
Առաքել գյուղի մանկապարտեզը կարող է փակվել
Ռուզաննա եւ Էլեոնորա քույրերը սովորում են տարրական դասարանում:
Ռուզաննան ասում է, որ դպրոցում ձանձրալի է, եւ դասերից հետո իրենք միշտ գալիս են իրենց մանկապարտեզը: «Մեկ-մեկ էլ դասերից ենք փախչում, գալիս այստեղ», - շշնջում է նա:
Հադրութի Առաքել գյուղի «Բողբոջ» մանկապարտեզը երկրորդ տուն է ոչ միայն այս քույրերի եւ այլ երեխաների, այլեւ շատ ծնողների համար, ովքեր հաճախ են այցելում այս մանկական աշխարհը՝ թոթափելու առօրյա հոգսերը:
142 բնակիչ ունեցող գյուղում, ուր կյանքը հոսում է դանդաղ եւ միապաղաղ, իսկ երեխաները չունեն այլ զբաղմունք, քան վազել անասունի ետեւից կամ թափառել փողոցներում, մանկապարտեզի նշանակությունն ավելի է մեծանում: Մանկապարտեզը հեռվից աչքի է ընկնում պատուհանների ապակիներին փակցված վառ ծաղիկներով: Աշնանը ծաղիկներին փոխարինում են դեղին ու կարմիր տերեւները, ձմռանը՝ սպիտակ ձյունիկները: Մանկապարտեզի եւ՛ արտաքին, եւ՛ ներքին հարդարանքով երեխաները զբաղվում են դաստիարակչուհիների հետ հավասարապես:
Երեխաները «Բողբոջում» անցկացնում են ժամը 9.00 -13.00 -ը: 11.00-ին նրանց տալիս են թեյ եւ քաղցրավենիք: Մանկապարտեզում երկու սենյակ կա՝ կապույտ եւ վարդագույն՝ ավագ եւ կրտսեր խմբերի համար: Երեխաներին դասավանդում են մայրենի լեզու եւ տարրական թվաբանություն: «Ուսման տարվա» վերջում երեխաները կազմակերպում են այբբենարանի հանդես: Փոքրիկները նշում են բոլոր տոները, իրենց ձեռքով են պատրաստում դեկորացիաները, նկարում են, ասեղնագործում: Այգում երեխաները դաստիարակչուհիների հետ տնկել են տասնվեց մրգատու ծառ:
Յուրաքանչյուր երեխա այստեղ ունի իր ատամի խոզանակը, բաժակը, հողաթափերը եւ վերնաշապիկը: Մանկապարտեզի տնօրեն Նուշիկ Ղարամանյանն ասում է, որ ոչ բոլոր երեխաներն են ապրում միեւնույն սոցիալական պայմաններում, եւ ոչ բոլոր մայրերն են ի վիճակի գեղեցիկ հագցնել իրենց երեխաներին, իսկ այսպես նրանք չեն տարբերվում միմյանցից:
Սակայն «Բողբոջ» մանկապարտեզը կարող է շուտով փակվել, եթե չգտնվեն հովանավորներ: Այն բացվել է 2003 թվականին կանադահայ բարեգործ Անի Բոյաջյանի կողմից: Մանկապարտեզը երկու տարի պետք է ֆինանսավորեր «Երկիր» հասարակական կազմակերպությունը, այնուհետեւ այն պետք է փոխանցվեր պետության հովանավորությանը:
«Մենք դիմեցինք կառավարությանը, եւ մեզ պատասխանեցին, որ մանկապարտեզը ֆինանսավորել չեն կարող ֆինանսների բացակայության պատճառով,- ասում է Նուշիկ Ղարամանյանը:- «Երկրի» նախագահ Սեւակ Արծրունին շարունակեց պահել մեզ, ափսոսաց, որ նման հրաշալի մանկապարտեզը կարող է փակվել: Բայց հիմա իր ռեսուրսներն էլ են վերջացել: Սկզբում նա մեզ տալիս էր ամսական 500000 դրամ, հետո իջեցրեց մինչեւ 200000: Եթե հովանավոր չգտնենք, մանկապարտեզը ստիպված կլինենք փակել»:
Նմանատիպ մանկապարտեզ եղել է նաեւ հարեւան Նորաշեն գյուղում: Այն գործել է 2-3 տարի եւ փակվել ֆինանսական պատճառներով: Առաքելցի երեխաների ծնողներն ասում են, որ ցանկանում են ամեն գնով պահպանել մանկապարտեզը: Այնտեղ իրենց երեխաներն ապահով են եւ խնամված: Թե չէ` ամբողջ օրը կվազվզեն փողոցներով եւ անտառներով, որտեղ թունավոր օձեր կան:
Տիկին Նուշիկը պատմում է, որ մեկ տարի ողջ աշխատակազմն աշխատեց ամսական ընդամենը 12000 դրամ աշխատավարձով: Հետո որոշեցին մանկապարտեզը վճարովի դարձնել՝ մեկ երեխայի համար ամսական 1500 դրամ, եւ այդպիսով գոնե ինչ-որ կերպ փոխհատուցել ծախսերը: Մանկապարտեզ հաճախում է 12 երեխա, ոչ բոլորն են ունակ վճարելու, բայց դրա պատճառով դռները նրանց առջեւ չեն փակվում: Այնպես որ, ինքնաֆինանսավորման փորձը հաջողություն չունեցավ:
Տիկին Նուշիկն ասում է, որ այնքան է օգնության խնդրանքով դիմել տարբեր կազմակերպությունների եւ անհատների, որ ադեն անհարմար է զգում:
««Հայ օգնության միությունն» էլ մերժեց մեզ, ասացին, որ իրենց օրենքներով մանկապարտեզում պիտի առնվազն 35 երեխա լինի»,- ասում է մանկապարտեզի տնօրենը:
Առաջ մանկապարտեզը մեքենա ուներ, որը հարեւան գյուղերից էլ էր երեխաներին բերում այստեղ: Նոր տարուն այդ մեքենայով Ձմեռ Պապն ու Ձյունանուշը շրջում էին գյուղերով եւ նվերներ բաժանում երեխաներին: Մեքենայից էլ են զրկվել ֆինանսական պատճառներով:
«Բացի այդ,- ասում է տիկին Նուշիկը,- եթե մանկապարտեզը փակվի, վեց մարդ կզրկվի աշխատանքից»:
Երեք դաստիարակչուհիները ստանում են ամսական 25.000-ական, պահակը՝ 18.000, խոհարարը՝ 18.000, տնօրենը՝ 56.000 դրամ աշխատավարձ:
Ինքը՝ տիկին Նուշիկը, Առաքել գյուղից է: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նրա ընտանիքը տեղափոխվել է Երեւան: Պատերազմից հետո Նուշիկը վերադարձել է Առաքել հոր եւ որդու հետ: «Ի՞նչ է, իզու՞ր են այդքան արյուն թափել այս հողի վրա»,- ասում է նա:
«Ես կկարողանամ ապրել այստեղ: Ես ավարտել եմ Երեւանի պոլիտեխնիկական համալսարանը եւ Ստեփանակերտի մանկավարժականը,- ասում է տիկին Նուշիկը: -Երկու բարձրագույն կրթությամբ առանց գործի չեմ մնա: Բայց մյուսներն ի՞նչ պիտի անեն»:
Դաստիարակչուհի օրիորդ Լիլիթն ասում է, որ չի ուզում հեռանալ գյուղից, բայց «սոված փորով» երկար ժամանակ չես ապրի, իսկ այլ աշխատանք գյուղում իր համար դժվար թե հաջողվի գտնել: Միակ հնարավորությունը դպրոցում աշխատելն է, սակայն այնտեղ նոր կադրերի կարիք չունեն:
«Ամսական ընդամենը 200.000 դրամով մենք կկարողանանք պահպանել մանկապարտեզը եւ մեր աշխատողներին, հակառակ դեպքում նրանք կարող է լքեն գյուղը»,- համոզված է տիկին Նուշիկը:
Մեկնաբանել