HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Եթե նման սկզբունքով մոտենանք, բոլոր ԶԼՄ-ները պիտի փակվեն»

Մարտի 12-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կրապարակվի Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանն ընդդեմ լրագրող Ադրինե Թորոսյանի գործով վճիռը:

Արդյո՟ք լրագրողը զրպարտել ու վիրավորել է դպրոցի տնօրենին

Դպրոցի տնօրենը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան իր պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցով: Նա պահանջել է հօգուտ իրեն լրագրողից բռնագանձել 3 մլն դրամ, որից 2 մլն-ը որպես փոխհատուցում զրպարտության համար, իսկ 1 մլն-ը՝ վիրավորանքի: Դատարանը (նախագահող Վ.Հովնանյան) նաև հայցի ապահովման միջոց է կիրառել՝ լրագրողի գույքի վրա արգելանք դնելով 3 միլիոն դրամի չափով:

Ըստ դպրոցի տնօրենի ներկայացրած հայցի, 2014-ի դեկտեմբերի 12-ին «Լոռի»հեռուստատեսության եթերում լրագրող Ադրինե Թորոսյանն հեղինակել է «Արդյունքում տուժել է դպրոցի բյուջեն» (մաս 2) տեսանյութը, ինչպես նաև նույն թվականի դեկտեմբերի 20-ին hraparak.am կայքում հեղինակել է «Մարզպետը մտադրվել է երկրորդ դատն էլ պարտվել դպրոցի տնօրենին» հոդվածը, որոնցում, ըստ հայցվոր Կարինե Ստեփանյանի, տեղ են գտել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող հրապարակային վիրավորանքներ և զրպարտություն պարունակող տեղեկություններ:

Մասնավորապես, ըստ հայցի, օրինակ, լրագրողը սխալ է նշել հայցվորի կողմից՝ հարկադիր պարապուրդի դիմաց ստացած գումարի չափը՝ է շուրջ 2 միլիոն դրամ: Կարինե Ստեփանյանը դատարանում ներկայացրել է ապացույց, որ իրականում ստացած գումարը երկու անգամ պակաս է:

Կարինե Ստեփանյանը պահանջել է նաև պարտավորեցնել լրագրողին նույն ԶԼՄ-ներով ներողություն խնդրել, հրապարակել դատարանի կայացվելիք վճիռը կամ դրա մի մասը:

Դպրոցի տնօրենը կխոսի վճռից հետո

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենից, սակայն մինչև վճռի հրապարակումը Կարինե Ստեփանյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ գործի մանրամասների հետ կապված: Նա ասաց, որ վճռից հետո կհայտնի իր դիրքորոշումը. «Սխալ եմ համարում վճռի հրապարակումից առաջ որևէ մեկնաբանություն տալ: Վճռից հետո կխոսենք»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց Կարինե Ստեփանյանը:

Փաստաբան. «Անգամ ավելի մեղմ նյութ է, քան ամեն օր հանդիպող լրագրողական նյութերն են»

Իսկ Ադրինե Թորոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ, այս գործն ուղղակի հնարված է. «Նա դատի է տվել զուտ դատի տալու համար: Ընդհանրապես իրեն դուր չի գալիս, որ լրագրողներ կան: Եթե նման սկզբունքով մոտենանք, ապա բոլոր թերթերը, ԶԼՄ-ները պիտի փակվեն: Սովորական, անգամ ավելի մեղմ նյութ է, քան ամեն օր հանդիպող լրագրողական նյութերն են»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Աթանեսյանը:

Փաստաբան Տ. Աթանեսյանը

Լրագրողի ներկայացուցչի համոզմունքով, լրագրող Ադրինե Թորոսյանը մնացել է լրագրողական էթիկայի սահմաններում: Ըստ փաստաբանի, հրապարակման մեջ վիրավորանք ու զրպարտություն չկա ու չի կարող լինել:

Ադրինե Թորոսյան. «Այս դատավարության նպատակը լրագրողին լռեցնելն է»

Ըստ Ադրինե Թորոսյանի, ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ինքը լուսաբանել է դպրոցի տնօրենի որոշումների հետևանքով նախկին ուսուցիչներից մեկին մի քանի տարվա հարկադիր պարապուրդի գումար վճարելու հարցը: Լրագրողը պատմեց, որ խոշոր չափերի հասած այդ գումարները վճարելու ժամանակ արգելանք է դրվել դպրոցի գույքի ու բանկային հաշիվների վրա: Հետևանքն այն է եղել, որ դպրոցի աշխատակազմը զրկված է եղել աշխատավարձ ստանալու հնարավորությունից:

«Վանաձորում խուճապ էր, ամբողջ հանրապետական լրատվությունն անդրադարձավ դրան: Ի վերջո, երբ տնօրենին ազատման հրաման տվեց, որը հետո, նրա իրավաբանի հետ հարցազրույցից պարզ դարձավ՝ դատախազության անուղղակի ճնշման տակ է արվել, թիվ 8 դպրոցի տնօրենը դիմեց դատարան և առաջին ատյանով վերականգնվեց, բայց մարզպետն այդ վճիռն էլ չբողոքարկեց՝ չնայած տվյալ պահին էլ լրագրողներիս պնդում էր տնօրենի մեղավորությունը»,-նշեց լրագրողը:

Ըստ լրագրողի, մարզպետը, համոզված լինելով տնօրենի մեղավորության մեջ, այնուամենայնիվ, առաջին ատյանի վճիռը չի բողոքարկել՝ դրանով թույլ տալով նրա վերականգնումը նախկին պաշտոնում:

«Ու դեռ մի բան էլ հարկադիր պարապուրդի գումար ստացավ տնօրենը: Ես այս փաստերն եմ հրապարակել իմ լրագրողական աշխատանքում և անդրադարձել եմ մարզպետի գործողություններին, ավելի ճիշտ անգործությանը, ու զարմանալի էր, որ հրապարակումներիս համար դատարանում իմ դեմ հայց ներկայացնողը ոչ թե մարզպետն էր, այլ տնօրենը, չէ որ իմ հրապարակումները մարզպետի մասին են»,-կարծիք հայտնեց Ադրինե Թորոսյանը:

Իրականում այս դատավարության նպատակը, Ադրինե Թորոսյանի կարծիքով, իրեն, որպես լրագրողի, լռեցնել էր դատական քաշքշուկներով, չհիմնավորված մեծ գումարային պահանջով. «Սա իմ դեմ բարոյական և հոգեբանական ճնշման միջոց է»,-ասաց լրագրողը:

Առաջին լուսանկարում՝ Կարինե Ստեփանյանն ու Ադրինե Թորոսյանը

Տիգրան Աթանեսյանի լուսանկարը՝ իր ՖԲ էջից

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։