Լեգենդար ալբոմներ, որոնք ձևավորել են պատերազմն ու խաղաղությունը
Նաիրա Հայրապետյան
1983թ. փետրվարին լույս տեսավ իռլանդական հայտնի «U2» ռոք խմբի երրորդ ստուդիական ալբոմը՝ «War» -ը: Այն խմբի ամենահայտնի գործերից է և, միևնույն ժամանակ, մասնագետների կողմից համարվում է առաջինը (խմբի կարիերայում), որը բացահայտ քաղաքական ասելիք ուներ: Ալբոմի խորագիրը, ինչպես նաև նրանում ներգրավված այնպիսի երգեր, ինչպիսիք էին «Sunday Bloody Sanday» -ն ու «New Year’s Day»-ը, արտահայտում էին «U2» -ի` աշխարհի հանդեպ այդ ժամանակաշրջանում ունեցած ընկալումները: «1982թ լեյտմոտիվը ասես պատերազմը լիներ»,- ասում է Բոնոն:
«War» -ը առավել լայն լսարաններում մեծ ճանաչում ապահովեց խմբին, կոմերցիոն հսկայական հաջողություններ ունեցավ, սակայն ունկնդիրներն այն գնահատեցին ոչ միայն երաժշտական տեսանկյունից: Այս ալբոմը աչքի էր ընկնում նաև շապիկի ձևավորմամբ, որն ասես առաջին ուղեցույցն էր սպասվող տրամադրությանն ու փիլիսոփայությանը: Շապիկին պատկերված դեմքն արդեն ծանոթ էր «U2» -ի երկրպագուներին: Նրան հանդիպել էին խմբի դեբյուտային՝ «Boy» ալբոմի նկարում. ուրեմն «U2»-ն այս անգամ որոշել էր անհրաժեշտ պատկերը հեռուներում չորոնել, բացի այդ, ուրիշ ո՞վ կամ ի՞նչը կարող է իրականությունը ավելի լավ ցույց տալ, քան մանկան աչքերը: Բոնոյի մանկության ընկերներից մեկի կրտսեր եղբոր՝ Փիթեր Ռոենի նախկին խաղաղ դեմքից այս անգամ լույսի փոխարեն սարսափ և ագրեսիա էր տարածվում: Հատկապես նրա աչքերում խտացված էր պատերազմի էությունը: Գեղեցիկ, բարի դեմքով երեխան ասես կռվարար մեկն էր, իսկ մեկ այլ երևակայությամբ՝ աշխարհի դաժանության դեմ ըմբոստացած մարդուկ, որի հայացքից միայն կարելի է զգաստանալ ու ամաչել: Պատերազմը խորհրդանշող այս նկարը ևս սև-սպիտակի մեջ էր կյանքը պատկերել:
Թեև քննադատներից շատերն առանձնապես չտպավորվեցին ալբոմի շապիկով, այնուամենայնիվ, երաժշտասերների մի մեծ բանակ այն հետագայում ներգրավեց բոլոր ժամանակների լավագույն շապիկների կազմում: Նրանցից շատերի կարծիքով՝ պատերազմ-երեխայի նկարն ասես ուղիղ փոխանցում էր այն ամենը, ինչ ամփոփված էր ալբոմում:
«War» -ը «U2» -ին կոմերցիոն մեծ հաջողություններ բերեց և խմբի առաջին թիվ մեկ ալբոմը դարձավ բրիտանական հորիզոնականներում՝ գլխավոր շարքից դուրս մղելով անգամ Մայքլ Ջեքսոնի «Thriller»-ը: 2012թ. «Rolling Stone» ամսագիրն իր լավագույն 500 ալբոմների ցանկում նրան հատկացրել է 223-րդ տեղը: «Խաղաղասիրությունը խաչակրաց արշավանքի փոխած» բնորոշմամբ «War» ալբոմը նաև խմբի առաջին աշխատանքն էր, որը բրիտանական երաժշտական միջավայրում «ոսկե» կարգավիճակ ձեռք բերեց: Ի դեպ, երբ ալբոմը լույս տեսավ Ճապոնիայում, ձայնասկավառակից բացի, նրանում հավելյալ մի գրքույկ ևս ընդգրկվեց՝ կոմիքսային պատկերներով:
«Մենք թափառում էին ողջ քաղաքով մեկ՝ մեր պատկերացրած շենքը գտնելու: Ես մի գաղափարի վրա էի կենտրոնացել՝ բազմաբնակարան շենքով, որտեղ մարդիկ շարժման մեջ պիտի լինեին տվյալ պահին: Ալբոմի բնօրինակում պատկերվեց առանց պատուհանների մի շենք, որի վրա առանձին թևիկների նման թղթե տարբեր կտորներ կային: Դրանք բացելով՝ պատուհանի փոխարեն կարող էիր գտնել տեղեկություններ՝ ալբոմի խորագիրը, թրեքի կամ տևողության մասին տվյալներ», - ասում է դիզայներ Փիթեր Քորիսթընը: Խոսքը լեգենդար «Led Zeppelin» խմբի «Physical Graffity»` թվով 6-րդ ստուդիական ալբոմի ձևավորման մասին էր (1975թ.): Այն համարվում է բոլոր ժամանակների լավագույն շապիկներից մեկը:
«Գրեմի»-ի հնգակի մրցանակակիր այս դիզայները հայտնի է մի շարք երաժիշտների և ռոք խմբերի հետ ունեցած իր համագործակցությամբ և դրանց արդյունքում՝ նշանավոր ձևավորումներով: Նրանց թվում են՝ Ջորջ Բենսընը, Չիք Կորեան, Միք Ջագերը, Թոմ Ուեյթսը, Ռոդ Ստյուարտը, «Procol Harum», «Led Zeppelin», «Jethro Tull», «The Rolling Stones» խմբերը և ուրիշներ:
Նյույորքյան թաղամասերից մեկում գտնված մոխրագույն այդ շենքը մինչ օրս կա, ավելին, այս ալբոմի շնորհիվ հասցրել է երևալ նաև ֆիլմերում, ամսագրերի շապիկներին, տարբեր արվեստագետների կոլաժներում և այլն: Մտահղացումը գլուխ բերելու և պահանջվող ձևավորումն իրականացնելու համար գործի անցավ ևս մեկ հայտնի դիզայներ՝ Մայք Դուդը:
«Physical Graffity»-ի համար ընտրված լուսանկարը, սակայն, չափերի խնդիր ուներ և որպեսզի այն համապատասխաներ ձայնասկավառակի կազմի ձևաչափին, դիզայները ստիպված եղավ շենքից մեկ հարկ «ապամոնտաժել»: Արդյունքում հինգհարկանի կառույցը դարձավ չորսհարկանի: Սիմետրիկ, հետաքրքիր դետալներով, առանց որևէ արգելքների քառակուսի պատկերի մեջ տեղավորվող այդ շենքն այսօր դժվար թե նույն նպատակին ծառայեր առանձ ֆոտոշոփի միջամտության: «Այսօր արդեն չէինք կարողանալու օգտագործել այն,- ասում է Քորիսթընը,- քանի որ նրա առջևի մեծ ծառն արդեն կփակեր կադրը»:
Սա խմբի ամենասիրված և ամենահեղինակավոր ալբոմն է: Թեև երաժշտասերները, իբրև հետաքրքիր գործ, նրանում արժևորում են նաև շապիկի ձևավորումը, այնուամենայնիվ «Physical Graffity»-ի հաջողությունը կայանում էր առավելապես բովանդակության մեջ: Սա «Led Zeppelin»-ի ամենահաջողակ աշխատանքներից մեկն էր, որը 16 անգամ պլատինե հռչակվեց և առաջին հորիզոնականում էր և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ ԱՄՆ-ում միաժամանակ: «Բոլոր ժամանակների լավագույն ալբոմ»-ների ամենատարբեր՝ ոճային, ժանրային, թվային դասակարգումներում մշտապես ներգրավված է եղել այն: Կոմերցիոն և քննադատների արձագանքներում լուրջ հաղթարշավ ապրած այս կրկնակի ալբոմը միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 8 մլն օրինակով: Ընդգրկելով գրեթե յոթ տարվա ընթացքում ստեղծված հին ու նոր գործեր՝ այն միմյանցից ծայրահեղ տարբեր ոճերի և ռիթմերի հավաքածու էր՝ երբեմն նրանց միախառնումից ստացված նոր երաժշտական հայտնությամբ: Այս առումով «Kashmir»-ը կարծես ողջ ալբոմի նկարագիրը արտացոլող ստեղծագործությունն էր՝ ծանր ռոքի, բլյուզի, աֆրոարաբական և հնդկական էթնիկ երաժշտության ազդեցությամբ, դասական նվագախմբային գործիքավորմամբ:
1975թ. մարտին, ալբոմի թողարկումից մոտ մեկ ամիս անց, երաժշտական աշխարհում հայտնի «Billboard» ամսագիրը, անդրադառնալով «Physical Graffity»-ին, այն անվանում է մի շարք երաժշտական ոճերի հանճարեղ համաձուլվածք՝ մաքուր ռոքից մինչև բլյուզ, ակուստիկ ֆոլք և նվագախմբային հնչյուններ: Ալբոմի հայտնի գործերից են նաև ՝ «Sick Again», «In My Time of Dying», «Trampled Under Foot», «Ten Years Gone», «Black Country Woman» և այլ երգեր, որոնք հետագայում խմբի համերգների անբաժանելի և պարտադիր կատարումների շարքում էին: Լեգենդար Ռոբերտ Փլանթը «Physical Graffity»-ին բնորոշել է որպես մի ալբոմ, որը կարողացել է ներկայացնել խմբին իր ամենաստեղծագործական և ամենախոսուն, արտահայտիչ հնարավորությունների մեջ: Փլանթը մի առիթով նաև խոստովանել է, որ սա զեփըլինյան շրջանից իր ամենասիրելի ալբոմն է:
«Physical Graffity»-ին 2005թ. ներառվել է Ռոբերտ Դիմերիի հայտնի «1001 ալբոմ, որոնք անհրաժեշտ է լսել մինչև մեռնելը» գրքում: 1955թ-ից մինչև 2005թ. ընկած ժամանակահատվածում ստեղծված համաշխարհային փառքի և ճանաչման արժանացած գործերի մեջ սա «Led Zeppelin»-ի միակ ալբոմը չէր, ոչ էլ ամենաաչքի ընկնողը. նրանից առաջ կար մեկը, որը վիզուալ առանձնահատկությամբ դեռ «Physical Graffity»-ից երկու տարի առաջ հասցրել էր բազմաթիվ քննարկումների, սուր քննադատությունների, ընդհուպ մինչև արգելված վաճառքի առջև կանգնել…
«Houses of the Holy» լեգենդար ալբոմին և «Hipgnosis» ընկերության ամենահայտնի ու նշանավոր ձևավորումներին դեռ կանդրադառնանք: Աշխարհում ամենահետաքրքիր և տպավորիչ ձևավորմամբ շապիկների շարքը «Ռետրո Ակումբ»-ում շարունակելի է…
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել