HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Eagles». Կյանքի սովորական պատմություն, որն անխուսափելի է յուրաքանչյուրիս համար

Նաիրա Հայրապետյան

Ամերիկյան լեգենդար «Eagles» («Իգլզ») ռոք խմբի անունը, չնայած տասնամյակների  գործունեությանը, մինչ օրս շարունակ ասոցացվում է «Hotel California» երգով: Այս անչափ գեղեցիկ երգը՝ անփոխարինելի կատարմամբ ու կիթառի անզուգական մենանվագով, հիրավի վաստակել է  ավագ և երիտասարդ սերնդի ձայնադարանում իր հատուկ տեղն ունենալու այս երկարակեցությունը: Սակայն «Իգլզ»-ի ստեղծագործական կյանքում քիչ չեն եղել այլ երգեր, որոնք իսկապես արժանի են հիշատակման, պարզապես  «Hotel California»-ի փառքն ու ճանաչումը, նույնիսկ տարիների հեռվից, իր փայլով շարունակում է ստվերել: Դրանցից մեկն էլ «New Kid in Town» -ն է:

1976թ. լույս տեսավ «Իգլզ»-ի հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «Hotel California» անվամբ: Այն խմբի կյանքում նշանակալից դեր ունեցավ՝ դառնալով ողջ աշխարհում ամենավաճառված ալբոմներից մեկը: Նրա կազմում ընդգրկված երգերից երեքը թողարկվեցին առանձին սինգլներով՝ բարձր հորիզոնականներ զբաղեցնելով ամերիկյան հանրահայտ «Billboard Hot 100» –ում և դրանով իսկ մեծ հեղինակություն շնորհելով խմբին երաժշտական լայնածավալ դաշտում: Համար առաջին սինգլն էր «New Kid in Town» -ը, որին հաջորդեցին «Hotel California»-ն, ապա՝ «Life in the Fast Lane» երգերը:

«Իգլզ»-ի և «Hotel California»-ի ճակատագիրը միակ օրինակը չէ այս խմբի կյանքում: Գրեթե նույն մեկնաբանությամբ այն կարող ենք համեմատել խմբի հիմնադիրներից մեկի՝ Գլեն Ֆրեյի ստեղծագործական կյանքի հետ:   

Ամերիկացի երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր, դերասան և նկարիչ Գլեն Ֆրեյի անունը, չնայած բավականին հաջող անհատական կարիերային, այնուամենայնիվ,  լեգենդար «Իգլզ»-ից այդպես էլ չբաժանվեց: Նա միշտ մնաց որպես «Իգլզի» Գլեն Ֆրեյ: 1970-ականների ընթացքում երաժիշտը խմբում հանդես էր գալիս որպես կիթառահար, երբմեն՝ ստեղնաշարային և դաշնակահար: Գլեն Ֆրեյը մեծ ներդրում է ունեցել  խմբի կյանքում հենց ամենասկզբից: Նա ոչ միայն հիմնադիրներից էր, այլև հանդիսանում էր, այսպես ասած, ծանր հրետանավորներից մեկը: Ֆրեյը մի շարք գեղեցիկ երգերի հեղինակ էր, որոնցից շատերը համաշխարհային հիթեր են և գրվել են խմբի կազմում աշխատելու տարիներին: Նա հաճախ նաև հանդես էր գալիս որպես առաջին վոկալ, ինչի արդյունքում խմբի երաժշտությունը ձայնային նոր երանգ էր ստանում՝ միախառնվելով նաև Դոն Հենլիի թավ հնչյուններին: Այս արտիստի ձայնն է հնչում  «Իգլզի»  մի շարք լավագույն երգերում՝ «Tequila Sunrise», «Take It Easy», «New Kid in Town», «Lyin՚ Eyes», «Peaceful Easy Feeling», «Already Gone», «Heartache Tonight» և այլն: «Այս երգերը դարձել են խմբի անբաժանելի մասն ու, առհասարակ, ռոքնռոլյան կանոններ»,- գրում է «Rolling Stone» ամսագիրը:  

«New Kid in Town»՝  Նոր տղա քաղաքում (երգի հեղինակներ՝ Գլեն Ֆրեյ, Դոն Հենլի, Ջ.Դ. Սաուֆեր).  Ամերիկացի երաժիշտ և դերասան Ջոն Դեյվիդ Սաուֆերը, ով հանդիսանում է այս երգի համահեղինակներից մեկը, «New Kid in Town»ի իմաստը նկարագրում է որպես կյանքի սովորական պատմություն: Այն ենթադրում է օրինաչափորեն ընթացող մի բան, որն անխուսափելի է և յուրաքանչյուր մարդու կյանքում օրերից մի օր անպայման այցելող էջ, որից մեզանից ոչ մեկը  ապահովագրված չէ:

«Սա կյանքի պատմություն է՝ հասակ առնելու պատմություն, հատկապես, պատանեկությունից և երիտասարդությունից դուրս գալու մասին,- ասում է Սաուֆերը,- իսկ որքան մոտենում ես երեսունին, այնքան սկսում ես հասկանալ, որ ոչինչ հավերժական չի կարող մնալ»: 

Այն ներկայանում է քաղաք եկած նոր պատանու տեսքով, երբ հին տղաներն արդեն նրա մեջ տեսնում են փոխարինողին: Նման պահերին է մարդը հասկանում, որ ինքն այլևս նույնը չէ, իր ժամանակն անցել է ու տանում է իր նման մեկ ուրիշի ետևից: Շուրջբոլորն իրար նման մարդիկ են, պատանիներ, երիտասարդներ, որոնցից ամեն մեկը գնում է իր ժամանակի ետևից, կյանքի իր գիծը բռնած: Հներին հետևում են նորերը, որոնք ավելի երիտասարդ են՝ լի գործդ նոր գործով շարունակելու, կամ բոլորովին ստվերելու հնարավորությամբ: «Դու ամենուրեք շրջապատված ես նոր երիտասարդներով, որոնք նման են քեզ: Նրանք նույնիսկ աղջիների հետ են քեզ նման ծանոթանում: Այն աղջիկների, ովքեր սպասում են իրենց պահին և չեն ուզում կորցնել  հնարավորությունը: Եվ սա բնական է, այդպես էլ պետք է լինի »:

Գրեթե նույն, կամ Սաուֆերի մեկնաբանությանը մոտ բացատրություն է հետագայում տվել նաև Դոն Հենլին: Երգի մյուս համահեղինակն արդեն այն վկայակոչում է ռոմանտիկ պատկերաբանությամբ. « Երգը սիրո և ռոմանտիկ հարաբերությունների անցողիկ լինելու, նաև փոփոխականության մասին է,- ասում է Հենլին,- այն նաև փառքի անցողիկության մասին է, որը բնորոշ է հատկապես երաժշտական բիզնեսին: Մեծ իմաստով մենք ասում էինք հետևյալը՝ « Տե՛ս, մեք գիտենք, որ այս պահին ամենաթեժ գոտում ենք, բայց միևնույն ժամանակ շատ լավ հասկանում ենք, որ վաղ թե ուշ մեկ ուրիշը գալու է և զբաղեցնելու է մեր տեղը: Այնպես, ինչպես երաժշտության մեջ, ինչպես և սիրո հարցում»: 

Թողարկվելով որպես ալբոմի առաջին սինգլ՝ «New Kid in Town»-ը դարձավ թիվ մեկ հիթը ողջ ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում, սակայն, այն բարձրացավ մինչև 20-րդ հորիզոնականը: 1978թ. «Իգլզ»-ը այս երգով «Գրեմի» մրցանակի արժանացավ՝ որպես 1977թ-ի լավագույն խումբը «Best Vocal Arrangement for Two or More Voices» անվանակարգում: 

«Իգլզ» խմբի կենսագիր Մարկ Էլիոթը ևս, անդրադառնալով «New Kid in Town» երգին, այն դիտարկում է, այսպես ասած, դերերի փոխանակման տեսանկյունից և գտնում է, որ այս զգացողությունը շատ բնորոշ է ցանկացած երիտասարդի: Բոլոր նրանց, ովքեր երբևէ ճաշակել են ցավի, խանդի, սեփական եսի հանդեպ անվստահության զգացումը այն պահին, երբ հասկացել են, որ սիրած աղջիկն այլևս իրենցը չէ, քանի որ հավանում է մեկ ուրիշին: Եվ նրանք սրտի ցավով ստիպված են եղել հեռանալ, քանի որ այդ մեկն արդեն իրենցից ավելի լավն էր:

Գլեն Ֆրեյը մահացավ այս տարվա հունվարի 18-ին, 67 տարեկան հասակում: Որպես «Իգլզ» խմբի անդամ` նա շահել է վեց «Գրեմի» և հինգ «Ամերիկյան երաժշտական մրցանակ»  (American Music Awards): Նրա հիմնադրած և ձևավորած այս լեգենդար խումբը 1998թ. ընդգրկվել է «Ռոքնռոլի փառքի սրահ»-ում, իսկ եթե նկատի ունենանք նրա և՛ անհատական, և՛ խմբի տարիներին թողարկած ձայնագրությունները, ապա դրանցից 25-ն անպայման կհայտնաբերենք ամերիկյան հեղինակավոր «Բիլբորդ 100»-ի առաջին կեսում՝ լավագույն հորիզոնականներում:

«Այնպես չէ, որ ես ամեն առավոտ արթնանում եմ և ասում՝ «Գրո՛ղը տանի… «Իգլզ»-ի «Greatest Hits» հավաքածուն արդեն անցել է 30 միլիոնը… անհավանակա՜ն է»: Իսկ այս փաստն, ինչ-խոսք, փոքր-ինչ ապշեցնում է:- ասել է մի առիթով Գլեն Ֆրեյը ,- Դու պետք է հարմարվես նման բաների հետ: Դու պետք է հեռանկար ունենաս: Քանի դեռ կարողանում եմ աղբը թափել և շներին մաքրելուց հետո գնալ դպրոց՝ երեխաների հետևից, ես հեռանկար ունենալու եմ: Վերջալույսի ջերմությունն ինձ այնքան էլ չի տաքացնում… Շատ հաճելի է մտածել, որ մենք հասել ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter