
Ռադիոլրագրողը չի դժգոհել «Աբովյան» ՔԿՀ-ի ու իրավապահների վերաբերմունքից
Զինված խմբի գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանի այսօրվա որոշմամբ, գործով հինգ մեղադրյալների (Հայկ և Հրանտ Վարդանյանների, Նելլի Մինասյանի, Սրբուհի Այվազյանի, Լիլիթ Թորոսյանի) խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Նրանք գտնվում են ազատության մեջ:
«Հետքը » զրուցեց նրանցից ռադիոլրագրող, երկու ամիս «Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի մեջ գտնված Լիլիթ Թորոսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի հետ: Նա տեղեկացրեց, որ նախնական կալանքի երկամսյա ժամկետը լրացել էր, և քննչական խմբի ղեկավարը չդիմեց դատարան այն երկարաձգելու միջնորդությամբ, փոխարենը որոշում կայացրեց՝ փոխելու խափանման միջոցը և կիրառելու ստորագրություն չհեռանալու մասին, քանի որ, ըստ քննիչի, չկային կալանքի մեջ մնալու հիմքեր:
Փաստաբան Հակոբյանը նշեց, որ իր պաշտպանյալն այս ընթացքում ցուցմունք է տվել, սակայն չի ընդունել իրեն վերագրվող արարքը, այն է՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:
30-ամյա ռադիոլրագրողը, փաստաբանի փոխանցմամբ, չի դժգոհել ՔԿՀ-ի ու իրավապահների վերաբերմունքից, առողջական վիճակը նորմալ է եղել:
Նույն գործով կալանավորված Արթուր Վարդանյանի և ևս երկու քաղաքացու կալանքի ժամկետը երկարաձգնել էր ևս երկու ամսով դեռ հունվարի 20-ին:
Այս գործով պաշտոնական որևէ թիվ չկա, թե քանի քաղաքացի է ներկա դրությամբ ձերբակալված կամ գտնվում կալանքի տակ: Տարբեր լուսաբանումների համաձայն, մի քանի տասնյակ մարդ է անցնում այս գործով:
Հիշեցնենք, ԱԱԾ-ի տարածած տեսանյութի համաձայն, խումբը նախապատրաստում էր իրականացնել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների սպանություններ իրականացնել:
Մեկնաբանել