HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի պատգամավոր. «Ալիևը պետք է հասկանա, որ ամեն սադրանքի դեպքում պատասխան պետք է տա»

«Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը

-Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի՝ լայնածավալ պատերազմական գործողություններիա անցնելու քայլը:

-Այս թեմայով վերջին օրերին բավականին շատ ենք խոսում թե՛ գործընկերների, թե՛ զինվորականների հետ և բազմաթիվ տարբերակներ ենք քննարկում: Պատճառները կարող են լինել թե՛ ռազմական, թե՛ քաղաքական բնույթի, չնայած վերջինիս օգտին խոսող փաստարկներն ավելի շատ են: Ռազմական բնույթի պատճառ կարող են լինել, օրինակ, առաջնագծում Պաշտպանության բանակի կողմից ակտիվ ինժեներական աշխատանքները, առաջնագծի արդիականացումը և Ադրբեջանի ցանկությունը հարձակմամբ փորձել խոչընդոտել գործընթացը:

Քաղաքական պատճառները պետք է տեսնել նախորդ տարիների ադրբեջանական քաղաքականության մեջ, երբ, այսպես կոչված, ռազմական դիվանագիտության միջոցով Բաքուն փորձում է զիջումների հասնել հայկական կողմերից կամ միջազգային հանրության կարծիքը փոխել: Այս շանտաժը որոշակի առումով, միջազգային արձագանքների հետ կապված, տալիս է իր պտուղները: Հնարավոր է այս քայլով Ալիևը փորձում էր Թուրքիային խաղի մեջ մտցնել, ինչպես տեսանք՝ Անկարան բավականին ակտիվ էր արձագանքում՝ միաժամանակ քննադատելով բանակցությունների գործող ձևաչափը: Այս գործողությունները շանտաժ են, որոնք ոչ միայն հայկական հասարակությունների դեմ են ուղղված, այլ նաև նպատակ ունեն միջազգային դերակատարներից դիվիդենտներ բերել Բաքվի համար: Չի բացառվում, որ Ալիևի այս ագրեսիվ վարքագիծը պայմանավորված է ներքին խնդիրներով և նման կերպ ինչ-որ սցենարներ է փորձում տեստավորել: Մի խոսքով, պատճառների մասին խոսելիս վարկածների պակաս չենք ունենա:

-Ինքներդ ո՞ր վարկածին եք ավելի շատ հակված:

-Բոլոր վարկածներին էլ հակված եմ, միգուցե այս բոլորն էլ իրականում տեղ ունեն պատճառների մեջ: Սակայն վերլուծելով պատճառները՝ եզրակացության պետք է գանք: Իսկ եզրակացությունն այն է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անտեսումը բերում է նման վիճակների, ոգևորում է Ալիևին և նրան մղում նոր սադրանքների: Ալիևը պետք է հասկանա, որ ամեն սադրանքի դեպքում պատասխան պետք է տա: Եվ ոչ միայն ՊԲ-ի կողմից ջարդվելով և ետ շպրտվելով, այլև որևէ պետության կողմից ԼՂՀ ճանաչման փաստով: Այս հարցում, իհարկե, առաջինը Հայաստանը պետք է լինի, որի կողմից Արցախի չճանաչումը մեծապես խոչընդոտում է ճանաչման գործընթացին:

-Ապրիլի 5-ին Վիեննայում նախատեսվում է Մինսկի խմբի հանդիպումը: Ուորլիքը հայտարարել է, որ քննարկելու են Ղարաբաղում բռնության վերջին դեպքերը: Կա՞ ակնկալիք այդ հանդիպումից:

-Մինսկի խմբի համանախագահները, ցավոք, չեն կարողանում լիարժեք տեղեկանալ իրենց միջնորդությանը վստահված հարցի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և վերածվել են ընդամենը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները կազմակերպող տեխնիկական անձնակազմի: Նման վատ ձևով աշխատանք չեն անում: Իրադարձություններին մշտապես հետևելու համար առնվազն հարկավոր է, որպեսզի ԵԱՀԿ-ն մշտական ներկայացուցչություն բացի Ստեփանակերտում: Եթե այս մինիմալ քայլը չի կատարվում, ապա դժվար է ինչ-որ բան սպասել համանախագահների այս կամ այն գործողությունից:

-ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը երեկ հայտարարություն է արել, թե Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի: Ագրամունտը հայտնի է իր ադրբեջանամետ տեսակետներով, սակայն, այնուհանդերձ, նման հայտարարությունները կարո՞ղ են վերածվել ճնշումների՝ ձեռք բերելով ազդեցության գործակից:

-Բնավ: Այդ պաշտոնյան բացահայտ ադրբեջանամետ գործիչ է, կարելի է ասել, ադրբեջանական լոբբիստ: Նման կարգի մարդկանց հայտարարությունները էական դերակատարություն չեն կարող ունենալ: Որևէ լուրջ վերլուծական կենտրոնի փոքրիկ հոդվածն ավելի մեծ նշանակություն կարող է ունենալ, քան նման պաշտոնյաների հայտարարությունները: Սակայն դա չի նշանակում, որ նման հայտարարությունների վնասազերծման ու բացառման ուղղությամբ չպետք է աշխատենք: Տվյալ դեպքում ՀՀ Ազգային ժողովն ու Ստրասբուրգում ՀՀ ներկայացուցչությունը զգալի աշխատանք ունեն կատարելու:

-Ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից:

-Ակտիվ աշխատանք Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ, հայության կողմից Արցախում նոր նախաձեռնությունների ներգրավում, հատկապես պատերազմից տուժած շրջաններում, ակտիվ աշխատանք ազգային հզորության տարրերի ամրապնդման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter