
«Օրը 1000 դրամ եմ աշխատում, բայց ասում են` 475 հազար վճարի»
Անի Գևորգյան
73-ամյա Մարգո Մուրադյանը 20 տարի է, ինչ Խորենացի փողոցում առեւտրով է զբաղվում: Այսօր նա միայն կիտրոն է վերավաճառում, քանի որ այլ բան գնելու գումար չունի: Այժմ նրա բնակարանը կալանքի տակ է: Բնակարանի հին սեփականատերը 475 հազար է պահանջում, արդեն դատարան է դիմել, դատարանն էլ կալանք է դրել տան վրա: Նա պատմում է, որ իր նախկին տունը վաճառել է, այդ գումարով Կայարանի մոտ մի տուն է գնել, գումարը ամբողջությամբ վճարել է, տունը իր անունով է ձեւակերպվել։ Որոշ ժամանակ անց տան հին սեփականատերը հայտարարել է, թե Մարգո Մուրադյանը իրեն նշված գումարի չափով քիչ է վճարել, դիմել է ոստիկանություն, հետո էլ՝ դատարան։ Մուրադյաննն ասում է, թե նման բան չկա, ինքը որեւէ գումար պարտք չի մնացել, իսկ հին սեփականատերը փորձում է ինչ-որ մեքենայություններ անել: Դատարանը հաստատված է համարել, որ կինը պարտք է։ «Օրը 1000 դրամ եմ աշխատում, բայց ասում են` 475 հազար վճարի»,- ասում է Մարգո Մուրադյանը:
Մարգո Մուրադյան. «Միակ բանը, որ ունեմ, իմ տունն է ու այն փողոցը, որտեղ այսքան տարի առեւտուր եմ անում»:
«Երբեք որեւէ մեկից բան չեմ խնդրել, ինքս եմ աշխատել»:
«Աշխատածս օրական 1000 դրամն է: Այն էլ՝ ամենաշատը»:
«Ինձ հետ միշտ գրքեր եմ վերցնում, որ փողոցում նստած կարդամ»:
«Հիմա պատմություն եմ կարդում: Ուզում եմ դեռ շատ բաներ սովորեմ»:
«Հիմա տունս կալանքի տակ է, ինձ մեղադրում են պարտքեր կուտակելու մեջ, բայց դա սուտ է»:
«Ինձ հետ նաեւ միշտ կշեռք եմ էստեղ բերում: Մի քանի հարյուր դրամը սրանով եմ աշխատում»:
«Կշռվելը 50 դրամ արժե, բայց մարդիկ հիմնականում 20 դրամ են տալիս, կամ կշռվում են ու փախչում»:
«Գիտեմ, որ տունս ամեն վայրկյան կարող են խլել, բայց չեմ կարողանում վախեցած տանը փակվել ու նստել»:
«Մեծ կին եմ, բայց չեմ կարող հոգնածություն զգալ: Այս սայլակով ամեն օր գալիս եմ այստեղ»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել