HY RU EN

Կենսակտիվ սննդային հավելումների ոլորտի «կանոնակարգումն» ԱՄՆ-ում

սկիզբը

Գոհար Ջրբաշյան

Ինչպես սննդային հավելումների ինդուստրիան հիմարացրեց ԱՄՆ-ը և ողջ աշխարհը

Մաս 4

Հարվարդի բժշկության դպրոցի «Առողջության բլոգի» խմբագիր Պ․Սքերրեթի ուղերձը

Հարվարդի բժշկության համալսարանի «Առողջության բլոգի» գործադիր խմբագիր Պատրիկ Սքերրեթը (Patrick J. Skerrett) պնդում է, որ ՊԴՎ-ն ավելի խիստ կանոնակարգերի կարիք ունի, որպեսզի ապահովվի սննդային հավելումների անվտանգությունը։ Նա գրում է. «Դուք կարող է մտածեք, որ վաճառվող հարյուրավոր տեսակի սննդային հավելումները ինչ-որ պետական գործակալություն ստուգում է, որպեսզի երաշխավորվի, որ դրանք պարունակում են այն ինչ ասվում է, բարելավում են առողջությունն ինչպես գովազդվում է, և անվտանգ են: Բայց դա այդպես չէ (58):»

«Սննդային հավելումների առողջապահության և կրթության» օրենքի (ՍՀԱԿՕ, DSHEA 1994թ.) դրույթների համաձայն հաստատված բաղադրիչներով հավելումները կարող են վաճառվել առանց որևէ ապացույցի, որ դրանք արդյունավետ կամ անվտանգ են։ Նոր բաղադրիչների համար ՍՀԱԿՕ-ն արտադրողներից պահանջում է ՊԴՎ-ին ներկայացնել ապացույցներ, որ դրանք անվտանգ են։ «Ցավոք, ՍՀԱԿՕ-ի այս պահանջը մինչ օրս չի կատարվել», - գրում է դր. Պիտեր Կոհենը (Dr. Pieter A. Cohen) «Նոր Անգլիայի բժշկական ամսագրի» մեկնաբանությունում (New England Journal of Medicine):

Համեմատեք այս անպատասխանատու մոտեցումը դեղերի համար նախատեսված խիստ կանոնների և կանոնակարգերի հետ։ Ոչ մի դեղ չի կարող վաճառվել մինչև ՊԴՎ կունենա հստակ ապացույցներ առ այն, որ դա անվտանգ և արդյունավետ է։ Եվ ՊԴՎ-ի կողմից հաստատված յուրաքանչյուր դեղ պետք է բավարարի խիստ պահանջների։ Իրականում, ՍՀԱԿՕ-ն հանրային առողջության լավ պահապան չի եղել անվտանգության, արդյունավետության, և գովազդի ճշմարտության տեսանկյունից։ Վերցրեք օրինակ էրեկտիվ դիսֆունկցիայի «բնական» հավելումները։ 2004թ.-ից սկսած, ՊԴՎ-ը վաճառքից հանել տվեց այդ ապրանքների ավելի քան երկու տասնյակ, քանի որ դրանք պարունակում էին sildenafil («Վիագրայի» ակտիվ բաղադրամաս), կամ դրա անալոգը։ Այն ՊԴՎ-ի կողմից կարգավորվող դեղ է, և նիտրատներ կոչված սրտի դեղերի հետ ընդունելը կարող է իջեցնել արյան ճնշումը վտանգավոր մակարդակների, այնինչ համելումները որևէ նախազգուշացում չեն պարունակում այդ մասին։

Վերջերս ՊԴՎ-ն առաջարկել է մի շարք կանոնակարգեր, որոնք կօգնեն փորձարկել նոր բաղադրիչները։ Սա լավ առաջին քայլ է, բայց ՊԴՎ ծրագիրը չի գնում բավարար հեռու, պնդում է Հարվարդի բժշկական դպրոցի դոցենտ դր. Կոհենը, որի հետազոտությունները վերաբերում են կենսակտիվ սննդային հավելումների օգտագործմանը: Համաձայն ՊԴՎ-ի ծրագրի, ընկերությունները կարող են ՊԴՎ ներկայացնել նոր բաղադրիչի անվտանգությանն աջակցող պատմական (հնացած) տվյալներ։ Պլանը նաև չի պահանջում ընկերություններից ՊԴՎ-ին ներկայացնել անբարենպաստ տվյալները (ինչը պահանջվում է նոր դեղի գրանցման համար)։

Կենսակտիվ սննդային հավելումների վրա ամերիկացիները ծախսել են ավելի քան 25մլրդ դոլար (2012թ): Շատերը հավելումներ են ընդունում, կարծելով, որ դրանք դեղերից ավելի ապահով են, քանի որ «բնական» են կամ ավելի լավ են աշխատում։ Անվտանգության մասը վիճարկվել է բազմաթիվ անգամներ։ Հիշեք թեկուզ քաշը պակասեցնելու համար լայնորեն օգտագործվող էֆեդրա (ephedra) հավելումը, որը արգելվեց այն բանից հետո, երբ ի հայտ եկավ էֆեդրայի կապը բացասական կողմնակի ազդեցությունների ու մահվան հետ։ Կլինիկական լուրջ փորձարկումները պարբերաբար խորտակում են կենսակտիվ սննդային հավելումների արդյունավետության առասպելները՝ ընդհանուր մրսածությունը դադարեցնելը (վիտամին C), մեծացած շագանակագեղձի փոքրացումը (SAW Palmetto), և սրտի հիվանդության կանխումը (բետա-կարոտին և վիտամին E)։ Ի դեպ, արդեն ապացուցված է, որ ամենօրյա բարձր չափաբաժիններով վիտամին E-ի ընդունումը կապված է շագանակագեղձի քաղցկեղի, շնչառական վարակի, սրտային անբավարարության ռիսկերի աճ հետ։

Սննդային հավելումների արդյունաբերությունը պայքարում է ՊԴՎ նոր ուղեցույցներ դեմ, ասելով, որ դրանք վատ կլինեն բիզնեսի համար։ Ես կարծում եմ, որ դրանք պետք է լավ լինեն նրանց առողջության համար, ովքեր որոշել են սննդային հավելումներ ընդունել։ Դու՞ք ինչ եք կարծում։

Այս խմբագրականը գրվել է 2012թ.: Որևէ բան չի փոխվել առ այսօր:

Հետաքրքիր է, թե Հայաստանի առողջապահության նախարարության պատասխանատուներն ի՞նչ են մտածում։ Ու՞մ շահերն են նրանք պաշտպանում «Ցորենի ալյուրի հարստացման» օրենքն առաջ մղելով։ Փաստերը բավարար են սինթետիկ հավելումների վնասակարությունն ապացուցելու համար։ Մանավանդ հաշվի առնելով, որ դրանց բոլորին (ներառյալ ֆոլաթթվին) կցվում է «Հանձնառության հրաժարում». «Այս պնդումները չեն գնահատվել Պարենի և դեղերի վարչության կողմից: Այս ապրանքը նախատեսված չէ որևէ հիվանդություն ախտորոշելու, բուժելու, բժշկելու, կամ կանխարգելելու համար:» Ե՛վ սինթետիկ վիտամինները և՛ միկրոտարրերը, որոնց անվտանգության շեմը շատ ցածր է, չի կարելի ընդունել առանց դրանց փաստացի անբավարարության։

Եզրափակիչ նոթեր

Ապացուցողական բժշկության չափանիշներին համապատասխանող լայնամաշտաբ կլինիկական փորձարկումների համակարգված վերլուծությունների հիման վրա «Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր», «Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր. նոր բացահայտումներ», «Ավելցուկ երկաթը՝ խրոնիկ հիվանդությունների ռիսկի նշանակալի գործոն և հանրային առողջապահության մարտահրավեր» և «Սինթետիկ կենսակտիվ սննդային հավելումների օգտակարության առասպելը» հոդվածներում հայ ընթերցողին արդեն ներկայացվել է, որ անգամ անվտանգության շեմից ոչ ավել դեղաչափով հավելյալ ֆոլաթթվի ու B վիտամինների, երկաթի, և հակաօքսիդանտների երկարատև ընդունումը հանգեցնում է բացասական հետևանքների` հիվանդացության և մահացության ռիսկի աճի: Ֆոլաթթուն և երկաթը կուտակվում են օրգանիզմում՝ դրանք արտազատելու մեխանիզմ չլինելու պատճառով։ Այնպես որ, դրանց երկարատև ընդունումը հանգեցնելու է կուտակային տոքսիկ ազդեցության, հատկապես դրանցով հարստացված հացամթերք շատ սպառողների մոտ։

Մեր ժամանակներում բավականին տարածված է այն կարծիքը, որ վիտամինահանքային հավելումները բարելավում են մեր առողջությունը և օգուտ են տալիս, օրինակ կանխում են որոշ հիվանդություններ: Բայց դա այդպես չէ, դա ընդամենը ժամանակակից առասպել է՝ 20-րդ դարի մեծագույն առասպելներից մեկը: Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար և ռոտավիրուսի (rotavirus) պատվաստանյութի համահեղինակ բժիշկ Պոլ Օֆֆիտն (Dr. Paul Offit) իր «Դուք հավատու՞մ եք մոգությանը. Այլընտրանքային բժշկության իմաստն ու անհեթեթությունը» գրքում գրում է. «Վիտամինների արդյունաբերությունը միլիարդավոր դոլարների արժողությամբ խաբեություն է:» Նա ասում է, որ վիտամինների արդյունաբերությունը գործողության մեջ է դրել Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Լայնուս Պոլինգի տարածած մի վտանգավոր ԱՌԱՍՊԵԼ C վիտամինի «հրաշագործ» ազդեցության մասին։ Պոլինգը գուցե և հավատում էր իր պնդումներին (բոլորը հերքվել են պատշաճ կլինիկական փորձարկումներով), բայց վիտամիններ արտադրողներն ունեցել են շատ ավելի ցինիկ դրդապատճառ՝ ՓՈՂԸ (59, 60): Լայնուս Պոլինգի, փողի, և քաղաքականության «շնորհիվ» սննդային հավելումների ինդուստրիան հիմարացրեց ԱՄՆ-ը և ողջ աշխարհը՝ հիմք դնելով սննդային հավելումների խելահեղությանն աշխարhում: Սննդի պարտադիր հարստացումը սինթետիկ պրեմիքսներով այդ խելահեղության այլասերված տարբերակն է, երբ մարդիկ պարտադրված են ուտել ապականված սնունդ, մանավանդ այնպիսի նյութերով, որոնց արդյունավետությունը կասկածելի է, իսկ  անվտանգությունը չապացուցված։

ԱՄՆ-ում կենսակտիվ սննդային հավելումները (հետևաբար նաև վիտամինահանքային պրեմիքսները, որոնք ներառում են ֆոլաթթու և երկաթի միացություններ) ստուգման, հաստատման և գրանցման ենթակա չեն նախքան վաճառքի հանելը։ Դրանց արդյունավետության և անվտանգության ապացույցների համար պահանջները շատ թույլ են և անգամ այդ պահանջները լիարժեք չեն կիրարկվում։ Իրականում, դրանց անվտանգությունը ստուգվում է շուկայում հայտնվելուց հետո միայն՝ բացասական հետևանքների զեկույցների հիման վրա։ Սննդային հավելումների ոլորտի կանոնակարգման ԱՄՆ օրենսդրության դրսևորման սույն հոդվածում բերված մի քանի օրինակներն ընդամենը թեթևակի ներկայացրեցին ոլորտի լիակատար ազատականացման, ավելի ճիշտ, անկառավարելիության հետևանքները, որոնց ամենաթանկ բեռը (առողջության կամ կյանքի կորուստ) կրում է սպառողը։ Հիշեք ցանկացած սննդային հավելմանը կցված տխրահռչակ հանձնառության հրաժարումը. «Այս պնդումները չեն գնահատվել Պարենի և դեղերի վարչության կողմից: Այս ապրանքը նախատեսված չէ որևէ հիվանդություն ախտորոշելու, բուժելու, բժշկելու, կամ կանխարգելելու համար:»

Սննդային հավելումների անվերահսկելի ընդունման և սննդի պարտադիր հարստացման իրական և ցավալի հետևանքները՝ պայմանավորված մարդկանց առողջության վրա դրանց աճող բացասական ազդեցությամբ՝ երկար սպասեցնել չեն տա։ Առկա կանոնակարգման պայմաններում, «Քաղցկեղի ամերիկյան ընկերության» (American Cancer Society) 2015թ. հրապարակած տվյալների համաձայն ԱՄՆ-ում 2007-2011թթ. գրանցված լյարդի քաղցկեղի հիվանդացության (տարեկան 3,4%) և մահացության (տարեկան 2,5%) ցուցանիշի անընդհատ աճը շարունակվելու է նաև ապագայում, մանավանդ, որ եթե 2007-2008թթ. ԱՄՆ ≥1 տարիքի բնակչության 95%-ի արյան մեջ էր հայտնաբերվել չմետաբոլացված ֆոլաթթու (61), ապա 2011-2012թթ. ողջ բնակչության 99,9%-ի մոտ (62)։ Այդ ցուցանիշները նվազելու միտում ունենալ չեն կարող, քանի դեռ ոլորտի կանոնակարգման վճռական փոփոխություններ չեն կատարվել, չի դադարեցվել սննդի պարտադիր հարստացումը, և սննդային հավելումների մասին մարդկանց իրազեկվածության մակարդակը չի բարձրացել։ Մի՞թե այսքանից հետո կգտնվեն մարդիկ, ովքեր կպնդեն թե «ինչ է, կարծում եք ԱՄՆ կառավարությունն իր ժողովրդի թշնամի՞ն է։»

Գուցե շատերը չեն նկատում, որ աշխարհում կենսակտիվ սննդային հավելումների խելահեղությունը տեղի է տալիս գիտական նորագույն հետազոտությունների արդյունքում։ Որոշակի դրական փոփոխություններ են տեղի ունենում և գիտակից մարդիկ ձգտում են ուտել առողջ և օրգանիկ սննդամթերք, որը նաև քիչ է ենթարկված վերամշակման։ Իրենց ժողովրդի ապագայի մասին մտածող երկրներն արդեն իսկ հրաժարվել են սննդի պարտադիր հարստացումից և մեկը մյուսի հետևից հրաժարվում են նաև ԳՁՕ սննդամթերքից (63)։ Ժամանակի հրամայականն է Հայաստանում օրգանական սննդի (օրինակ՝ էկոլոգիապես մաքուր ցորենի թեփը չհանած ալյուրի հացի) խթանումը և բնակչության առողջության պահպանման համար առողջ սննդակարգի դերի բարձրացումը, և որպես առաջին քայլ հարկավոր է․

ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԻՑ: