HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչատրյան եղբայրները Գորիս գետի վրա հէկ են կառուցելու

Սյունիքի մարզի Գորիս (Վարարակն) գետի վրա նոր հէկ է նախատեսվում կառուցել: «Կարալևաս» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարությանն է ներկայացրել «ՍԵԿԱ»  փոքր հիդրոէլեկտրակայանի փաստաթղթերը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նպատակով:

«Կարալևաս» ՍՊԸ-ն 2013թ, նոյեմբերին գրանցված ընկերություն է: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ նրա բաժնետերերը եղբայներ Կարեն և Սաշիկ Խաչատրյաններն են: Վերջիններս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռներն են, «Որոտան» հէկերի կասկադի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի որդիները: Նրանք հավասարապես կիսում են ընկերության բաժնետոմսերը:

Վարարակն գետը Որոտան գետի ձախակողմյա վտակն է, որը վերջինիս մեջ է թափվում հանրապետության սահմանից դուրս գետաբերանից 95կմ վերև: Գետի երկարությունը 29կմ է:

Համաձայն նախագծի՝ ճնշումային խողովակաշարի երկարությունը 2650 մ է: Էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը կազմելու է 6,732 մլն կՎտժ, փհէկի դրվածքային հզորությունը՝ 1,04 ՄՎտ: Հէկի կառուցման աշխատանքները նախատեսում է ավարտել 36 ամսվա ընթացքում, այսինքն՝ այն կշահագործվի 2018թ. հունվարից:

««ՍԵԿԱ» փհէկի շահագործման ընթացքում Վարարակն գետի հունում ջրաքանակի պակասեցումը չի վտանգում շրջապատի բնական վիճակի զարգացմանը, քանի որ միշտ ապահովված է բնապահպան ելքը՝ 0.035 խմ/վ, համաձայն ՀՀ կառավարության N927-Ն որոշման»,-նշվում է ԲՆ ներկայացված նախագծում:

Ընկերությունը հաշվարկել է, որ իր տարեկան զուտ հասույթը կազմելու է 159,1 մլն դրամ, ԱԱՀ –ի փոխհատուցման տարեկան գումարը` 31.8 մլն դրամ,  ընթացիկ ծախսերի գումարը ըստ տարիների 7,5-8,5 մլն դրամ և համախառը շահույթը առանց վարկի տոկոսների հաշվառման 162 մլն դրամ: Միջին շահութաբերության տոկոսը կազմում է 57,7 տոկոս:

Փհէկի կառուցումը ծրագրավորված է իրականացնել 751 մլն դրամ ներդրումային գումարով, որից 30 տոկոս սեփական ներդրումների և 70 տոկոս վարկային ռեսուրսների հաշվին: Սեփական ներդրումային գումարը կազմում է 225 մլն դրամ և վարկային ռեսուրսի գումարը` 525 մլն դրամ: Վարկի գումարի մարումը ծրագրավորված է փհէկի շահագործման 1-ին տարուց` տարեկան 105,1 մլն դրամ գումարի չափով: Վարկի մարումը իրականացվելու է 7 տարիների ընթացքում՝ 2018-2022թթ.:

Փոքր հէկեր կառուցելու գայթակղությունը արտադրած էլեկտրաէներգիայի կայուն վաճառքն է 15 տարիների ընթացքում. արտադրած էներգիան պետությունը պարտադրում է գնել «Հայկական էլեկտրացանցերին»: Դա սահմանվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի` «տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով»: Օրենքն ընդունվել է 2001թ.-ին, և այն տարածվելու է մինչև 2016թ. հուլիսի 1-ը: Թե ինչ է լինելու հետո, հայտնի չէ:

«Առայժմ որևէ լուծում չկա, քաղաքականությունն իրականացնում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, որտեղ քննարկումները ընթացքի մեջ են, խնդիրը կլուծվի առաջիկա ամիսներին»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Հանրային ծառայություններրը կարգավորող հանձնաժողովի Զարգացման և մոնիտորինգի վարչության նորանշանակ պետ Սերգեյ Աղինյանը:

Ըստ ամենայնի, հէկեր կառուցողներին երաշխիք է տրվել, որ նույն պայմանները կշարունակվեն առաջիկայում: Այլապես կառուցվող հէկերի քանակը այս տարիներին չէր ավելանա:

ՀԾԿՀ-ի տվյալներով՝ էլեկտրաէներգիա արտադրող 173 հէկերին կավելանան կառուցման փուլում գտնվող ևս 50-ը: Իսկ առյուծի բաժինը՝ Սյունիքի մարզում է:

Քարահունջի գյուղապետարանում հունվարի 25-ին տեղի կունենան «Սեկա» փհէկի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 

Լուսանկարում՝ Սասուն և Սուրիկ Խաչատրյանները, Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը՝ Ֆոտուլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter