HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խելագարության, ծխախոտի ծխի ու տեսակցության մասին կամ Կամսարի բանտը՝ շուրջ 100 տարի անց

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ուսման, աշխատանքի, թարգմանությունների շնորհիվ անընդհատ զբաղված եմ լինում:

Եվս մի քանի օր, և կփոխադրվեմ իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի չորրորդ կուրս: Մյուս շաբաթ դասախոսները նորից կմտնեն կլոր բանտ, և ես քննություններ կհանձնեմ երեք առարկայից՝ քրեական, քաղաքացիական ու միջազգային իրավունքից: Մինչ քննությունները հանձնելը ավարտել եմ իմ քրեական գործի օրինակով դատական սխալների թեմայով կուրսային աշխատանքը:

Եվս մի քանի էջ, ու կվերջացնեմ Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի ռուսերեն թարգմանությունը: Մի գործ, որը օգնում է տող առ տող զգալ, վերապրել Կամսարի մոտ 100 տարի առաջ ապրածը: Ամեն դրվագը կարդալով, թարգմանելով՝ զարմանում եմ, մտածում, որ Կամսարը մոտ 100 տարի առաջ գրել է ճիշտ ու ճիշտ մեր օրերի բանտի մասին:

Տեսակցությունը բանտում կամ սերը՝ տարին մեկ անգամ

Ահա, թե ինչ է գրում Լեռ Կամսարը բանտային տեսակցությունների մասին.

«Վաղը տեսակցության օր է: Ամիսը մեկ անգամ և ընդամենը տասը րոպե: Տարին երկու ժամ, երեք տարին վեց ժամ: Ուրեմն` տասը րոպե: Տեսակցությանը կսպասիմ կնոջս, երեք երեխաներուս, քրոջս և իր հարսին: Կբաժնեմ այդ րոպեներն այսպես: Մեկական րոպե համբուրեմ երեք երեխաներուս սա քեզի երեք րոպե: Մնաց յոթ: Մեկական րոպե քրոջս ու իր հարսին ինչպե՞ս եք հարցնեմ ու պատասխան առնիմ: Սա եղավ հինգ րոպե: Մինչ այդ, ըստ սովորականին կինս պիտի վերջացուցած ըլլա իր լացը: Վեցերորդ րոպեին պետք է արցունքը սրբե և ախ մը քաշե` ամենաշատը մեկ րոպե երկարությամբ… թե՞ երեխաներուս չհամբուրեմ: Թե՞ քրոջս ու հարսիս որպեսությունը չհարցունեմ: Կարելի է նաև տղոց մեկական երեսը համբուրել միայն քիչ մը ամուր:

Չեմ գիտեր, շվարել կեցեր եմ»:

Գրեթե ոչինչ չի փոխվել: Նույն պատժիչ մեքենան է: Մահապատժի տարիներին ընդամենը մեկ անգամ էին տարեկան թույլատրում հարազատներին հանդիպել, այն էլ կեղտոտ երկու շերտանի ապակիների հետևից, մոտ մեկ մետր հեռավորության վրա: Իսկ 2004 թ-ից սկսած տարեկան ընդամենը մեկ անգամ կարելի է երկարատև հանդիպում ունենալ:

Հիմա կառավարությունը նախագիծ է մշակել ու որոշել, որ արդեն տասը տարի պատիժ կրողները ոչ թե մեկ, այլ երկու անգամ կարող են մինչև երեք օրով տեսնել հարազատներին: Բայց այս օրինագիծը, վստահ եմ, որ երկար ժամանակ օրենքի ուժ չի ստանա: Փորձն է այդպես վկայում: Հո Սանհամադրություն չի, որ մի քանի ամսում խախտումներով ու քաղաքացիների փոխարեն քվեարկելով անցկացնեն:

Անգլիայի բանտերի մասին էի կարդում, որտեղ ցմահ բանտարկյալները ամսական երկու անգամ տեսակցում են հարազատների հետ, իսկ զանգի իրավունք ունեն օրական երեք անգամ: Եվ սա ամենախիստ ռեժիմի բանտում: Նրանք նաև ցածր աշխատավարձով աշխատում են բանտի տարածքում:

Ուզում եմ հասկանալ՝ ինչ նպատակ է հետապնդում պետությունը բանտարկյալին ընտանիքի անդամներից հեռացնելով: Ցույց տվեք մի գիտական հետազոտություն, որտեղ նշվի, որ ընտանիքի հետ կապը բացասական է անդրադառնում բանտարկյալի վրա: Իմ կարծիքով սա քողարկված մեխանիզմ է, որով բանտարկյալներին ուզում են կտրել իրենց ընտանիքներից, քանի որ ընտանիքը հասարակության հետ կապող առաջին շղթան է:

Աչքիս առաջ է գալիս «Սպարտակ» ֆիլմից այն դրվագը, երբ Սպարտակի և մյուս գլադիատորների վանդակների մեջ ընդամենը մի քանի հաշված րոպեներով թույլատրում են իրենց կանանց մտնել: Դաժան հսկիչներն էլ կանգնած նայում են և թեժ, կարոտալից համբյուրների պահին կտրուկ ընդհատում են հանդիպումը և կանանց դուրս տանում: Այսինքն՝ իշխանությունը տարբեր ժամանակներում դիմակներ է հագնում, բայց իր ստրկատիրական էությունը հազարամյակներ շարունակ չի փոխում:

Ծխախոտի ծուխը բանտում

Կամսարը գրում է նաև ծխախոտի ծխի մասին.

«Ծխախոտի տոպրակները յուրաքանչյուր կալանավոր կախել է իր գլխու վերևը: Նայելով այդ տոպրակներու ահարկու շարքին` կմտածեմ, թե ինչպես կամաց-կամաց պիտի շնչեմ այս բոլորը: Երանի հնար ըլլար բոլորը մեկ անգամեն վառել, շնչել ու ազատվել այդ մղջավանջեն»:

Մանկուց տանել չեմ կարողացել ծխախոտի ծուխը, ինքս չեմ ծխել երբևէ: 20 տարեկանում հայտնվեցի «Նուբարաշեն» կլոր գերեզմանոցում, որտեղ կալանավորվածների ու դատապարտվածների 99 տոկոսը ծխող մարդիկ էին ու են: 20 տարի այստեղ պայքարել եմ չծխելու, ինձ ծխողներից առանձին պահելու համար:

Խելագարությունը բանտում

Լեռ Կամսարի հուշերում էլ կա խելագարության հասցնող բանտի պատկերը.

«Մարտի 19. – Ի՞նչ բան է սա: Սամսոնն կատաղեր է այս գիշեր. կերգե, կխնդա, կխաղա ինքն իր հետ և աշխարհի բոլոր կենդանիներու ձայները կհանե: Պատահեցավ կռիվ այս առթիվ, վասնզի բոլորս քնել կուզենք: Ուժ ունեցողները զարկին, չունեցողներն հայհոյեցին, խելահասները խրատեցին`չեղավ ու չեղավ:

Ան ատեն գլուխս վեր վերցուցի ու հարցուցի.

-Սամսոն, քանի երեխա ունիս:

-Չորս, - պատասխանեց Սամսոնն ու լռեց հանկարծ:

Քիչ մը վերջ լսվեց Սամսոնի առաջին ախը, հետո երկրորդը, երրորդը…»

Ես էլ եմ տեսել մարդիկ, որոնք խելագարվել են անազատության մեջ, կորցրել իրականության զգացողությունը, երևակայական աշխարհ սարքել իրենց համար ու ապրել այնտեղ: Ալյումինե գդալներ հավաքողի ու գեներալի սիմուսի մասին պատմությունները գրել եմ, եթե հիշում եք: Գրել եմ նաև Նադոյի (անունը փոխել եմ) մասին, որը ամեն օր երևակայում էր, թե բանտի խցում լիճ ունի, որտեղից ձկներ է բռնում: Երկար, ժամեր նա նստում էր մի փայտի կտոր ձեռքին ու ասում, որ խցում ոչ մեկը չշարժվի, թե չէ ձկները կփախնեն: Մեկն էլ կա, արդեն 23 տարի բանտում է, պայմանական ազատել մերժեցին: Ասում են՝ կորցրել է մտածելու կարողությունը: Երկար ու անշարժ հենվում է խցի պատին ու նայում մի կետի:  

Հ.Գ. Չգիտեմ՝ որտեղ եմ կարդացել, բայց հիշում եմ, որ կան երկրներ, որտեղ ապագա դատավորները պետք է մի քանի օր անցկացնեն բանտախցում: Սա արվում է նրա համար, որ դատողն իր մաշկի վրա զգա, թե ինչ է անազատությունը, նոր կայացնի մեղադրական դատավճիռներ ազատազրկման ձևով: 

Մեկնաբանություններ (1)

Ashot Gevorgyan
Մհեր, սիրելի, հեռավոր հայրենակից չընկճվես, շարունակիր լավ գործերդ։ Դու չորս պատի մեջ շատ ավելին ես անում, քան հազաարվոր մարդիկ ազատության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter