HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակական կազմակերպություններ. քաղաքացիական հասարակության առա՞նցք, թե՞ սուրոգատ (Ադրբեջան)

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ

Հայաստանի եւ Ադրբեջանի ՀԿ-ների դերի, նրանց գործունեության պայմանների ու առանձնահատկությունների, բնակչության լայն շերտերի հետ կապի եւ պետական կառույցների հետ համագործակցության մասին են պատմում հայկական եւ  ադրբեջանական չորս կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են:

Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Էյնուլա Ֆաթուլաեւ, «Հանուն մարդու իրավունքերի» հասարակական միության նախագահ

- Քաղաքացիական հասարակության ի՞նչ ինստիտուտներ են ներկայումս գործում Ադրբեջանում, ի՞նչ դեր են խաղում նրանք երկրի  ժողովրդավարացման գործում:  Կարելի՞ է արդյոք հաստատել, որ ներկայիս ոչ կառավարական կազմակերպությունները  երկրի  քաղաքացիական հասարակության առանցքն  են:

-Բռնապետական կառավարման խստացման պայմաններում հիմք չկա խոսելու լիարժեք եւ ինքնաբավ քաղաքացիական հասարակության կայացման մասին: Թեկուզեւ այն բռնանում է սահմանափակ եւ ընտրովի կերպով: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների առկայության մասին բոլոր պնդումները կեղծ են, դատարկախոսություններ: Եթե միջազգային կազմակերպությունների մեծամասնությունը մեր երկիրը դասում է անազատ երկրների շարքին, ապա կարելի՞ է արդյոք պատկերացնել քաղաքացիական հասարակության կայացում առանց մարդու հիմնարար ազատությունների առկայության:

Մեզ մոտ ավելի շուտ կազմավորվել է «թղթային քաղաքացիական հասարակություն», որը ճմրթվել է բռնակալ իշխանության փշոտ ձեռքերում: Երկրում ժողովրդավարացման, բարեփոխումների նշան անգամ չկա: Մեզ մոտ նոր՝ պետության եւ հասարակության դեգրադացիայի փուլ է: Վերջին տարիներին նկատվում է անցում ժողովրդավարական բարեփոխումներից դեպի հասարակության շահերի բացահայտ արհամարհանք: Նախքան հարցին պատասխանելը, թե քաղաքացիական հասարակության ինչ ինստիտուտներ են գործում այսօր երկրում, եկեք հասկականք, թե ինչ բան է քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Նույնիսկ հասարակ քաղաքացին է հասկանում, որ մեր երկրում չկա զարգացած քաղաքացիական հասարակություն: Իսկ ես մտածում եմ,  որ մեր երկրում առհասարակ քաղաքացիական հասարակություն չկա: Քանի որ առկայության առաջին նախանշանը  պետական իշխանության կողմից կամային միջամտություններից եւ ռեգլամենտացիայից ազատ լինելն է: Եթե ողջ հասարակությունը ենթակա է ձեռքի կամային կառավարմանը, ապա իմաստ ունի՞ խոսել պետության անմիջական միջամտություններից ազատ լինելու մասին: Մինչդեռ քաղաքացիական հասարակություն ասելով հասկանում ենք երաշխավորվածություն պետության կողմից նման ոտնձգություններից: Քաղաքացիական հասարակությունն ազատ քաղաքացիների մի միություն է:

Մեր երկրում չկան ազատ քաղաքացիներ, քանի որ եթե երկրի քաղաքացիները զրկված են իրենց հիմնական սահամանադրական` ընտրելու եւ ընտրվելու իրավունքից, եթե չկան ընտրություններ, չկա խորհրդարան, կուսակցություններ եւ ժողովրդավարական համակարգի այլ ատրիբուտներ (ավելի ճիշտ դրանք կան, որպես` ձեւով ճիշտ, էությամբ` ծաղր ու ծանակ), եթե երկրում չկան բնագավառներ, որոնք դուրս են մնացել հասարակության ողջ կյանքը տոտալ վերահսակման ենթարկող իշխանությունների շահերի շրջանակներից, ապա ի՞նչ քաղաքացիական հասարակության մասին կարող է լինել խոսքը: Չկան ԶԼՄ-ների, միությունների, ժողովների ազատություններ, չկա սա, չկա այն...Երկրում, որի քաղաքական կայունությունը հավասարվել է հասարակական կայունությանը, չկա եւ չի կարող լինել քաղաքացիական հասարակություն: Երկրում, որտեղ լիբերալիզմն է հենց ամենաիսկական հայրենասիրությունը, քաղաքացիական հասարակության գաղափարը կարող է ոգեւորել միայն  քաղաքականապես անբարենպաստ հիմարներին:    

-Որո՞նք են  քաղաքացիական  հասարակության  թույլ եւ ուժեղ  կողմերն այսօր, 10 տարի  առաջ, 20  տարի  առաջ` Հայաստանի անկախության կայացման ժամանակաշրջանում:

-Ոչ պետական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն, ինչպես հայտնի է, գործում է պետության հովանու տակ եւ նրա աջակցությամբ: ՀԿ բառը, ինչպես եւ քաղաքականություն եւ ժողովրդավարություն բառերը ժողովրդավարական երկրում նշանակում են մի բան, իսկ «սուվերեն ժողովրդավարության» երկրում` մեկ այլ բան: Մեր երկրներում, որոնք միավորվել են այդ «սուվերեն ժողովրդավարության» հիմքով, քաղաքացիական հասարակությունն ու նրա բաղադրիչները վեր են ածվել հուշանվերների, որոնք ցուցադրվում են ցուցափեղկերում բոլորին ի տես: Առաջին հերթին՝ ի տես արեւմտյան ինստիտուտներին: Մեր երկրում ՀԿ-ները գործում են այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում ինստիտուտների գործունեության արգելումը կարող է ընդունվել որպես քաղաքական վատ տոնի նշան: Այս ամբողջ հերթապահ «հնոտիներն» անհրաժեշտ են  կռվարար բռնապությանը միայն այն բանի համար, որ երկրին անկյուն չկանգնեցնեն, որտեղ խռնված են միջազգային իզգոյների ամոթալի ցուցակի երկրները:

ՀԿ-ները, ինչպես եւ «քաղաքացիական հասարակություն» կոչվածը  համաշխարհային մոդային հետեւելու արդյունք են, Արեւմուտքի թթու դեմքին չարժանանալու համար: Այլապես նա կարող է խստացնել մարդու իրավունքների խախումների եւ ժողովրդավարական սկզբունքներից ետ կանգնելու մասին իր հռետորաբանությունը: Քաղաքացիական հասարակության  թատերական դեկորացիաները իշխանություններին պետք են միայն չարագործ պետության իրական այլանդակ դեմքը քողարկելու համար: ՀԿ-ները պարզապես   պատվաստանյութ են պատժամիջոցների դեմ:

Անար Մամեդլի, Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի նախագահ 

-Որքանո՞վ  է անհրաժեշտ, որքանո՞վ է արդյունավետ  քաղաքացիական հասարակության  եւ  իշխանության երկխոսությունը,  համագործակցությունը:

-Ժամանակակից հասարակությունում քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների միջեւ երկխոսությունը ժողովրդավարության ցուցանիշներից մեկն է: Կազմակերպությունների նախաձեռնություններն ու գործունեությունը տեղական եւ ազգային նշանակության խնդիրների լուծման համար ցանկացած երկրում միայն օգնում են իշխանություններին: Սակայն կառավարման բռնապետական  ավանդույթներով երկրներում քաղաքական իշխանությունը չի ուզում  քաղաքացիական հասարակության հետ կիսել խնդիրների լուծման պատասխանատվությույնը, նաեւ` չի դրսեւորում հետաքրքրվածություն երխոսությամբ: Արդյունքում` քաղաքացիները չեն մասնակցում կառավարման գործընթացներին, նաեւ չեն օգտագործվում երկրի բազմաթիվ խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները:

Ադրբեջանում իշխանության եւ հասարակության միջեւ երկխոսության ավանդույթները ծայրահեղ թույլ են: Ցավոք, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության եւ երկխոսության խնդրին իշխանությունները մոտենում են խորհրդային ավանդույթներից ելնելով, չնայած, որ նման համագործակցությունը կարող էր հանգեցնել նշանակալի արդյունքների մարդու իրավունքների, խոսքի ազատության, ձերբակալված անձանց նկատմամբ խոշտանգումների, անկախ դատարանների, սոցիալական իրավունքների հարցերում:

-Որքանո՞վ  են  ուժեղ ՀԿ-ների դիրքերը հասարակության մեջ: Արդյո՞ք երկրում կան  այսպես կոչված GONGO-ներ: Հասարակության  մեջ ի՞նչ վերաբերմունք  կա նրանց նկատմամբ:

-Ադրբեջանում կա անկախ, թափանցիկ եւ պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունների լուրջ անհրաժեշտություն: Սակայն, ցավոք, տարիների հետ նման կազմակերպությունների թիվը կրճատվում է: Դա իշխանությունների անհաշտ վերաբերմունքի արդյունքն է: Մերժվում է նրանց գրանցումը, խոչընդոտվում են նրանց մուտքը հեռուստատեսություն, նրանց գործունեությունը:  Փոխարենը համագործակցում են իրենց իսկ կողմից ստեղծված եւ մոտ հասարակական կազմակերպությունների՝ GONGO –ների հետ: Սրանք լոյալ վերաբերմունք ունեն բացթողումների նկատմամբ, պրոֆեսիոնալ եւ համապարփակ մոտեցում չեն ցուցաբերում մարդու իրավունքների հարցին: Ադրբեջանական մամուլում եւ հասարակական քննարկումների ընթացքում երբեմն քննադատվում են այդ կարգի կազմակերպությունները: Հիմնականում նրանց նկատմամ անվստահություն է դրսեւորվում, քանի որ ընկալվում են որպես քաղաքացիական հասարակության ոչ իրական ներկայացուցիչներ:       


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter