
Հայաստանի միջազգային պահուստներն ու պետպարտքն ավելացել են
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 1 մլրդ 771,2 մլն դոլար` նոյեմբերի համեմատ ավելանալով ավելի քան 220 մլն դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկից։
Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները 2015 թվականի դեկտեմբերին կազմել են 1 մլրդ 540 մլն դոլար։
ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,9 մլն դոլար։
Ոսկի և ԱՄՀ-ում փոխարկելի արժույթ չունենք։
Հիշեցնենք, որ Հայաստանի միջազգային պահուստները 2014 թվականին կրճատվել են 34%-ով՝ տարվա վերջի դրությամբ կազմելով կազմելով 1 մլրդ 489,3 մլն դոլար: Այսինքն՝ 2015-ին նախորդ տարվա համեմատ պահուստներն աճել են։
Պահուստների հիմանական նպատակներից է պետական պարտքի սպասարկումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներից, որոնք այս կառույցին փոխանցել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, տեղեկանում ենք, որ 2015-ի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 մլրդ 71 մլն դոլար, որից 4 մլրդ 309,5 մլն դոլարն արտաքին պարտքն է, իսկ 761,4 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ 2014-ի համեմատ արտաքին պարտքն ավելացել է ավելի քան 524 մլն դոլարով, իսկ ներքինը՝ 105 մլն դոլարով։
Ստացվում է, որ 2015-ին միջազգային պահուստների աճին զուգահեռ ավելացել է նաև Հայաստանի պետական պարտքը։
Մեկնաբանել