Քրիս Ռի. Ես ռոք աստղ չեմ, պարզապես սիրում եմ երաժշտությունը
Նաիրա Հայրապետյան
Անգլիացի երգիչ և կիթառահար Քրիս Ռիին հնարավոր է վայրկյանների ընթացքում ճանաչել՝ շնորհիվ իրեն բնորոշող խռպոտ ձայնի և կիթառի հանդարտ, սահուն նվագի: «Քրիս Ռիի ձայնը նման է տափաստաններում վառված կրակի ծխի կամ պողպատից և կայծքարից դուրս թռչող բոցի: - գրում է «AllMusic»-ը,- Այն զուգորդվելով իր ամուր և ճաշակով գրված ստեղծագործությունների հետ՝ ունկնդրին քաշում է դեպի երգը՝ ազդելով ոչ թե միայն լսողության վրա, այլև՝ ամբողջությամբ գրավելով միտքը»:
Նրա ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ ունեն նաև այս բնորոշումները ամբողջացնող երգեր, որոնք լիովին նկարագրում են այս արտիստի ոճն ու երաժշտական դիմապատկերը: Դրանցից մեկն էլ «Looking For The Summer»- ն է՝ կյանքի անցնող ակնթարթների միջով երջանկության կաթիլները բռնելու և միաժամանակ անգիտակցաբար բաց թողած լինելու ափսոսանքի զգացումով:
Քրիս Ռիի գործունեությունը երաժշտական ասպարեզում թեև սկսվել է 70-ականներից, սակայն լիակատար հաջողության նա հասել է 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին, երբ թողարկում էր արդեն 10-րդ ստուդիական ալբոմը: Այս շրջանում լույս տեսած երկու ալբոմների շնորհիվ նա ճանաչման և հաջող գործունեության առումով, իսկապես, բարձունքներ նվաճեց: Նախ՝ 1989թ. լույս տեսավ «The Road To Hell»-ը, որը, շատերի համոզմամբ, մինչ օրս նրա լավագույն աշխատանքներից մեկն է: Այս ալբոմով սկսվեց նրա հաջողության հաղթարշավը: «The Road To Hell»-ին երկու տարի անց հաջորդեց երկրորդ հաջողակը՝ «Auberge» ֆրանսալեզու խորագրով: Այն հասավ բրիտանական հիթ-շքերթների բարձրագույն հորիզոնականներին՝ դառնալով տարվա առաջատար ալբոմը նաև եվրոպական մի շարք երկրներում: ՝ «Auberge»-ը շարունակեց երաժշտասերների ուշադրության կենտրոնում պահել երգչին և նրա հին ու նոր ստեղծագործությունները: Նախորդ և նոր ալբոմում ընդգրկված երգերը 90-ականներին ունկնդիների ամենասիրելի հավաքածուներում էին, ռադիո և հեռուստաեթերների անբաժանելի ուղեկիցները, իսկ Քրիս Ռին՝ երաժշտական աշխարհում առանձնահատուկ վոկալով և հանդարտ ու երբեմն մեղմ բլյուզով հայտի ռոք աստղը: «Auberge»-ը հայտնի դարձավ իր մի քանի հիշարժան հիթերով՝ « Heaven», «Looking For The Summer», «And You My Love» և « Winter Song»: Վերջինս նույն տարում թողարկվել է առանձին սինգլով և ավելի ուշ է ընդգրկվել ալբոմի կազմում:
«Looking For The Summer». չափազանց գեղեցիկ և քրիսռիյան յուրահատուկ թախիծով լեցուն այս երգում շատերի, այդ թվում և իմ համոզմամբ՝ ակնհայտ է երգչի ներկայությունը: Իհարկե, ինչպես ալբոմի բոլոր երգերի, այդ թվում և «Looking For The Summer»-ի հեղինակը Ռին է, սակայն երգում նրա ներկայությունը անմիջական է ինքն իրեն պատկերելու իմաստով: Հարցազրույցներից մեկում նա էլ ասել է, որ երգի գաղափարը ծագել է այն պահից հետո, երբ ինքը հետևում էր բակում խաղացող դստերը՝ մեկ այլ հայտնի երգի հերոսուհի Ժոզեֆինին: Աղջիկը զվարճանում էր գնդակի հետ խաղալով: Հետո պատահաբար նետում է այն ցանկապատից դուրս ու մոտենալով ցանկապատին՝ հանկարծ սկսում է ուշադիր զննել փողոցի անցուդարձը: Այլ կերպ ասած՝ փոքրիկը սկսում է հետևել մի կյանքի, որը բաժանված էր բակից ընդամենը մեկ ցանկապատով: Նայելով նրան՝ Ռին մտածում է, որ իր փոքրիկ աղջիկը սկսել է մեծանալ: Այդ պատկերը ալեկոծում ու խառնում է երգչի զգացմունքները, որոնք ավելի ուշ նա արտահայտում է «Looking For The Summer» երգի տեքստում:
«Այս դեպքում երգի հիմնական գաղափարը կայանում է հետևյալում,- մի քանի տարի անց՝ անդրադառնալով երգի տեքստին՝ բացատրում է Ք. Ռին,- Տղան հայացքով հետևում է դստերը, ով այդ պահին համարյա իր պատանեկության շեմին է. նա արդեն իր այն փոքրիկ աղջիկը չէ այլևս: Եվ տղան տեսնում է, թե ինչպես է նա շրջվում ու հայտնվում իր ամռան հետևից գնալու ճանապարհին: Իր դստրիկը՝ դեռևս գարուն, արդեն փնտրում է ամառը, և ահա ինքը՝ արդեն աշուն»: Հետո Ռիի հերոսը հետադարձ հայացք նետելով անցյալին՝ հիշում է, թե ինչպես էր ինքն իր ամառը փնտրում: Ու հասկանում, որ այն լի է եղել կնոջ հետ բազմաթիվ վեճ-կռիվներով, և որ նրանք միմյանց ավելի ու ավելի էին ցավ պատճառում, քանի դեռ երկուսն էլ փնտրում էին իրենց ամառը: Հերոսը հանկարծ հասկանում է նաև, որ ինքը, շատ հարցերում, դեռ շարունակում է փնտրել իր ամառը:
… And still I stand this very day
With a burning wish to fly away
I՚m still looking, looking for the summer …
«Ես երաժշտության մեջ մտա միայն մի պատճառով՝ սիրում եմ այն, ոչ թե որովհետև ուզում էի հայտնի և հարուստ դառնալ…- ասում է Քրիս Ռին,- Ես ռոք-աստղի նշույլ անգամ չեմ կրում իմ մեջ… ռոք-աստղի կենսակերպում ես ամենաշատը արհամարհում եմ այն, որ երաժշտության պակաս կա նրանում: Երբ օրվա մեծ մասդ անցնում է հյուրանոցներում շրջագայելով, հարցազրույցներ տալով, սիրալիր լինելով մարդկանց հետ, և եթե հաջողակ էլ ես, կարող ես մի քիչ էլ երաժշտություն խցկել այնտեղ: Երաժշտի օրը երաժշտությունից է բաղկացած»:

«Auberge»-ից հետո, չնայած առողջական լուրջ խնդիրներին, Քրիս Ռին ակտիվ գործունեություն է ծավալել: Մինչ օրս թեև նա թողարկել է երկու տասնյակից ավել ալբոմներ՝ այդ թվում տարբեր հավաքածուներ, ունկնդիրներին նվիրել նոր ու սիրելի դարձած երգեր, այնուամենայնիվ, «Looking For The Summer»-ը շարունակում է մնալ նրա ամենաճանաչված ու հայտնի, գրեթե այցեքարտային երգերից մեկը: Այն ալբոմի կազմից դուրս թողարկվեց առանձին սինգլով և տեսահոլովակ նկարահանվեց: Տեսահոլովակում երաժշտի երկրպագուները կարող են տեսնել սպորտային ավտոմեքենաների մեծ սիրահար Քրիս Ռիի սեփական ավտոմեքենան:
Այսօր նրա նախասիրությունը մեքենաներից շրջվել է դեպի նկարչություն և նոր հրատարակությունները երբեմն ձևավորվում են սեփական նկարներով:
«Ես երբևէ չեմ եղել ո՛չ ռոք աստղ, ո՛չ էլ փոփ աստղ, երբեք,- ասել է երաժիշտը հարցազրույցներից մեկում,- իսկ իմ հիվանդությունը եղել է իմ հնարավորությունը՝ երաժշտության մեջ անելու այն, ինչ ցանկացել եմ անել… կենտրոնանալ այն բաների վրա, որոնք իրապես հետաքրքրել են ինձ: Իմ տանը ես չեմ պահում որևէ ազդագիր կամ հիշատակի իրեր: Իմ «ոսկե» ձայնագրությունների մեծ մասը ես տրամադրել եմ բարեգործական նպատակների ծառայեցնելու համար. այնպես որ, պատերին ոչինչ չկա փակցված:
Այս տարիների ընթացքում ես սովորել եմ երջանիկ լինել»:
գլխավոր լուսանկարը՝ Անջեյ Բարաբացի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել