HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Սարապյան. «Ահեղ Դևը»

«Այսօր Դավթին չեն հիշում»,- սրճարանի անկյունում նստած այս միտքն ասելիս տիկին Էվելինայի դեմքից կորում է ժպիտը, աչքերն անթարթ մի կետի են նայում: Լռում ենք:

Սեղանին դրված գրքին եմ նայում: «Դև. կյանքը, ստեղծագործությունը, պայքարը»: Թերթում եմ մի քանի էջ: Էվելինա Մելքումյանը գրքի մի հատվածի հեղինակն է, որ կոչվում է «Նուրբ հոգու տեր հերոսը», իսկ մնացածը Դևի ստեղծագործություններն են ու նրա ընկերների կարծիքները:

2006-ին լույս տեսած գիրքը տիկին Էվելինան նվիրել էր Դևի 40-ամյակին, իսկ հիմա անցել է 10 տարի: «Ընդհանրապես, Դավթի կյանքը շատ դրամատիկ անցավ, հետմահու կենսագրությունն էլ դրամատիկ էր»,- ասում է նա:

Ազատամարտիկ Դավիթ Սարապյանի մայը՝ Էմմա Սարապյանը, կամ ինչպես տիկին Էվելինան է ասում, Էմմա Պավլովնան և զրուցակիցս 1980-ականներին միասին էին աշխատում: Մայրը, ինչպես հիշում է տիկին Էվելինան, սիրում էր պատմել Դավթի մասին: «Եթե ուրիշ երեխայի մասին լիներ, գուցե բոլորս ձանձրանայինք, բայց Դավթի մասին միշտ հետաքրքրությամբ էինք լսում»,- ասում է զրուցակիցս:

Դավիթը. ճարտարապետի ու կիբեռնետիկի որդին

Դավիթ Սարապյանի հայրը՝ Էդուարդ Սարապյանը, 1959-1984 թթ. եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը (Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, վաստակավոր շինարար, նրա գործերից են կապի նախարարության շենքը, «Արմենիա» հյուրանոցը, կենտրոնական հանրախանութը, պետական պատկերասրահի շենքը, կենտրոնական փոստի շենքը, Հանրապետության հրապարակի ջրավազանը, կոմոզիտորների շենքը եւ այլն), իսկ մայրը՝ էմմա Սարապյանը, կիբեռնետիկ էր (որոշ նյութերում նշվում է, որ նա եղել է հայ առաջին կին կիբեռնետիկը): Դավիթն ընտանիքի միակ երեխան էր:

Առաջին դասարան ընդունվելու ժամանակ տղային հարցրել են, թե ինչ հեքիաթ կպատմի: Պատասխանել է, թե ուզում եք՝ պատմեմ Բեռլինի գրավումը:

Դավիթը ննջասենյակի պատին փակցրել էր պատմական Հայաստանի քարտեզը:

«Աչքիս առաջ է նրա սենյակը: Նա անգիր գիտեր ամբողջ քարտեզը: Միշտ հարցնում էր Էմմա Պավլովնային, թե ծովից ծով Հայաստանից ինչու այդքան փոքր հող է մնացել»,- ասում է տիկին Էվելինան:

Սարապյանների մտերիմներից էր Լեոնիդ Ազգալդյանը, ով հաճախ էր հյուր գնում նրանց: Թեև Դավիթը նրանից 25 տարով փոքր էր, բայց ընկերացել էին:

Սարապյանները Ազգդալյանին «Լյոնյա» էին ասում: Այդպես է անվանել նաև Դավիթն իր պատմվածքում:

Տղամարդավարի լացելու մասին

Դավիթն ամիջական ոճ ունի ստեղծագործություններում: «Հոբբի» պատմվածքն եմ կարդում, որտեղ, թվում է, հեղինակի կողքին նստած, լսում ես նրան:

«Ես միշտ աչքերով փնտրում եմ միջանցք, երբ հանկարծ շատ վիրավորված եմ զգում ինձ և ուզում եմ պայթել: Դա ինձ Լյոնյան է սովորեցրել»: Հետո գրել է, թե «Լյոնյան» շատ բան է սովորեցրել իրեն. լողալ, տիր կրակել, կռվել: Մի անգամ նույնիսկ իր ծնոտն է պահել, որ Դավիթը բռունցքով խփի:

Իսկ մի անգամ էլ «Լյոնյան» Դավթին բռնեցրել է լացելիս, որից հետո էլ լուրջ խոսակցություն է ունեցել տղայի հետ. «Լյոնյան ինձ ասաց, որ ես տղամարդ եմ, իսկ տղամարդիկ չպետք է լացեն, իսկ եթե հանկարծ շատ ես ուզում, շտապ պիտի գտնես դատարկ միջանցք, թաքնվես այնտեղ, արագ սթափվես, սրբես դեմքդ և դարձյալ, կարծես, ոչինչ չի եղել, դուրս գաս մարդկանց մոտ: Մինչև հիմա դժվար պահերին հիշում եմ Լյոնյային և փնտրում եմ միջանցք»:

Դեռ դպրոցական տարիներին Դավիթը շատ լավ էր գրում: Երբեմն իր ստեղծագործությունները բերում էր տիկին Էվելինային, վերջինս էլ իր գործերն էր տալիս տղային: Կարդում էին, մեկնաբանում: Բացի գրելուց, Դավիթն, ըստ զրուցակցիս, նկարելու տաղանդ ուներ: Նրա ուսուցիչը նկարիչ Էդուարդ Խարազյանն էր: Գրքում, ի դեպ, պահպանվել են, Դավթի մանկության տարիներին արված նկարները: Տիկին Էվելինան մատնացույց է անում հատկապես ռազմական թեմայով նկարները, ասում է՝ փոքրուց, կարծես, եղել է սերը դեպի ռազմական թեման:

Դեռևս դպրոցում Դավթի տեսողությունն արդեն վատ էր, բայց միայն ավարտելուց հետո սկսեց ակնոց դնել: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժնի 2-րդ կուրսում էր սովորում, երբ օրենքը փոխվեց, և այդուհետ 18 տարին լրացած ուսանողներն էլ պետք է գնային պարտադիր զինծառայության: Այդ ժամանակ նա -9 կարճատեսություն ուներ: Դա կարող էր ազատել զինվորական ծառայությունից: Տիկին Էվելինան հիշում է, որ երբ մայրը, բարեկամները համոզում էին Դավթին՝ բանակ չգնալ, հրաժարվում էր, ասում էր՝ «ես տղամարդ եմ, արիության դպրոցը պիտի ավարտեմ»: Զորակոչվել էր ղազախական Բայկոնուր, որտեղից տեղափոխել էին Ուկրաինայի Խմելնիցկի քաղաք:

Բանակից՝ բանտ

Մենք հասնում ենք տիկին Էվելինայի չսիրած կետին: Ասում է՝ Դավիթը ռոմանտիկ էր, իդեալականացնում էր շատ բաներ, և այդ ամենը «փշրվեց» Խմելնիցկիում:

Բայկոնուրում ջուրը լավ չէր, Դավթի համար դժվար էր: Այդ պատճառով էլ տիկին Էմման նամակներ է գրել՝ որդուն այլ քաղաք տեղափոխելու համար: «Երանի չլիներ էդ տեղափոխությունը»,- հոգոց է հանում զրուցակիցս: Մուսուլմաններն ազգամիջյան վեճեր, կռիվներ էին հրահրում Խմելնիցկու զորամասում:

«Դեպքի ժամանակ Դավթի ակնոցն ընկել է գետնին, և մեկը սկսել է սապոգներով տրորել այն, գրգռվել է, ու 10 հոգով հարձակվել են նրա վրա, կռվի ժամանակ դանակ է տեսել օդում, ձեռքով ուղղակի հրել իր կողմից, բայց ինչ-որ մեկը մի փոքր քերծվածք է ստացել, այդ չարաբաստիկ դիպվածի համար 4 տարի ազատազրկել են: Իրեն ասել էին, որ եթե ասես կենցաղային հողի վրա է եղել վեճը, շատ չեն տա, իսկ ինքը կանգնել ու հայտարարել է՝ նրանք վիրավորում էին իմ ազգը, իմ անձը, իմ պատիվը»,- պատմում է Էվելինա Մելքումյանը:

Դավթին մի քանի ամսից Խմելնիցկու բանտից տեղափոխում են Հայաստան՝ Կոշ: Տիկին Էվելինան հիշում է, որ այդ ընթացքում թե՛ մայրը, թե՛ ինքը նամակներ էին գրում Դավթին: Խնդրում էին, որ հանկարծ չփոխվի, քաջալերում էին: «Երբ բանտից դուրս եկավ, մեզ թվում էր, թե նա փոխված կլինի, բայց Դավիթը չէր չարացել»,- ասում է զրուցակիցս:

Կինոյի կիսատ ճանապարհը

Բանտից դուրս գալուց հետո Դավիթն ակտիվորեն սկսել է գրել: Նրա ստեղծագործություններում կարելի է հանդիպել ազատազրկման մեջ անցկացրած «1000 օրերի» հիշատակումը: Այնուհետ դարձել է իրենց բարեկամ, ռեժիսոր Գենադի Մելքոնյանի օգնականը, աշխատել իբրև երկրորդ ռեժիսոր: Միասին Օդեսա էին մեկնել: Տեղի կինոստուդիայում էլ Դավթի «300 վայրկյան» վիպակը, որտեղ պատմել է անազատության մեջ գտնվող մարդկանց մասին, բարձր գնահատականի է արժանացել, պատրաստվում էին ֆիլմ նկարահանել դրա հիման վրա:

«Ինքը կարող էր Երևանում ապրել կոմֆորտի մեջ, բայց ամեն ինչ թողեց-գնաց կռվի»,- նշում է Է. Մելքումյանը: Տան իրերի մի մասը Դավիթը վաճառել է զենք գնելու նպատակով: Սկզբից եղել է Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակում», ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում: Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար, Էրքեջ գյուղերի, Գետաշենի, Հադրութի շրջանի ինքնապաշտպանական մարտերին: Ադրբեջանցիները նրան իր ուժի համար «Ահեղ Դև» էին անվանել:

Տողը

Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մասին խոսելիս անպայման շեշտում են Դավթի մարտական պատրաստվածությունը: Տողը տիկին Էմմայի հայրենի գյուղն էր: 1991-ին ադրբեջանցիները Դավթի պապենական տունը շտաբի էին վերածել: Պատմում են, որ հայկական կողմի ծրագրած գործողության օրը՝ հոկտեմբերի 30-ին, երբ մութն ընկել էր, Դավիթը մոտեցել էր պապի տանը, որը միակ լուսավորվածն էր: Արդբեջանցիներն այդտեղ խնջույք էին կազմակերպել: Բակից կանչել էր ՕՄՕՆ-ականների պետին, և երբ վերջինս հայտնվել էր, նռնակներով տրցակը շպրտել էր վրան՝ գոռալով «բռնի՛ր»: Պայթունից տունը փլվել էր, այնուհետ սկսվել էր հայկական կողմի կենտրոնացած գրոհը:

Տողի ազատագրումից հետո Դավիթը Երևան էր եկել: Մորն ասել էր, թե նրա հայրենի գյուղն ազատագրված է, հիմա պետք է ազատագրել հոր հարազատ քաղաքը՝ Էրզրումը:

Տիկին Էվելինան պատմում է, որ Դավիթը Երևան էր վերադարձել՝ Վազգեն Սարգսյանի հետ Լեհաստան գնալու համար: Լեհաստանում ազգային-ազտագարկան պայքարի թեմայով համաժողովի պետք է մասնակցեին: Սակայն անբարենպաստ եղանակի պատճառով թռիչքը չեղյալ է համարվել:

Էվելինա Մելքումյանի և Դավթի վերջին խոսակցությունը եղել է այդ ժամանակ, հեռախոսով են զրուցել: Խոսակցության հիմնական թեման Լեհաստանն էր:

Զրուցակիցս ասում է, որ Դավիթն ընկերոջ խնդրանքով համակարգչային խաղի սցենար էր գրել` «Վարազդատ թագավոր», որը պետք է մասնակցեր անգլիական «Թայմս» հանդեսի մրցույթին: Սցենարը մեկ գիշերվա մեջ էր գրել, որն այնուհետ մրցանակի արժանացավ:

Նրա տուն գալը, ինչպես հիշում է տիկին Էվելինան, մոր համար երջանկություն էր, գնալը՝ դառնություն: Մտերիմները, բարեկամները Դավթին փորձում էին համոզել, որ այլևս չվերադառնա Շահումյան, ասում էին, որ պատերազմում իր առաքելությունն արդեն կատարել է: Սակայն նա անդրդվելի էր:

1991 թ. դեկտեմբերի 10-ին նա զոհվեց Շահումյանի Թոդան գյուղի մարտում:

Թալանեցին, ապա վաճառեցին Դավթի տունը

Որդու զոհվելուց հետո մայրը Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող տունը կտակել էր որդու 6 մարտական ընկերներին: Տիկին Էվելինան ասում է՝ Էմմա Պավլովնան մտածում էր, որ ընկերները վառ կպահեն որդու հիշատակը, կգան-կգնան, Դավթի շունչը միշտ կմնա:

Մոր մահից հետո 6-ը տունը վաճառել են: «Տան ունեցվածքը հարևաններից թաքուն գիշերը հանում էին, որ տեսնող չլիներ: Մի անգամ էլ այդ ընկերներից մեկն ինձ ասաց, որ ինչ պետք չէր՝ վառեցինք»,- պատմում է Է. Մելքումյանը:

Զրուցակիցս ասում է՝ ցավ է իր համար, երբ այսօր նույնիսկ Տող գյուղում Դավթի անունով ոչ մի բան չկա: Երևանի նախկին Ձերժինսկու, այժմ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում մի դասարան է անվանակոչվել Դևի անունով:

Փետրվարի 4-ին լրանում է Դավիթ Սարապյանի ծննդյան 50-րդ տարին: «Անհանգիստ եմ իր համար, մտածում եմ՝ էլ ո՞ւմ դիմեմ, որ այդ ամենը հնչեղություն ստանա, անշուք չանցնի»,- նշում է Էվելինա Մելքումյանը:

Երբ հարցնում եմ, թե ինչն է այդքան անհանգստացնում, մի փոքր դադարից հետո ասում է. «Ինձ իմպուլսներ են գալիս վերևից, որոնք հանգիստ չեն տալիս, չեմ կարող ասել, թե իմ պարտականություններն արեցի, և վերջ: Երբ տեսնում եմ, որ ոչ մեկը ոչ մի բան չի ուզում անել, Դավթի 50-ամյակն է, տեսնես որևէ մեկը կանի՞ մի բան»:

Մեր զրույցի ընթացքում տիկին Էվելինան «Դև» բառը չի օգտագործում, քանի որ այն բացասական երանգով ենք ընկալում, ու նա էլ մտածում է, որ դա Դավիթ անվան կարճ ձևն է:

Մեկնաբանություններ (4)

Գայանե
Շատ շնորհակալություն մեր անմահ հերոսի մասին այսքան տեղեկություն տալու համար։ Ափսոս էլի քիչ է ։ Դևի մասին ես անվերջ կլսեի
Մելինէ Շիրիքճեան
Մեր հերոսներուն երբէք չենք մոռցած ու չենք մոռնար, Դեւը՝ անմահ է եւ մեր սերունդները միշտ պիտի յիշեն իրեն, բայց մեր պարտականութիւնն է, որ միշտ կարդանք ու գրենք իրեն մասին ու միշտ թարմացնենք մեր նոր սերունդներուն յիշողութիւնը։ Ահաւասիկ՝ այս հոդուածը փաստ է, որ ան անմահ է։
ДЖ.Д.
Уважаемый автор! Меня поразило с какой скромной стыдливостью вы говорите о «тех шести”, кому мать героя доверила хранить память о нём. Имена ! Я не жажду крови , я жажду справедливости! Эту бесславную шестерку должен знать каждый ,кто пережил. Арцахскую войну , кто жил и каждый раз умирал с нашими ребятами. Эти шестеро могли бы увековечить себя открыв квартиру- музей истинного патриота ,с кого надо делать жизнь грядущим поколениям, Маленький Ераблур в тихом уголке Еревана ,они же просто убили его ещё раз.
Սիրարփի Առուստամյան
Այդ վեց հոգին նախկին ազատամարտիկնե՞ր են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter