
Իրական մարդասպանին հայտնաբերել են դեպքից 23 տարի անց
Մոտ 20 տարի իրական մարդասպանի փոխարեն ամերիկյան բանտում անցկացրած Միգել Ռոմանը Կոնեկտիկուտ նահանգից երեկ ստացել է 6 մլն ԱՄՆ դոլարի պարգևատրում դատական ճակատագրական սխալի համար: Այս մասին գրում է courant.com-ը:
Միգել Ռոմանը մեղադրվել է 1988 թ-ին 17-ամյա նախկին ընկերուհու՝ այդ ժամանակ հղի վիճակում գտնվող Կարմեն Լոպեսի սպանության մեջ: 1990 թ-ին Միգելը դատապարտվել է ցմահ ազատազրկման մեկ ցուցմունքի հիմքով, փորձագիտական ապացույցներ չեն եղել: Սակայն 20 տարի անց իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ կատարված ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվել է նրա անմեղությունը: 2008 թ-ին, 52 տարեկանում նա արդարացման դատավճռով ազատություն է վերադարձել: Իսկ երկու տարի անց հայտնաբերվել է իրական հանցագործը՝ Պեդրո Միրանդա անունով: Մինչ նրա փոխարեն անմեղն է բանտում եղել, իրական մարդասպանը ազատության մեջ կատարել է ևս 3 սպանություն, սակայն մինչև 2011 թ-ը կարողացել է աննկատ մնալ: Նա դատապարտվել է 100 տարվա ազատազրկման գումարած ցմահ ազատազրկում:
Իրական մարդասպանին հայտնաբերել են դեպքից 23 տարի անց
Միգել Ռոմանը թեև արդեն 7 տարի ազատության մեջ է, այնուամենայնիվ ունի լուրջ հոգեբանական խնդիրներ, վախ, որ իրեն նորից անարդարացի կարող են մեղադրանք ներկայացնել: Նա չի տեսել, թե ինչպես են մեծանում իր երեխաները, այսօր նա արրդեն թոռներ ունի, ասել է, որ 20 տարի զրկված է եղել ծնողական քաղցրությունից:
Միգել Ռոմանը մշտապես պայքարել է իր անմեղությունն ապացուցելու համար: Տարիներ անց նրան միացել է նաև դուստրը, որը հոր դատապարտման ժամանակ ընդամենը 10 տարեկան է եղել: Հենց դուստրն է դիմել Անմեղության ցանցին, և հնարավոր է դարձել գենետիկական փորձաքննության հասնել, որը 1988-ին հասանելի չէր:
Ռոմանը հայց ունի նաև ոստիկանության դեմ, որին մեղադրում է իր ձերբակալման, սխալ քննության մեջ: Միգելը չի տիրապետել գրավոր անգլերենին լավ, նա իսպանախոս է եղել, սակայն ոստիկանությունում նրան չեն տրամադրել թարգմանիչ: Միգել Ռոմանը 8 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցման պահանջ է ներկայացրել ոստիկանության դեմ: Հայցը կքննվի մոտ ժամանակներս:
Լուսանկարները courant.com-ի
Առաջին լուսանկարում Միգել Ռոմանն է
Մեկնաբանել