HY RU EN

Փող լվանալու մեխանիզմը՝ «Հայբիզնեսբանկից»

«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հետազոտվեցին ապացույցները:

Հիմնականում՝ հետազոտվում էին փաստաթղթեր, քանզի գործով այլ իրեղեն ապացույց ըստ էության չկա: Չնայած գործով մյուս մեղադրյալ՝ Մելիք Եսայանի մասն առանձնացվել է, սակայն ուսումնասիրվեց ապացույցների ողջ ծավալը:

Ի սկզբանե, հիշեցնենք, այս գործի հարուցման համար հիմք է հանդիսացել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրությունը՝ ուղղված ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին: Արթուր Բաղդասարյանն էլ իր գրությունը հիմնավորել է Իրանի դեսպանատնից ստացված գրությամբ, որը նույնպես հետազոտվեց:

«Սա ինչ-որ թերթ է, որը ոչ կնիք ունի, ոչ ստորագրություն, ոչ ձևաթղթի վրա է»,- դատարանի ուշադրությունը հրավիրեց գործով մեղադրվող Արա Կիրակոսյանը:

Նրա պաշտպան Հակոբ Ճարոյանն էլ հավելեց, որ ոչ Արթուր Բաղդասարյանը, ոչ Իրանի դեսպանատան որևէ ներկայացուցիչ չի հրավիրվել և հարցաքննվել, որևէ մեկը հաղորդում չի տվել: «Ես ինքս պաշտոնապես դիմել եմ ԱԱԽ-ին, ստացել եմ փաստաթուղթ, որ իրենց մոտ որևէ փաստաթուղթ չկա՝ ԻԻՀ-ի դեսպանատնից ստացված, որևէ գրություն մուտք կամ ելք չի եղել: Ես հանդիպել եմ Իրանի դեսպանին Հայաստանում, և դեսպանը նորից հավաստիացրել է, որ ինքը որևէ փաստաթուղթ ՀՀ ԱԱԽ չի ուղարկել»,-ասաց Հակոբ Ճարոյանը:

Ըստ այդմ, Հակոբ Ճարոյանի խոսքով, այս ապացույցը ոչ վերաբերելի է, և դրանով որևէ բան չի ապացուցվում: «Ինչ-որ մեկի կողմից գրված տեքստ, որով ինչ-որ ապացույցներ են փորձել բերել, որը չի հիմնավորվում, որ տրվել է ԻԻՀ-ի կողմից,-ասաց փաստաբանը,- մենք իբրև թե հետազոտեցինք փաստաթուղթ՝ գրված օտար լեզվով, բայց թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել քրեական գործում, հայտնի չէ»:

Փաստաբանը նկատի ունի, որ քրեական գործի հարուցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ծագման աղբյուրը հայտնի չէ, հայտնի չէ նաև նրանց ստացման ճանապարհը՝ արդյոք օրինական, թե անօրինական է եղել: Հետևաբար, ըստ Արա Կիրակոսյանի պաշտպանի, դրանք օրենքի խախտումներով ձեռք բերված փաստաթղթեր են և չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Հետազոտվեցին նաև ՌԴ-ում կատարված քննչական գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ «Միր բիզնես բանկ»-ի, «Սբերբանկի», «Հայբիզնեսբանկի» և իրանական «Քիշ ինթերնեյշընլ բանկ»-ի միջև նամակագրությունները և բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը՝ խնդրահարույց 10 մլն եվրոյի փոխանցումների վերաբերյալ: Մասնավորապես, հետազոտվեց «Միր բիզնես բանկ»-ի գրությունը՝ ուղղված «Հայբիզնեսբանկին», որտեղ նշվում է, որ շահառուն չի ստացել 1 մլն և շուրջ 10 մլն եվրոն: Նկատի ունենալով, որ «Հայբիզնեսբանկի» ստացած գումարը չի փոխանցվել շահառուին, «Միր բիզնես բանկը» գրությամբ «Սբերբանկից» (որը եղել է միջնորդ) խնդրել է խնդրո առարկա գումարը հետ պահանջել «Հայբիզնեսբանկից», իսկ «Սբերբանկը» swift գրությամբ «Հայբիզնեսբանկից» պահանջել է անվավեր ճանաչել փոխանցումը և հետ վերադարձնել գումարը:

«Հայբիզնեսբանկը», ի պատասխան, հայտնել է, որ 2012թ. հունիսի 4-ին այդ գումարը փոխանցվել է համապատասխան հաշվեհամարին՝ առանց նշելու հաշվեհամարի տվյալները: «Միր բիզնես բանկի» ղեկավարները, խնդրին հետամուտ լինելու նպատակով, ի վերջո, այցելել են Հայաստան: 2013թ.-ի ապրիլին «Հայբիզնեսբանկի» ղեկավարները հանդիպման ժամանակ ներկայացրել են իբրև «Միր բիզնես բանկից» ստացված գրության պատճեններ և հայտարարել, որ այդ գրությունների հիման վրա գումարները «Միր բիզնես բանկի» կարգադրությամբ փոխանցվել են «Ալֆա ջեներալ թրեյդինգ» ընկերության հաշվին: Սակայն «Միր բիզնես բանկը» ամբողջովին հերքել է նման գրության և կարգադրության գոյությունը: Սակայն «DHL» փոստային ծառայությամբ Մոսկվայից նման փաստաթղթեր ուղարկվել է ՌԴ քաղաքացու կողմից: Ավելին, այդ փաստաթղթերը նոտարական վավերացում են ունեցել: Սակայն քննչական գործողությունների շրջանակներում ՌԴ նշված նոտարին ևս հարցում է ուղարկվել, և նոտարը հերքել իր կողմից նմանատիպ փաստաթղթերի նոտարական վավերացման փաստը:  Այսինքն՝ այդ փաստաթղթերը հետագայում կեղծ են ճանաչվել:

Հաջորդ դատական նիստին նույնպես պետք է հետազոտվեն ապացույց-փաստաթղթերը: Վկաների հարցաքննությունը նախատեսված է դրանից հետո:

Հիշեցնենք՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։