HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մալիշկա գյուղը

Մալիշկայի առեղծվածային գայլը

Մայիսի սկզբին Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում հորդ անձրեւների հետեւանքով գետը դուրս էր եկել ափերից եւ ավերել վրայի չորս կամրջակները:

Մնացած երեքը դեռ ոչինչ, բայց մի կամրջակը գյուղից դեպի արոտավայրեր տանող գլխավոր անցումն էր: Գյուղացիները պետք է միայն հատեին մայրուղին: Հիմա արոտավայր հասնելու համար նրանք պետք է անասունը տանեն մայրուղով բավականին հեռու` դեպի հաջորդ կամուրջը: Մայրուղին լայն չէ, երթեւեկությունը` բավականին աշխույժ: Վերջերս մեքենան վրաերթի էր ենթարկել հինգ ոչխար:

Դա քիչ էր, հիմա էլ Մալիշկայում քաղցած գայլ է հայտնվել: Գյուղացիներն ասում են, որ կենդանին, ըստ երեւույթին, գյուղի կողմն է անցել հեղեղից առաջ, հետո էլ, երբ կամուրջը փլվել է, չի կարողացել ետ գնալ: Մի գիշեր նա ներխուժել է գյուղի բնակիչ Ռայայի տուն եւ հոշոտել վեց այծ եւ երկու ոչխար:

«Դա պատահել է ուշ գիշերը,- ասում է Ռայան:- Առավոտյան մտանք գոմ եւ տեսանք կենդանիների արնաշաղախ մնացորդները: Գառնուկներն առանց մոր մնացին: Ամբողջ օրը ետեւներից վազվզում եմ՝ մի փունջ խոտ կամ մի շիշ կաթ ձեռքս առած, թե չէ սովից կսատկեն»:

Գիշատիչն այդքանով չէր սահմանափակվել. հաջորդ գիշեր մտել էր մեկ այլ գոմ եւ հոշոտել եւս մեկ ոչխար:

Գյուղացիները վստահ են, որ գայլը դեռ Մալիշկայում է: Այս ընթացքում գայլի մասին հասցրել են առասպելներ հյուսել, օրինակ՝ հասել է Գլաձոր եւ մեկ գիշերվա ընթացքում հոշոտել երեսուն ոչխար:

Գյուղացիներն ասում են, որ մի քանի անգամ դիմել են գյուղապետին որեւէ քայլ ձեռնարկելու խնդրանքով:

«Նա պատասխանում է՝ ի՞նչ կարող եմ անել գայլի դեմ,- ասում է Ռայան,- գայլից հո չե՞մ պահանջելու վնասների փոխհատուցում: Բայց չէ՞ որ կարող են մասնագետների կանչել, թող կենդանուն գտնեն, բռնեն: Թե չէ` մեր անասունի համար ահի մեջ ապրում ենք: Մարդկանց վրա էլ կարող է գայլը հարձակվել»:

Առանց հույսի

Մալիշկան Եղեգնաձորին ամենամոտ գյուղն է, ըստ մեծության՝ երրորդ գյուղը Հայաստանում: Գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, ոմանք անասուն են պահում:

Եթե գյուղի ցանկացած բնակչի խնդրես բնութագրել գյուղական կյանքը, պատասխանն, ամենայն հավանականությամբ, կլինի` «ամբողջական լճացում»: Գյուղում գործնականորեն չկան աշխատատեղեր, բացառությամբ ադամանդի գործարանը, գյուղապետարանը եւ դպրոցը: «Աշխատատեղը միակ բանն է, որ պետք է այս գյուղին»,- ասում են գյուղացիները: Ընդ որում, քիչ թե շատ նորմալ կյանքի համար պահանջվող միջին գումարն ամսական ընդամենը 30 000 դրամն է:

«Գյուղացուն տվել են հողն ու ասում են` գնա աշխատիր,- վրդովվում է Անժելան:- Բայց ոչ ոք չի գիտակցում, որ հողի վրա աշխատելու համար հսկայական առողջություն է պետք: Իսկ եթե եղանակի պատճառով բերքը ոչնչանում է, այդ դեպքում ի՞նչ անենք: Միայն պարարտանյութերի վրա ինչքա՜ն փող է գնում»:

Անժելան ապրում է մոր, հարսի եւ փոքրիկ թոռնիկի հետ: Նրա ամուսինը մահացել է, երբ Անժելան դեռ երիտասարդ է եղել, միայնակ մեծացրել է երեք երեխաներին: Աղջիկներն ամուսնացած են, տղան վերջերս մեկնել է Մոսկվա՝ աշխատելու: Գնացել է` հույսը բախտի վրա դրած, միգուցե ինչ-որ աշխատանք լինի շինարարության վրա: Մեկնելու համար պարտքով փող է վերցրել, որ աշխատի, վերադաձնի:

Գյուղացիներն ասում են, որ Մալիշկան անցյալում 2300 տնտեսություն է ունեցել: Հիմա երիտասարդներն ավելի ու ավելի շատ են մեկնում Մոսկվա՝ աշխատանք գտնելու հույսով:

Նրանք, ովքեր անասուն են պահում, գոնե ունեն կաթ, պանիր, կարագ: Անժելան ունի ընդամենը երեք հավ եւ մի փոքր հողակտոր, որը մշակող չկա: Ընտանիքը գոյատեւում է իր մոր ամսական 12000 դրամ թոշակով:

Անժելայի մայրը՝ Հասմիկը, գրեթե չի քայլում` ոտքերը ցավում են, ճողվածքն էլ անհանգստացնում է: Սակայն բժշկի գնալու գումար չունի:

Հասմիկի որդին 14 տարի առաջ գնացել է Մոսկվա` աշխատելու: Այդ օրվանից ընտանիքը նրանից լուր չունի:

«Իսկ «Փարոսում» ինձ նպաստ չեն տալիս,- պատմում է տարեց կինը:- Պատճառաբանում են, որ տղաս գրանցված է տանս: Ասում եմ՝ դե գրանցումից հանեք, ասում են՝ իր համաձայնությունն է պետք: Ինչպե՞ս ստանամ իր համաձայնությունը, եթե չգիտեմ, թե որտեղ է»:

Հասմիկը, ինչպես եւ մյուս գյուղացիները, իր խնդիրների մասին դժվարությամբ է պատմում, առանց որեւէ ցանկության: Ոչ ոք հետաքրքրված չէ զրուցել հատկապես լրագրողների հետ:

«Գալիս են, ասում են` նայիր խցիկի մեջ ու պատմիր քո խնդիրների մասին,- ասում է Վալյա տատիկը,- մի ամսից ամեն ինչ լավ կլինի, մարդիկ կտեսնեն, անպայման կօգնեն: Այնքան են եկել, ոչ մի օգուտ չկա: Ամբողջ այգիս կարկուտը տարել էր, միայնակ ապրում եմ 10000 դրամ թոշակով, աշխատում եմ հողի վրա, իսկ ես արդեն 65 տարեկան եմ, առողջությունս այն չէ, եւ ոչ ոք չի պատրաստվում ինձ օգնել: Ինչու՞ եք այդքան տանջվում, այստեղ հասնում, չեմ հասկանում»:

Փրկիչ ծաղիկները

Արեւիկը ծաղիկներ է աճեցնում: Նրա տունը հիշեցնում է ծաղկած այգի: Նա ժամերով զրուցում է ծաղիկների հետ, խնամում դրանք եւ յուրաքանչյուր ծաղկի մահ ընկալում որպես մարդկային կորուստ:

Դռան մոտ դրված է կիտրոնով ծաղկամանը: Արեւիկը կիտրոն է աճեցնում եւ պտուղները նվիրում մարդկանց:

«Կիտրոնը շատ քմահաճ պտուղ է,- ասում է նա,- եթե ինչ-որ մեկը հիվանդ է ու կիտրոն է խնդրում եւ չես տալիս, այն նեղանում է եւ չորանում: Յուրաքանչյուր ծաղիկ ունի իր հոգեբանությունը, իր լեզուն: Հաճախ գալիս եմ աշխատանքից` հոգնած կամ հոգեպես նեղված, բայց հենց դիպչում եմ թերթիկներին, միանգամից հանգստանում եմ, ողջ հոգնածությունս անցնում է: Եթե ծաղիկները չլինեին, ես երեւի վաղուց արդեն կենդանի չէի լինի»:

Արեւիկն ապրում է երեք որդիների եւ սկեսրոջ հետ: Ամուսինը մի քանի տարի առաջ մեկնել է Մոսկվա, այնտեղ նոր ընտանիք է կազմել, այս մեկի մասին չի էլ հիշում:

Արեւիկի ավագ որդին գրավ է դրել մոր բոլոր ոսկյա զարդերը եւ նույնպես մեկնել Մոսկվա՝ բախտը փորձելու: Երկվորյակները մոտ օրերս վերադառնալու են բանակից:

«Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ երեխաները գալու են,- ասում է Արեւիկը,- բայց նաեւ շատ մտահոգված եմ: Կգան տուն, իսկ հետո ի՞նչ պիտի անեն: Էստեղ աշխատանք չկա»:

Արեւիկն աշխատում է Եղեգնաձորի ռելեի գործարանում. ստանում է ամսական 25.000 դրամ աշխատավարձ, որից 5.000-ը ծախսվում է տրանսպորտի վրա: Ընդ որում, նա գործարանում աշխատում է ոչ պաշտոնապես, այսինքն՝ աշխատանքային ստաժ չի գրանցվում: Նրա սկեսուրը՝ Ռոզա տատիկը, մշակում է բանջարանոցը:

Զույգ որդիներից մեկը շատ է ուզում սովորել: «Երբ նրանք դպրոցում էին սովորում,- ասում է Արեւիկը,- ես շատ ուշադիր մայր էի: Միշտ հետեւում էի, որ դասերը պատրաստեն, ավելի շատ ժամանակ էի անցկացնում դպրոցում, քան իրենց ուսուցիչները: Իսկ հիմա չեմ կարող տղայիս ուսման տալ: Նա ասում է. «Մի անհանգստացիր, բանակից կգամ, մի տեղ կտեղավորվեմ աշխատանքի, թեկուզ բանվոր, փող կհավաքեմ, կգնամ սովորելու»: Աստված տա, որ իր մոտ ստացվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter