
Սիրիացի երկաթագործը աշխատելու հնարավորություն չունի. նա խնամում է երեխաներին
Հրանտ Գալստյան
Վերջին չորս տարիներին Սերոբ Թովմասյանը միայնակ է խնամում իր չորս երեխաներին: Առավոտյան հատուկ դպրոց է տանում 9-ամյա Մայքին, կեսօրից հետո նրան տուն է բերում, հետո ճաշ է պատրաստում դպրոցից վերադարձող երեխաների համար ու տան մյուս գործերն է անում: Գումար աշխատելու համար Սերոբը ժամանակ չունի, սակայն Սիրիայի իր խնայողությունները շուտով կվերջանան, իսկ կազմակերպությունը, որ վճարում էր Հայաստան եկած ընտանիքի բնակարանի վարձը, տեղեկացրել է, որ օգնությունը շուտով կդադարեցվի:
Սերոբը երկու եղբայրների ընտանիքների հետ Հայաստան է եկել 2015թ-ի սեպտեմբերին: Սիրիան նրանք լքել են 2014-ի սեպտեմբերին, երբ «Իսլամական պետություն» խմբավորումը հարձակվել է հյուսիսային Քոբանի քաղաքի վրա, որտեղ ապրում էին: Սերոբը պատմում է, որ կինը մահացել էր դրանից երկու տարի առաջ, իսկ հարձակման ժամանակ «մորուքավորները» սպանել են եղբայրներից մեկին՝ Հովսեփին: «Իսլամական պետության» կողմից սահմանային Քոբանի քաղաքն ու շրջակա գյուղերը շրջափակելու ամիսներին՝ մինչև 2015թ-ի հունվարը, այս շրջանից Թուրքիայի սահմանը հատել է մոտ 400 հազար սիրիացի: Երեք եղբայրների ընտանիքները Քոբանիից տեղափոխվել են Թուրքիայի Սուրուճ քաղաքի փախստականների ավան, որի վրաններում ապրել են 11 ամիս:
Սուրուճում Թովմասյաններին այցելել է Պոլսո պատրիարքության փոխանորդ Արամ Աթեշյանը, ով այնուհետև կազմակերպել է նրանց մեկնումը Հայաստան:
«Ասի պայմանները ոնց են, ասաց 9 ամսով քեզի տուն կուտան, վարձը իրենք կուտան, 3 ամիսն ալ ամսականը կուտան, մինչեւ որ ոտի կանգնեք: Յետոյ եկանք, էդ ամսականը մի ամիս տուին, երկրորդ ամիսը կտրեցին: 9 ամիսն ալ դարձրին 6 ամիս»,- պատմում է Սերոբը՝ հավելելով, որ խնայողություններով է շարունակել ապրել:
Սերոբը Քոբանում երկաթագործ է եղել, նաև մեքենաներ է նորոգել: 14-ամյա որդին՝ Շահենը, օգնել է նրան: Իրենց մեկնումից հետո գրեթե ողջ քաղաքը ավիրվել է, այդ թվում՝ իրենց տունն ու խանութը: Սերոբը մտահոգվում է, որ այստեղ չի կարողանում երեխաների պահանջները հոգալ, ասում է՝ Հայաստանում երեխա պահելը դժվար է, մանավանդ երբ ինքը չի աշխատում: «Չորս անչափահաս երեխայ, ի՞նչ ձեւով պիտի աշխատեմ: Ո՞վ պիտի տանի-բերի, ո՞վ իրենց ճաշ պիտի եփի, չորս տարի եղաւ՝ լուացքը, ամէն ինչը ես եմ անում»,- ասում է նա:
![]() |
![]() |
Սիրիայում Թովմասյանների ընտանիքները միասին են ապրել, և մինչ Սերոբն աշխատել է, եղբոր աղջիկները խնամել են Մայքին: Այժմ նրանք էլ աշխատանք են փնտրում: Բացի դրանից, հայրն ասում է, որ Մայքին միայն ինքն է հասկանում: Մայքը Սիրիայում չէր խոսում, Հայաստանում սկսել է որոշ բառեր ասել, հաշվել: Այժմ հաճախում է սիրիահայ երեխաների համար ստեղծված «Արևիկ» հատուկ դպրոց:
Ինչպես իր եղբայրներն ու քույրը, Մայքը երբեմն դրսից եկող ուժեղ ձայները նմանեցնում է Քոբանիի կռիվների ձայներին, որ լսել են նույնիսկ Թուրքիայի սահմանամերձ քաղաքում ապաստանելուց հետո: «Հեշտ չի, մէկը մի երկրից մի երկիր որ գալիս ա, արդեն դու կռիվի մէջից փախել ես, մարդու ուղեղը ճիշդ չի աշխատում, արդէն կեանքից հիասթափուել ես: Ժամանակ քեզի պէտք է, որ մի քիչ օյաղ ըլլաս: Արդէն մենք լրիւ անջատուած ենք, հասկանում ես… Էս երեխեքը գիշերով որ պառկում են, տանկերի, պատերազմի ձեն [են լսում], գիշերով վախենում են, գիտեն, որ իրանք կռիվի մեջն են հլը»,- պատմում է երեխաների 53-ամյա հայրը:
Քոբանին քրդաբնակ քաղաք է: Արաբները, թուրքերն ու հայերը այնտեղ փոքրամասնություն են եղել: Ընդամենը 8 հայկական ընտանիք է եղել Քոբանիում, որոնցից երեքը Թովմասյանների ընտանիքներն են եղել: Սերոբը հիշում է, որ տասնամյակներ առաջ հայերն այդ քաղաքում շատ են եղել, դպրոց են ունեցել, և ինքը մինչև երրորդ դասարան հայկական դպրոց է հաճախել: Քսան տարի առաջ, երբ հայերի մեծ մասը գնացել են Հալեպ կամ այլ քաղաքներ, դպրոցը փակվել է: Սերոբի երեխաները դպրոցում արաբերեն են անցել, իսկ հարևաններից սովորել են քրդերեն: Հետո, երբ տեղափոխվել են Թուրքիա, մի քիչ թուրքերեն ու անգլերեն են սովորել:
Այժմ Մարալը, Շահենն ու Րաֆֆին, որ համապատասխանաբար 4-րդ, 7-րդ և 8-րդ դասարաններում են, սովորում են հայերեն տառերը: Դպրոցում միայն նրանք ունեն արաբական կրթություն, և առանձին դասաժամեր չի հատկացվում՝ նրանց հայերեն սովորեցնելու համար: Ուսուցիչները նրանց դաս չեն հարցնում, երեխաները հետևում են դասին, բայց ամեն բան չէ, որ հասկանում են:
![]() |
![]() |
«Իրենք ինչ գրատախտակին գրում են, ես գրում եմ: Ասել են՝ ինչ գրատախտակին գրում են, դուն ալ այդպէս գրի»,- ասում է 11-ամյա Մարալը: «Ես ալ տենց եմ, միայն նայում եմ, գալիս եմ: Արդէն զզուում եմ: Մէկը չի խոսում, չեմ սովորում, միայն նայում եմ, 7 ժամ, 9 ժամ լսում եմ, գալիս եմ»,- շարունակում է 14-ամյա Շահենը:
![]() |
![]() |
Րաֆֆին ու Շահենը մասնավոր պարապում են հայերեն: Վճարը տալիս է մի բարերար: Մարալի մասին ասել են, որ նա դեռ փոքր է, շուտ կյուրացնի լեզուն: Երեխաներն ուզում են, որ դպրոցում շաբաթական մի քանի օր իրենց սովորեցնեն հայերեն: Ինչպես շատ այլ սիրիահայեր, նրանք ևս միշտ չէ, որ հասկանում են հայաստանյան հայերենը: Սերոբը պատմում է, որ կոշիկի խանութում աշխատանքի անցած եղբոր աղջիկների հետ երկրորդ օրը հրաժարվել են աշխատել, քանի որ նրանք ռուսերեն չեն իմացել:
Տանը հիմնականում արաբերեն ու քրդերեն են խոսում. Սերոբն ասում է, որ սովորել են դրան, թեև ինքը փորձում է հայերեն խոսել, որ երեխաների համար հեշտ լինի լեզուն սովորել: Դպրոցում սովորած մի քանի անգլերեն բառերը Մարալը սովորեցնում է հորը ու գնահատում: Ասում է՝ վատ աշակերտ է հայրը, ու ցույց է տալիս կարմիր ուղղումներով լի նրա տետրը:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել