![](/static/articles/06/61/69/l-MWqAejiwqH.jpg)
Սամվել Ալեքսանյանի կինը երկու հողակտորի համար վճարել է 2 մլրդ դրամից ավելի գումար
Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները սովորել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանից լսել, որ ինքը «սովորական տղա» է, «բիզնես չունի» ու որոշել է բացառապես «քաղաքականությամբ զբաղվել»: Սամվել Ալեքսանյանը խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից է, և նրա նմանատիպ հայտարարությունները «արագ սպառման» տեղեկատվություն են: Մեկ տարում նրա կինն այնքան գումար է ծախսել երկու բաժին հողակտոր գնելու համար, որ դրանով մի քանի տասնյակ հազար ընտանիք կարող էր հանգիստ մեկ տարի ապրել:
500 եվրո վճարի պայմանով հարցազրույց տալու պատրաստակամություն հայտնած, «բիզնեսով չզբաղվող» պատգամավորը 2015 թ.-ին 48 մլն 500 հազար դրամով գնել է «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենա: Այս գումարը Հայաստանի միջին աշխատավարձ ստացողի 39-40 տարիների աշխատավարձն է, և դժվար թե աշխատավարձի հույսին ապրող բազմազավակ պատգամավորը կարողանար առանց կողմնակի եկամուտների իրեն նմանատիպ շռայլություն թույլ տալ:
Իհարկե, Սամվել Ալեքսանյանը ցույց չի տալիս իր իրական եկամուտները, քանի որ բիզնեսը գրանցել է այլ անձանց անուններով: Դրա վառ ապացույցն է այն, որ 2015 թ. նա հայտարարագրել է ընդամենը 8 մլն 800 հազար դրամ շահաբաժին, որը ստացել է երկու աղբյուրից, իսկ 1 մլն 200 հազար դրամ ստացել է վարձակալությամբ տրված գույքի դիմաց ստացած վճարներից: Պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է ընդամենը 6 մլն 237 հազար դրամ:
Սակայն, պատգամավորի հաշվին առկա գումարները առնվազն մի քանի հարյուր անգամ գերազանցում են նրա տարեկան եկամուտները: Մասնավորապես՝ նրա հաշվին եղել է 347 մլն 197 հազար դրամ, ինչպես նաև 8 մլն 100 հազար դոլար:
Կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով կառավարում է ընտանեկան բիզնեսը, ևս «համեստ» եկամուտներ է հայտարարագրել:
Նրա գործերն այնքան են լավացել, որ մի ամբողջ կարողություն է հատկացրել երկու կտոր հողամաս գնելու համար. մեկը՝ 141 մլն 288 դրամ արժողության, մյուսը՝ 1 միլիարդ 987 միլիոն 282 հազար 600 դրամ: Այս գումարով այսօր հնարավոր է գնել մեկ գյուղի բոլոր հողակտորները: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե այդ ինչ հողակտորներ են, քանի հեկտար են, որ այդքան թանկ արժեն:
Շողերինա Մկրտչյանը 1 մլն 918 հազար դրամով գնել է նաև արտադրական նշանակության շինություն:
Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2015-ին պատգամավորի կինը ստացել է 318 մլն 497 հազար դրամ: Մի քանի միլիարդի են հասնում նրա փոխառությունները, իսկ դրամական միջոցները՝ 3 միլիարդ 717մլն 230 հազար դրամ և 8 մլն 300 հազար դոլար: Համեմատության համար նշենք, որ Շողերինա Մկրտչյանը 2014-ին ունեցել է 8 մլրդ 825 մլն դրամ և 8 մլն 500 հազար դոլար: Իսկ եկամուտները՝ 402 մլն դրամ:
Սամվել Ալեքսանյանի ընտանիքին է պատկանում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը: Հայաստանում մի քանի անուն ապրանքների ներկրման մենաշնորհ ունեն: Նրանց ընկերությունները պարբերաբար հայտնվում են դատարաններում՝ հայտնի ապրանքանիշների օղիները կեղծելու ու սուպերմարկետներում վաճառելու մեղադրանքներով:
Ահա այսպիսին է «սովորական տղայի» ընտանեկան կարողությունը:
Տեսանյութը՝ «168 ժամի»
Մեկնաբանել