HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտադրված է Հայաստանում. Կոտայքի արդյունաբերությունը մոտ 17%-ով անկում է ապրել

Մաս 1Մաս 2Մաս 3 , Մաս 4

Արդյունաբերության ծավալների մեծությամբ Կոտայքի մարզը 2015 թվականի դրությամբ հինգերորդն է հանրապետությունում։ Այս և նախորդ մարզերում, որոնց անդրադարձել ենք, արդյունաբերությունը ինչ-որ չափով ակտիվ է, իսկ հաջորդողների պարագայում պատկերը կտրուկ փոխվում է։ Առաջին չորս մարզերի արդյունաբերության տարեկան արտադրանքի ծավալը  գերազանցում է 130  մլրդ դրամը, իսկ մնացածի դեպքում վիճակն ավելի քան տխուր է՝ արդյունաբերության ցուցանիշները բավականին ցածր են (ամենաբարձրը՝ 54 մլրդ դրամ)։ Ասվածն ավելի պարզ կլինի, երբ շարքի հաջորդ հոդվածում անդրադառանանք Արմավիրին։ 

Հիմա Կոտայքի մասին։ 2015  թվականին այս մարզում արդյունաբերությունը, համադրելի գներով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) կազմել է 135,6 մլրդ դրամ։ Դա Հայաստանի ամբողջ արդյունաբերության  10%-ն է։ 

Մարզի առանց այն էլ ոչ զարգացած արդյունաբերությունը մեկ տարում 16,7%-անոց անկում է գրանցել։ 

Կոտայքի արդյունաբերության հիմքը էլեկտրաէներգիայի ոլորտն է։ Եթե մեկ նախադասությամբ բնորոշենք, ապա՝ Կոտայքի մարզում այսօրվա դրությամբ համեմատաբար ակտիվ է էներգետիկայի ոլորտը, որոշ չափով՝ սննդամթերքի, խմիչքների, հիմնային մետաղների, ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը։  Ընդ որում՝ մեկ տարում և մշակող արդյունաբերության ծավալն է կրճատվել (մոտ 15%-ով) և էլեկտրականության, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարման (մոտ 22%-ով): 

Մարզում բավականին թույլ կամ գրեթե զրոյական դիրքերում է թեթև, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, կահույքի արտադրությունը և այլն։ 

Նախորդ տարվա տվյալներով՝ Հայաստանում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտի 23%-ն ապահովել է հենց Կոտայքը։ Այս ոլորտում արձանագրված ծավալով Կոտայքը գերազանցում է հանրապետության բոլոր մարզերին։ Զիջում է միայն մայրաքաղաք Երևանին։ 2008-2011 թվականներին այս մարզում կառուցվել է հինգ փոքր հիդրոէլեկտրակայան: 2012 թվականին գործարկվել է Հրազդան ջերմային էլեկտրակայանի հինգերորդ էներգաբլոկը: Դրանք ազդել են ոլորտի աճի վրա։ Հրազդանի ՋԷԿ-ի դերը մեծ է ոչ միայն Կոտայքի մարզի, այլև՝ ամբողջ հանրապետության էներգետիկ արդյունաբերության համար։ 

Վերջին 10 տարում, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, Կոտայքում արդյունաբերության ծավալները, համադրելի գներով, ամենաբարձրը եղել են 2005, 2013 և 2014 թվականներին։ Շեշտենք, որ հիմք ենք ընդունում ոչ թե ընթացիկ գներով հաշվարկված տվյալներն, այլ՝ համադրելի գներով, քանի որ իրական աճը կամ նվազումը հասկանալու համար հարկավոր են դրանք։ «Համադրելի գներով արտադրանքը հաշվետու տարվա թողարկումն է ըստ ամիսների՝ վերահաշվարկված ըստ նախորդ տարվա համապատասխան ամիսների գների»,- նշված է վիճծառայության տարեգրքերում։ 

Առաջին չորս տարիների ցուցանիշները դասակարգված չեն ըստ ճյուղերի, քանի որ ԱՎԾ-ն 2009-ից որոշակի փոփոխություններ է մտցրել դասակարգման մեջ։

Տվյալները ԱՎԾ՝ «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության երկնիշ դասակարգման, ըստ մարզերի և ք. Երևանի» հրապարակումների։ 

Բացի էներգետիկայի ոլորտից, Կոտայքում այս տարիներին աճել է նաև խմիչքի արտադրությունը։ Իսկ մնացած որոշ ոլորտների մասով էական աճեր և տեղաշարժեր չեն գրանցվել, որոշների դեպքում էլ նվազում է արձանագրվել։ 

Առհասարակ, երբ մարզերի ղեկավարությունների կողմից ներկայացվում են մարզի սոցիալ-տնտեսական ներկա վիճակն և առաջիկա տարիների ծրագրերը, հատուկ ուշադրության է դարձվում արդյունաբերությանը։  Սովորաբար, նրանց ելույթներում և ներկայացվող ծրագրերում, որոնց մի մասը տեղ է գտնում մարզերի պաշտոնական կայքերում, ավելի շատ ներկայացվում են մարզի ձեռքբերումները, այս կամ այն ծրագրերի հաջողությունները, իսկ խնդիրների մասին խոսվում է ավելի քիչ։ Ի վերջո, առօրյա հոգսերի մեջ թաթախված քաղաքացուն այդ ծրագրերն ու հաջողությունները չեն էլ հետաքրքրում, եթե դրանց արդյունքում իր ընտանիքում աշխատողների թիվը չի ավելանում, ընտանեկան բյուջեն շարունակում է ավելի փոքր լինել, քան պահանջվող ծախսերն են և այլն։  Սա վերաբերում է նաև Կոտայքի մարզի ծրագրերին։  Օրինակ, ՀՀ Կոտայքի մարզի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում, որը կարելի է գտնել մարզպետարանի կայքում, արդյունաբերության իրավիճակի վերլուծություն է արված։ Դրանում արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ծավալները ներկայացվում են ընթացիկ գներով և տպավորություն ստեղծվում, թե Կոտայքում արդյունաբերությունը զարգացած է։ Իսկ Արտադրության իրական աճը կամ անկումը հասկանալու համար, ինչպես նշեցինք,  հարկավոր են համադրելի գները։ Կամ նշվում է, որ մարզում զարգացած է  հանքահումքային արդյունաբերությունը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակումը և այլն։ Եթե համեմատական կարգով ենք դիտարկում, Կոտայքի արդյունաբերությունն իսկապես ավելի լավ վիճակում է, քան ասենք՝ Գեղարքունիքի արդյունաբերությունը։ Սակայն դա հիմք չի տալիս նշել, որ այս մարզում արդյունաբերությունը զարգացած է։ Բավական է այդ մասին հարցնել տեղաբնակ ընդամենը տասը քաղաքացու և ամեն ինչ պարզ կդառնա։ Մի կողմից էլ հանուն արդարության պետք է ասենք, որ ծրագրում նաև նշվում է, որ «չնայած արդյունաբերական արտադրանքի ծավալը վերջին տարիներին անշեղորեն աճել է, սակայն այն բավարար չափով չի նպաստել ազգաբնակչության սոցիալական վիճակի բարելավման ցանկալի արդյունքների արձանագրմանը»։ 

Կոտայքի ներուժը 

Կոտայքի մարզը ԽՍՀՄ տարիներին եղել է արդյունաբերական ամենազարգացած կենտրոններից մեկը։ Տասնյակ մեքենաշինական, սննդի և թեթև արդյունաբերական ձեռնարկություններ  ապահովել են տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Սակայն, հետագայում դրանք ևս, մյուսների նման, սեփականաշնորհման և ֆինանսների բացակայության պատճառով կամ փակվել են, կամ սկսել աշխատել փոքր ծավալներով։ 

Ըստ մասնագիտական գնահատականների՝ մարզում դեռևս ամբողջությամբ չի օգտագործվում հիդրոէներգետիկ պոտենցիալը։ Բացի այդ կան մրգի և բանջարեղենի  համապատասխան ռեսուրսներ, որոնք կարող են նպաստել գյուղմթերքի վերամշակման և սննդամթերքի արտադրության զարգացմանը։ Զարգացման իրական պոտենցիալ ունեն նաև թեթև արդյունաբերությունը, հանքային մետաղների մշակումը։ 

Համայնքային կարիքների գնահատման վերաբերյալ  «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը նախորդ տարեկեսին հարցումներ է իրականացրել Կոտայքում, որին մասնակցած փորձագետները նշել են, որ մարզի տնտեսության մեջ զարգացման առավել մեծ պոտենցիալ ունեցող ոլորտների շարքում են հանքարդյունաբերությունը, որն ունի  անհրաժեշտ ռեսուրսներ, ադամանդագործությունը, մեքենաշինությունը և թեթև արդյունաբերությունը։ 

Նախորդ տարվա դրությամբ Կոտայքի մարզից Հայաստանի խոշոր հարկատուների շարքում արդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից ներառվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերություն «Տրանսգազ»-ը, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)»-ը, Չարենցավանի «Ձուլակենտրոն»-ը, «Արմեն-Համիկ Եղբայրներ ՀՁ»-ն, որն առավել հայտնի է սուրճի արտադրությամբ, ապակե տարրաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստ»-ը, «Սեմուր ընդ Կո»-ն, «ԱՍԿԵ գրուպ» հայկական պողպատաձուլական ձեռնարկությունը։ Ներառված են նաև  այլ ընկերություններ, որոնց վճարած հարկերի չափը, սակայն, զգալիորեն ավելի փոքր է։ 

Կոտայքում 7,5 հազ. գործազուրկ կա. պաշտոնական 

Գործազրկությունն այսօր առաջնային խնդիրներից է ինչպես Կոտայքում, այնպես էլ՝ ամբողջ հանրապետությունում։ Պաշտոնական տվյալներով՝ այս մարզում 2015 թվականի վերջի դրությամբ գրանցված գործազուրկների թիվը կազմում է մոտ 7,5 հազար։ 10 տարում այն մոտ 2,5  հազարով ավելացել է։ Դա պաշտոնապես գրանցված գործազրկության պատկերն է։ Գաղտնիք չէ, որ իրականում այդ թիվն ավելի մեծ է։ 

Այսինքն՝ այս մարզի դեպքում ևս արդյունաբերության ոլորտը չի կարողացել մեղմել գործազրկության խնդիրը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter