժամկետը՝ մայիսի 12-ին
Գյումրիում անձրեւը չի դադարում արդեն մի քանի օր: Փոքրիկ սենյակում, որը ծառայում է եւ՛ որպես հյուրասենյակ, եւ՛ խոհանոց, եւ՛ ննջարան, շարվում են տաշտերը, հենց անձրեւը փոքր-ինչ ուժեղանում է. առաստաղից սաստիկ կաթում է:
Բացի այս սենյակից եւ միջանցք կոչվող խցից, որտեղ տեղադրված է նաեւ զուգարանը, տնակում կա եւս մի սենյակ՝ նույնպիսի չափսերի: Ցրտերն ընկնելուն պես այն փակել են, որպեսզի վառարանի տաքությունը շատ չծախսվի:
Գյումրիում, չնայած լայնածավալ շինարարութանը, դեռ կան մի քանի թաղամասեր, որոնք կոչվում են «տնակների թաղամասեր»: Այստեղ պահպանվել են թիթեղյա «կրպակները», որոնք շուտափույթ կառուցել են 1988 թվականի երկրաշարժից հետո: Վազգեն Սարգսյանի անվան 229-րդ տարածքը դրանցից մեկն է: Սամվել Մոսոյանի տնակն ընտրեցինք պատահաբար: Սակայն կարելի է մտնել այստեղ պահպանված 11-12 տնակներից յուրաքանչյուրը, եւ ամենուր նույն վիճակն է. մեկում մի քիչ ավելի լավ, մյուսում ՝ ավելի վատ:
Սամվելի տանն ապրում է հինգ հոգի՝ կինը, երեք աղջիկները եւ զոքանչը: Ինքը Ռուսաստանում է, ստացիոնար բուժման մեջ: Երկու տարի առաջ Սամվելի մոտ հայտնաբերեցին արյան քաղցկեղ, բուժման փող ընտանիքը չուներ, իսկ Սամվելի քրոջորդին բժիշկ է Վոլգոգրադի հիվանդանոցում, եւ Սամվելը մեկնեց այնտեղ:
Սամվելի կինը՝ Հասմիկը, պատմում է, որ ամուսնու հիվանդությունից առաջ իրենք վատ չէին ապրում, ամուսինն աշխատում էր շինարարության վրա Ռուսաստանի տարբեր քաղաքներում, փող էր ուղարկում, եւ ծայրը ծայրին հասցնում էին: Սա էլ է տնակներում ապրողների տիպիկ պատմություն: Կանայք արդեն վաղուց սովորել են ապրել առանց իրենց ամուսինների: Կանանցից ոմանք նույնիսկ կշտամբում են իրենց՝ անգործ տանը նստած ամուսիններին. տեսնու՞մ ես, այսինչի ամուսինը գնացել է Մոսկվա, աշխատում է, փող է ուղարկում, մեկից պարտքով փող վերցրու, դու էլ գնա, մեկ ամսում աշխատանք կգտնես, պարտքդ էլ կտաս:
Այժմ Սամվելը Վոլգոգրադում պահեստապետ է աշխատում: Վաստակում է ամսական 300 դոլար: Այդ գումարը նույնիսկ իր դեղերին չի բավականացնում, ուր մնաց, թե տուն ուղարկի: Ընտանիքը յոլա է գնում Հասմիկի մոր թոշակով եւ նրա կրտսեր դուստր Լիլիթի նպաստով. միասին ամսական 22000 դրամ:
Հասմիկի ավագ դուստրը՝ Նելլին, մի քանի տարի առաջ ավարտել է դպրոցը եւ ֆինանսական դժվարությունների պատճառով չի շարունակել ուսումը բուհում: Միջնեկ աղջիկը՝ Ռոզան, սովորում է Անանիա Շիրակացու անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսում:
Հասմիկն ասում է, որ պարտքով մեկից վերցնելու միտքն անհեթեթություն է: Ումի՞ց վերցնել, եթե բոլորը նույն վիճակում են:«Նա շատ էր ուզում սովորել,- ասում է մայրը,- ամուսինս ասաց՝ ոչինչ, մի կերպ յոլա կգնանք, վարձը կտանք, թող սովորի: Երբ ամուսինս աշխատում էր, տնտեսում էինք ամեն ինչում, բայց վարձը տալիս էինք: Իսկ հիմա մի քանի օր է մնացել ուսման ավարտին, շուտով պետական քննությունները կսկսեն, իսկ ինձ մնացել է վերջին հարյուր դոլարը մուծել, այլապես աղջկաս չեն թողնի քննություններին: Չգիտեմ՝ որտեղից պիտի գտնեմ էդ փողը»:
Երկու ամիս առաջ իր տնակ եկան մարդիկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ առաջարկեցին դառնալ իրենց կուսակցության անդամ: Հասմիկն ունի կուսակցության անդամությունը հաստատող գրքույկ: Ասացին, որ ընտրություններից հետո, եթե իրենց կուսակցությունն ընտրվի, իր բոլոր խնդիրները կլուծվեն: Նա միշտ կարող է ցույց տալ վկայականը եւ դիմել իրենց ցանկացած խնդրանքով: Նույնիսկ հոգատարությամբ հարցրել են. «Ի՞նչ խնդիրներ ունի, պե՞տք է, արդյոք, ինչ-որ բան նորոգել կամ ինչ-որ բանի համար վճարել»: Ֆինանսների բացակայության պատճառով տնակում չեն կարող գազ անցկացնել: Արդեն երեք տարի է Հասմիկն ամեն օր ջուր է բերում հարեւաններից:
Վառելափայտը վերջացել է մեկ ամիս առաջ, սակայն տնակում դեռ ցուրտ է, ու նա ստիպված է հավաքել հին շորեր, թղթեր, տոլ, որպեսզի գոնե օրը մեկ անգամ վառի վառարանը:
Մոտակայքում գտնվող խանութն իսկական փրկություն է: Տիպիկ հայկական խանութ, որտեղ վաճառողն ունի հաստ, մաշված տետր, ուր գրանցում է բնակիչների գնումները, իսկ ամսվա վերջին իր անվան առաջ «+» նշանը ստանալու համար Հասմիկը տալիս է իրենց աղքատիկ եկամուտի կեսը:
Մեկ ամիս առաջ Հասմիկի ամուսինը եկել է Հայաստան, հավաքել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի նրան հաշմանդամության երկրորդ կարգ տան: Սակայն հիվանդանոցում հանձնաժողովը մերժել է՝ ասելով, որ նա դեռ գտնվում է բուժման մեջ եւ այսօր-վաղը կարող է առողջանալ:
«Ո՞նց կարող են էդպես ասել: Այդ հիվանդությունը չի բուժվում - ասում է Հասմիկը:- Նույնիսկ եթե նա դադարեցնի բուժումը, այլեւս չի կարողանա ֆիզիկական աշխատանք կատարել, հաշվիր վերածվում է կես մարդու: Չնայած, եթե նույնիսկ բուժումը դադարեցրած լիներ, միեւնույն է, պետք է վճարեինք, որ իրեն կարգ տային»:
Սա դեռ մի մասն է Մոսոյանների այն խնդիրների, որ անհրաժեշտ է լուծել:
Սակայն Հասմիկը «Բարգավաճ Հայաստանից» իրեն այցելածներին խնդրել է միայն օգնել դստեր ուսման վարձը մուծելու հարցում: Նրան խնդրել են դիմում գրել եւ խոստացել են ընտրություններից հետո, «եթե անցնեն», զբաղվել դրանով:
«Բայց խնդիրն այն է, որ եւ՛ ընտրությունների օրը, եւ՛ աղջկաս դասերի վերջին օրը մայիսի 12-ին է,- ասում է Հասմիկը:- Եթե մինչեւ այդ օրը չվճարեմ, աղջկաս չեն թողնի հանձնել ստուգարքները, հետո էլ պետական քննությունը: Իսկ ընտրություններից հետո ո՞վ է հիշելու մեզ»:
Հասմիկը, միեւնույն է, պատրաստվում է գնալ ընտրությունների եւ «կատարել իր քաղաքացիական պարտքը»: Թեկնածու կուսակցությունների ճշգրիտ թվաքանակի մասին նա ոչ մի պատկերացում չունի: Դեռ չգիտի՝ ում օգտին է քվեարկելու, սակայն կարծում է, որ կա՛մ «Բարգավաճ Հայաստանի», կա՛մ Հանրապետական կուսակցության, կա՛մ էլ «Օրինաց երկրի» օգտին:
«Համոզված եմ, բացի դրանցից էլի շատ կուսակցություններ կան,- ասում է նա,- սակայն ես նրանց չգիտեմ: Կարծում եմ, եթե կառավարությունում ինչ-որ բան փոխվի, ապա դա կլինի միայն այս կուսակցությունների հաղթանակի դեպքում»:
Չնայած, իրենց համար դժվար թե ինչ-որ բան փոխվի. սրանում Հասմիկը համոզված է: Արդեն տասնինը տարի յուրաքանչյուր սկսվող շինարարության հետ սպասում են, որ իրենց տնակը կքանդեն ու բնակարան կտան: Սրտի թրթիռին փոխարինում է վախը: Անհատ ձեռներեցները գնում են հողերը եւ քանդում տնակները: Իրենց թաղամասի կեսն արդեն գնել են, եւ ամեն օր նա սպասում է, որ իրենց էլ հերթը կհասնի: «Մի «գեղեցիկ օր» ինչ-որ մեկը կգա ու կասի՝ գնացեք այստեղից, ձեր տնակն իմ հողի վրա է»,- ասում է Հասմիկը:
«Իսկ ես ու՞ր պիտի գնամ հիվանդ մորս, երեք երեխաներիս ու հիվանդ ամուսնուս հետ: Դիմեցի քաղաքապետարան, ասացին՝ եթե նման բան լինի, ձեզ համար բնակարան փնտրեք, տեղափոխվեք, մենք երկու տարվա վարձը կմուծենք: Նախ՝ սուտ են ասում, շատ-շատ մեկ-երկու ամիս կմուծեն, հետո կդադարեցնեն: Երկրորդ՝ եթե նույնիսկ մուծեն էլ երկու տարվա վարձը, ես ի՞նչ պիտի անեմ հետո, որտեղի՞ց փող գտնեմ»:
Հասմիկի կրտսեր դուստրը՝ Լիլիթը, նույնպես հիվանդ է: Նա սակավարյունություն ունի: Վերջերս թոքաբորբ է տարել: Բժիշկն ասել է, որ վիճակը լուրջ է, եւ երեխային անհրաժեշտ է շատ լավ սնվել:
«Բայց ինչպե՞ս կարող եմ ամեն օր իր համար մրգեր, բանջարեղեն ու միս գնել: Երեկ նստած ենք, ու հանկարծ նա ասում է՝ մամ, քաղցր բան է սիրտս ուզում: Ես ուղղակի նստեցի ու սկսեցի լաց լինել: Ի՞նչ է մի քանի հատիկ կոնֆետը, որ երեխայիս համար չեմ կարող գնել»,-հարցնում է մայրը:
«Երբեմն գալիս են իմ տնակ, ասում են. «Հետո էլ ասում են, թե մարդիկ այստեղ վատ են ապրում, իսկ դուք, ահա, նույնիսկ կահույք ունեք: Բոլորին համբերատար բացատրում եմ, որ այս կահույքը ես ունեմ արդեն 27 տարի, այն իմ օժիտն էր, եւ ամեն օր կարող է փլվել: Նույնիսկ այն վաճառելն իմաստ չունի, ի՞նչ օգուտ: Հո չե՞մ կարող դրանով կերակրել երեխաներիս կամ վճարել ամուսնուս բուժման համար»:
«Չգիտեմ,- մտածկոտ ասում է Հասմիկը,- գոնե էդ հարյուր դոլարը կարողանայի գտնել: Ընտրություններին դեռ մի քանի օր կա. միգուցե «Բարգավաճ Հայաստանի» մարդիկ մտափոխվեն էդ հարցն ընտրություններից հետո թողնել: Ախր ինձ համար էլ է ընտրությունների օրը որոշիչ»:
Մեկնաբանել