
Հայ օլիգարխների առանձնատները
Մարմարապատ, մարդաբոյ արձանիկներով, կամարներով, ոսկեզօծ գմբեթներով ու նմանատիպ ոճով կառուցված առանձնատները հատուկ են օլիգարխներին: Նման շքեղություններ իրենց թույլ են տալիս հատկապես արաբական երկրների շեյխերը:
Հասարակության աչքից հեռու, քաղաքի ծայրամասերում կամ ոչ բանուկ հատվածներում վեր են խոյանում հայ օլիգարխների տաճարանման ու արձանիկներով շրջապատված, անպայման պարսպապատված տները: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, մի կողմ թողնելով օլիգարխների տների ճարտարապետական լուծումների մասնագիտական կողմը, «Հետքի» հետ զրույցում նշեց, թե նման տները օլիգարխների հոգեբանական վիճակի արտահայտությունն են:
«Նման դղյակների տերերը պատսպարում են իրենց տները պարիսպներով, որ հանկարծ որեւէ մեկը չտեսնի, թե իրենք ներսում ինչ են անում: Պատահական չէ, որ մեզ մոտ էլ օլիգարխների տները մայթերի վրա չեն, բաց չեն, հասու չեն, ինչ-որ չափով թաքնված են մարդու աչքից: Դա էլ է գալիս այն հոգեբանությունից` գող` սիրտը դող: Վախ կա իրենց մեջ, որ նախանձ մարդիկ չարություն կանեն իրենց նկատմամբ, իսկ նախանձությունն առաջանում է մեծ մասամբ անարդար աշխատած գումարների նկատմամբ»,- ասում է ճարտարապետը:
Սաշուր Քալաշյանը այնպիսի մարդկանց է ճանաչում, որոնք տան մեջ եկեղեցի են կառուցել ու ամեն գիշեր Աստծուն աղոթում են: «Քրիստոնեության մեջ կա այդպիսի դրույթ, որ ցանկացած մեղք, երբ Քրիստոսից թողություն ես խնդրում, համարվում ես ներված: Ամեն օր մեղքերի թողություն են անում, հաջորդ օրը էլի չարությամբ են լցվում: Օլիգարխների տները տաճարների նման են, դրանք երբեմն չեն տարբերվում եկեղեցուց»,- հավելում է ճարտարապետը:
Հայ օլիգարխներից ամենաշքեղ առանձնատները պատկանում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Ամեն դեպքում, հասարակությանը տեսանելի են հենց նրա դղյակները: Աբովյան տանող ճանապարհին, բլրակի վրա, որտեղից երեւում է ամբողջ քաղաքը, իրար հարեւանությամբ վեր են խոյանում Գագիկ Ծառուկյանի երկու առանձնատները, որոնք իրենց ճարտարապետական լուծումներով քիչ են տարբերվում միմյանցից:
Ոչ ոք չի կասկածում Գագիկ Ծառուկյանի հնարավորություններին ու ֆինանսական կարողություններն, առավել եւս, որ դրանք չի թաքցնում նաեւ Ծառուկյանը: Վերջերս Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հետքին» տեղեկացրել էր, որ պատգամավորի եկամուտը գոյանում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ մտնող եւ բաժնեմասերի տեսքով իրեն պատկանող շուրջ 35 ընկերության գործունեությունից:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը նախագահում է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որն այժմ ներառում է Աբովյանի չափիչ սարքերի գործարանները, Երեւանի քիմիադեղագործական ֆիրման, «Մուլտի Գազ» գազալցակայանների ցանցը, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, «Արարատ» ցեմենտի գործարանը, «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը, «Տեխնոալյումին» ձեռնարկությունը, «Նյու» ընկերությունը, «Ալրաղաց» հացահատիկային կուլտուրաների մշակման ձեռնարկությունը, «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանցը, «Մուլտի Գրուպ Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը, «Մագաս Ինվեստ» մեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունը, «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը, «Գլոբալ մոթորս» մեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը, «Մուլտի Գրուպ Ջոսոնս» որսորդական խանութը, «Կոտայք» գարեջրի գործարանը:
2009 թ. էլ Գագիկ Ծառուկյանը կնոջ` Ջավահիր Ծառուկյանի հետ մոտ 25 մլն եվրոյով գնել է բուլղարական հանքային ջրերի «Gorna Banya» ընկերությունը: Այն Սոֆիայի մերձակայքում ունի հանքային ջրերի 3 աղբյուրներ: Պատգամավորին են պատկանում այլ ընկերություններ ու կազմակերպություններ եւս:
Էջմիածնում էլ իր ճոխ առանձնատնով կարող է հպարտանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի առանձնատան, գեներալ պատգամավորի առանձնատունը գտնվում է կենտրոնական փողոցի վրա` շրջապատված բարձր պարսպով:
Առանձնատունը մշտապես հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից, եւ հասարակ քաղաքացին չի կարող նույնիսկ դարպասների արանքից տեսնել պատգամավորի դղյակը: Սեյրան Սարոյանն էլ սեր ունի արձանիկների նկատմամբ, եւ տան դարպասներից սկսած` տունը զարդարված է կենդանիների քարե արձաններով: Առանձնատան հետնամասում շքեղ լողավազան եւ այգի կա:
Ասում են, որ այս առանձնատունը Սեյրան Սարոյանի միակ առանձնատունը չէ: Հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերին առանձնատան դարպասներից դուրս են գալիս պատգամավորին պատկանող մի քանի շքեղ ավտոմեքենաներ` «Համմերներ» եւ «Բրաբուսներ»: Ավտոմեքենաները կարելի է տարբերակել «77»-ով սկսվող այսպես կոչված «գոլդ» պետհամարանիշներով:
Պատգամավորը քիչ է լինում Ազգային ժողովում եւ ընդհանրապես Հայաստանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նա գործարաններ ու սպասարկման օբյեկտներ ունի Ուկրաինայում` Օդեսա քաղաքում: Պատգամավորի հաճախակի այցերը Ուկրաինա հենց նրա բիզնեսի հետ են կապված: Իսկ Էջմիածնում Ս. Սարոյանին են պատկանում «Սար Կոպ» գինու, օղու, կոնյակի գործարանը եւ մի քանի օբյեկտներ եւս:
Պատգամավորի օգնական Բորիս Մկրտչյանը «Հետքին» ասաց, թե ինքը տեղյակ չէ պատգամավորի ունեցվածքից, սակայն նշեց, որ Սեյրան Սարոյանը կապ չունի բիզնեսի հետ: Այս պահին մեր ձեռքի տակ է պատգամավորի միայն 2009 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Ըստ այդմ` Սեյրան Սարոյանը 2009 թ. ունեցել է 63 մլն 143 հազար 440 դրամ: Ձեռք է բերել 2 հողամաս, 2 շենք-շինություն եւ հողին ամրակայված մեկ այլ անշարժ գույք: Դժվար է հավատալ, որ բիզնեսի հետ կապ չունեցող մարդն ամսական 300 հազար դրամ աշխատավարձով կարողացել է այդքան դրամական եկամուտ կուտակել, հետն էլ` անշարժ գույք գնել:
Հ.Գ. Հաջորդ շաբաթ կանդրադառնանք այլ պատգամավորների ունեցվածքին եւ առանձնատներին:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել