
Նաիրա Զոհրաբյանը չունի երաշխիքներ և չի քվեարկի օմբուդսմենի թեկնածուի օգտին
ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովի ամբիոնից նշեց, որ տեխնիկական պատճառներով ԲՀԿ-ի կողմից առաջարկվող մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հարցը հնարավոր չեղավ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկել, բայց եթե նույնիսկ քննարկվեր, ոչինչ չէր փոխվելու: Ըստ Զոհրաբյանի՝ պատճառն այն էր, որ քաղաքական մեծամասնությունն արդեն ուներ իր որոշումը և արդեն պարզ էր, որ բոլոր դեպքերում խորհրդարանում միակ թեկնածուն լինելու է Արման Թաթոյանը, ով Հանրապետական խմբակցության կողմից է ներկայացվել:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մեզանում աղճատվել է քաղաքական մշակույթը, ընդդիմություն-իշխանություն հասկացությունները և, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Մեկ ամսից ավելի Հայաստանում չկա մարդու իրավունքների պաշտպան, և որևէ մեկը դրա պակասը, անհրաժեշտությունը չի տեսնում, ավելին՝ նույնիսկ չի հիշում նրան:
«Ինչու, որովհետև այդ ինստիտուտը չի կայանում ոչ թե այն պատճառով, որ նախորդ երեք թեկնածուներն էին վատը, այլ որ մեր քաղաքական մշակույթն է աղճատված և այնքան այլասերված, որ երբ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ինչ որ մի հատված, որ սատարում է իշխանության այս կամ այն ինստիտուտի գործունեությունը, անմիջապես ընդդիմության ներկայացուցիչները օմբուդսմենին հռչակում են իշխանության կամակատար, դրածո, մանկլավիկ և դրանով թեման փակվում է: Իսկ երբ զեկույցում որևէ պետական ինստիտուտի նկատմամբ լինում է քննադատություն, անմիջապես պետական ինստիտուտները հարձակվում են մարդու իրավունքների պաշտպանի վրա և նրան հայտարարում են ամենաանհաջող կադրը»,-ասում է Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը լավատես չէր, որ Արման Թաթոյանը կարող է դիմակայել երկու կողմերին էլ: Նա կասկածի տակ չդրեց թեկնածուի պրոֆեսիոնալ ունակությունները և նշեց, որ եթե Թաթոյանը կարողանա կոտրել կարծրատիպը և չդառնա ոչ իշխանության, ոչ ընդդիմության գերին, ապա նա առաջինը կլինի, ով կկանգնի նրա կողքին:
«Բայց այս պահին ես չեմ կարող կողմ քվեարկել ձեր թեկնածությանը, որովհետև ես չունեմ երաշխիք: Նախորդ երեք փորձերը ինձ չեն համոզել, որ մեզանում այսօր կա քաղաքական այն մշակույթը, որը հնարավորություն կտա այս ինստիտուտը կայացնել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ինքը պաշտպանի ընտրությանը չի մասնակցելու, իսկ խմբակցության մյուս պատգամավորներն ազատ են այդ հարցում:
Մեկնաբանել