
Անդրեյ Արեշովը չի ցանկանում, որ Եվրասիական միության գաղափարը լինի հերթական PR-ը
Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը նոր է և իր իմաստավորման փուլում է: Չի կարելի հաստատապես ասել, թե այս նոր գործընթացն ինչպես կընթանա: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշովը:
Նա չէր ցանկանա, որ Եվրասիական միության գաղափարը լիներ հերթական PR-ը, որի մասին կմոռացվի ընտրություններից անմիջապես հետո: Ա.Արեշովի խոսքերով՝ Ռուսաստանը կլինի Եվրասիական միության ամենամեծ երկիրը և որոշ համակարգող գործառույթներ կստանձնի: Սակայն խոսքը Մոսկվայի՝ գերիշխող լինելու մասին չէ, այլ գործընթացի գոնե առաջին փուլում միության մեջ ներգրավված երկրների գործունեության համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու:
Արեշովը չէր ցանկանա, որ Եվրասիական միության ստեղծումը լիներ ԱՊՀ-ի հաշվին, որովհետև վերջինս ցույց է տվել իր արդյունավետությունը: Եվրասիական միության առաջին փուլում խոսքը պետք է լինի տնտեսական մեխանիզմներ ստեղծելու, մաքսային հարցերը կարգավորելու մասին: Բանախոսը հավելեց, որ նախկին ԽՍՀՄ երկրների տնտեսությունները մեկ ամբողջական համակարգի մաս են կազմում:
Բանախոսը նշեց, որ արևմտյան բլոկը շատ ակտիվ է համաշխարհային քաղաքականության մեջ, նույնիսկ իր ազդեցության սահմաններից դուրս: Մյուսը խաղաղօվկիանոսային և իսլամական բլոկերն են: Այս պարագայում գուցե Ռուսաստանը փորձի ստեղծել իր առանձին բլոկը:
Արեշովի խոսքերով՝ գաղտնիք չէ, որ արևմտյան որոշ ուժեր կցանկանան սրել ռուս-չինական հարբերությունները՝ նրանց միջև ստեղծելով ավելորդ մրցակցություն: Սակայն Արեշովը համոզված է, որ ռուս-չինական հարաբերությունները կզարգանան: Իհարկե, ոչ առանց խնդիրների, սակայն դրանք էլ կլուծվեն աշխատանքային պայմաններում: Ռուսաստանի քաղաքականության մեջ հակաչինական միտում չկա:
Արեշովի խոսքերով՝ անհանգստացնող է իրավիճակը Արևմտյան Ղազախստանում, ինչպես նաև Փոքր Ասիայում՝ կապված քաղաքական իսլամի ակտիվացման հետ: Բանախոսի կանխատեսմամբ՝ Ղազախստանի իրավապահ մարմինները ձեռք կառնեն անհարժեշտ գործողությունները, բայց պետք է սերտ համագործակցեն փոքրասիական մյուս երկրների, ինչպես նաև Ռուսասատանի հետ:
Մեկնաբանել