
Արտադրված է Հայաստանում. Արարատի մարզի արդյունաբերության 30%-ը ծխախոտի արտադրությունն է
Շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք ՀՀ Արարատի մարզին։ Հիշեցնենք՝ նպատակն է ներկայացնել, թե վերջին 10 տարում Երևանի ու մարզերի արդյունաբերության ոլորտում ինչ փոփոխություններ են գրանցվել, ներկայում որ ճյուղերն են ավելի ակտիվ, որոնք ՝ թույլ կամ զրոյական դիրքերում։ Եվ թե ինչ ազդեցություն են ունեցել այս ոլորտի փոփոխություններն աշխատանքի շուկայի վրա։
Արարատի մարզի տնտեսության հիմքն ու գերակա ճյուղն այսօր գյուղատնտեսությունն է։ Իսկ արդյունաբերությունը, չնայած վերջին տարիներին գրանցված առաջընթացին, դժվար է ասել, թե ակտիվ է, առավել ևս՝ զարգացած, քանի որ առաջընթացին նպաստել է միայն մշակող արդյունաբերության մի քանի ճյուղ։
2015 թվականին Հայաստանի արդյունաբերության 10,4%-ն ապահովել է Արարատի մարզը։ Արտադրանքի ծավալն, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), համադրելի գներով կազմել է 140 մլրդ դրամ։ Այդպիսով, արդյունաբերության ծավալներով Արարատի մարզը, նախորդ տարվա դրությամբ, չորրորդն է հանրապետությունում։
2014 թվականի համեմատ Արարատի արդյունաբերությունը 5,5% աճ է գրանցել։ Բայց դա գոհացնող ցուցանիշ չէ, քանի որ հիմնական նպաստողը արտադրության միայն երկու ճյուղերում գրանցված աճն է։ Դրան էլ գումարած՝ մնացած ճյուղերի մեծ մասը շարունակում է պասիվ մնալ։
Առաջին տեղում մշակող արդյունաբերությունն է
Արարատում համեմատաբար ակտիվ է մշակող արդյունաբերությունը։ Ավելի կոնկրետ՝ վեց ճյուղ։ Սակայն նախորդ տարի, 2014 թվականի համեմատ, միայն ծխախոտի և թղթի արտադրությունն է աճել, մնացած չորսի մասով նվազում է գրանցվել։ Մասնավորապես, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունն աճել է 31,6%-ով, թղթի և թղթե արտադրատեսակներինը՝ 38,8%-ով։
Իսկ սննդամթերքի արտադրությունը նվազել՝ 10,2%-ով, խմիչքինը՝ 4,6%-ով, հիմնային մետաղներինը՝ 18%-ով, ոչ մետաղական հանքային արտադրատեսակներինը (ցեմենտի, կրի, ասբոցեմենտային իրերի արտադրություն, քարի կտրում և վերամշակում) ՝ 6,6%-ով։
Հիմնականում ծխախոտի արտադրության գրանցած աճի շնորհիվ է, որ Արարատի մարզում մշակող արդյունաբերության ընդհանուր ցուցանիշը մեկ տարում աճել է 3,7%-ով։ Նպաստել է նաև թղթի արտադրությունը։
Ստացվում է, որ ծխախոտի արտադրությունը նախորդ տարի զբաղեցրել է Արարատի ամբողջ արդյունաբերության մոտ 30%-ը, իսկ միայն մշակող արդյունաբերության՝ ավելի քան 32%-ը։ Վերջին հինգ տարում այն Արարատում անշեղորեն աճել է։ Նշանակալի ծավալների է հասել 2012-ից։
Հայաստանում ծխախոտի արտադրությամբ զբաղվող երեք խոշոր գործարաններից երկուսը՝ «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ»-ն և «Մասիս Տոբակո»-ն, գործում են Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Ընդհանուր ցուցանիշներով՝ նախորդ տարի Հայաստանում արտադրված ծխախոտային արտադրատեսակների ավելի քան 42%-ը բաժին է ընկել Արարատի մարզին։
Արարատում գրեթե զրոյական դիրքերում են հագուստի, կաշվի, կահույքի այլ արտադրություններ։
Ինչ են խոսում թվերը վերջին 10 տարվա մասին
Ակնհայտ է, որ վերջին 10 տարում Արարատի մշակող արդյունաբերության ծավալներն ավելացել են։ Բայց, ինչպես նշեցինք, այն կենտրոնացված է մի քանի ճյուղի շուրջ։ Ներկա դրությամբ չի օգտագործվում մարզի իրական պոտենցյալը։ Տնտեսության հիմք հանդիսացող գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է խաղողագործության, պտղաբուծության և բանջարաբուծության մեջ: Դա լավ նախապայման է սննդամթերքի և խմիչքների արտադրության ծավալների աճի համար։ Բայց նախորդ տարի երկու ճյուղերի մասով էլ անկում է արձանագրվել։ Եվ դա այն դեպքում, երբ տարին գյուղատնտեսության համար նպաստավոր էր։ Դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ արտադրության ոլորտում խոչընդոտները բազմաթվ են՝ կապված մրցակցության, հարկային քաղաքականության, էլեկտրանէներգիայի ու գազի վճարների, վարկերի մարման և այլն։ Դրա մասին արտադրողները բազմիցս բարձրաձայնել են։ Դա ոչ միայն Արարատի մարզին է բնորոշ, այլև՝ ամբողջ հանրապետությանը։
Տվյալները` ԱՎԾ «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության երկնիշ դասակարգման, ըստ մարզերի և ք. Երևանի» հրապարակումների։
Քաղաքների ու գյուղերի արդյունաբերական վիճակի վերաբերյալ քաղաքացիների հետ զրույցներն ու հարցումներն հաճախ ավելին են ասում, քան պաշտոնական տվյալները։ Նախորդ տարի «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը հարցում է անցկացրել 900-ից ավելի արարատցիների շրջանում։ Հարցվածների միայն 2,8%-ն է նշել, որ մարզում ամենազարգացած ոլորտն արդյունաբերությունն է, իսկ 7,2%-ը գտնում է, որ այն ամենաթերզագացածն է մարզում։ Արդյունաբերության զարգացվածության ցուցանիշի միջին գնահատականը, որի առավելագույնը 10-ն, Արարատի մարզի համար կազմել է 4,1: Հարցվածների 31,9%-ը գտնում է, որ այս ոլորտը Արարատում զարգացման պոտենցյալ ունի։ Իսկ այն հարցին, թե հնարավորության դեպքում ո՞ր ոլորտում կցանկանայիք աշխատել, հարցվածների 14,8%-ը պատասխանել է՝ արդյունաբերության ոլորտում։ Այս հարցում, ի դեպ, արդյունաբերությունն առաջատարն է։ Ըստ հարցված փորձագետների, մարզի տնտեսության զարգացման երեք հիմնական հավանական տարբերակներից մեկն է գործարանների բացումը՝ այն հիմնավորմամբ, որ մարզում հիմնական խնդիրը գործազրկությունն է, ինչի հետևանքով շատերը հեռանում են, իսկ գործարանների բացումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Դատելով Հայաստանի խոշոր հարկատուների 2015 թվականի ցանկից՝ Արարատի մարզի ամենախոշոր ընկերությունը «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ»-ն է։ Մյուսը ստվարաթղթե արկղերի արտադրությամբ ու տպագրական արտադրանքով զբաղվող «Գրանդ Մաստեր»-ն։ Արարատի մարզից Հայաստանի առաջին 100 խոշոր հարկատուների մեջ է նաև սննդամթերքի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն»-ը և ցեմենտ արտադրող «Արարատցեմենտ»-ը։ Արտադրողներից խոշորների ցանկում են նաև «Արտաշատի պահածոների գործարան»-ը, «Ավշարի գինու գործարան»-ը, «Վեդի-Ալկո»-ն, «Արարատի գինու գործարանը»-ը, «Արարատ գրուպ»-ը, «Մասիս Տոբակո»-ն, «Մխչյան Ֆիշ Ֆուդ»-ը, «Շահարտ»-ը, «Ավո ֆուդ»-ը, «Արտաշատ Վինկոն»-ը և այլն։ Իսկ հանքարդյունաբերության ոլորտում առավել հայտնի է Արարատի ոսկու կորզման գործարանը։
Արարատում գործազուրկների թիվն ավելացել է
Եթե հավատանք ԱՎԾ-ին հրապարակումներին, ապա՝ Արարատի մարզում 2015-ի սկզբի դրությամբ ապրում է 260,1 հազ. մարդ: Տարվա վերջի դրությամբ մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմել է ավելի քան 6,3 հազ.։ Նրանցից ավելի քան 5,6 հազարը գործազուրկ են։ Մեկ տարի տարի առաջ գործազուրկների թիվը կազմել է 4,3 հազար, իսկ հինգ տարի առաջ՝ 3,1 հազար։
Գործազրկության թեման, իհարկե, բավականին ծավալուն է և դրա ցուցանիշը կախված է բազմաթիվ հանգամանքներից։ Այս դեպքում արդյունաբերության վիճակն այդ հանգամանքներից մեկն է միայն։ Բացի այդ, պաշտոնական տվյալները հաճախ չեն արտացոլում գործազրկության իրական մակարդակը և գործազուրկների թիվն իրականում ավելի մեծ է լինում, քան ներկայացվում է։ Ամեն դեպքում, ստացվում է, որ մարզում արդյունաբերության աճին զուգահեռ գործազրկությունը չի կրճատվել։
Մեկնաբանել