HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղտնազերծվում են «ԱրմենՏել»-ի աշխատակիցների հաղորդագրությունները

«ԱրմենՏել» ընկերության անվտանգության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանի գործով այսօր դատարանում հետազոտվեցին ընկերության ներկա և նախկին աշխատակիցների կարճ (sms) հաղորդագրութունները:  

Դրանք հիմնականում վերաբերում էին 2013թ. հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում Ալեքսանդր Զուբովի, Աշոտ Պողոսյանի, Վլադիմիր Սաչկովի, Տիգրան Վարդանյանի, Ալեքսեյ Պիսարևի և մի քանի այլ անձանց նամակագրությանը: Համաձայն նամակագրության, հանձնարարություններ տվողը Ա. Զուբովն էր, որը Աշոտ Պողոսյանի միջոցով կազմակերպել է կապուղու վերագործարկումը: Վլադիմիր Սաչկովը կատարել է Զուբովի և Աշոտ Պողոսյանի հրահանգները՝ իր հերթին Տիգրան Վարդանյանին հանձնարարելով իրականացնել կապուղու հետ կապված որոշ աշխատանքներ:

Հիշեցնենք՝ Աշոտ Պողոսյանին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք է տրամադրել և այն հսկողության տակ պահել՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները: Ըստ մեղադրանքի՝ «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծվել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակաոուցվածքը, սակայն շրջանցել է դրա հաշվարկային համակարգը։ Դրանով իսկ վնաս է հասցվել թե ընկերությանը, թե պետությանը: Վնասը գնահատվում է շուրջ 6 մլն դոլար:

«Վոլոդյա, շուտ արեք, այստեղ մարդկանց հետ պայմանավորվել եմ, ճաշի ժամին մեկնարկ կտաք»,- շտապեցրել է Զուբովը Վ. Սաչկովին:

Իր հերթին Աշոտ Պողոսյանը Տիգրան Վարդանյանին է հրահանգել՝ բացել ԱԱԾ կապուղու հոսքերը, քանի որ դրանք չեն աշխատում: Տիգրան Վարդանյանը, սակայն, համառորեն պնդել է դրա համար բացել RFC հանձնարարականներ, առանց որոնց չի ցանկացել կատարել հանձնարարությունները:

Այդ ընթացքում Զուբովը Սաչկովին նորից է գրել. «Կազատեմ Աշոտին, եթե մինչև 12:00-ն հոսքերը չբացեք»: Ավելին, սպառնացել է «քթից արյուն բերել», եթե գործը գլուխ չհանեն: Ի վերջո, Տիգրան Վարդանյանի օգնությամբ կապուղու հոսքերը բացվել են:

Նշենք, որ դատարանում «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչ Հակոբ Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց այն փաստը, որ Տիգրան Վարդանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել և այլևս «ԱրմենՏել»-ում չի աշխատում: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ նույնպես հայտնի չեն:  

Մեղադրող Արմեն Փանոսյանը ներկայացրեց նաև «ԱրմենՏել» ՓԲԸ աուդիտորների ժամանած ժամանակահատվածում վերոնշյալ գործող անձանց հաղորդագրությունները: Զուբովը, հասկանալով, որ աուդիտորները ժամանել են և ամեն ինչ բացահայտվում է, փորձ է արել ելքեր գտնել և հրահանգներ տալ Աշոտ Պողոսյանին, թե ինչպես ներկայացնի այդ կապուղիները: Նա հրահանգել է դրանք վերագրել «ՀՀ ուսադիրներ ունեցող գերատեսչություններին»՝ ԱԱԾ, ՊՆ, հարկային մարմիններ և այլն: Սակայն շուտով, հասկանալով, որ իր ջանքերն ապարդյուն են և իր հեռացման մոտալուտ վտանգը կանխազգալով, «ԱրմենՏել»-ի արդեն նոր ղեկավար Անդրեյ Պյատախինին գրել է. «Անդրյուշա, անվտանգությանը հեռացրեք, թե չէ ինձ կհեռացնեն»: Աշոտ Պողոսյանին հեռացրել են աշխատանքից:

Արդեն իսկ աուդիտորների ձեռքում են եղել կապուղիների մասին բոլոր RFC հանձնարարականները, որոնց համար անհրաժեշտ են եղել մեկնաբանություններ:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանզի դատավոր Գագիկ Պողոսյանը մեկ այլ նիստ ուներ: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 1-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter