HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն անդեմ է

«Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում քննարկում ոչ թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրելու, այլ ուղղակի Հանրապետական կուսակցության կողմից մի անձի նշանակելու վերաբերյալ: Որովհետև, եթե սա չլիներ նշանակում, ապա մրցակցային սկզբունքով ներկայացված կլինեին մի քանի թեկնածուներ»,- Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպան ընտրելու հարցի քննարկման վերաբերյալ իր ելույթն այսպես սկսեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորն ասաց, որ եթե նախկինում մարդու իրավունքների պաշտպանին նշանակում էր հանրապետության նախագահը, ապա Սահմանադրության փոփոխությունից հետո «նշանակվում է Հանրապետական կուսակցության կողմից»: Զ. Փոստանջյանը, վկայակոչելով այն փաստը, որ Մարդու իրավունքների պաշտպանի միակ թեկնածու Արման Թաթոյանը զբաղեցրել է Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, նշեց, որ վերջինս շուրջ երկու տարի եղել է Հանրապետական կուսակցության քաղաքական սպասարկողը: Իսկ քաղաքական սպասարկումը, ըստ Փոստանջյանի, հետևյալն է. ՀՀ-ում որևէ կերպ թույլ չտալ արձանագրել, որ կան քաղաքական հալածյալներ, թույլ չտալ, որպեսզի արձանագրվի Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների խախտումները:

«Անկախ նրանից՝ նա երկու տարի է զբաղեցնում այդ պաշտոնը, թե քանի տարի, միևնույն է, նա սպասարկել է այդ քաղաքականությունը»,-ավելացրեց Զ. Փոստանջյանը:

Պատգամավորն այնուհետև նշեց, թե ինչպիսին պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ նրա՝ պաշտպանը հասարակության մեջ պետք է ունենա բարձր հեղինակություն և պետք է վայելի այդ բարձր հեղինակությունը հենց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Մինչդեռ, Փոստանջյանի խոսքով, անկախությունից ի վեր Հայաստանում եղել են զանգվածային խախտումներ, սակայն առանձնացրեց վերջին 10 տարիները, որն առնչվում է Արման Թաթոյանի գործունեության հետ:

«Այս տասը տարիների ընթացքում տվյալ անձը տվյալ ոլորտում ձայն չի հանել: Մենք  իրենից հայտարարություն չենք լսել, որ Հայաստանում կան մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, ապօրինի սեփականության իրավունքից զրկում, բազմաթիվ ապօրինի կալանավորումներ և ազատազրկումներ, որոնք նույնպես հասել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ասում է Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն չի համապատասխանում առաջադրվող պահանջներին, քանի որ նա դեռ պետք է ուսումնասիրի, նա չունի իր ուրույն կարծիքը որպես ՀՀ քաղաքացի:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ տարիներ շարունակ Արման Թաթոյանը եղել է իշխանությունների «փաստաբանը» և այժմ չի կարող լինել մյուս կողմի «փաստաբանը»: Նրա կարծիքով՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պետք է ընտրել այնպիսի անձի, ով ոչ թե «մեկ զանգով» պետք է ներկայացվեր, այլ վայելեր համակրանք հանրության կողմից և վստահելի լիներ բոլորի կողմից: Իսկ Արման Թաթոյանը, պատգամավորի խոսքով, անհայտ է հանրության համար. «Նա անդեմ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter