
Եթե ռոքնռոլ, ապա պայթեցնել երգն ու ճչալ մեռնելու աստիճան
Նաիրա Հայրապետյան
Ամերիկացի ռիթմ ընդ բլյուզ երաժիշտ, երգիչ, երգահան և դերասան Ջեյ Հոքինսի ստեղծագործական կյանքում նրա հեղինակած «I Put A Spell On You» երգը իսկական հեղաշրջում արեց: Օպերային հզոր վոկալով հայտնի այս արտիստը երգի միջոցով բացահայտվեց մեկ այլ՝ թատերական տաղանդով, որը հետագայում հաճախ էր օգտագործում համերգների ժամանակ: «I Put A Spell On You» -ի շնորհիվ նա ստացավ Ճչացող Ջեյ Հոքինս անունը (Screamin’ Jay Hawkins), որով էլ հայտնի դարձավ 50-ականների երաժշտական աշխարհում:
«I Put A Spell On You» երգը Հոքինսն առաջին անգամ կատարել էր 1955թ., սակայն այդ տարբերակը ավելի ուշ թողարկվեց: Մի քանի ամիս անց, արդեն 1956թ.-ին, երգիչը պայմանագիր ուներ մեկ այլ ընկերության հետ և սկսել էր աշխատել ալբոմի ձայնագրության վրա: Սկզբում Հոքինսը մտադիր էր երգը կատարել նախորդ՝ հանդարտ ոճի մեջ, քանի որ այն սիրո մասին պատմող բլուզ-բալադ էր: Սակայն ամեն ինչ այլ ընթացք ստացավ, երբ երկարատև ու գինարբուքային ընդմիջումից հետո միկրոֆոնին մոտեցավ արդեն հարբած երգիչը: Աշխատանքային խմբի պրոդյուսերը` Առնոլդ Մաթսոնը, ընդմիջմանը եկել էր սննդի և խմիչքի հարուստ տեսականիով: Արդյունքում բոլորը սկսեցին հարբել այն աստիճան, որ բացարձակ չէին հասկանում՝ ինչ պետք է անեին մինչ այդ և ինչպես: «Ես անգամ չեմ հիշում ձայնագրման ընթացքը, միայն գիտեմ, որ նախքան դա, ես նորմալ բլյուզ երգիչ էի, ուղղակի Ջեյ Հոքինս, - հիշում է երգիչը հարցազրույցներից մեկում,- և հանկարծ հասկացա, որ կարող եմ անել ավելին՝ պայթեցնելով երգն ու ճչալով մեռնելու աստճան»:
Հոքինսը նաև ճակատագրական է համարում «I Put A Spell On You» երգի այս՝ հարբած ու վայրի տարբերակը, քանի որ այն շատ արագ սկսեց տարածվել ու ընդունվել երաժշտական տարբեր լսարաններում՝ երգչին բերելով մեծ հաջողություններ: Սինգլը 1956թ. ամենասիրված ու հայտնի գործերից մեկն էր, չնայած որոշ խոչընդոտների: Բանն այն է, որ մի քանի ռադիոկայաններ և երաժշտական ամսագրեր կա՛մ հրաժարվում էին անդրադառնալ, հնչեցնել, կա՛մ խիստ քննադատում էին վայրի և սարսափազդու հնչյուններով լի այդ կատարումը: Այնուամենայնիվ, «I Put A Spell On You» -ն 50-ականների ամենաճանաչված հիթերից մեկը դարձավ, իսկ Ճչացող Ջեյ Հոքինսը` համերգների ամենացանկալի հյուրը: Նախկին զգացմունքային, հանդարտ, բլյուզի մենախոսության մեջ առանձնացող երգիչը սկսեց ներկայանալ նոր ու տարօրինակ մի կերպարով, որն այս երգը կատարելիս՝ բեմում միշտ հայտնվում էր դագաղի միջից, քթից կախ ընկած սուր ատամներով, ծխի ու սարսափազդու ձայների ուղեկցությամբ: Բեմադրությունը հետագայում հավելվեց այլ դետալներով՝ Հոքինսին օպերային երազանքներից հեռացնելով և տեղափոխելով շոկ-ռոքի, ռոքնռոլի երաժշտության մի քիչ տարօրինակ, բայց ինքնատիպ մի աշխարհ: Մասնագետների բնորոշմամբ, շնորհիվ այդ բեմադրության և կերպարի՝ Հոքինսը շոկ-ռոքի առաջին ներկայացուցիչներից է, և նրանից հետագայում ներշնչվել կամ ազդվել են այս ոճի հայտնի շատ ու շատ երաժիշտներ:
«I Put A Spell On You» -ն բազմիցս մեկնաբանվել է տարբեր արտիստների կատարմամբ՝ Նինա Սիմոն, Բոնի Թայլեր, Բրայըն Ֆերի, Բադի Գայ և Կարլոս Սանտանա, Իգի Փոփ, Ռեյ Չարլզ, Ջեֆ Բեք, Ջո Կոկեր, «The Animals», Էնի Լենոքս, Մերլին Մենսոն և ուրիշներ: Այս շարքում իր առանձնահատուկ տեղը զբաղեցրեց Նինա Սիմոնի « I Put A Spell On You» -ն, որը շատերի կարծիքով համարվում է երգի լավագույն cover-կատարումը:
«Hound Dog». իսկական ռոքնռոլի ստանդարտներին համապատասխան այս երգի անվանումը միանգամից երաժշտասերների մեծ մասին կսևեռի Էլվիս Փրեսլիի ուղղությամբ: Հիմնականում այդպես է, որովհետև այս երգը մեծ մասսայականություն գտավ հենց ռոքնռոլի արքայի շնորհիվ: Եվ միայն քչերը հավանաբար կհիշեն, որ մինչ նրա կատարումը, երգն արդեն մի քանի անգամ հասցրել էր հայտնվել, այն էլ՝ տարբեր երաժշտական ոճերում՝ բլյուզ, քանթրի, ռոքնռոուլ:
![]() |
«Մեծ Մաման» |
Առաջին ձայնագրությունը պատկանում է 1952 թվականին: Այն կատարեց ամերիկացի ռիթմ ընդ բլյուզ երգչուհի՝ Ուիլի Մեյ Թորնթոնը: Նա երաժշտությանը հայտնի է առավելապես «Մեծ Մամա» բեմական անվամբ («Big Mama» Thornton): «Hound Dog» -ը դարձավ այս երգչուհու միակ հիթը, որը R&B չարթերում մնաց տասնչորս շաբաթ շարունակ, որից յոթը, ի դեպ, առաջին հորիզոնականում: Այն համարվում է ռոքնռոլյան դարաշրջանի 500 լավագույն երգերից մեկը:
Հեղինակները՝ Ջերի Լիբերը և Մայք Սթոլերը, այս երգչուհուն առաջին անգամ հանդիպեցին երաժիշտ Ջոնի Օտիսի տանը: Վերջինս նրանց հրավիրել էր՝ լսելու մի քանի երգիչների՝ հասկանալու համար, թե նրանցից որ մեկին համապատասխան երգ կարող էին գրել: Երբ «Մեծ Մամա» Թորնթոնը ներս մտավ, տղաներն ուղղակի կարկամեցին: «Նա ասես սառը ջուր լցներ գլխիս,- հիշում է Լիբերը հետագայում,- … նա նման էր, այսպես ասած, «տիկին արջի», պետք է որ 350 ֆունտ քաշ կշռեր, իսկ դեմքին դրոշմված էին այս ամենի սպիները»: Առաջին և ոչ խոստումնալից տպավորությունը լուրջ խնդրի առջև դրեց երգահաններին՝ ի՞նչ գրել այս հսկա արտաքինն ունեցող երգչուհու համար, քանի որ այն, ինչ անցնում էր այդ պահին իրենց մտքով, ինչպես նրանք են խոստովանում, «պարզապես անհնար էր երգում նկարագրել»: Բայց այս պատկերն ամբողջությամբ պիտի ջարդուփշուր լիներ Ու. Մ. Թորնթոնին լսելու առաջին իսկ վայրկյանից: «Նա հրաշալի բլյուզ-երգչուհի էր՝ կատարման մի առանձնահատուկ ոճով,- նույն հարցազրույցում ասում է Սթոլերը,- նրա և՛ արտաքինը, և՛ ինքնատիպ այդ բլյուզը ներշնչեցին գրել «Hound Dog» -ը, ինչպես նաև երգը ներկայացնելու մեր մտահղացումը, ըստ որի` նա պետք է գռմռալով երգեր: Այս գաղափարը սկզբում կտրականապես մերժվեց նրա կողմից՝ ասելով՝ «Դուք չէ, որ պետք է ինձ ասեք, թե երգն ինչպես երգեմ»»:
Մինչ օրս կատարվել և ձայնագրվել է այս երգի 250-ից ավել տարբերակ, որոնց մեջ, սակայն, ամենահաջողվածը համարվում է Էլվիս Փրեսլիի «Hound Dog» -ը: Այն վաճառվել է մոտ 10 միլիոն օրինակով և համարվում է երգչի՝ մինչ օրս ամենավաճառված երգն աշխարհում: Փրեսլիի «Hound Dog» -ը անվանել են նաև «Ռոքնռոլի հեղափոխության խորհրդանիշը»:
Կանադա-ամերիկյան հայտնի երգիչ, երգահան և դերասան Փոլ Անկան իր երաժշտական կարիերայում ճանաչելիության մեծ սահմանները սկսել է նվաճել 1950-ականների վերջերից: Այս գործում նշանակալից դեր ունեցան նրա մի քանի հիթային երգերը, որոնցից մեկն էլ «Diana»-ն է: Նա ընդամենը 15-16 տարեկան էր, երբ այս երգը ձայնագրվեց, և դա 1957թվականն էր: Համադասարանցի գեղեցկուհուց ներշնչված այս գեղեցիկ երաժշտական պատմությունը մեծ հաջեղություններ արձանագրեց՝ դառնալով ժամանակի ամենապահանջված սինգլներից մեկը` չափազանց երիտասարդ կատարողին ներգրավելով երաժշտական հիմնական հոսանքի մեջ: «Դայանան» հիթային բարձունքներ նվաճեց ոչ միայն ամերիկյան տարբեր հորիզոնականներում, այն առաջին տեղում էր կանադական, ինչպես նաև «UK Single Charts»-ում: Ի դեպ, Մեծ Բրիտանիայում երգը ևս կոմերցիոն մեծ հաջողություններ ունեցավ՝ վաճառքի քանակը գերազանցելով 1,25 միլիոնը:
2007թ-ին երաժշտական աշխարհում վաղուց արդեն իր անունը ամրագրած Փոլ Անկան կրկին ձայնագրեց «Diana» երգ-այցեքարտը՝ մի քանի այլ հիթերի հետ ներկայացնելով «Classic Songs, My Way» հավաքածուի կազմում: Բացի այդ, երգի առաջին թողարկումից մեկ տարի անց, նա «Դայանա»-ն ձայնագրեց նաև իտալերենով, որը հետագայում մի քանի այլ հիթերի հետ ևս թողարկվեց առանձին ալբոմով: «Diana»-ն, լինելով ռոքնռոլի դարաշրջանի ամենահայտնի հիթերից մեկը, այլ կերպ ասած, Փոլ Անկայի տոմսն էր՝ դեպի համաշխարհային ճանաչում:
Գլխավոր լուսանկարում Ջեյ Հոքինսն է
Մեկնաբանել