HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակական կազմակերպություններ. քաղաքացիական հասարակության առա՞նցք, թե՞ սուրոգատ (Հայաստան)

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ

Հայաստանի եւ Ադրբեջանի ՀԿ-ների դերի, նրանց գործունեության պայմանների ու առանձնահատկությունների, բնակչության լայն շերտերի հետ կապի եւ պետական կառույցների հետ համագործակցության մասին են պատմում հայկական եւ  ադրբեջանական չորս կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են:

Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպություն գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյան

- Քաղաքացիական հասարակության ի՞նչ ինստիտուտներ են ներկայումս  գործում Հայաստանում, ի՞նչ դեր են խաղում նրանք երկրի ժողովրդավարացման գործում: Կարելի՞ է արդյոք հաստատել, որ ներկայիս ոչ կառավարական կազմակերպությունները մեր երկրի քաղաքացիական հասարակության առանցքն են:

-Քաղաքացիական հասարակության հիմնական ինստիտուտները ՀԿ-ներն են, վերջին շրջանում սոցիալական ցանցերի զարգացման շնորհիվ որոշակի դերակատարում ունեն նաեւ քաղաքացիական նախաձեռնությունները: Գրանցված ՀԿ-ները հազարից ավելի են, բայց տարբեր ոլորտներում գործողները` մի քանի տասնյակ: Ես ներկայացնում եմ հաշմանդամության ոլորտը: Իհարկե, ՀԿ-ներն ունեն դեր ժողովրդավարացման գործընթացում:

Կարծում եմ մեր բնակչության շատ փոքր հատվածը լիարժեք գիտի, թե ի՞նչ է իրականում ՀԿ-ն: Շատերը պատկերացնում են, որ ՀԿ-ն օգնություն է տալիս,  հաճախ մեզ շփոթում են բարերարների, հիմնադրամների հետ եւ ագրեսիվ են արձագանքում, երբ ի պատասխան իրենց դիմումների, այցելությունների կամ զանգերի ասում ենք, որ, կարող ենք օգնել աշխատանքի տեղավորման հարցում,  բանակցել գործատուների հետ, դասընթացներ կազմակերպել, բայց չենք կարող տալ աշխատանք կամ վարձատրություն: Մենք ոչ թե ձուկ ենք բաժանում, այլ` ձկնորսության պարագաներ:Եթե անգամ տրամադրում ենք միանվագ օգնություն, ապա այն մեր առաքելության առաջնահերթությունը չի: Նույնիսկ մեր կայքում տեղադրել ենք տեղեկություններ, թե ինչ մենք չենք տրամադրում:

Բնակչության որոշ մասը ՀԿ-ներին վերաբերվում է որպես գրանտակեր կազմակերպությունների, երբեմն դրանով է պայանավորված նոր ՀԿ-ների ստեղծումը: Դա բերում է միջոցների փոշիացմանը, մինչդեռ դրանք սուղ են:

Կան մարդիկ, որոնք իսկապես հասկանում են ՀԿ-ի առաքելությունը եւ համապատասխան ակնկալիք ունեն: Մեր շահառուների մի մասն ակնկալում է ավելի գլոբալ հարցերի լուծում, ոլորտի բարելավում, կյանքի որակի փոփոխություն, եւ սա է ՀԿ-ների դերը ժողովրդավարացման գործընթացում:

Այո, կարելի է ասել, որ ՀԿ-ները քաղաքացիական հասարակության առանցքն են, բայց կան եւ արհեստածին ՀԿ-ներ, այսպես կոչված GONGO-ներ: Ես չէի համարի նրանց  քաղաքացիական հասարակության մաս, քանի որ դրանք ոչ թե հասարակության տարբեր սոցիալական խմբերի շահերն են պաշտպանում, այլ ծառայում են կոնկրետ մարդկանց կամ խմբերի նպատակներին:

-Որո՞նք են քաղաքացիական հասարակության թույլ եւ ուժեղ կեղմերն այսօր, 10 տարի առաջ, 20 տարի առաջ` Հայաստանի անկախության կայացման ժամանակաշրջանում:

-Այսօր, որպես ուժեղ կողմ կարող եմ փաստել, որ դաշտը հիմնականում կայացած է: Ամենաթույլ կողմերից է այն, որ ՀԿ սեկտորի գերակշռող մեծամասնության ֆինանասավորումը լիովին կախված է միգազգային կազմակերպություններից:

Ի վերջո պետք է գիտակցել, որ դրամաշնորհը, որը, ըստ էության, ինչ որ ծրագրի պատվեր է, միշտ չէ, որ բխում է մեր երկրի շահերից: Եթե ՀԿ-ների ղեկավարները սկզբունքային են, ապա երբեք հանուն դրամի չեն դավաճանի իրենց սկզբունքներին ու առաքելությանը, բայց չի կարելի բացառել, որ կլինեն նաեւ հակառակն անողները: Մեր պետությունը չի աջակցում ՀԿ-ներին, իսկ «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքն արգելում է նրանց  զբաղվել ինքնաֆինանսավորմամբ: Զարգացած երկրներում այդպես չէ, իսկ գործունեությունը զարգացնելու համար ՀԿ-ները կարող են գումար աշխատել: Դա ձեռնարկատիրություն չէ: Եթե մենք ունենայինք հնարավորություն հոգալու մեր տարածքի պահպանության, տրանսպորտի եւ աշխատակիցների վարձատրության ծախսերը, ապա ավելի հեշտ կլիներ լինել անկախ եւ կայուն:

Թույլ կողմերից է նաեւ այն, որ որոշ ՀԿ-ներ ուղղակիորեն խառնվում են քաղաքական գործընթացներին: Իհարկե, ՀԿ-ն չի կարող դուրս մնալ քաղաքականությունից, քանի որ ընտրությունները հասարակության կյանքի մի մասն է: Սխալն այն է, որ կան զուտ քաղաքականացված ՀԿ-ներ, որոնք ստեղծվում են ընտրություններից առաջ: Նրանց առաքելությունն է դիտորդությունից հետո հայտարարել, որ ամեն ինչ շատ լավ է անցել, կամ ընդհակառակը` ամեն ինչ շատ վատ է անցել: ՀԿ-ն կարող է լինել դիտորդ, մենք էլ ենք դիտորդ եղել, բայց չեզոք դիրքերից արձանագրել ենք այն, ինչ կատարվել է` օրենքին համապատասխանություն կամ անհամապատասխանություն:

Բացի այդ, եթե ՀԿ-ն որեւէ ոլորտում լրիվ համաձայն ու գոհ է պետական կառույցների աշխատանքից, ապա կարող է նույն պահին հայտարարել իր փակման մասին: Եթե ամեն ինչ լավ է, ապա ինքն այլեւս ի՞նչ անելիք ունի, պետությունն ամեն ինչ լավ է անում, չէ՞: Երբեմն տեսնում ենք, թե ինչպես են ՀԿ-ները գովաբանում կոնկրետ ոլորտի պատասխանատու պետական կառույցին, եւ դեմ են գնում նույն օղակները քննադատող ուրիշ ՀԿ-ներին:

Միեւնույն ժամանակ ՀԿ-ները եւ պետական մարմինները պետք է նաեւ գործընկերության, համագործակցության հարաբերություններ ունենան: Սա էլ է երբեմն ստացվում, եթե պետական կառույցի աշխատակիցները հասկանում են ՀԿ-ի իմաստը: 

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ

-Որքանո՞վ է անհրաժեշտ, որքանո՞վ է արդյունավետ քաղաքացիական հասարակության եւ իշխանության երկխոսությունը, համագործակցությունը:

-Ոչ ոք չի կասկածում, որ երկխոսությունն անհրաժեշտ է: Մենք կուզենայինք, որ լիներ կառուցողական երկխոսություն, քանի որ մեր խնդիրը շրջակա միջավայրի պահպանությունն է, եւ մեզ համար միեւնույնն է, թե ով կօժանդակի այդ գործին: Մեր փորձը ցույց է տալիս, որ մասնակցությունը հասարակական խնդիրների քննարկումներին հասարակական խորհուրդների մակարդակում ոչ մի արդյունք չի տալիս: Ավելի շուտ դա իշխանություններին է պետք ձեւական հաշվետվության համար: Մինչդեռ ցանկացած դիտողություն արժանանում է պաշտոնյաների սուր հակազդեցությանը, եւ այդ լարվածությունն աճում է: Առաջ այդպես չէր: Երբ մենք ասում ենք, որ մարդիկ դուրս են գալիս փողոց, դա նշանակում է, որ հասարակությանը հասցրել են ծայրահեղ վիճակի:

Ուստի` շատ ավելի արդյունավետ կլինի ստեղծել ուրիշ մեխանիզմներ: Օրինակ, այնպիսի տեղեկատվական-ինտերակտիվ ցանցեր, որոնցով կարելի կլինի քաղաքացիական հասարակության ձայնն այնպես հասցնել պաշտոնյաներին, որ նրանք ստիպված լինեն պատասխանելու: Ցավոք, մեզ մոտ շատ հաճախ ձեւավորվում է ոչ թե երկխոսություն, այլ կոշտ հակամարտություն: Հիասթափվելով, որ երկխոսություն չի ստացվում, քաղաքացիական հասարակությունն սկսում է դիմել տարատեսակ ակցիաների, բողոքների: Շատ հաճախ հենց այդ ձեւն է պաշտոնյաներին ստիպում արձագանքելու եւ հաստատելու ինտերակտիվ կապ, ստիպում է մի քիչ թուլացնել հասարակության մեջ առկա լարվածությունը, բայց գնալ ժամանակավոր զիջումների:

Բոլոր նրանք, ովքեր գիտակցում են այդ գործունեության կարեւորությունը, պետք է ամեն ջանք գործադրեն` սատարելու այդ գործընըթացը, որովհետեւ միայն այդպես կարելի է հասնել ինչ-որ արդյունքների: Համագործակցությունը պետք է բոլորին, բացի նրանցից, ում ձեռք է տալիս իրերի ներկա վիճակը:

-Որքանո՞վ են ուժեղ ՀԿ-ների դիրքերը հասարակության մեջ: Արդյո՞ք երկրում կան այսպես կոչված GONGO-ներ:Հասարակության մեջ ի՞նչ վերաբերմունք կա նրանց նկատմամբ:

-Բանն այն է, որ քաղաքացիական հասարակության ուժերը խիստ անբավարար են երկխոսության համար: Մեր հիմնական պաշարները էնտուզիաստներն են: Ինձ համար անընդունելի է, երբ ասում են, թե ՀԿ-ներին  դրամաշնորհներ են տրվում: Դա այնպիսի չնչին բան է, այնքան աննշան պաշար այն փողերի համեմատությամբ, որ ունի ոչ թե պարզապես իշխանությունը, այլ բիզնեսին սերտաճած իշխանությունը: Մենք չենք կարող ունենալ ուժեղ կամ նույնիսկ հավասար դիրքեր: Դիմակայության ժամանակ մենք խաղում ենք կառույցի ներսում առկա հակասությունների վրա, եւ հանկարծ ստանում հաղթելու հնարավորություն: Իրոք, դա հանկարծ է լինում, եւ եթե հասարակությունը ակտիվ է, ապա արդեն կարող է այդ «հանկարծը» դարձնել նախադեպ:

Հիմա այն մասին, թե որքանով են ուժեղ հասարակական կազմակերպությունների դիրքերը հասարակության մեջ: Շատ հաճախ վերեւից հասարակության վզին են փաթաթվում ստերեոտիպեր եւ սկսում հետեւողականորեն վարկաբեկել այն կազմակերպություններին, որոնք համաձայն չեն իշխանությունների հետ: Նման պայմաններում շատ դժվար է աշխատել այն մարդկանց շրջանում, ովքեր մարզերում դիտում են հանրային հեռուստատեսություն: Ստեղծվում է անվստահության անջրպետ, եւ ամեն անգամ մենք ստիպված ենք լինում հաղթահարելու այդ անջրպետը: Մեզ սկսել են անվանել «գրանտակերներ»` սկզբունքորեն անտեսելով այն փաստը, որ մեր պաշտոնյաները վիթխարի դրամաշնորհներ են ստանում իրենց քաղաքականությունը երկրին պարտադրող միջազգային ֆինանսական հաստատություններից: Եվ ամենակարեւորն այն է, այդ փողերը մենք բոլորս որպես հարկատուներ պետք է հետագայում վերադարձնենք:

Երբեմն ակտիվիստները հասարակական կազմակերպություններից նույնիսկ պահանջում են այն, ինչի համար ըստ էության պետք է պատասխանի կառավարությունը: Ծիծաղելի է, բայց հիմա մարդիկ այնքան լարված են, որ արդեն խփում են բոլորին, եւ հարվածի տակ ընկնում են բոլորը: Մարդիկ արդեն ոչ թե պատրաստ են երկխոսության, այլ պահանջում են փոփոխություններ: Սրանք նոր օրինակներ են, առաջ նման բան չկար: Հիմա մարդիկ ակտիվանում են ոչ թե հասարակական կազմակերպությունների տեսքով, այլ սոցիալական խմբերի, եւ այստեղ սկսվում են նոր հարաբերություններ: Սա շատ կարեւոր է:

Իհարկե, կան նաեւ խամաճիկ կազմակերպություններ, եւ դրանց թիվը փոքր չէ: Դրանց միջոցով կատարվում է ստերեոտիպերի պարտադրում, վարկաբեկվում են իշխանության հետ չհամաձայնվող կազմակերպությունները: Վստահ եմ, որ պետք է հետեւողականորեն շարունակել եւ ակտիվորեն պահանջել լուծումներ, որոնք պետք են յուրաքանչյուր ոլորտում վիճակը նորմալացնելու համար: Իշխանությունները սեփական կամքով այդ քայլին չեն դիմի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter