HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ հարցազրույցը դատաբժիշկ-փորձագետ դոկտոր Սելմա Էյքելեմբում-Շիլվիդի հետ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Բարի օր, դոկտոր Սելմա Էյքելեմբում-Շիլվիդ,

Ես Մհեր Ենոքյանն եմ, ցմահ բանտարկյալ Հայաստանից: Իմ գործի նյութերին Դուք քաջածանոթ եք որպես դատաբժիշկ, փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր:

Երբ իմացա, որ ԱՄՆ Կոլորադո նահանգում և Նիդերլադներում գործող «Անկախ Դատափորձագիտական ծառայությունը» (IFS) պատրաստ  է ուսումնասիրել իմ քրեական գործը և տալ անկախ դատափորձագիտական եզրակացություն, անմիջապես համաձայնվեցի: Համոզված էի` անաչառ մոտեցման դեպքում պաշտոնապես կհաստատվի այն, ինչ պնդում եմ մոտ 20 տարի: Տարիներ անց դա միակ հնարավոր փորձաքննությունն էր, քանի որ Հայաստանում մինչ օրս շարունակում են ոչնչացնել իրեղեն ապացույցները:

2014-ին իմ քրեական գործի նյութերը պետական, նոտարական հաստատումով թարգմանվեցին անգլերեն և ուղարկվեցին Ձեզ՝ Նիդերլանդներ: Չորս ամսվա ուսումնասիրությունից հետո եզրակացությունը պատրաստ էր, որտեղ Դուք եզրափակիչ մասում գրել էիք, որ իմ քրեական գործի նյութերում չեք կարողացել գտնել որևէ ապացույց, որ կհիմնավորեր, որ ես եմ սպանել Իոսիֆ Աղաջանովին կամ ծրագրել նրա սպանությունը: Սակայն Ձեր կատարած փորձաքննության հիմքով Հայաստանի գլխավոր դատախազությունը մերժեց գործի վերաբացում սկսել 20 տարի անց, Վճռաբեկ դատարանը՝ նույնպես: Դատախազության մերժումն էլ վիճարկեցինք դատարաններում, բայց էլի անարդյունք: Մեր դատաիրավական համակարգը գտնում է, որ բոլոր դատավճիռները Հայաստանում ճիշտ են կայացվել ու կայացվում: Չկա որևէ նախադեպ, երբ տասնյակ տարիներ անց հին գործ վերաբացվի ու ճանաչվի դատական սխալը: Գնալով համոզվում եմ, որ սա ոչ թե իրավունքի դաշտում է, այլ իներցիոն մտածողության:   

Խցում նստած կարդում եմ ԱՄՆ-ում արդարադատության ուշացած հաղթանակների մասին, ոգևորվում ամեն դեպքով, սովորում եմ իրավաբանական ֆակուլտետում, որ հետագայում ինքս օգնեմ անմեղ բանտվածներին:

Որպես բանտային թղթակից՝ ցանկանում եմ հրավիրել Ձեզ հեռակա հարցազրույցի, քանի որ հեռակա թղթակցում եմ hetq.am թերթին: Հուսով եմ` չեք մերժի հրավերս:

Հարգելի Սելմա, անչափ շնորհակալ եմ Ձեր աշխատանքի համար, հուսով եմ, որ մի օր իմ ճակատագրում արդարադատությունը կհաղթանակի և կհանդիպենք ազատության մեջ:

ՀարգանքովՄհեր Ենոքյան

Ահա իմ հարցերը.

- Ուսումնասիրելով իմ գործի նյութերըի՞նչ տպավորություն ստացաք, ինչպե՞ս կգնահատեք այն:

Տպավորությունս այն է, որ քննությունը օբյեկտիվ չէր իրականացվել: Տեխնիկական տվյալները՝ դեպքի վայրում արյան հետքեր, տուժողի վնասվածքները, չեն համապատասխանում տեղի ունեցածի վարկածին: Արամ Հարությունյանի ցուցմունքը չի համապատասխանում տեխնիկական տվյալներին: Դատաբժշկի հայտարարությունները ևս չեն համապատասխանում ժամանակակից գիտությանը:  

- Իմ գործով փորձաքննության մեջ նշել էիք, որ «1996 թվականին դատափորձագիտական ԴՆԹ պրոֆիլավորումը, ինչպես նաև մատնահետքերի քննությունն արդեն իսկ հասանելի էր: Ըստ փաստաթղթերի` իրեղեն ապացույցների վրա նման քննություններ չեն իրականացվել: Այն փաստը, որ այդ քննությունները չեն իրականացվել, բացարձակապես ի վնաս Ենոքյանի է»: Նման բացթողումներ կա՞ն ԱՄՆ-ում կամ Եվրոպայում քննված գործերով:

- Մեղադրյալն իրավունք ունի պատշաճ, օբյեկտիվ քննության: Դա ներառում է ԴՆԹ նույնականացումը, մատնահետքերի ու դատաբժշկական փորձաքննությունները, բժշկական և արյան հետքերի հետազոտությունները և այլն: Այս ամենը ցանկացած քաղաքակիրթ երկրում համարվում է նորմ:

- Դուք նշել էիք, որ մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի 4-րդ ցուցմունքը, որի պատճառով ես դատապարտվել եմ մահապատժի, չի համապատասխանում դատաբժշկական եզրակացությանը: Նշել էիք նաև, որ դատաբժշկի փորձաքննությունը չի համապատասխանում ժամանակակից գիտությանը: Ունե՞ք արդյոք տեղեկատվություն, թե հին գործերով արդյոք որքան գործ է բեկանվում ԱՄՆ-ում կամ Եվրոպայում՝ գիտական մեթոդների հնության հիմքով:

- Ցավում եմ, բայց գաղափար չունեմ: Միայն գիտեմ, որ դա տեղի է ունենում պարբերաբար:

- Առաջինը, որ հարցրել էիք իմ գործով զբաղվողներին, իրեղեն ապացույցների մասին էր: Երբ իմացաք, որ դրանք Հայաստանում չեն պահպանվում, ավելին՝ ոչնչացվում են դատավճռից հետո, ի՞նչ զգացողություն էր:

- Բնականաբար, դա շատ վատ է: Երևի թե գիտեք in dubio pro reo իրավբանական կանոնի մասին, որը նշանակում է, որ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Այն, որ իրեղեն ապացույցները ոչնչացված են, շատ դժվար է ձեզ համար ապացուցել, որ անմեղ եք, այն դեպքում, երբ համակարգը պետք է ապացուցի, որ մեղավոր եք: Դուք չեք ունեցել արդար դատաքննություն այս ամենի պատճառով:

- Ինչպե՞ս են ԱՄՆ-ում և Եվրոպայում պահպանվում իրեղեն ապացույցները: Ինչպե՞ս է այսօր գենետիկական փորձաքննությունը հեղափոխություն անում քրեական արդարադատության ոլորտում:

- Ապացույցների պահպանությունը քրեական գործի քննության հիմքն է: Իրեղեն ապացույցները տեսակավորված ու ամեն գործից հետո փաթեթավորված ձևով պետք է պահպանվեն ոստիկանության կողմից: Այդ ապացույցների պահպանման ժամկետները կախված են տեղական ոստիկանությունից: Հոլանդիայում ԴՆԹ ապացույցները պահվում են 30 տարի:

- Ձեր մասնագիտական գործունեության արդյունքում քանի՞ անմեղ քաղաքացու եք օգնել արդարացման դատավճռով ազատություն գալու:  

- Մոտավորապես տասը մարդու ենք օգնել, որոնք անարդար դատապարտված էին: Մենք աշխատել ենք բազմաթիվ գործերի վրա, որոնցով կարողացել ենք կասեցնել անօրեն դատապարտումները:

Շատ եմ ցավում Ձեզ բաժին հասած ծանր փորձության համար, հույս ունեմ, որ մի օր արդարությունը կվերականգնվի և Ձեր անունը կկարողանաք մաքրել:

Լավ մնացեք

Սելմա

Մեկնաբանություններ (3)

Դավիթ Մելքոնյան
Տղա ջան շարունակի պայքարդ։ Միայն այս գործի վերաբացումից վախեցող ու քո համառության ուժին նախանձողներն են խուսափում իրական արդարադատությունից։
Arsen
մեր ժողովուրդը լրիվ կորել ա նեգատիվի մեջ։ Այ Դավիդ Ռոմյան, այ Հակոբ Միրզախանյան, կմեռնե՞ք, որ տգեղ քոմենթներ չգրեք։ Իսկ դո՞ւք ինչ եք անում, որ պարապ ժամանակ չունեք, ազգի համար մեծ մեծ գործեր ե՞ք անում, որ էս տղու վրա էլ վայրահաչում եք։ Ամոթ ձեզ, ամոթ ձեր մարդկությանը, մեղք եք, մեղք։
Մերուժան
էս պետությունը չի կարգավորվի,քանի դեռ Ռոմյան-Միրզախանյանները մեծամասնություն էն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter