HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկեղեցաշինությունը նորանկախ Լոռիում. Կարապետյաններ, Վալերի Մեջլումյան, Վլադիմիր Մովսիսյան եւ ուրիշներ

սկիզբը

Գուգարաց թեմը ձեւավորվել է 1990 թ.-ին Վազգեն Ա կաթողիկոսի կոնդակով: Թեմն սկզբնապես ընդգրկում էր ներկայիս Տավուշի մարզն ու նախկին Թումանյանի շրջանը, որոնք 1920-ից ենթարկվում էին Շիրակի թեմին: Նորաստեղծ թեմի առաջնորդանիստը Դիլիջանն էր, իսկ առաջին առաջնորդը՝ Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը (1990-1996 թթ.): 1996-ի մայիսի 30-ին Գարեգին Ա-ի կոնդակով Լոռու մյուս շրջանները եւս անջատվեցին Շիրակի թեմից ու միացան Գուգարաց թեմին: Ընդլայնված թեմի նոր առաջնորդանիստ դարձավ Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցին (2005-ից առաջնորդանիստը մարզկենտրոնի նորակառույց Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին է): 1996-ի հունիսին թեմի առաջնորդ է նշանակվել Սեպուհ վարդապետ Չուլջյանը (1997-ից՝ եպիսկոպոս, 2012-ից՝ արքեպիսկոպոս), ով պաշտոնավորում է մինչ օրս:

2010-ի դեկտեմբերի 10-ին Գարեգին Բ-ի կոնդակով Տավուշի մարզն անջատվեց իբրեւ առանձին թեմ: Այսպիսով՝ Գուգարաց թեմի իշխանության տակ մնաց միայն Լոռու մարզն իր ներկայիս տարածքով:     

Գուգարաց թեմի տվյալներով՝ Լոռու մարզում այսօր կա 259 սրբատեղի, որոնցից գործում են 3 վանական համալիր, 36 եկեղեցի եւ 23 մատուռ: Վանքերում եւ եկեղեցիներում (ընդհանուր՝ 39 կառույց) սպասավորում է 13 հոգեւոր հովիվ: 1996-2015 թթ.՝ Սեպուհ սրբազանի գահակալության տարիներին, Լոռու մարզում կառուցվել է 9 եկեղեցի, 24-ը վերանորոգվել/վերակառուցվել է (դրանցից մեկը Սանահինի վանքն է), նույն ընթացքում կառուցվել է 17 մատուռ, 6-ն էլ վերանորոգվել/վերակառուցվել է:

9 նոր եկեղեցիները

Ներկայացնենք Լոռու մարզի նորակառույց եկեղեցիները:

Ս. Հարություն (Սպիտակ, օծվել է 1999 թ.),
Ս. Սարգիս (Տաշիր, 2000),
Ս. Սարգիս (Վանաձոր, 2000),
Ս. Ամենափրկիչ (Շենավան, 2001),
Ս. Գրիգոր Նարեկացի (Ալավերդի, 2001),
Ս. Աստվածածին (Արեւաշող, 2004),
Ս. Մարիամ Աստվածածին (Սարչապետ, 2005),
Ս. Գրիգոր Նարեկացի (Վանաձոր, 2005),
Ս. Հակոբ (Շահումյան, 2013):

(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)

Սպիտակ քաղաքի Ս. Հարություն եկեղեցին կառուցվել է 1997-1999 թթ.: Դրա շինարարությունը նախատեսել էր Վազգեն Ա կաթողիկոսը, սակայն ծրագիրը մեկնարկել է հաջորդ հայրապետի՝ Գարեգին Ա-ի օրոք՝ 1997-ին: Հենց վերջինս էլ կատարել է եկեղեցու հիմնարկեքը: Ս. Հարությունն օծվել է արդեն Գարեգին Բ-ի կողմից՝ 1999-ի դեկտեմբերի 23-ին:

Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է, շինարարը՝ Մկրտիչ Լամբարյանի «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ն: Ս. Հարությունը կառուցվել է նույնանուն նախկին եկեղեցու տեղում, որն ավերվել էր 1988-ի երկրաշարժից:

Շինարարության հովանավորը Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն է (կենտրոնակայանը՝ Ժնեւ, 2013-ին Գարեգին Բ-ն 8 տարով ընտրվել է ԵՀԽ-ի նախագահ): Կառուցմանը աջակցել է նաեւ Սպիտակի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Սուրեն Ավետիսյանը, որն ավտովթարի զոհ է դարձել 1999-ի հոկտեմբերի 26-ին: Սպիտակի քաղաքապետարանի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի եւ լրատվության բաժնի նախկին պետ Հովհաննես Խոյեցյանի տեղեկացմամբ՝ Ս. Հովհաննեսի շինարարության համար ներդրվել է 500.000-550.000 դոլար: Ս. Հարությունը, որը Սպիտակի միակ եկեղեցին է, ընդգրկված է Լոռու մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:   

Տաշիր քաղաքի Ս. Սարգիս եկեղեցին կառուցվել է 1995-2000 թթ. ընթացքում: Հովանավորները Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրներն են: Խոսքը հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եւ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի մասին է: Ընդ որում՝ նրանց հոր անունը Սարգիս է: Եկեղեցու համար ծախսված գումարի վերաբերյալ Տաշիրում տարբեր տեղեկություններ են շրջանառվում՝ 1-1,8 մլն դոլար: Տաշիրի քաղաքապետարանում «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ ներդրվել է 1,2-1,3 մլն դոլար: Սակայն եկեղեցու շինարարությանն անմիջական մասնակցություն ունեցող մեր աղբյուրը հայտնել է, որ իրականում դրա համար ծախսվել է մոտ 400.0000 դոլար: 

Ինչպես կներկայացնենք ստորեւ, Կարեն Կարապետյանի որդին՝ Վահեն, Տաշիրի Լեռնահովիտ գյուղում, որտեղից Կարապետյաններն են, 2008-ին մատուռ է կառուցել նույն Ս. Սարգիս անունով: Դրա վրա, ըստ մեր տեղեկությունների, ծախսվել է 300-400 հազար դոլար: Այս ինֆորմացիան նույնպես հիմնված է Տաշիրի տարածաշրջանում շրջանառվող խոսակցությունների վրա, իսկ թե որքան է եղել բուն գումարը, դժվար է ասել:  

Վանաձորի Ս. Սարգիս եկեղեցին կառուցվել է 2000 թ.: Այն գտնվում է Գուգարաց թեմի առաջնորդարանի հարեւանությամբ: Իսկ առաջնորդարանը հայտնի գինեգործ Վասիլ Թաիրովի՝ 1985-ին կառուցած ամառանոցն է, որը խորհրդային տարիներին ծառայում էր իբրեւ Կիրովականի «Հայաստան» առողջարանի մասնաշենք: Վնասված ամառանոցը չորս տարվա փորձերից հետո 1999-ին ձեռք է բերել թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը: Վերակառուցված ու կահավորված շինությունը 2000-ից ծառայում է որպես թեմի առաջնորդարան:

Հենց այս աշխատանքներին զուգահեռ էլ կառուցվել է Ս. Սարգիս եկեղեցին, որի տեղում նախկինում ամառանոցին օժանդակ շինություն է եղել:

Ս. Սարգիսը, Գուգարաց թեմի փոխանցմամբ, կառուցվել է Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ««Խաչատուրյան» դպրաց դասի երգչախմբի» (Լոս Անջելես) բարերարությամբ:    

Սպիտակի տարածաշրջանի Շենավան գյուղի Ս. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 2001-ին (ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան): Գյուղում նախկինում 6-7-րդ դարերի նույնանուն եկեղեցի է եղել ներկա կառույցից ոչ հեռու: Նոր եկեղեցու հովանավորը հայտնի քաղաքական, հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանն է, ով շենավանցի էր: «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, ով անմիջական մասնակցություն է ունեցել շինարարությանը, եկեղեցու կառուցման համար ծախսվել է մոտ 40.000 դոլար՝ ներառյալ պարիսպները, ծառերի տնկումը եւ այլն: Այդ գումարից շուրջ 7-8 մլն դրամը եղել է վարպետների աշխատավարձը: Ըստ աղբյուրի՝ Վ. Մովսիսյանը մասնավոր զրույցներում նշել է, որ ֆինանսապես աջակցել են նաեւ իր ընկերները: Ըստ այդմ՝ գումար է ներդրել նաեւ ՊՆ այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանը:

Նույն տարում է կառուցվել նաեւ Ալավերդու Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին: Հիմնարկեքը կատարվել է 2000-ի նոյեմբերին: Ուղիղ մեկ տարի անց՝ 2001-ի նոյեմբերի 11-ին, Գարեգին Բ կաթողիկոսն օծել է նորակառույցը: Եկեղեցու կառուցման հովանավորը «Վալլեքս» ընկերությունների խմբի սեփականատեր Վալերի Մեջլումյանն է: «Հետքի» տեղեկություններով՝ Ս. Գրիգոր Նարեկացին արժեցել է 500.000 դոլար:

Սպիտակի մեկ այլ գյուղում՝ Շենավանի հարեւան Արեւաշողում, Ս. Աստվածածին անունով եկեղեցու հիմքերը դրվել էին 2003-ին: Այդ տարվա օգոստոսին կառույցի հիմնարկեքը կատարել էր թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը (եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի նույնանուն կառույցի հիմքի վրա): Իսկ արդեն 2004-ի դեկտեմբերի 9-ին եկեղեցին (ճարտարապետ՝ Գառնիկ Ստեփանյան) օծվեց կաթողիկոսի ձեռամբ: Արարողությանը մասնակցում էին նաեւ Գուգարաց, Ուկրաինայի, Արցախի թեմերի առաջնորդները, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը:

«Այսօր պակաս փորձությունների միջով չի անցնում մեր ժողովուրդը. տնտեսական դժվարություններ, բարոյական ոչ ցանկալի վիճակ հայրենական մեր կյանքում, բազում հարձակումներ հոգեւոր ոլորտից ներս, որոնք ցանկանում են խաթարել եւ սասանել հայի դարավոր հավատքը: Բայց մենք վստահ ենք ու հավատացած, որ յուրաքանչյուր եկեղեցի, որ իր դռներն է բացում հավատացելոց առջեւ, դառնալու է մի նոր ամրոց մեր հոգեւոր կյանքի, անառիկ բերդ մեր զորեղ հավատքի, որպեսզի պահի ու պահպանի ազգս հայոց ամբողջ ու անխռով, միասնական ու միաբան»,- իր խոսքում նշեց կաթողիկոսը:

Նույն օրը Գարեգին Բ-ն Ս. Աստվածածնի հովանավոր, դոնեցկաբնակ Սամվել Ադամյանին պարգեւատրեց Հայ եկեղեցու բարձրագույն «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Գյուղապետ Պերճ Պապիկյանի փոխանցմամբ՝ եկեղեցի կառուցելու մտադրությունը եղել է բարերարինը (մահացել է), ով ծնունդով Արեւաշողից էր: «Հետքի» աղբյուրի համաձայն՝ եկեղեցու կառուցումն արժեցել է 350.000-400.000 դոլար, քարը բերվել է Անիից, ինչի համար շուրջ 7-8 մլն դրամ է ծախսվել, 70.000-75.000 դոլարը եղել է վարպետների աշխատավարձը, եւս մի 20.000՝ բանվորների վճարները:

Տաշիրի տարածաշրջանի Սարչապետ գյուղի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու կառուցումն էլ սկսվել է 2000 թ. եւ ավարտին հասցվել 2005-ին: Եկեղեցին կառուցվել է ծնունդով սարչապետցի, ռուսաստանաբնակ Ազատ եւ Անահիտ Մարտիրոսյանների հովանավորությամբ: Ըստ ներկա գյուղապետ Բորիս Բարոյանի՝ այն արժեցել է շուրջ 130.000 դոլար:

2005-ի հոկտեմբերի 23-ին Վանաձորում օծվեց նորակառույց Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին: Վերջինիս հողօրհնեքը կատարվել էր 2002-ի մայիսին, իսկ հիմնարկեքը՝ 2003-ի հունիսին՝ Գարեգին Բ-ի կողմից, ով նաեւ կառուցման նախաձեռնողն էր: Եկեղեցին նվիրված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի 1000-ամյակին: «Տիրոջ ողորմության հայցումով այս եկեղեցին կոչում ենք Ս. Գրիգոր Նարեկացու անունով, որպեսզի մեր սրբի բարեխոսությունը միշտ մեր ժողովրդի համար բարձրանա առ Աստված, որպեսզի նրա աղոթքները գան մաքրելու մեր հոգին, սրբելու մեր կյանքից ամեն արատավոր երեւույթ, աղոթքները գան՝ մեզ դառնալու բժշկություն, զորակցություն եւ ճանապարհ դեպի Աստված... Վստահ ենք, որ Ս. Գրիգորի անունով այս եկեղեցին, որ պիտի վեր հառնի մեր բարերարների ազնիվ հոգու եւ առատաձեռնության շնորհիվ ու հայրենյաց մեր զավակների քրտնաջան աշխատանքով, պիտի գա հրաշագործելու վանաձորցի մեր հայորդիների կյանքում»,- հիմնարկեքի ժամանակ ասաց կաթողիկոսը:

Եկեղեցու հովանավորները Սարգիս եւ Հռութ Բեդեւյաններն էին (Նյու Ջերսի, ԱՄՆ), ճարտարապետը՝ Ռուբեն Ազատյանը: Գուգարաց թեմում «Հետքի» աղբյուրի տվյալներով՝ շինարարության վրա ծախսվել է շուրջ 800.000 դոլար: Նորակառույց եկեղեցին դարձավ թեմի նոր առաջնորդանիստը՝ փոխարինելով 1831-ին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցուն:

2007-ին Ս. Գրիգոր Նարեկացու խորանը զարդարվել է հայ սրբերի որմնանկարներով, եկեղեցում տեղադրվել են սրբերի ու հայ եկեղեցու պատմության պատկերներ: Այս գործը հովանավորել են քաղաքապետ Սամվել Դարբինյանը (պաշտոնավարում է 1999-ից), 2003-2012 թթ. ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը, պատգամավոր Կարեն Սարիբեկյանը (2007-ից), գործարարներ Արթուր Հակոբյանը, Արմեն Մխոյանը, Արտակ Ղազարյանը: Ա. Մխոյանը նաեւ թեմի առաջնորդի գահակալության 10-ամյակին նվիրված գահավորակ է տեղադրել եկեղեցում: 2012-ին եկեղեցու ներսում կառուցվել է Ս. Գրիգոր Նարեկացու մասունքի մատուռ-պահարան:      

Լոռու մարզում առայժմ վերջին նորակառույց եկեղեցին Վանաձորի հարեւան Շահումյան գյուղի Ս. Հակոբն է, որը կրում է Հայ եկեղեցու սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի անունը: Շինության կառուցումն ավարտվել է 2013-ին, եկեղեցին օծվել է 2014-ի օգոստոսի 31-ին թեմի առաջնորդի կողմից (տեսանյութում): 2008-ից համայնքի ղեկավար աշխատող Էդիկ Մանուկյանի փոխանցմամբ՝ շինարարությունը 3 տարի է տեւել: Ասում է, որ դա եղել է իր նախաձեռնությունը, նախահաշիվը կազմել է շուրջ 100.000 դոլար, սակայն գրեթե կես գնով են կարողացել գործը գլուխ բերել, քանի որ հիմնական աշխատուժը գյուղից է եղել ու անվճար է աշխատել: Կոնկրետ բարերար չի եղել, ֆինանսավորմանը մասնակցել են համայնքի բնակիչները, նաեւ արտերկրում ապրող շահումյանցիներ: Ըստ Է. Մանուկյանի՝ օգնել են նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը (1,1 մլն դրամ) եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը (կես տոննա ամրան է տրամադրել, ինչը, Մանուկյանի ասելով, վերածելով դրամի, ստացվել է 210.000 դրամ):

Հերթական նորակառույցը, թերեւս, Ստեփանավանի Ս. Աստվածածինը կլինի, որը կառուցվում է նախկին նույնանուն եկեղեցու տեղանքից քիչ հեռու: Նախկին հոգեւոր կառույցը քանդվել է խորհրդային տարիներին՝ 1950-ականներին: Նորի հիմնարկեքը կատարվել է 2014-ի հուլիսի 19-ին՝ Սեպուհ սրբազանի կողմից:

 

Եկեղեցին կառուցվում է «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հանգանակությամբ, որի անունով բանկային հաշվեհամար է բացվել: Հիմնադրամը ստեղծել են քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը եւ ռուսաստանաբնակ ստեփանավանցիներ, եղբայրներ Ավագ, Միհրան, Ժիրայր Խանեդանյանները: Ուղղանկյունաձեւ բազիլիկ եկեղեցին զբաղեցնելու է 280 քմ տարածք: Շինարարությունն իրականացնում է «Տրիտոն» ՍՊԸ-ն: Նախատեսվել է 2014-ին մեկնարկած աշխատանքներն ավարտել այս տարի:

Հին եկեղեցու հարեւանությամբ նորն է կառուցվում նաեւ Վանաձորի հարեւան Դարպաս գյուղում, որի շինարարությունը սկսվել է 2014-ին: Գյուղապետ Արմեն Ալոյանի ասելով՝ մնացել են ներքին հարդարման աշխատանքները: Եկեղեցու կառուցումը նախաձեռնել է նախկին գյուղապետ Սամվել Ավետյանը. հիմնական հովանավորը նրա եղբայրն է՝ Սերգեյը: Ա. Ալոյանն ասում է, որ առ այսօր ծախսվել է 7,3 մլն դրամ, 2500 դոլար, 167.000 ռուբլի եւ 1000 եվրո, այսինքն՝ ընդհանուր շուրջ 20.000 դոլար: Ֆինանսավորմանը մասնակցել են նաեւ գյուղացիները, վանաձորցի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, Դարպասն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արկադի Համբարձումյանը: Ըստ համայնքի ղեկավարի՝ դեռ հայտնի չէ, թե որ սրբի անունն է կրելու եկեղեցին:

Վերանորոգված եկեղեցիներն ու նորակառույց, վերականգնված մատուռները

Ինչպես նշեցինք վերեւում, 1996-2015 թթ. մարզի տարածքում 24 եկեղեցի է վերանորոգվել/վերակառուցվել (այդ թվում՝ Սանահինի վանքը): Այս հղումով կարող եք ծանոթանալ դրանց ցանկին, որը մեզ տրամադրել է Գուգարաց թեմը: Վերանորոգում ֆինանսավորողներից են նաեւ ՀՀԿ-ական գործող պատգամավոր Կարեն Սարիբեկյանն ու ՕԵԿ-ական նախկին օրենսդիր Վռամ Գյուլզադյանը:  

Նույն ընթացքում կառուցվել է նաեւ 17 մատուռ, 6-ն էլ վերանորոգվել/վերակառուցվել է: Այս մատուռների ցանկը կարելի է գտնել այստեղ: Մատուռ կառուցողների կամ վերանորոգողների մեջ են նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը եւ նրա գործընկեր Կարեն Կարապետյանի որդին՝ տաշիրցի Վահե Կարապետյանը:

Շարունակելի

Մեկնաբանություններ (4)

Նարինե Ավետիսյան
Լավ են արել, որ կառուցել են, բայց կառուցողները հաստատ գիտեն, որ 88-ի աղետից տուժած բազում ընտանիքներ կան, որ դեռևս անօթևան են, ապրում են ժամանակավոր տնակ-կացարաններում։ Պաշտոնական վիճակագրությամբ Լոռու մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզերից է, նույն վիճակագրությամբ՝ ամենաշատն արտագաղթում են Լոռու մարզից։ Եկեղեցաշինությանը դեմ չեմ, բայց չտա աստված, որ մի օր էլ դատարկ եկեղեցիներում պատարագ մատուցեն, էլ աղոթող չլինի։ Ասածս այն է, որ հարգարժան այրերը, որոնց մեծ մասը պատգամավոր ու համայնքի ղեկավար են, մտածեն մարզի բնակիչների բարեկեցության, աշխատանքով, բնակարանով ապահովելու մասին, մի քիչ էլ իրեց ընտրողին՝ մարդուն սիրեն։ Թող որ չշարժեմ աստծո զայրույթը, բայց եկեղեցաշինությունը դատարկվող, ծերացող ու մեռնող համայնքում ոչ մի արժեք չունի, նույնիսկ իրենց PR-ը չի ստացվի, որովհետև PR-ը մարդկանց համար են անում, իսկ մարդիկ հեռանում են անվերադարձ։
Գեւորգ
Հայի խելքը, երեւի, միայն աշուղ Ջիվանին է մի քիչ հասկացել՝ ,,իրենք հաց չունին ապրելու համար, յոթը վանք են սարքել, խելքին աշե-ե-ցեք...,, Բայց դե՝ ճիշտ բան ասողի գլխին էլ զարկում, կուրացնում են՝ ,,այսպես է հիմա-ա-ա ամեն բան!,, - Գնանք, գնանք աղոթենք մեր երկրի համար - ուրիշ բան կարծես չի մնում անելու:
NARMA
Աստված ասում է. -2-3 հոգի հավաքվում և խոսում են իմ մասին, ուրեմն ես այնտեղ եմ, ուրեմն դա Աստծո տունն է... -Ուրեմն, էլ ինչու այդքան գումարներ ծախսել, եթե Աստված ամենուր է, մեզ հետ է, մեր տանն է... ինչու ենք ինքներս մեզ փորձում ստիպողաբար կռապաշտ-քարապաշտ դարձնել....
Նահապետ
Այսօր Վանաձորում անապահով ընտանիքում միանգամից երեք արու զավակ է ծնվել: Լավ կլին այս եկեզեցաշինարարները այդ բազմանդամ ընտանիքի համար տուն կառուցեն: Դա էլ է շատ աստվածահաճո, հակատակ դեպքում նրանք էլ կբռնեն արտագաղթի ճանապարհը: Ամեն քաղաքացի իր վաստակն ունի Հայրենիքի նկատմամբ, միգուցե նրանք Զառա չեն: Սակայն այս ընտանիքինը ամենակարևորն է պետության գոյատևման համար՝ երեխաներ պարգևելը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter