HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնակցությունը և ԱՍԱԼԱ-ն․խնդրագրեր գրողներն ու չգրողները

Մաս 2.

Հոդվածաշարի 1-ին մասում  արդեն  գրել եմ, որ ֆրանսիական արմատներով հոլանդացի ու պարտիզանական պայքարների մասին տարբեր գրքերի հեղինակ Paul Moussault-ը   աշխարհի տարբեր արխիվներում մոտ 5 տարի փաստաթղթեր է ուսումնասիրել  ԱՍԱԼԱ-ի մասին  և  2015 թ. ապրիլին լույս է  տեսել իր (հոլանդերենով գրված, իր բնույթի մեջ եզակի փաստագրական ու մոտ 600 էջանոց) գիրքը.  Paul Moussault (red.) & Barbara Sahakian  “ASALA de Nemesis voor de Armeense genocide.  Stadsguerrilla tegen Turkije (1975-1988)” ( IBSN: 978-90-6728-307-6):  Թարգ.՝ «ԱՍԱԼԱ.  Հայոց ցեղասպանության նեմեսիսը. պարտիզանական պայքար Թուրքիայի դեմ (1975-1988)»:

Հեղինակն  իր գրքի մի ենթագլուխ՝ «De Dashnak» վերնագրով (էջ 20-29), նվիրել է Դաշնակցությանը:  Այն բավականին հետաքրքիր է, ուստի վերը նշված ենթագլխի առավել հետաքրքիր մասերը (հոլանդերենից թարգմանելով) ներկայացնում եմ ընթերցողին:

Եվ այսպես՝

Աստիճանաբար՝ մինչև 1960-ականների սկիզբը՝ հայ բուրժուազիայի ու արիստոկրատիայի որոշ մասեր սկսեցին ավելի մեծ ազդեցություն ունենալ դաշնակցականների վրա:  Լիբանանում, օրինակ, որտեղ  200 հազար հայ էր ապրում, նրանք հոյակապ հարաբերություններ ունեին Pierre Gemayel-ի քրիստոնյա Ֆալանգիստների ու Camille Chamoun-ի «National Liberal Party» կուսակցության հետ: 1961-62 թթ. ավելի քան 40 դաշնակներ դատապարտվում են՝ Իսրայելի օգտին լրտեսություն անելու համար (“Armenian political parties in the Middle East” (12 april 1976), Armenian terrorism (1980), FCO 9/3073, doc. 14):

Երկրորդ  համաշխարհային պատերազմի ժամանակ միշտ օպորտունիստ Դաշնակցության Եռագույնը փոփոխության ենթարկվեց. նրանք դրոշի վրա  Սվաստիկա (նացիստական սինվոլ-հեղ.) ավելացրին: Այս դրոշը կարելի է տեսնել Վենետիկի «Museo degli Armeni» թանգարանում (‘ La Turquie “Républicaine”  et la Fédération “Révolutionnaire”  Arménienne sous l’ombre de Svastika’, in: Armenia,  nr. 119/120,1985, էջ 75-80): Ֆրանսիայում Դաշնակցության ղեկավարությունը միացավ Երրորդ  Ռայխին ու Մուսոլինիի  Իտալիային (Pierre Terzian: ‘La question arménniene aujourd’hui’, in: Critique Socialiste, nr. 44, december 1982, էջ 59):

Սերտ կապերի մեջ մտնելով «հյուրընկալ» երկրների պետական մոնոպոլիստական ապարատների հետ՝  Դաշնակցությունն  աստիճանաբար ինտեգրվեց  իմպերիալիզմին ու սկսեց քարոզել կապիտալիստական աշխարհայացք, իշխանամետ գաղափարախոսություն ու  հանդես գալ իշխող դասակարգի շահերից: Թուրքական ռազմական ռեժիմի դեմ իր երբեմնի ռազմատենչ ընդդիմականությունը  կորցնելով՝  Դաշնակցությունն  իրեն վերածեց անմեղ-միամիտ խնդրագրեր ու եղերերգեր  գրող ու Եղեռնի հիշատակին նվիրված   միջոցառումներ  կազմակերպող կոմիտեի:

1960-ականների սկզբից Դաշնակցության աշխարհասփյուռ  բաժանմունքներում բանը հասավ ներքին քաղաքական կոնֆլիկտների, երբ երիտասարդները (հատկապես Լիբանանում) պահանջեցին վերաակտիվացնել պայքարը՝ ազգային գիտակցությունը պահպանելու նպատակով: Հայ երիտասարդների մի զգալի մասը ցանկանում էր զինյալ պայքար: Քաղաքական ազդեցությունը շարժման նկատմամբ կորցնելու վախից՝ Դաշնակցության պահպանողական և կղերական ղեկավարությունը սկսեց արյունալի կերպով ճնշել երիտասարդների այս ներկուսակցական շարժումը:

Դաշնակցության  հետապնդումների պատճառով  այս երիտասարդները ստիպված սկսեցին ստեղծել գաղտնի ու կոնսպիրատիվ կառույցներ և 1970-ականների սկզբից սկսեցին համագործակցել PFLP-ի հետ, որն այդ ժամանակ շատ կարևոր, բազմանդամ ու միջազգային կողմնորոշում ունեցող պաղեստինյան պարտիզանական  շարժում էր (PFLP= Popular Front for the Liberation of Palestine/ Պաղեստինի ազատագրության ազգային ճակատ-հեղ.): Դաշնակցության ներսում երիտասարդների այս ընդդիմադիր շարժման նախաձեռնողը Հակոբ Հակոբյանն էր (Hagop Hagopian),որը  PFLP-ի ֆիդայի էր: PFLP-ի օգնությամբ հայ երիտասարդների այս շարժումը կարողացավ արագորեն զարգանալ և  1974 թ.  ստեղծվեց ԱՍԱԼԱ-ն:

Երիտասարդ դաշնակցականների հոսքը դեպի ԱՍԱԼԱ կանխելու  համար Դաշնակցության  քաղ. բյուրոն 1975թ. հոկտեմբերին գաղտնի կերպով ստեղծում է ԱՍԱԼԱ-ին հակադիր մի կազմակերպություն՝ «Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկները» (ՀՑԱՄ) (Justice Commandos of  the Armenian Genocide (JCAG)): Նույնիսկ անունը, որ տվել են իրենց զինյալ խմբին, ցույց է տալիս Դաշնակցության անտարբերությունը՝ հայկական տարածքների հանդեպ (“It is not possible to lead a struggle with a white flag”, in: Armenia, nr. 127/128, 1986,  էջ  16):

Դաշնակցությունը՝ լավ իմանալով հանդերձ, միշտ ժխտել է իր կապը ՀՑԱՄ-ի հետ, բայց դաշնակցական մեդիան առիթը բաց չի թողել մանրամասն ու հիացմունքով գրել ՀՑԱՄ-ի  բոլոր ակցիաների մասին: Ուրիշները փորձում են պնդել, որ Դաշնակցությունը ՀՑԱՄ-ը  որոշել էր ստեղծել 1972 թ. Վիեննայի իր 20-րդ կուսակցական համագումարի ժամանակ: ՀՑԱՄ-ն իր առաջին ակցիան իրականացրեց 1975 թ. հոկտեմբերի 22-ին ( ԱՍԱԼԱ-ի առաջին  ակցիայից 9 ամիս հետո՛ միայն- հեղ.): Որովհետև ՀՑԱՄ-ը ստեղծվել էր ԱՍԱԼԱ-ին հակադրվելու համար, երբ 1988 թ. ԱՍԱԼԱ-ն դադարեց գոյություն ունենալ, նույն ժամանակ իր գոյությունը դադարեցրեց նաև ՀՑԱՄ-ը. լինելու պատճառ այլևս չկար:

ՀՑԱՄ-ը  1983-ից  սկսեց հանդես գալ «Հայ հեղափոխական բանակ» անվան տակ (ՀՀԲ /Armenian Revolutionary Army(ARA)): Ձևով ու որակով ՀՑԱՄ- ՀՀԲ-ն ԱՍԱԼԱ-ին այդքան էլ չէր զիջում, բայց քաղաքական կողմնորոշմամբ ու ստրատեգիայով իրարից լրիվ տարբեր էին: Թիրախներն էլ, ընդհանուր առմամբ, սկզբնական շրջանում նույնն էր, թեև  ակցիաների վայրերն էին տարբեր: ՀՑԱՄ-ի բազան ԱՄՆ-ն էր,իսկ ԱՍԱԼԱ-ինը՝ Լիբանանը,որտեղ վերջինս շատ ակցիաներ իրականացրեց:

Այս տարբերությունները մասնակիորեն  հետևանքն էին այն բանի,որ ԱՍԱԼԱ-ն ձախակողմյան գաղափարախոսություն ուներ,որն  (ամերիկա)հայերի  մեծ մասին խորթ էր: Հայերի կողմից պատմական անարդարությունն ընկալվում էր ազգային  (nationalistic) կոնտեքստում և այսպիսի մեկնաբանությունն  ազգային ազատագրումը համաշխարհային հեղափոխության մեջ չէր տեսնում: Դաշնակցության քաղաքականության մյուս հատկանիշն այն էր,որ այն բացարձակ անտեսում էր զինված պայքարը հայկական պատմական հայրենիք տեղափոխելու անհրաժեշտությունը և մասսաների վրա հիմնված պարտիզանական պայքարի ստեղծումը՝ համագործակցելով թուրք աշխատավոր դասակարգի և քուրդ պարտիզանների հետ:

Դաշնակցությունը զինյալ պայքարը դիտում էր որպես պրոպագանդայի  միջոց՝ հայկական հարցը (Հայդատիզմը) հանրային ուշադրությանն արժանացնելու համար: Իրականում  Դաշնակցության և՛ զինյալ,և՛ դիվանագիտական գործողությունները մեկ նպատակ ունեին. Արևմուտքին համոզել, որպեսզի հայկական հարցին օժանդակեն:

ՀՑԱՄ-ը ուներ հստակ հակասովետական դիրքորոշում: 1983 թ.մարտի 9-ին Բելգրադում ՀՑԱՄ-ի կողմից իրականացված ակցիան ԱՍԱԼԱ-ն երբեք չէր կատարի,որովհետև (բոլոր մարքսիստական կողմնորոշման հեղափոխական խմբերի նման) ԱՍԱԼԱ-ն էլ չհարձակվելու լուռ համաձայնություն ուներ  Հարավսլավիայի ազգային անվտանգության ծառայության հետ:

Նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը՝ MfS/Stasi-ն, այս կապակցությամբ գրում է իր «հույժ գաղտնի» որակավորված զեկույցում. «սոցիալիստական երկրներում այսպիսի ակցիաներ կատարելով՝ դաշնակները ցանկանում են պատասխանատվությունը բարդել ԱՍԱԼԱ-ի վրա ու այս երկրների աչքում վերջինիս հեղինակությունը վարկաբեկել: Արևմտյան մամուլում հայտնված լուրերը,որ իբր ԱՍԱԼԱ-ն  իր վրա է վերցնում նման ակցիաների պատասխանատվությունը, հստակ պրովոկացիա է դաշնակների կողմից» (BStU, MfS-XV 2532/84 “Jan”, Nr. 17459/91: “Vorschlag zur weiteren politisch-operativen  Bearbeitung der extremistisch-terroristischen  Armenischen Befreiungfront (Streng Geheim))”, 1983, էջ 161):

«Assembly of Turkish American Associations» (ATAA)-ի մի զեկույցի համաձայն՝ ԱՍԱԼԱ-ի և՛ ՀՑԱՄ-ի ակցիաների  հետևանքով մահացել է 70  և վիրավորվել  524 մարդ: Իրականացրել են  217 ռմբակոծություն  և  41 մահափորձ ( The  Assembly of Turkish American Associations: ‘ A cronicle of Armenian terrorism in North America  and eslewhere’, attachment ‘History of Armenian terrorism’, Washington, 1986, էջ  2, archief DoCom):

105 մարդ է  առևանգվել, որից 12-ը սպանվել են: Ակցիաների պատճառով ԱՄՆ-ում,Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ավստրալիայում սեփականություններին հասցվել է մի քանի հարյուր մլն դոլարի վնաս:  239 հարձակում-ակցիայից 71-ը իրականացվել են ամերիկա- ու կանադահայերի կողմից:  30  ակցիա կատարվել է ԱՄՆ-ում: Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքից 22  պարտիզաններ  (guerrillas) ձերբակալվել ու դատապարտվել են (Gunay Evinch: “The Armenian cause in America, today”, in: Turkish Policy Quaterly (The ARI Foundation), winter 2005, էջ 8):

Դաշնակցություն կուսակցության ղեկավարները միշտ շեշտել են, որ Հայոց եղեռնի ճանաչումն է առաջնայինը: ՅՀԴ-ն մոռացավ և մյուսներին էլ մոռացության տալ էր փորձում,որ Հայկական հարցը, առաջին հերթին, հայկական տարածքների ազատագրումն է: ԱՍԱԼԱ-ն քննադատում էր Դաշնակցության ստրատեգիան. «մենք կոչ ենք անում հայ ժողովրդին շատ զգույշ և շրջահայաց լինել,որովհետև  Հայկական հարցի լուծումը չի գտնվելու  կեղծ միջազգային դատարաններում…Հայկական հարցը կարող է լուծվել միայն զինված պայքարով ու զինված պայքարի միջոցով հայկական հողերի ազատագրմամբ…» (The  Assembly of Turkish American Associations: ‘ A cronicle of Armenian terrorism in North America  and eslewhere’, attachment ‘History of Armenian terrorism’, Washington, 1986, էջ  5, archief DoCom): «Պաղեստինյան խնդրի քաղաքական վաճառքը հայերի համար դաս պիտի լինի» (“Geneva’s lure”, in: Armenia, nr. 115/116, 1985, էջ  4):

50 տարի խնդրագրեր ու եղերերգեր գրելուց հետո Դաշնակցությունը տեսավ,որ այսպես այլևս առաջ չի կարող գնալ ու՝ մոռացության չմատնվելու համար՝ որոշեց անցնել զինված պայքարի՝ որպես պրոպագանդայի միջոցի: Այս զինված տակտիկան սակայն չփոխեց Դաշնակցության ստրատեգիան. այն նույն կերպ շարունակեց խնդրագրերը արևմտյան կառավարություններին:

Ե՛վ Շահի, և՛ Իրանի իսլամական հանրապետության ժամանակ Դաշնակցությունը բաց կերպով ԱՍԱԼԱ-ին դեմ էր ու ԱՍԱԼԱ-ի անդամներին մատնում էր CIA-ին ու Իրանի ազգային անվտանգության մարմիններին (SAVAK-ին) (“ The Iranian revolution and the revolutionaries”, in: Armenia, nr.  8/9,  էջ  18-19;  Nancy Virts: “Armenian terrorist activity in Iran”, in: Quarterly Progress Report  (US Department of Defense), november 1984, attachment 2, էջ 3):

Լիբանանում էլ Դաշնակցության ղեկավարությունը ԱՍԱԼԱ-ի ենթադրյալ անդամներին տարբեր անգամներ մատնեց անվտանգության մարմիններին ( Michael M. Gunter: “Contemporary Armenian terrorism”, in: Terrorism: An International Journal, հատոր 8, nr. 3, 1986, էջ 232):

շարունակելի

Վարազ  Սյունի

Ամստերդամ, 17.02.2016

Մեկնաբանություններ (4)

Մար.կ
դաշնակցության մութ էջերը.
Մար.կ
երբ ազգի շահը դառնում է կուսակցության շահ.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հոդվածում նշված աղբյուրներում հետևյալ կրճատումները նշանակում են՝ ա) FCO = Foreign and Commonwealth Office (London), բ) DoCom = Documentatie Communisme. Միջազգային ինստիտուտ DoCom-ը ստեղծվել է 1976թ.-ին, որի նպատակն է հասարակությանը հնարավորություն տալ ծանոթանալ իր աղբյուրներին ու նաև հրատարակել այն: 2015 թ.-ին արխիվը կազմում էր 200 մետր և ապագայում այն հանձնվելու է Ամստերդամի Սոցիալական պատմության միջազգային ինստիտուտին:
Վարանդ Գրիգորյան
Շատ շահեկան է: Ի հայտ է բերում մեծաբերան դաշնակցական լիդերների (ոչ` շարքայինների) մշտապես օտարի կամակատար լինելու չարագուշակ փաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter