
«Մենք մեզ մոռացված ենք զգում»
«Գյուղում առանձնապես անելու բան չկա: Դասերից հետո տղերքով իջնում ենք գյուղամեջ, նստում, խոսում ենք դեսից-դենից, մի հասարակ սրճարան չունենք, որ աղջիկներին տանենք: Միայն ճաշարան կա, բայց էնտեղ երկու բաժակ սուրճի փոխարեն կարող ես շատ-շատ երկու ափսե բորշչ պատվիրել»,- ասում է տասներորդցի Նորայրը:
Զրույցը տեղի էր ունենում դպրոցական «Վերջին զանգ»-ի նախաշեմին: Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ավարտական դասարանի աշակերտները պատրաստվում էին տոնական ելույթին եւ մտորում էին մոտ ապագայի մասին: Նրանք բոլորն ուզում են բուհ ընդունվել, շատերի համար կարեւոր չէ` որ բուհ, միայն թե բարձրագույն կրթություն ստանան, քանի որ «միայն դիպլոմով ինչ-որ բանի կհասնես էս կյանքում»:
Բարձրագույն կրթություն պատանիները հիմնականում ստանում են կամ երեւանյան բուհ-երում, կամ Եղեգնաձորի` արդեն երկու տարի գործող մանկավարժական համալսարանում: Անապահով ընտանիքների երեխաները կարող են սովորել «գործուղմամբ». մարզպետարանը վճարում է նրանց ուսման վարձը, իսկ ավարտելուն պես նրանք պարտավոր են վերադառնալ գյուղ եւ առնվազն երեք տարի աշխատել այնտեղ:
«Երեխաները, սակայն, սովորաբար չեն օգտվում այդ արտոնությունից,- ասում է գյուղի ուսմասվար Հերիքնազ Օհանյանը,- որովհետեւ գյուղում աշխատելու տեղ չկա: Նույնիսկ դպրոց չեն կարող տեղավորվել, քանի որ դպրոցում մասնագետների ավելցուկ ունենք»:
Դպրոցում սովորում է 170 աշակերտ: Երկու ավարտական դասարաններում միասին այս տարի երեսուն աշակերտ կար, իսկ առաջին դասարաններում՝ ընդամենը յոթ` երեքը կրտսեր (նախապատրաստական) դասարաններում, չորսը՝ ավագ:
Խաչիկում պաշտոնապես գրանցված է 1096 բնակիչ, սակայն իրականում գյուղում ապրում է 970-ը, մնացածն արտասահմանում են: Գերակշռում են տարեցները, հարսանիքները հաճախակի երեւույթ չեն այստեղ, ծնելիությունը ցածր է:
Գյուղապետ Վաչագան Պողոսյանն ասում է, որ երիտասարդները չեն ուզում ամուսնանալ եւ ընտանիք կազմել, որն ի վիճակի չեն լինելու պահել:
«Գյուղում շատ են երեսունին մոտ չամուսնացած տղաները,- ասում է նա:- Իսկ ովքեր ամուսնանում են, գրեթե բոլորը մեկնում են արտագնա աշխատանքի: Սովորաբար, մենակ են գնում, տարին մեկ ետ են գալիս, մնացած ժամանակ ընտանիքին փող են ուղարկում: Հիմա շատ են գնում: Իսկ պատերազմի ժամանակ ոչ ոք չի լքել, նամուսով պահել են գյուղը»:
«Նրանց էլ չի կարելի մեղադրել,- ասում է Հերիքնազ Օհանյանը,- գյուղում գործնականորեն աշխատելու տեղ չկա: Միայն գյուղապետարանն է, ջրային տնտեսությունը եւ զորամասը: Նախքան պատերազմը էլեկտրասարքերի գործարան ունեինք, միայն ութսուն կին էր այնտեղ աշխատում: Մանկապարտեզ ունեինք, բայց պատերազմից հետո այն զորամասին հանձնեցին: Դպրոցում մի կին կա, որոշ ծնողներ մանկապարտեզի տարիքի երեխաներին բերում են, նա զբաղվում է իրենց հետ»:
Դպրոցում հունվարից գործում են թատերական, պարային, սպորտային, կարուձեւի, գորգագործության, անգլերենի, նկարչության խմբակներ, որոնք հովանավորում է «Մոնթե Մելքոնյան» բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Ուսմասվարն ասում է, որ խմբակները մեծ օգնություն են դպրոցականներին գյուղում, որտեղ անելիք չկա:
Դպրոցի շենքը չի վերանորոգվել արդեն տասը տարի: Մանրատախտակները դուրս են եկել, կահույքի պակաս կա, անձրեւներին կաթում է առաստաղից, ձմռանը քամին ձյունը ներս է փչում պատուհանների անցքերից: Դասարանները տաքացվում են էլեկտրական ջեռուցիչներով, բնական գազը հեռու երազանք է:
Խաչիկը սահմանային գյուղ է, ուր տանում է նեղ, պարուրաձեւ ճանապարհը: Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպում գյուղը հիշատակվում է Առաստամուխ անվամբ: Իրոք, վեր գնացող ճանապարհը տպավորություն է ստեղծում, թե գյուղը կախված է երկնքի ու երկրի մեջտեղում:
Ներկայիս Խաչիկ անվան ծագման վերաբերյալ մի քանի վարկածներ կան: Գյուղում կա Քարակոփ անվմաբ մի կիսավեր վանք, որի մասին հայտնի է, որ այն վերանորոգվել է տասներորդ դարում: Վանքում եղել է Խաչիկ անունով վանական, որը վանքի մոտ կանգնեցրել է խաչքար՝ վրան գրված. «կանգնեցրի զխաչս»: Վարկածներից մեկի համաձայն՝ գյուղը վերանվանվել է այդ վանականի պատվին:
Ըստ մյուս վարկածի՝ Թադեւոս առաքյալն այս գյուղով անցնելիս խաչի մի մասունք է թողել այստեղ: Երրորդ վարկածն ասում է, որ գյուղի սահմանը ուրվագծված է եղել խաչքարերով:
Վերջին, ըստ բնակիչների՝ ամենահավանական վարկածը կապված չէ խաչքարերի հետ: Ասում են` մի իշխան մի անգամ եկել է այստեղ որս անելու: Թելը, որով նա կապել էր իր բազեին, փաթաթվել է ծառի ճյուղին: Իշխանը գյուղացիներին կանչել է եւ խոստացել պարգեւատրել նրան, ով կազատի թռչնին, իսկ բազեին վնասելու դեպքում՝ գլխատել: Միայն Խաչիկ անունով մի նետաձիգ է համարձակվել մոտենալ բազեին եւ ազատել է նրան: Ուրախացած իշխանը գյուղը կոչել է նրա անունով:
Գյուղն ունի մոտ 300 հա ջրովի վարելահողեր, որոնց վրա դեռ 1918 թվականին կառուցվել է անձրեւացման ցանց: Գյուղապետն ասում է, որ Խաչիկում գլխավոր խնդիրը խմելու ջուրն է. «Բացի այդ, մենք բավականին ընդարձակ արոտավայրեր ունենք սահմանամերձ տարածքներում, որոնք չենք կարող օգտագործել: Դրանք հատկապես կարեւոր են գարնան եւ ուշ աշնան արոտը կազմակերպելու համար»:
Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ: Սակայն, դա անքան էլ եկամտաբեր գործ չէ: «Նախ` ջրի պակասի պատճառով, հետո` գյուղը հեռու է գլխավոր ճանապարհից, եւ մսամթերքը, կաթնամթերքն ու բերքն իրացնելը դժվար է»,- ասում են գյուղացիները:
«Հատկապես վերջին տարիներին մենք մեզ մոռացված ենք զգում,- ասում է գյուղապետը,- այնպիսի տպավորություն է, կարծես կառավարությունը մոռացել է մեր մասին: Մինչդեռ ռազմավարական նշանակություն ունեցող գյուղերը հատկապես պետք է պետության հոգածության տակ լինեն»:
Մեկնաբանել