HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասք Ղեկավարության, «Հարավկովկասյան երկաթուղիների» եւ տակդիրների մասին

Փառանձեմ Հովհաննիսյան

Մեկ շաբաթ առաջ, երբ Թբիլիսի տանող գնացքը նստեցի, զարմացել էի տիրող պայմաններից: Չզուգարանը նկարել էի, որ հրապարակեի, այդ ժամանակ դեռ չգիտեի՝ ինչ է սպասվում վերադարձիս։ Անցած գիշեր Թբիլիսիից վերադարձող գնացքը տակդիրների ու զուգարանի թղթերի թագավորությունից էր գալիս, գնացքում հայտնված մի քանի պատահական ուղևորներիս «պամպերսի կանայք» այն աստիճանի էին անտեսել, որ խղճուկ, գրեթե երկաթգծին նստող զուգարանն էր անգամ զբաղված։ Էթիկայից ելնելով՝ նկարահանումը հրապարակելու իրավունքը թողնում եմ խմբագրությանը, սակայն անհրաժեշտության դեպքում, քանզի չէի ցանկանա կանանց դեմքերը հայտնվեին համացանցում, ներքոգրյալ ամեն բառի ու տեսարանի վիդեոները կան։

Մինչ հայկական սահման հասնելը, գրելիքս այլ ուղղությամբ էր գնում, հիմա այն մի քանի հասցեատեր և պահանջներ ունի։ Սահմանին... սահմանը լիքն էր գիշերը, հայ սահմանապահները, մաքսազերծողները, ինչ-որ առևտրային բրոկերներ, բոլորը մեկի պես որոշել էին օրվա հացի փող վաստակող պամպերս տեղափոխող կանանց պատժել, դե հասկանում եք՝ կանայք թույլատրված կիլոգրամներից շատ էին տանում։

Պարոն Ղեկավարությունը, ինչպես նրան դիմում էին բոլորը, մանկությանս հեքիաթների՝ ամենակուլ կերպարներից էր, նրանցից, որ ավելի հեշտ է գլխովը թռչել, քան շուրջը պտտվել։ Պարոն Ղեկավարությունը որոշել էր՝ տակդիրները պետք է հատ-հատ հաշվեն, կշռեն, հարցիս, թե արդյոք բոլորի հանդեպ են կիրառում օրենքը ու խոշոր բիզնեսների՞ն էլ նույնկերպ տանջում, Ղեկավարությունից մյուսն ասաց, թե երկու տոննա բեռը նույնպես խոշոր բիզնես է։

Չգիտեմ՝ իրականում քանի կիլոգրամի մասին է խոսքը, հաշվում էին, որ մեկ տուփ տակդիրը 2 -2.5 կիլոգրամ է։ Սակայն որքան գնում, հաշվարկներն ավելի էին երկարում, հետո եկավ փոխադարձ հայհոյանքների ժամը, և կանանցից մեկից սովորեցի «հավի գոզեր» նկարագրականը, մնացած հայհոյանքները հիմնականում էլի էի լսել։

Վերջապես «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատակիցը հիշեց մեր մասին՝ ուղևորներ կան գնացքում: Աստված իմ, կարծես գիտակցական կյանքիս ողջ ընթացքում դրան էի սպասել, այդքան գնահատված դեռ երբեք չէի եղել: 1.5 ժամ արդեն սառցակալել էինք, քանի որ կանանց բեռը տանում-բերում էին՝ բոլոր կողմերի դռները բացած, փորձեցի հասկացնել, որ մարդատար գնացք է, Ղեկավարությունից ասացին՝ դիմիր ԺԴ։ Տեսարանը ցույց տվեց, թե որքան խղճուկ ենք ապրում մենք, թե որքան են մեզ դեմ տվել պատին, իսկ մենք բավարարվում ենք հայհոյելով։ Ինչո՞ւ պիտի կանայք տուն-տեղ թողած՝ գիշերով գնան Թիֆլիս, որոշները շարունակեն դեպի Թուրքիա ավտոբուսով, ու օրեր շարունակ անքուն մնալով՝ վերադարձին այնպես քրքրվեն, որ երանի տան Թուրքիայի սահմանին, այնտեղ ապրելուն, և ես, որ թուրքական ապրանք գնողներին դավաճանների թվին եմ դասում, հիմա գիտեմ՝ որքան ծանրությամբ է մի զուգարանի թուղթը տեղ հասնում և գնացքից իջնելով՝ առավոտյան շուտ թուրքական զուգարանի թուղթ գնելու գնացի։

Կանանցից մեկն, ով ամենից շատն էր անիծում, և զրկված էր որոշ մատներից, տանջվում էր բեռները ներսուդուրս անելիս: Իրեն զարմացած նայող մոլդովացուն փորձում էր հասկացնել իր գործի անհրաժեշտությունը, հակառակ դեպքում տանը կնստեր ու տարիքի քաղցրությունը կվայելեր։ Երկու ժամ անց, երբ հաշտության պայմանագիրը կնքված էր, կանայք կշռելու հանած պարկերը կրկին ներս բերեցին, կրկին տակդիրների թագավորությունը նվաճեց, գնացքը, իսկ կանանց անեծքները չդադարեցին մինչ առավոտ, ու մենք շարունակեցինք շնչել սև պոլիէթիլենի հոտը: Եվ չգիտես՝ ումից ինչ սպասել, ումից ինչ պահանջել, ուզում եմ միայն խնդրել՝ հանգիստ թողեք օրվա հացը՝ տատս կասեր՝ շան քթից ջուր խմելով վաստակող մարդկանց, կանանցից խլած մի երկու տակդիրն օգուտ համարողներին որևէ բան խնդրելն անիմաստ է։ Հիմնական հասցեատրիոջը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներին»՝ 9550 դրամը քիչ գումար չէ, ես այն ձեզ պես օդից չեմ վաստակում, ուստի բարի եղեք գնացքների նորոգման բյուջեի տողով գրպաններդ տարած գումարների կեսը գոնե տրամադրեք նորոգմանը, ջեռուցեք գնացքը, որքան էլ ռոմանտիկ հնչի դա, հավաքարար ընդունեք աշխատանքի, որպեսզի ուղեկցող տղամարդիկ չմաքրեն գնացքը, և իհարկե, զուգարան, անգիններս (գին չունեցողի առումով), գիտեմ՝ այսպես էկզոտիկ է, բայց...

Մեծագույն խնդրանք՝ կանանց չպատժել իմ գրածի կամ նկարածի պատճառով, գնացքի ուղեկցորդ աշխատակիցներին նույնպես, բոլորս գիտենք, որ խնդիրը կամ խնդրի լուծումները նրանց մեջ չէ, այլ ձեր՝ վերևներում տաք նստածներիդ, մի բան էլ խնդրեմ, չեք անի, բայց ասեմ՝ հնարավորության դեպքում բեռներն ավելի քաղաքակիրթ տեղափոխելու միջոցներ ապահովեք։ Եվ պահանջս՝ փոխհատուցեք իմ տոմսի գումարը, քանի որ ես չեմ վճարել, որ  նման գիշեր անցկացնեմ, ինչպես նաև ապահովեք ինձ բժիշկ, ով կայցելի, համապատասխան բուժում կնշանակի գիշերվա մրսածության ու ցիստիտի դեմ, ինքս հրաժարվում եմ որևէ հիվանդանոց գնալ, էլ չեմ խոսում բարոյական վնասի փոխհատուցման մասին։ Տակդիրները որպես բուժման միջոց չառաջարկել։

Հետգրության փոխարեն՝ եթե մի օր գնացքը պատճառ դառնա զոհերի, կեղծ լացակումած դեմքով չհայտնվեք տեսադաշտում, ի վերջո՝ դուք այն հիմնանորոգելու համար ամեն ինչ ունեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter