
Երբևէ չէի մտածի, որ նման պարգևի կարժանանամ… ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Անցյալ շաբաթ երկու լուր ստացա՝ մեկը ուրախ, մյուսը՝ տխուր: Բնավորությանս համաձայն, սկսեմ լավ լուրից. լրագրողական մրցույթի հաղթող եմ դարձել:
Հիմա ասեք՝ ով կմտածեր, որ ցմահ բանտվածը, 20 տարի հանրությունից մեկուսացվածը լրագրողական մրցույթում հաղթող կճանաչվի, այն էլ՝ «Լսարանի վստահություն» անվանակարգում, այն էլ՝ Ձեր՝ ընթերցողներիդ քվեարկությամբ:
Այս հաղթանակը, առաջին հերթին, համարում եմ «Հետքի» խմբագրության, իմ բոլոր կոլեգաների և ընթերցողների ձեռքբերումը: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…
Գիտեի, որ «Ամեն օր գալիս եմ Սլավոնական համալսարան ու «Հետքի» խմբագրություն» նամակ- հոդվածս, որպես պատմություն փոփոխությունների մասին, դեռ անցյալ տարի ներկայացրել ենք «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի կազմակերպած «Թվապատում-2015» լրագրողական մրցույթում, «Ես քվեարկում եմ. լսարանի վստահություն» անվոնակարգում: Բայց «Orange»-ի հայտնի գրքի մրցույթից հետո, երբ պարզվեց, որ ընկերության ղեկավարությունը ժյուրիից պահանջել էր քվեարկության չդնել եզրափակիչ փուլ անցած իմ՝ «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքը, մի տեսակ էլ չէի հավատում մրցույթների անաչառությանը:
Բայց երբ խցի մռայլ պատի վրա տեսնում եմ ինձ ծանոթ ու անծանոթ տասնյակ քաղաքացիների ստորագրություններով պատվոգիրը, որտեղ նշված է, որ քաղաքացիները չեղյալ են հայտարարում «Orange» գրքի մրցույթի արդյունքները ու մրցանակը տալիս են ինձ՝ տպագրելով պատմվածքը, հասկանում եմ, որ գրչով պայքարը զորեղ է: Խնդրում եմ այստեղ տեղադրեք պատվոգրի լուսանկարը, որ մարդիկ էլ տեսնեն:
Կյանքի վերջին օրերին իմ ընկեր Սողոմոնը նույնն ինձ ասաց, որ չդադարեմ գրել ու գրի միջոցով առաջ գնալ: Նամակներիս, պատմվածքներիս միջոցով Ողջերի աշխարհում ապրողներդ տեսաք, արձագանքեցիք այս զուգահեռ աշխարհում անարդար փակվածներից շատերի խնդիրներին:
Տեսնես բանտի ադմինիստրացիան կթույլատրի, որ մրցանակը որոշ ժամանակ խցում` աչքիս առաջ լինի, բայց հետո կուզեմ՝ խմբագրությունում պահվի, որ վերադառնամ ու տեսնեմ… հենց սա է հեղափոխությունը…
Ինչքան հակասական ենք մենք` հայերս: «Բանտային թղթակից» ունենալը, լրագրողական մրցույթի մասնակցելն ու մրցանակ շահելը, կարծում եմ, աննախադեպ երևույթ է աշխարհի մասշտաբով: Եթե նման բան արտասահմանցիների մտքով անցներ, համոզված եմ` բանտի աշխատակիցները կհպարտանային, որ իրենց բանտում պատիժ կրող բանտարկյալը նման հաջողություն ունի, կարձանագրեին հենց համակարգի հաղթանակը, կխրախուսեին, հավելյալ տեսակցություն կտրամադրեին հարազատների հետ, անգամ ռեժիմային մեկուսացվածության աստիճան կփոխեին:
Բայց ոչ Հայաստանում, որովհետև այստեղ քրեակատարողական համակարգն ամենևին էլ չի մտածում ազատազրկվածների վերականգնման, շանս տալու և նմանատիպ այլ հարցերի մասին: Համակարգը դեռ մնացել է հին` պատժողական մտածողության մակարդակի վրա: Լավ, սրա մասին ուրիշ անգամ, մանավանդ, որ մեծ ու ծանր թեմա է:
![]() |
Իմ առաջին հարցազրույցըբանտից |
Ինձ հայտնած տխուր լուրն այն էր, որ մահացել է ռուս վավերագրող Ալեքսանդր Գուտմանը: Նրան միշտ կհիշեմ որպես մարդու, որի հետ առաջին հարցազրույցս եմ արել և մարդու, որը կյանքն իզուր չի ապրել՝ փրկել է մի բանտարկյալի խիստ չափազանցված ցմահ ազատազրկում պատժից:
Այստեղ մի քանի տարի առաջ նայեցի նրա նկարած «Երեք օր, ու էլ երբեք» ֆիլմը: Գլխավոր հերոսը նախկին զինվոր Սաշա Բիրյուկովն է, որին դատապարտել էին ցմահ ազատազրկման վերադասի սպանության համար: Ամբողջ ֆիլմում` մոտ մեկ ժամ, պատկերված է Բիրյուկովի երկարատև հանդիպումը մոր հետ ութ տարվա ընդմիջումից հետո: Այս ֆիլմը մասնակցել է տասնյակ կինոփառատոնների, շահել մրցանակներ: Բայց ֆիլմի ամենամեծ հաջողությունն այն է եղել, որ վավերագրական կինոյից առաջացած հանրային աղմուկից հետո դատարանը որոշել է վերանայել նրա պատժաչափը և ցմահ ազատազրկումը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ: Պարզվել է, որ ժամանակին դատարանը սպանության բոլոր հանգամանքները հաշվի չի առել, մանավանդ այն, որ գլխավոր հերոսի վերադասը սեռական ոտնձգություն է թույլ տվել զինվորի նկատմամբ: Գործընկերներիս խնդրանք ունեմ՝ տեղադրեք ֆիլմը այստեղ, որպեսզի ընթերցողն էլ տեսնի:
Ահա արվեստի ուժը, որով փոխվել է ֆիլմի հերոսի կյանքը: Գուտմանի ֆիլմը նայելուց հետո որոշեցի նամակ գրել նրան, հրավիրել հարցազրույցի, նաև ուղարկել էի իմ գրքերից, քանի որ ռուսերեն պատմվածքներ էլ կան: Գուտմանը ընդունել էր հարցազրույցի հրավերը: Այդպես տպագրվեց իմ առաջին հարցազրույցը: Նամակագրական կապ էինք պահում և վերջին անգամ, երբ հրավիրում էի Հայաստան, նա գրել էր, որ հազիվ թե կարողանա, գրել էր, որ դժվար է ճամփորդում: Նամակում գրել էր, որ կյանքը իզուր չի ապրել, քանի որ փրկել է մարդու կյանք: Սաշա Բիրյուկովը վաղուց ազատության մեջ է:
Չեմ ուզում նամակս ավարտել տխուր նոտայով, մանավանդ որ շուտով ես եմ անակնկալ մատուցելու, մեծ անակնկալ` իմ գործի հետ կապված…
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել