
«Մենք թշնամիներ չենք, պետք չէ իրարից վախենալ»
25-ամյա Իբրահիմ Յունալը ծնունդով Տարսուսից է (Տարսոն, Կիլիկիա), Ստամբուլում սովորում եւ աշխատում է արդեն շուրջ 5 տարի: Մայիսին նա պատրաստվում է Հայաստան գալ եւ Արարատի մասին ֆիլմ նկարել:
Ինչպե՞ս ծնվեց հենց Արարատի մասին ֆիլմ ստեղծելու միտքը:
Ես ճանաչում եմ գրող Էջե Թեմելկուրանին ու սիրում եմ նրա «Խոր լեռ» գիրքը (Deep Mountain, 2008), որն Արարատի, հայերի ու թուրքերի մասին է: Թուրքական GPOT կենտրոնը եւ հայկական «Ինտերնյուս» կազմակերպությունը երիտասարդների մասնակցությամբ ֆիլմեր նկարելու նախագիծ էին անում, որին որոշեցի մասնակցել: Մտածեցի ֆիլմ նկարել հենց Արարատի մասին: Մտահղացմանս մասին պատմեցի երկու թուրք ռեժիսորների՝ Ջաներ Ալփերին եւ Մեհմեթ Բինային: Նրանք հավանություն տվին ծրագրիս, ու արդեն այս հունվարից սկսեցի աշխատել ֆիլմի վրա: Սա էքսպերիմենտալ փաստագրական ֆիլմ է: Այն երեւի «Արարատ» կկոչվի, բայց միգուցե փոխեմ անունը:
Սա քո առաջի՞ն աշխատանքն է:
Այո, առաջին սեփական ֆիլմս է: Ճիշտ է՝ ունեմ եւս երկու ֆիլմ, բայց դրանք ուսանողական են, ու ինքս էլ չեմ հավանում: Թուրքական երկու խաղարկային ֆիլմում աշխատել եմ որպես ռեժիսորի օգնական, հիմա նաեւ լուսանկարչությամբ եմ զբաղվում: Բացի այդ՝ սովորում եմ Ստամբուլի մշակույթի համալսարանում՝ լուսանկարչի մասնագիտությամբ: Դա երկրորդ կրթությունս է, առաջինը հեռուստատեսության եւ ռադիոյի մասնագիտությունն է:
Եվ ո՞րն է Արարատի մասին ֆիլմի գաղափարը:
Ես թուրքերին պատմում եմ, որ Արարատը միայն լեռ չէ: Դա սիմվոլ է հայերի համար, որի համար նրանք ցավում են: Փետրվարին, երբ Երեւան էի եկել, իմացա, որ այս լեռը հայերի համար անչափ կարեւոր է, Արարատի պատկերով ամենուր նաեւ նկարներ տեսա: Ֆիլմը եւ այդ նկարների, եւ Արարատ-սիմվոլի մասին է: Թուրքերը դպրոցում սովորում են, որ Արարատը Թուրքիայի ամենաբարձր սարն է, բայց այս տեխնիկական կողմը հայերի համար միակը չէ:
Ովքե՞ր են հերոսները:
Նրանք հայեր են՝ տատ ու թոռ: Ու էլի երկու-երեք երեւանցի հերոս, որոնք Վերնիսաժում նկարներ են վաճառում: Ես զրուցում եմ վերջիններիս հետ, նրանց անձնական կարծիքը ներկայացնում լեռան մասին ու նաեւ պատմում հայերի եւ թուրքերի մասին: Ֆիլմը տեւում է շուրջ 15 րոպե: Նկար վաճառողների կարծիքների եւ տատի ու թոռի կերպարների հետ օգտագործում եմ նաեւ Արարատի նկարները Աստվածաշնչում, գեղարվեստական աշխատանքներում, լուսանկարներում, քարտերի վրա:
Քո տատի տատը վանեցի հայ է եղել: Ի՞նչ զգացումներ ունեցար Հայաստանում:
Ոչ շատ լավ, ոչ էլ շատ վատ: Ես տխուր էի, որովհետեւ իմ երկիրը՝ Օսմանյան Թուրքիան, ցավ է պատճառել այդ մարդկանց կամ նրանց նախնիներին: Սա էական նշանակություն ունի ինձ համար, քանի որ իմ մեջ եւ հայ, եւ թուրք կա: Իսկապես դժվար էր:
Ի՞նչ կարող են անել քեզ նման երիտասարդները: Նրանք ի վիճակի՞ են փոխել թուրքերի կարծիքն այս հարցում:
Տարեցների շրջանում ոչ, բայց, կարծում եմ, կարող ենք երիտասարդների մոտ ինչ-որ բան փոխել: Գիտեմ տարբեր մտածելակերպի երիտասարդ թուրքերի, որոնք դեմոկրատական հայացքներ ունեն: Ամենուր տեսնում եմ նրանց ոչ մեծ թվով, բայց այդպիսիք կան: Ինձ նման մտածողները Հայաստանում ու Թուրքիայում այնքան էլ շատ չեն, բայց մի օր մենք կհասնենք մեր նպատակին: Ես մի բան եմ ասում՝ մենք թշնամիներ չենք, պետք չէ իրարից վախենալ: Սա Արարատն է, մի կողմում հայերն են, մյուսում՝ թուրքերը: Ո՞րն է խնդիրը:
Պատմությունը:
Այո, պատմությունը: Բայց երիտասարդներս կարող ենք փոխել մեր հարաբերությունները, մենք դա պետք է անենք: Պետք չէ շատ հեռու գնալ: Մենք թերեւս կկարողանանք փոփոխություններ մտցնել մեր մշակութային, սոցիալական շփումներում: Ես հավատում եմ դրան: Մարդիկ պետք է հասկանան սա: Հենց այդ մասին եմ խոսում իմ ֆիլմում:
Ստամբուլ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել