HY RU EN

Ալավերդի համայնքի 2015թ. բյուջեի հաշվետվությունը հաստատվեց առանց հարցերի՝ բուռն ծափահարություններով

Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը երեկ Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներին և ղեկավարներին ներկայացրեց համայնքի բյուջեի 2015թ. տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Ա․ Դարբինյանը և մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը: Ալավերդու զարգացման  կարևոր փաստաթղթի՝բյուջեի հաշվետվությանը քաղաքապետը նպատակահարմար չէր գտել հրավիրել քաղաքի հարկատուներին՝ բնակչության ներկայացուցիչներին:

Հաշվետվությունից հայտնի դարձավ, որ համայնքի 2015թ.  բյուջեն եկամուտների մասով կազմել է 487մլն 433 հազար 5 հարյուր դրամ, ծախսերի մասով՝ 497մլն 102 հազար դրամ, բյուջեի սեփական եկամուտները նախատեսվել են 93,6 մլն դրամ, որի հավաքագրումը կատարվել է 94,6 մլն դրամով: Ալավերդու համայնքի բյուջեին պետբյուջեից 2015թ. հատկացված պաշտոնական տրանսֆերտները կազմել են 311,8 մլն դրամ: Իր հաշվետվության մեջ քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը հիմնականում չանդրադարձավ 2015թ. բյուջեով հավաքագրված 497.1 դրամ եկամուտների ծախսային մասի արդյունավետությանը: Բյուջեից 2015թ. 66,6 մլն դրամ է հատկացվել քաղաքի աղբահանության կազմակերպմանը: Կ. Փարեմուզյանը հայտնեց, որ 2015թ. տարեվերջին համայնքում իրականացվել են աղբահանման լայնածավալ աշխատանքներ, քաղաքի տարածքից տեղափոխվել է 167 մեքենա աղբ և  63 խոտանված ավտոմեքենա: Դա նշանակում է, որ  աղբահանության համար նախատեսված 66, 6 մլն դրամից 2015թ. 1,2,3-րդ եռամսյակներում նախատեսված գումարները քաղաքի աղբահանության գործում  նպատակին չեն ծառայել, որի հետևանքով աղբի մեծ կուտակումներ են առաջացել: Այդ դեպքում ինչպե՞ս են ծախսվել այդ գումարները։

Ալավերդիում 2012թ. Մադան թաղամասում շահագործվել է 150 մլն դրամ նախահաշվային արժեքով նոր աղբավայր: Աղբավայրի պահպանության համար ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015թ. բյուջեից հատկացվել է 1,2 մլն դրամ: Աղբավայրի սանիտարական վիճակի պահպանության համար շահագործումից հետ ոչ մի աշխատանք չի կատարվել, իսկ 1,2 մլն դրամը, այնուամենայնիվ, ծախսվել է:

Բյուջեի 2015թ. բնապահպանական սուբվենցիաներից 2015թ. տարեվերջին քաղաքապետը 19,8 մլն դրամ է հատկացրել Ակներ գյուղական թաղամասի ջրամատակարարման ցանցի կառուցման համար: «Վերակառուցվել է Ակներ թաղամասի ջրագիծը, կառուցվել է նոր պոմպակայան, վերականգնվել է 2 ջրամբար՝ մեկը 300խմ, մյուսը՝ 10 խմ.: Մոտ ժամանակներս, հուսով եմ, ներքին ցանցի խնդիրն էլ կլուծվի Ջրմուղկոյուղու հետ։ Էնտեղ խնդիրը ներքին ցանցն է, որ քայքայված վիճակում է, հիմա բանակցություներ ենք վարում Պատրիկ Լորենի հետ, որպեսզի այդ աշխատանքները այս տարի կարգավորենք »,-բացատրեց Կ. Փարեմուզյանը:

Հիշեցնենք, որ  ջրամատակարարման համար համայնքի բնապահպանական սուբվենցիաներից 2008թ. բյուջեի 9 մլն դրամ ներդրումով Ակների «Սառն աղբյուր» հանդամասում կառուցվել է լեռնային աղբյուրներից սնվող ջրագիծ, որն իրեն չի արդարացրել: «Ո՞ր ջհանդամիցն ունենք խմելու ջուր: Ամառն էլ չենք խմելու ջուր ունենում, 2008թ. մեր ջրի համար շատ փող ծախսեցին, էն վերևի ծմակի տակից մի հատ բասեին կա սարքած, էնտեղ հոսող ջրեր կային, հավաքեցին բասեինը: Հիմա էդ ջրի տեղն էլ չգիտենք»,- մեր նախկին հրապարակումներից մեկում ասել էր ակներցի Վերգուշ Մուրադյանը:

Այսուհանդերձ, դահլիճում հավաքված իր ենթականերին Կարեն Փարեմուզյանը ոգևորված ներկայացրեց Ակների ջրամատակարարման իր ծրագիրը: Հաշվետվությամբ համայնքի 2015թ. բյուջեի ծախսային մասում տեղ էին գտել պարզաբանում պահանջող էլի ծախսեր, որոնք ներկաների կողմից անուշադրության մատնվեցին: Սրանով հանդերձ՝ հավաքվածները առանց հարցերի բավարար գնահատեցին և բուռն ծափահարություններով հաստատեցին  քաղաքապետի 2015թ. բյուջեի հաշվետվությունը: