HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնության հայկական տարբերակ

Հիմնված է իրական պատմության վրա, սակայն անունները փոխված են

Արմանի ծնողները Գյումրիից տեղափոխվեցին Չուվաշիա, երբ Արմանը դեռ պատանի էր:

Հիմնեցին իրենց փոքր ընտանեկան բիզնեսը, կամաց-կամաց ոտքի կանգնեցին: Երբ Արմանը մեծացավ եւ եկավ նրա ամուսնանալու ժամանակը, հին հայկական սովորույթի համաձայն՝ նա պետք է կնության առներ միայն հայ աղջկա, ավելին` իր հարազատ քաղաքից: Չէ՞ որ Գյումրին հայտնի է ոչ միայն իր բնակչության հումորով, այլեւ ավանդապաշտությամբ: Արմանն իր ծնողների հետ քսանմեկ օրով ժամանեց Գյումրի՝ հարսնացու գտնելու:

Ավելի երկար մնալ նրանք չէին կարող. բիզնեսին հետեւող չկար: Նրանց առջեւ դրված խնդիրը հեշտ չէր. երեք շաբաթում շրջել քաղաքը՝ «հարմար» հարսնացուի փնտրտուքներում, բարեկամների եւ ընկերների օգնությամբ:

Սցենարը, սովորաբար, հետեւյալն է. հայ տղան, ով մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում, Ռուսաստանում, Արգենտինայում կամ այլուր, զանգահարում է Հայաստանի իր «ախպերներին»՝ «լավ աղջիկ» գտնելու խնդրանքով: Մոտավոր չափանիշները նշվում են, չնայած «ախպերները» մեծ մասամբ դրա կարիքը չունեն. չափանիշները հիմնականում ստանդարտ են՝ գեղեցիկ, համեստ, «տնական»:

Աղջիկն ընտրված է, տղան մեկ ամսով կամ էլ ավելի կարճ ժամանակով գալիս է Հայաստան, ծանոթանում է աղջկա հետ: Իդեալական տարբերակ է, երբ նրա ծնողներն էլ կարող են գալ եւ միասին ընտրել հարսնացուին: Ընդ որում, շատ ապագա սկեսրայրներ պահպանում են պոտենցիալ հարսնացուից մի բաժակ ջուր խնդրելու ավանդույթը, որպեսզի ծարավը հագեցնելու ընթացքում աղջկան ոտքից գլուխ կարողանան զննել:

Եթե երիտասարդները միմյանց դուր են գալիս ( ամեն դեպքում, «ախպերները» մի քանի պահեստային տարբերակներ էլ ունեն ) , մի քանի օրից նրանք նշանվում են, գնում են ԶԱԳՍ, հետո նորաթուխ ամուսինը վերադառնում է Ամերիկա ( Ռուսաստան, Արգենտինա ...) եւ սպասում, մինչեւ աղջիկը վիզա ստանա:

Աղջիկը վիզան ստանում է, մեկնում է տղայի մոտ, այնտեղ կազմակերպում են շքեղ հարսանիք, որը մանրամասն նկարահանվում է տեսախցիկով, հատկապես բանանի ու անանասի սարերով զարդարված սեղանները: Հետո ժապավենն ուղարկվում է աղջկա հարազատներին, նրանք էլ ուրախանում են, որ իրենց աղջիկը «լավ տեղ է ընկել»:

Վերադառնանք Արմանին: Ժամանելով հայրենի քաղաք՝ նրա ծնողները փոքր-ինչ հանգստացան եւ անհապաղ անցան գործի: Արմանն այցելեց իր «ախպերներին»: Նա դեռ անելիք չուներ: Նախ ծնողները պետք է հավանեն աղջկան, հետո բացառման մեթոդով կազմեն «համառոտ ցանկ» եւ այն ներկայացնեն որդուն:

Մեկ շաբաթվա ընթացքում հայրիկն ու մայրիկն այցելեցին 35 չամուսնացած աղջիկների: Նրանցից ոչ մեկը կատարյալ չէր իրենց տղայի համար: Մեկի դեմքն այն չէր, մյուսի՝ մարմինը: Երրորդն առաջին հայացքից զգացվում էր, որ հաստատ կփչացնի իրենց որդու կյանքը: Չորրորդի հետ սկեսուրը փոքր-ինչ զրուցեց եւ հասկացավ, որ դիմացը իր ճշգրիտ պատճենն է, իսկ իրենք պիտի միասին ապրեն:

Մի աղջիկ գրեթե համապատասխանում էր բոլոր պայմաններին. նա շատ գեղեցիկ էր, համեստ ու «հարգված ընտանիքից»: Սակայն... Կար մեկ խնդիր: Աղջիկը նոր էր ավարտել տասներորդ դասարանը: Ինչպես տրամաբանորեն նկատեց Արմանի հայրը, նրան դեռ պետք էր ուսման տալ, ամենայն հավանականությամբ վճարել դրա համար, եւ այդպես` առնվազն երկու տարի: Բացի այդ, աղջկա դիպլոմի առկայությունը՝ որպես «սովորած աղջիկ» լինելու խորհրդանիշ, անհրաժեշտ պայմաններից մեկն էր: Այնպես որ, այդ թեկնածությունը հանվեց:

Արմանի ծնողները մի երկու օր էլ փնտրեցին ու գտան: Ե՛վ բարետես, եւ՛ կրթված: Հարցուփորձ արեցին. ոչ մի բամբասանք չլսեցին: Ընտանիքն էլ լավն էր, հարգված, ծնողները մանկավարժներ էին: Ծանոթի միջոցով «աղջկատեսի» գալու թույլտվություն խնդրեցին:

Աղջկա մայրը «ոչ» ասել չկարողացավ: Նախ` իր դստերը երաշխավորել է գործընկերուհին, անհարմար է հրաժարվել: Հետո, իր Աննան արդեն քսաներեք տարեկան է, եւ նա անհանգստացած է դստեր հետագա ճակատագրով: Աղջիկն ամուսնության հանդեպ հակում չի ցուցաբերում, փայլուն ավարտել է դպրոցը, հետո` ԵՊՀ-ի միջազգային ֆակուլտետը, տիրապետում է չորս լեզուների, երազում է երբեւէ տեղափոխվել Անգլիա եւ աշխատել իր մասնագիտությամբ: Մոր՝ ամուսին գտնելու եւ ընտանիք կազմելու բոլոր աղաչանքներին նա պատասխանում էր անտարբեր ժպիտով: Այնպես որ, մայրը նույնիսկ ուրախ էր ընձեռված հնարավորության համար:

Արմանի ծնողները որդու հետ եկան Աննայենց տուն: Նրանց համար ճոխ սեղան էր պատրաստված: Բոլորը նստեցին, մի հինգ րոպե բողոքեցին ապրիլի վերջի համար անսովոր անձրեւային եղանակից, մի քիչ էլ խոսեցին անկարեւոր թեմաների շուրջ եւ անցան գործի: Պատմեցին, թե ովքեր են, ինչով են զբաղվում: Աննայի ծնողները նույնն արեցին: Ե՛վ Աննան, եւ՛ իր ծնողները փեսայի կողմին ավելի ու ավելի էին դուր գալիս: Վերջապես Արմանի մայրը նշան արեց տղային: Արմանը գլխով արեց, եւ ծնողները ապագա խնամիներից թույլտվություն խնդրեցին, որպեսզի իրենց տղան աղջկա հետ առանձնանա մի քանի րոպեով, որպեսզի նրանք «ավելի մոտիկից ծանոթանան, ճանաչեն միմյանց»:

Աննայի ծնողները թույլ տվեցին: Երիտասարդներն «առանձնացան» հարեւան սենյակում, խոսեցին իրենց հետաքրքրությունների եւ զբաղմունքի մասին: Տասնհինգ րոպեից Արմանի հայրը եկավ եւ ասաց, որ արդեն պիտի գնան: Տղայի փայլող աչքերից նա հասկացավ, որ փնտրել այլեւս պետք չէ:

«Ի՞նչ կասես մեր տղայի մասին»,- հոգատարությամբ հարցրեց նա Աննային:

Աղջիկը համեստորեն իջեցրեց աչքերը եւ հազիվ նկատելի գլխով արեց:

Մեկ շաբաթից երիտասարդներին նշանեցին: Եվս մեկ շաբաթից հարսանիք արեցին: Եվ Անգլիայի մասին երազող աղջիկը մեկնեց Չուվաշիա:

Հրաժեշտին մայրն ասաց նրան. «Այդքան ասում էի քեզ՝ սովորիր, սովորիր, պետք կգա, տեսար` նրանք քեզ ընտրեցին, որովհետեւ «սովորած» ես»:

Աննայի մայրն այս պատմությունը մեզ պատմում է սեղանի շուրջ, իր դստեր մեկնելուց մի քանի օր անց: Ես շոկի մեջ եմ: Բոլոր ռոմանտիկ զգացմունքներս ոտնահարված են: Իսկ ու՞ր մնաց սերը: Լավ, կարելի է ապրել մի մարդու հետ, ում չես սիրում, բայց գոնե չես հակակրում, կարելի է ուտել նրա հետ նույն սեղանի շուրջ, զրուցել նրա հետ ընթրիքի ժամանակ, միասին դիտել հեռուստացույց, բայց ինչպե՞ս կարելի է կիսել անկողինը մի մարդու հետ, ում գրեթե չես ճանաչում:

Անկողնու վերաբերյալ հարցն Աննայի մայրը շրջանցում է. ավանդույթների շրջանակում այն չէր տեղավորվում, իսկ սիրո մասին փիլիսոփայորեն նկատում է` կապրեն, կսիրեն: «Եթե մեր նախնիները դարերով այդպես էին ապրում ( ընդ որում, վատ էլ չէին ապրում, ա՛յ, ի~նչ ամուր ընտանիքներ ունենք, ոչ ինչպես արտասահմանում, ուր ամուսնալուծությունների քանակն օրեցօր աճում է ) , ուրեմն ինչու՞ խախտել ավանդույթները».- ասում է Աննայի մայրը:

Բացի այդ, քսաներեք տարեկանն այնքան փոքր տարիք է: Իսկ ծնողները միշտ տեսնում են ավելի լավ ու ավելի հեռուն: Կարող են խորհուրդ տալ:

Ես առարկում եմ, որ մեր շատ «ամուր ընտանիքներ» կառուցված են խաբեության վրա ու միայն արտաքուստ են ամուր: Դա ճիշտ է, մեզ մոտ ոչ ոք չի ամուսնալուծվի «բնավորությունների անհամապատասխանության» պատճառով, ինչպես «այնտեղ»: Հայ կինը ոչ մի դեպքում չի բողոքի, որ բավարարված չէ իր ընտանեկան կյանքում, եւ ոչ նրա համար, որ հպարտ է, այլ որովհետեւ անհարմար է զգում: Հետո կհայտնվեն երեխաները, եւ հայ կինը խաչ կդնի իր կյանքի վրա ու կապրի միայն երեխաների համար: Եվ պետք չէ ասել, որ ժամանակները փոխվել են, ու հայ կանայք հիմա բավական էմանսիպացված են: Ոմանք՝ այո, հիմնականում մայրաքաղաքում:

Ես առարկում եմ, որ գիտելիքը միայն այն է, ինչին հասնում ես սեփական փորձի արդյունքում, եւ ծնողական փորձը չի կարող հիմք լինել զավակների երջանիկ ապագայի համար:

Աննայի մայրը պատասխանում է, որ սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ ծնողների ընտրությամբ ամուսնանալը նույնպես չի երաշխավորում «հաջող ամուսնություն»:

Համաձայն եմ, կյանքն ապրելն ընդհանրապես հեշտ գործ չէ, սակայն ամուսնանալ գրեթե փակ աչքերո՞վ: Բայց մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Ավանդական ընտանիքում մեծացած կինը չի հասկանում, թե ինչու եմ ես այդպես բորբոքվել: Իր քաղաքում աղջիկների մեծամասնությունը հենց այդպես է ամուսնանում, ու դրանում ոչ մի վատ բան չկա:

Ես չեմ պնդում, որ ճիշտը ես եմ, սխալը՝ նա: Վերջ ի վերջո, այս կնոջ համոզվածությունը ներքուստ նույնիսկ կասկածներ է առաջացնում իմ ճշմարիտ լինելու վերաբերյալ: Ես նույնիսկ հիանում եմ երիտասարդ աղջկա համարձակությամբ, ով մոռացել է իր երազանքները եւ անհոգ մեկնել է Չուվաշիա մի տղայի հետ, ում ճանաչում էր ընդամենը մեկ շաբաթ: Կարծես վիճակախաղի տոմս լինի. կամ շահում ես, կամ` փողերը քամուն տալիս: Կամ կստացվի ընտանեկան կյանքը, կամ իզուր կապրես այն:

Հ.Գ. Հետաքրքիր է իմանալ մեր ընթերցողների կարծիքը ամուսնության հայկական այս տարբերակի մասին: Ձեր մեկնաբանությունները կարող եք ուղարկել [email protected][email protected] հասցեներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter