Երբ բեմում ռոքնռոլն է
Նաիրա Հայրապետյան
Հայտնի և անհայտ հիթեր 1950-ական թվականներից
1950-ական թվականները երաժշտության պատմության մեջ նշանավոր են հիմնականում ռոքնռոլի հայտնությամբ: Այն երբեմն բնորոշվում է որպես ռոքնռոլյան դարաշրջանի սկիզբ կամ ծնունդ: Անհատ-կատարողներից մինչև մեծ խմբեր, փոքրաթիվ բենդեր, որոնք տարբեր երաժշտական ոճերից՝ գոսպելից, քանթրիից, բուգի-վուգիից, բլյուզից երբեմն ցատկում էին դեպի այս՝ անասելի էներգետիկ դաշտով լի տարածքը՝ ռոքնռոլյան ռիթմով ու բարի տրամադրությամբ վարակելով նաև իրենց հանդիսատեսներին: Հետո այդ բարի ռիթմերը վերափոխվեցին ավելի կտրուկ ու սթափեցնող երանգների՝ ձևավորելով երաժշտական նոր սերունդ՝ կրքոտ, առնական, համարձակ, որը եկել էր կոտրելու հին կարծրատիպերը, սինթեզելու սև և սպիտակ ռիթմերը՝ հասնելով նոր հնչեղության: Ասում են՝ ռոքնռոլը հանրամատչելի երաժշտության մեջ եղավ առաջինը, որը ամերիկյան ընդգծված ռասսայական սահմանը հավասարեցրեց և՛ սպիտակամորթ, և՛ սևամորթ երաժիշտների համար, ուստի այն հեղափախական էջ էր ոչ միայն երաժշտության մեջ, այլև նրանում և նրանից դուրս ապրվող կյանքում: Չաք Բերի, Էլվիս Փրեսլի, Լիթլ Ռիչարդ, Հենք Ուիլիամս, Բո Դիդլի, Ջերի Լի Լյուիս, Ջոնի Քեշ, «The Everly Brothers», Մադի Ուոթերս, նույնիսկ սոուլի արքա կնքված Ռեյ Չարլզը… անուններ, ովքեր տարբեր ոճային սինթեզով ներկայացնում են հեղափոխական դարաշրջանը: Նրանցից ոմանց առանձին խորագրերով մենք անդրադարձել ենք: Այսօր, սակայն, կանդրադառնանք մի քանի երգերի և երաժիշտների, որոնք համեմատաբար քիչ են հիշվում ժամանակի հեռավորության կամ, պարզապես, ռոքնռոլյան առավել փայլուն աստղերի ստվերում մնալու պատճառով: Կհիշենք հիսունականների հայտնի հիթեր, որոնք մեծ ներդրում են ունեցել այս ոճի զարգացման և հանրայնացման գործում:
Բիլ Հեյլի. «Rock Around The Clock»
Թե որն է համարվում ռոքնռոլի պատմութան հիմնադիր երգը, կամ, ավելի ճիշտ, ամենաառաջին ձայնագրությունը, մասնագետները դժվարանում են հստակ որոշել: Ոմանք դա համարում են Այք Թըրների «Rocket 88»-ը (1951թ.), ոմանք՝ Ֆեթս Դոմինոյի« The Fat Man»-ը, որը դեռևս 1949թ. էր թողարկվել, ապա՝ Էլվիս Փրեսլիի «That’s All Right, Mama» -ն (1954թ.) և այլն: Այս շարքում է նաև ամերիկյան «Bill Haley & His Comets» խմբի ամենահայտնի սինգլը՝ «Rock Around The Clock»-ը: Այս երգը ռոքնռոլի պատմության մեջ առաջինը մնաց ոչ այնքան ոճային առանձնահատկության, որքան մասսայական հանրահռչակման համար: Որպես սինգլ այն թողարկվեց 1955թ.՝ թեպետ ձայնագրվել էր մեկ տարի առաջ: Իր կոմերցիոն հաջողությամբ այս սինգլը ամենանշանավորն է աշխարհում. 25 միլիոն վաճառքով «Rock Around The Clock»-ը համարվում է թվով երկրորդը վինիլային ձայնապնակների պատմության մեջ: Հետագայում այլ ձևաչափով բազմիցս թողարկվեց՝ քառապատկելով վաճառքի քանակը: Բիլ Հեյլիի այս երգը ռոքնռոլը հրեց դեպի հիթ-շքերթներ, լավագույն հորիզոնականներ, ուստի և՝ ռոքնռոլի բացահայտում՝ լայն երաժշտական դաշտում: «Rock Around The Clock»-ը մինչ օրս մնում է 1950-ականների և, առհասարակ, ռոքնռոլի մեծագույն հիթերից մեկը:
Ֆեթս Դոմինո. «Blueberry Hill»
Այս երաժիշտը 1950-ական թվականներից սկսած՝ մի ողջ տասնամյակ ամփոփող ամենահայտնի ամսագրերի տարբեր երաժշտական ցանկերում, հիթ-շքերթների տարբեր խորագրերում ամենահաճախ հանդիպող անուններից է՝ իր բազմաթիվ կատարումներով: Ծնունդով նորօռլեանցի դաշնակահար և երգիչ-երգահան Ֆեթս Դոմինոն համարվում է ռոքնռոլի ամենաազդեցիկ կերպարներից մեկը, որից ներշնչվել են անգամ Էլվիս Փրեսլին, Ջոն Լենոնը և այլ հայտնի անուններ: Նա մեկն էր այն երաժիշտներից, ովքեր փորձեցին այս ոճի առաջին հիմնաքարը դնել: Նրա մուտքը դեպի երաժշտական լայն ասպարեզ ազդարարվեց «Ain’t That A Shame» երգով: Այս երգը, չնայած ԱՄՆ-ում առավել մեծ հաջողություններ ունեցավ ամերիկացի մեկ այլ երգչի՝ Փեթ Բունի կատարմամբ, այնուամենայնիվ, հիթային ճանապարներ հարթեց Դոմինոյի մի քանի այլ երգերի համար, որոնցից մեկն էլ «Blueberry Hill»-ն էր: Սա համարվում է նրա լավագույն հիթը:
«Blueberry Hill»-ն իրականում վաղ 40-ականներից եկող ջազային ստանդարտ գործ էր, երաժշտության հեղինակն էր ծագումով իտալացի Վինսենթ Ռոուզը: 40-ականներին երգը ձայնագրվել և թողարկվել է վեց անգամ՝ տարբեր կատարումներով և գործիքավորմամբ: 1949թ. այն հնչեց Լուի Արմսթրոնգի կատարմամբ: Այս տարբերակը ամերիկյան «Billboard Top 40»-ում բարձրացավ մինչև 29-րդ հորիզոնականը: 50-ականներին երգը ներկայացրեցին նաև Էլվիս Փրեսլին, Լիթըլ Ռիչարդը և Էնդի Ուիլիամսը, սակայն ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց «Blueberry Hill»-ին հաղորդել այն, ինչ կարողացավ Ֆեթս Դոմինոն: Ռիթմենբլյուզային հանդարտությամբ երգը դարձավ 1956թ. հիթը համաշխարհային մասշտաբով և վերածվեց R&B-ից ածանցյալ ռոքնռոլի ստանդարտի: Նույն «Billboard Top 40»-ում այս անգամ գրավվեց 2-րդ հորիզոնականը՝ այստեղ մնալով երեք շաբաթ անընդմեջ: Ֆեթս Դոմինոյի «Blueberry Hill»-ն անսասան մնաց նույնիսկ Վլադիմիր Պուտինի կատարումից հետո՝ 2010թ. կազմակերպված բարեգործական մի համերգի ժամանակ: Երգը եղել և մնում է Դոմինոյի լավագույն հիթն ու այն առանձնահատուկը, որի հետ ասոցացվում է այս երգչի կերպարը:
«The Everly Brothers». «All I Have to Do Is Dream»
Երբ երազելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում անել. այս մասին էր 1958թ. երգում ամերիկյան «The Everly Brothers» հայտնի դուետը, երբ մի գեղեցիկ օր պարզվեց, որ նրանք այս երգով հասել են ամերիկյան թեժ հարյուրյակի բարձրագույն հորիզոնականներին: Բախտը նրանց ժպտացել էր նաև «Most played by Jockeys» անվանացանկում. այստեղ առաջին հորիզոնականում էին: Ռոքնռոլային «All I Have to Do Is Dream» բալլադը հիսունականների ամենահայտնի հիթերից է և երաժշտության պատմության մեջ համարվում է այն բացառիկներից մեկը, որը «Բիլբորդ» ամսագրի բոլոր անվանակարգերում 1958թ. միաժամանակ գրավել է առաջին տեղը: Ասում են՝ կյանքում միմյանցից շատ տարբեր և հաճախ տարաձայնություններ ունեցող եղբայրները ձայնագրության կամ համերգների ժամանակ միանգամից փոխվում էին, մի կողմ դնում այդ ամենն ու ձուլվում երաժշտությանը: Հավանաբար այս փոխադարձ կապն էր պատճառը, որ երգերի մեջ նրանք չափազանց ներդաշնակ էին, միմյանց լրացնող ու հանդարտ: Այս ներդաշնակության ազդեցությունը հաջորդ տասնամյակում արդեն ակնհայտորեն նկատելի է մեկ այլ ամերիկյան խմբի՝ « Simon & Garfankel»-ի, ապա՝ «The Beatles»-ի, «The Beach Boys»-ի երգերում: «Rolling Stone» ամսագիրն իր «Բոլոր ժամանակների լավագույն երգերը» շարքում «All I Have to Do Is Dream»-ին հատկացրել է 142-րդ տեղը:
Շարունակելի...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել