Համաշխարհային բանկի մասնագետը Ազատ գետի հարցով կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին
Համաշխարհային բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին փետրվարի 19-ին պատասխանել է Գառնի գյուղի բնակչության եւ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների փետրվարի 3-ի դիմումին: Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ՀԲ-ի Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլիին խնդրել էին պատասխանել, թե «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի 2015 թ· հունվարի 22-ին տեղի ունեցած շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատման վերաբերյալ երկու քննարկումներից ո՞րն են հիմք ընդունելու իբրեւ ՇՄԱԳ հանրային լսում՝ «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի հաղորդագրությո՞ւնը, որը վերաբերում է 9:30-ի հավաքին, թե՞ ժամը 11:00-ին Ազատ գետի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հետ քննարկումը:
Ինչպես նաեւ՝ խնդրել էինք «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ կազմակերպել նոր քննարկում՝ ապահովելով ջրային ոլորտի լավատեղյակ մասնագետների, ֆիզիկոսների, աշխարհագրագետների մասնակցությունը, որպեսզի ի վերջո հիմնավորումներ տրվեն այն առաջարկներին, որոնք ավելի քան մեկ տարի հնչեցվում են հանդիպումների ժամանակ: Լորա Ի. Բեյլի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարգելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,
Ի պատասխան Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակ փետրվարի 3-ին ուղարկած Ձեր նամակին, որը նաեւ փետրվարի 5-ին հրապարակվել է hetq.am կայքում եւ տեղադրվել սոցիալական ցանցում, ցանկանում եմ տրամադրել հետեւյալ պարզաբանումները:
Ես ուշադիր հետեւել եմ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի (ՈՀԱԾ) շրջանակներում Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շուրջ զարգացումներին: Նախորդ տարվա ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակը կառավարության անունից բազմաթիվ հանդիպումներ եւ հանրային քննարկումներ է ունեցել մի շարք շահագրգիռ կողմերի հետ: Ես մեծապես գնահատում եմ այդ հանդիպումներին մասնակցած անձանց դերը, նրանց հարցերը եւ կարծիքներն ընդունվում են շատ լուրջ:
Համաշխարհային բանկը մշտապես ողջունել եւ շարունակելու է ողջունել Քաղցրաշենի համակարգի շուրջ բաց երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Համաշխարհային բանկը լրջորեն է վերաբերվում մեր բոլոր գործընկերների կողմից բարձրաձայնվող մտավախություններին, եւ մենք շարունակելու ենք աշխատել բոլորի հետ, այնպես որ ծրագրի ակնկալվող արդյունքներից օգտվեն Արարատի մարզի տասներկու համայնքի ջրօգտագործողները՝ առանց բացասական հետեւանքների Գառնի համայնքի համար: Հավաստիացնում եմ ձեզ, որ ինչպես Համաշխարհային բանկի կողմից օժանդակվող բոլոր ծրագրերի պարագայում, այս ծրագրի հիմնավորումը նույնպես ամբողջությամբ եւ մանրամասն քննարկվել է եւ տեխնիկական այլընտրանքներն, իրոք, ուսումնասիրվել են (օրինակ, ջրթող ամբարտակն այլ տեղ տեղադրելը): Ավելին, մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի Համաշխարհային բանկի բոլոր գործառույթային ուղեցույցները խստորեն պահպանվեն Հայաստանում:
Իմ հույսը ողջ անցյալ տարվա ընթացքում այն էր, որ այս ակտիվ հանդիպումները, քննարկումները, հոդվածները՝ դրական եւ բացասական, կողմերի դիրքորոշումներն ավելի կմոտեցնեն իրար: Տեսնում եմ, որ որոշ հարցեր, որոնց արդեն պատասխան եւ պարզաբանումներ են տրվել, շարունակում են անհանգստացնել ձեզ: Որպես այդպիսին, ես ողջունում եմ մեզ հետ հանդիպելու ձեր խնդրանքը: Ես արդեն խնդրել եմ Ծրագրի թիմին, որի ղեկավարն է ջրային պաշարների ավագ մասնագետ Ուինստոն Յուն, հանդիպել ձեր խմբի հետ մյուս ամսվա ընթացքում Երեւան այցի ժամանակ: Ուրախ կլինենք քննարկել ձեր կոնկրետ առաջարկությունները: Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակը կկապվի ձեզ հետ հնարավորինս շուտ՝ հանդիպման համար երկուստեք հարմար ժամանակը որոշելու նպատակով:
Ինչ վերաբերում է Երեւանում հունվարի 22-ին կայացած Շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատման շուրջ հանդիպմանը, իմ ընկալմամբ՝ տեխնիկական պատճառներով քննարկումն անց է կացվել երկու մասով, եւ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի տեխնիկական մասն, իսկապես, ներկայացվել է երգու անգամ: Այս քննարկման վերջնական արձանագրությունը կներառի քննարկման երկու մասն, այնպես որ ոչ մի միջամտություն բաց չթողնվի:
Հուսով եմ՝ այս նախաձեռնությունը լրացուցիչ պարզաբանումներ կտրամադրի Քաղցրաշենի համակարգի մասին եւ կօգնի ընդհանուր համաձայնության գալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի եւ գյուղական համայնքերի համար այս կարեւոր ծրագրի շուրջ:
Հարգանքով՝
Լորա Ի. Բեյլի
Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար
19.02.2016 թ.»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել