HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթեն ապրող լեգենդ է

Զինակից Հրայր Կարապետյանի հուշերը

Մոնթե Մելքոնյանի մասին խոսելը հաճելի եւ նվիրական մի բան է, հատկապես այն մարդկանց համար, ովքեր բախտ են ունեցել լինել նրա մտերիմները, առավել եւս` ընկերները, ովքեր պայքարելով նրա հետ միասին հանուն Հայության` հաղորդակցվել են նրան իր կենսագործունեության ամենատարբեր պահերին եւ զգացել մեծ մարդու հոգու վեհությունը, նրա անձի ներգործական հմայքն ու ուժը: Քաղցր է մոտիկ անցյալի այդ վերապրումը, սակայն նույնքան դժվար է, երբ փորձում ես ներկայացնել նրա կենդանի նկարագիրը: Շատ եմ ափսոսել, որ նրա զոհվելուց հետո անմիջապես գրի չեմ առել իմ մտքերը, հուշերը: Հիմա դժվարանում եմ խոսել: Ինքս իմ մեջ շատ լավ եմ պատկերացնում նրան, երբեմն դրվագներ եմ հիշում, որ հիմա դժվարանում եմ մտաբերել:

Մոնթեն իր ամբողջ կյանքն ապրել է ազնիվ, պարկեշտ եւ շիտակ, ինչպես որ զուլալ եւ պարկեշտ էին նրա մտքերն ու գաղափարները: Նա հայրենասեր էր իր ամբողջ էությամբ, այն աստիճանի, որ գիտակցորեն իր հոգեւոր բոլոր կարողությունները մարմնավոր կյանքի հետ անմնացորդ դրեց Հայրենիքի ազատագրության զոհասեղանին:

1989 թվականից իսկ ակներեւ էր, որ Արցախյան պայքարը մտնելու է պատերազմական փուլ, եւ այդ հողի վրա կազմավորվում էին ջոկատներ ու այլ միություններ: Մասիս քաղաքում նույնպես երիտասարդների մի խումբ ստեղծեց «Սողոմոն Թեհլերյան» միությունը: 1990 թ. վերջին «Սողոմոն Թեհլերյան» միությունը կազմակերպեց Մասիսի շրջանի երիտասարդության հանդիպումը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ( ՀԱՀԳԲ ) մարտիկների հետ, որտեղ ես առաջին անգամ տեսա եւ ծանոթացա Մոնթե Մելքոնյանին: Միջոցառումը երաժշտական դպրոցի սրահում էր: Այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել, եւ սրահը լեցուն էր երիտասարդներով: Մոնթեն ելույթ ունեցավ եւ խոսեց ՀԱՀԳԲ-ի գործունեության եւ նպատակների մասին, անդրադարձավ ներկա իրադրությանը եւ հավաքականորեն կազմակերպվելու անհրաժեշտությանը: Ելույթի ընթացքում հարցեր ուղղեցինք: Մոնթեն անկաշկանդ ու անմիջական էր, եւ այս հանգամանքը նպաստեց ջերմ ու մտերմիկ մթնոլորտի ստեղծմանը:

Հարկ է նշել, որ ազատագրական պայքարի ընթացքում Մասիսի շրջանը բավական ակտիվություն է ցուցաբերել: Հետագայում իր գործունեության թելադրանքով նա հաճախ էր գալիս Մասիս, հանդիպում էր տարբեր մարդկանց եւ ջոկատների հետ` ուժերի համախմբման, կազմակերպման, զենք-զինամթերք ձեռք բերելու նպատակներով: Նույն այդ ժամանակ «Սողոմոն Թեհլերյան»-ի տղաները մի քանի գիտնականների օգնությամբ պատրաստում էին ականանետեր, որոնց փորձարկմանը հաճախ մասնակցում էր Մոնթեն: Մասիսում ստեղծվել էր շատ ակտիվ, գործնական միջավայր, որը նրան շատ էր ուրախացնում: Ես վստահ եմ, որ Հայաստանի բոլոր շրջաններում նույն պատկերն էր եւ միեւնույն կարեւոր գործն էր կատարվում, եւ այս առումով Մոնթեն ծանոթ էր շատերի հետ:

«Սողոմոն Թեհլերյան» կազմակերպության հիմնադիրներն ընկերներս էին: Ինքս անձամբ այդ կազմակերպության անդամ չեմ եղել, բայց եթե հարցեր էին լինում, միասին էինք քննարկում, հատկապես Արցախին վերաբերող հարցերը:

Մեր հանդիպումներից որոշ ժամանակ անց Մոնթեն ստեղծեց «Հայրենասիրական» ջոկատը, որը սկզբնական շրջանում մի փոքր խումբ էր: Այդ ընթացքում մենք արդեն մտերմացել էինք, եւ ես մաս կազմեցի այդ նորաստեղծ ջոկատին: Թեեւ պատերազմական լայնածավալ գործողությունները դեռ չէին սկսվել, սակայն զինյալ բախումներ լինում էին, եւ զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը: 1991 թ. աշնանը եւ ձմռան սկզբին «Հայրենասիրական» ջոկատը, Մոնթեի գլխավորությամբ, մասնակցեց Շահումյանի շրջանի գյուղերի ազատագրմանը եւ պաշտպանությանը: 1992-ի հունվարի վերջին ադրբեջանցիները տանկերով հարձակվեցին Ասկերանի շրջանի Խրամորթ եւ Խանաբադ գյուղերի վրա, որն էլ պատճառ դարձավ մեր ջոկատի` անմիջապես Արցախ մեկնելու: Արդեն պատրաստ էինք, բայց ինձ անհայտ պատճառներով մեր մեկնումը մի քանի օր հետաձգվեց: Վերջապես, փետրվարի 4-ի առավոտյան Էրեբունի օդակայանում ջոկատը պատրաստ էր մեկնելու, երբ Մոնթեին անակնկալ կերպով կանչեցին հեռախոսակայան: Երկու-երեք ժամ սպասելուց հետո իմացանք, որ Վազգեն Սարգսյանի հետ էր խոսել: Ըստ նախնական հրահանգի` ուղղաթիռով պիտի մեկնեինք Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ, բայց Վազգեն Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո համաձայնության էին եկել, որ ջոկատը պետք է մեկնի Մարտունու շրջան: Նա արդեն իսկ նշանակված էր Մարտունու զինյալ ուժերի շտաբի պետ: Ուղղաթիռով հասանք Հադրութի շրջան, հետո բեռնատարով ուղեւորվեցինք Մարտունի: Տեղ հասնելուն պես մի մարդ մոտեցավ եւ հուզված ասաց. «Իսկ մեզ թվում էր, թե մոռացել են մեր մասին»: Մարտունու շրջան մտած անդրանիկ ջոկատը մերն էր: Թեեւ մարտունեցի տղաներն Արցախում եւ Մարտունիում մասնակցել էին բազմաթիվ ընդհարումների, սակայն մեր ներկայությունը նոր ոգեւորություն բերեց շրջանին:

Մարտունին այդ ժամանակ ռազմավարական տեսակետից ամենաթույլ շրջանն էր եւ, ըստ երեւույթին, Մոնթեի այստեղ գալը պայմանավորված էր դրանով: Հանձն առնելով շրջանի պաշտպանական ուժերի հրամանատարությունը` Մոնթեն բառի բուն իմաստով լծվեց կազմակերպչական խնդիրների կարգավորման գործին: Մոնթեի առաջին գործը եղավ շրջանի ամբողջ զինուժի հաշվառումը: Նա գրանցեց զենք վերցնելու ընդունակ մարդկանց, գույքագրեց զենքերը, զինամթերքը, հանդերձանքը, փոխադրամիջոցները, տեխնիկան եւ այլն: Այնուհետեւ ծանոթացավ շրջանի բնակավայրերում տիրող իրադրությանը, եղավ բոլոր գյուղերում եւ ստույգ իմացավ ամենաանհրաժեշտը: Կարճ ժամանակահատվածում ծանոթացավ ամբողջ սահմանագծային գոտուն: Այս ամենին զուգընթաց` մշակեց շրջանի մաս կազմող հողերի ազատագրման եւ բնակավայրերը կրակի տակ պահող հակառակորդի հենակետերի ոչնչացման ծրագրեր:

Առաջին հերթին մշակվեց ադրբեջանաբնակ Ղարադաղլու գյուղի վնասազերծման գործողությունը: Ղարադաղլուն գտնվում էր Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհին, ինչն անհնար էր դարձնում այդ ճանապարհի օգտագործումը, եւ այդ պատճառով օգտագործվում էր շատ ավելի երկար, դժվարանցանելի եւ վտանգավոր ճանապարհը: Սակայն փետրվարի կեսերին ջոկատը կանչվեց Ասկերանի շրջանի Մեհթիշեն գյուղ, որտեղ կային նաեւ այլ ջոկատներ: Պատրաստվում էր Խոջալուի գործողությունը, եւ Մոնթեն գրեթե ամբողջ օրն անց էր կացնում Ստեփանակերտում` շտաբում Կոմանդոսի եւ մյուս հրամանատարների հետ միասին մշակում էին գործողության ծրագիրը: Մի օր երեկոյան նա եկավ եւ ասաց, որ շտապ պետք է մեկնենք Ղարադաղլու, որտեղ մի քանի ջոկատներ արդեն ինքնագլուխ սկսել էին գյուղի գրավման գործողությունը: Անմիջապես մեկնեցինք դեպի Ղարադաղլու: Արդեն մութն ընկել էր: Գործողությունը նախաձեռնողները Մասիսի, «Արաբո» եւ «Արամո» ջոկատներն էին, որոնք էլ մեզ տեղեկացրին, որ գյուղը գրեթե ամբողջությամբ գրավված է, եւ մնացել են ընդամենը մի քանի տներ: Այս տեղեկության վրա մենք գնացինք Մարտունու մեր կենտրոնատեղին, բայց Մոնթեն «Ռեմբո» Արմենի հետ հետախուզության նպատակով մնաց տեղում: Հազիվ էինք տեղ հասել, երբ Մոնթեն շտապ եկավ մեզ մոտ եւ տեղեկացրեց, որ ադրբեջանցիները վերադարձել են իրենց նախնական դիրքերը եւ, փաստորեն, գյուղը դեռ թուրքերի ձեռքին էր: Գիշերվա ժամը 2-ին նորից շարժվեցինք դեպի Ղարադաղլու: Լուսադեմին տեղ հասանք: Առավոտյան մոտավորապես ժամը 5-ին արդեն գյուղի մոտ էինք: Հաղորտի գյուղում ականանետ էինք թողել եւ գյուղի ջոկատի հրամանատարին հանձնարարել` ստույգ ժամին ականահարել Ղարադաղլուն: Երբ հասանք գրոհային բնագիծ, Մոսին (Մովսես Հակոբյան, ԼՂՀ պաշտպանության նախարար - խմբ.) արդեն խփում էր ՀՄՄ (ԲՄՊ)-1-ով: Լույսը բացվելուն պես մեր ջոկատը, Մասիսի տղաների եւ Ստեփանակերտի երկրորդ վաշտի հետ միասին, նույն ուղղությամբ մտավ գյուղ: Ժամը 9-ն անց էր, եւ արդեն բոլոր կողմերից հայ ջոկատները մտան գյուղ: Թուրքերը թեեւ շրջապատված էին, սակայն շարունակում էին դիմադրությունը: Ժամը 11-ի մոտերքը նրանք խմբվել էին գյուղի կենտրոնի մի նորակառույց երկհարկանի տան մեջ: Ամբողջ կռիվն այդ տան վրա էր կենտրոնացված: Բոլոր կողմերից աքցանի մեջ առանք տունը: Ժամը 3-ի մոտերքը ազերիները, ի վերջո, հանձնվեցին: Իմ հիշելով` 139 գերի կար, որոնց մի մասը գյուղի մեծահասակ բնակիչներն էին, իսկ մյուս մասը` կռվողներ, այդ թվում` այլ տեղերից եկած հատուկ գրոհայիններ: Ձեռք բերված ռազմական ավարը ամեն ջոկատ եւ ամեն ոք վերցնում էր իրեն: Մոնթեն ցանկանում էր, որ ամբողջ ռազմավարը` 75 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգ եւ 6 հատ ձեռքի գնդացիր, նռնակներ, ատրճանակներ եւ մոտ երկու հազար փամփուշտ, հանձնվի կենտրոնական շտաբին, բայց դա նրան չհաջողվեց:

Ղարադաղլուի կռվում, ցավոք, 6 զոհ ունեցանք, որոնցից մի քանիսը` «Արաբո» ջոկատից, այդ թվում` Արջ Էդոն: Ունեցանք նաեւ 14 վիրավոր, ընդ որում` 3 հոգի մեր ջոկատից:

Ղարադաղլուի գործողությունը ես դիտմամբ մի քիչ մանրամասն նկարագրեցի, որովհետեւ այդ դեպքերի նկատմամբ Մոնթեի կեցվածքը ինձ համար ավելի պարզ բացահայտեց նրա բարոյական կերպարը` որպես զինվորականի եւ ընդհանրապես որպես մարդու: Մյուս կողմից, դրանք Մոնթեի մոտ ավելի շատ արմատացրին այն համոզմունքը որ, լուրջ հաջողությունների հասնելու համար, անհրաժեշտ էր իրարից անջատ ջոկատներից անցնել կազմակերպված բանակային կառույցի: Մոնթեն հասկանում էր, որ մեծ գործ է կատարվել, բայց այդ օրվա դեպքերը նրա վրա շատ ազդեցին: Նեղվեց, հոգին իսկապես խռովվեց եւ, երեւույթից ազդված, մտածեց, որ բացի երկու հոգուց` մեր ջոկատն այլեւս Մարտունի ոտք չպիտի դնի: Այդպես էլ եղավ մարտի վերջից:

Ղարադաղլուի գործողությունից հետո մենք մնացինք Մարտունիում: Մեկ շաբաթ հետո` փետրվարի 22-ին կամ 23-ին, վաղ առավոտյան պիտի լիներ Վեյսալուի գործողությունը: Ադրբեջանաբնակ Վեյսալու գյուղը գտնվում էր Մարտունու շրջանի հարավ-արեւելյան կողմում` Մարտունի-Ֆիզուլի ճանապարհից դեպի հայկական Ճարտար գյուղ տանող ճանապարհին: Ուրյան լեռը, Վեյսալու գյուղի հետ կիսաշրջան կազմելով, մշտական վտանգի տակ էր պահում Արցախի ամենամեծ գյուղերից Ճարտարը եւ Մարտունու շրջանի ամբողջ հարավը: Գիշերվա ժամը 2-ին Մոնթեն եկավ եւ ասաց, որ պատրաստվենք: Մենք արագ հագանք եւ պատրաստվեցինք, բայց դեռ չգիտեինք` ինչ է սպասվում: Մոնթեն, Արտուշը եւ ես գնացինք Վեյսալի: Լուսաբացից առաջ մոտեցանք գյուղին: Արդեն մարտը սկսվել էր: ԲՄՊ-ներից Մոսին հրթիռակոծում էր գյուղը: Որոշելով, թե որ ուղղությամբ պիտի մտնենք գյուղ, Մոնթեի հետ անմիջապես վերադարձանք ջոկատի հենակետը եւ ամբողջ ջոկատով մոտեցանք Վեյսալուին: Տեղում եղած ջոկատներն արդեն մտել էին գյուղ, եւ ընթանում էին կարճատեւ տեղային մարտեր: Շատ չանցած` արդեն հասել էինք գյուղի հակադիր ծայրամասը, ադրբեջանցիները զոհեր տալով բավական նահանջել էին, սակայն դեռ տեղի էր ունենում երկու կողմի համար էլ անարդյունավետ փոխհրաձգություն: Երեկոյան արդեն լիովին մեր հսկողության տակ էր Ալիբալիի խաչմերուկի տարածքը: Հակառակորդի հավանական հակահարձակումը նկատի ունենալով` Մոնթեն տեղում գտնվող բոլոր ջոկատներին հրամայեց հերթապահություն սահմանել մինչեւ նոր դիրքերի տեղադրումը: Մոնթեն, փաստորեն, կիրառում էր դիրքեր գրավելու, խրամատավորվելու եւ ապա` վերստին առաջ գնալու մեթոդը:

Վեյսալուի գործողության ավարտից հետո Մոսիի հետ մտերմացանք: Մոսին խորհրդային բանակի սպա էր, աֆղանական պատերազմի մասնակից: Նա իր հրամանատարական կազմի հետ պայմանավորվել էր նշյալ ժամին զորամասում լինել եւ, հետեւաբար, շտապում էր վերադառնալ Ստեփանակերտ: Մոնթեն ասաց, որ խրամատներ պիտի փորենք, եւ լավ կլինի, եթե Մոսին էլ մնա: Մոսին ինքը կամեցավ հրետանու կրակով հրափակել էքսկավատորով աշխատողներին, որոնք, ձեռք բերված նոր դիրքերը թուրքերի հակահարձակումներից պահելու համար, պետք է խրամատներ փորեին: Ցավոք, Մոսին այդ օրը ականի պայթյունից վիրավորվեց, բայց, բարեբախտաբար, շատ չանցած` ապաքինվեց: Այսպիսով, փետրվարի 23-ին ոչնչացվեցին Վեյսալու գյուղի եւ վերջինիս մերձակա Ուրյան բարձունքների կրակակետերը, որտեղից կրակի տակ էր պահվում Ճարտարը` այդ գյուղի ուժերին պարտադրելով գամված մնալ մեկ կետում:

Ինչպես ասել եմ, այդ շրջանում դեռեւս բանակի հասկացություն չկար, եւ ամեն ինչ մի քիչ տարերային էր: Որ ջոկատի հրամանատարի մտքին ինչ փչեր` կարող էր անել, ուր ուզեր` կգնար: Իսկ Մոնթեի համար հաջողության գրավականը կարգապահությունն էր, եւ նա չէր հանդուրժում կարգապահության մեծ ու մանր խախտումներ: Մոնթեն մեզ արգելել էր ինքնագլուխ որեւէ բան անել: Պիտի սպասեինք իր հանձնարարություններին: Տեղաշարժվում էինք միշտ ջոկատով: Մինչ Մոնթեն Մարտունիում զբաղված էր կազմակերպչական գործերով, մարտի 5-ի կողմերը ջոկատը, առանց նրան տեղյակ պահելու, մասնակցեց Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի վնասազերծման գործողությանը: Ես էլ ջոկատի հետ էի գնացել: Երբ ետ եկանք, մոտեցա Մոնթեին եւ ներողություն խնդրեցի այն կապակցությամբ, որ ժամանակ չլինելու պատճառով իրեն չէի տեղեկացրել: Նա ոչ միայն չհանդիմանեց, այլ ընդհակառակը, իր ուրախությունն ‘արտահայտեց մեր հաջողության եւ ողջ-առողջ վերադառնալու առիթով: Այնուամենայնիվ, նա մնում էր այն համոզման, որ միայն կանոնակարգված գործողություններով կարող ենք հասնել նշանակալից հաջողությունների:

Այդ նույն ամիսներին Մոնթեն կատարեց գրեթե անհավատալի, բայց փաստացի մի բան. ամբողջ շրջանի մարտական ուժերը նա համախմբեց մեկ հրամանատարության տակ, կազմակերպեց շրջանի պաշտպանության համակարգը, եւ արդեն 1992 թ. գարնան վերջին Մարտունիի շրջանը գործում էր կարգապահ բանակին համապատասխան վարքաոճով: Այդ ժամանակ Երեւանից Մարտունի էր ուղարկվել գնդ. Հմայակ Հարոյանը, որն իր հերթին նպաստեց այս մթնոլորտի ստեղծմանը, եւ ում հետ Մոնթեն համագործակցեց համերաշխ ու արդյունավետ մինչեւ գնդապետի շրջանից հեռանալը` 1993 թ. հունվարին: Տեսնելով մարտական այս գործողությունները եւ առավել եւս Մոնթեի ազնվությունն ու նվիրվածությունը Արցախի ազատագրական պայքարին` Մարտունիի շրջանի պաշտպանական ուժերը, ինչպես նաեւ ազգաբնակչությունը հավատով եւ վստահությամբ էին լցվել Մոնթեի նկատմամբ, եւ նրա ներկայությունն իրենց մոտ առաջացնում էր անպարտելիության զգացում:

1992-ի ամռանը Մոնթեի կյանքի ( իմ կարծիքով ) ամենադժվար ժամանակներն էին: Ադրբեջանցիները գրավել էին Շահումյանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, եւ Մարտունիի շրջանի ուղղությամբ մեծ հարձակումներով ուզում էին վերջակետ դնել այս պատերազմին: Ամենայն լրջությամբ գնահատելով իրավիճակը` Մոնթեն գիշեր-ցերեկ գործում էր թշնամու հարձակումները չեզոքացնելու եւ հակահարվածներ տալու ուղղությամբ: Մոնթեի նվիրումը, նրա կազմավորած կառույցը, խստապահանջությունը եւ այս բոլորի արդյունքում ծնված հավատի ու ինքնավստահության մթնոլորտը շուտով տվեցին իրենց արդյունքները:

Չհաշված համեմատաբար նվազ կարեւոր մեծ ու փոքր դիրքերը` Մարտունու շրջանի գլխավոր երկու ռազմաճակատներն էին Գյուլափլին` հյուսիս-արեւմուտքում, եւ Կարմիր Շուկա -Մաճկալաշեն-Ճարտար հատվածը` հարավ-արեւելքում: Ինչպես որ Աղդամի շրջանը կույր աղիքի նման մտնում էր Լեռնային Ղարաբաղի մեջ, այնպես էլ Աղդամի շրջանից ավելի փոքր կույր աղիքներ դեպի հարավ մտնում էին Մարտունու շրջանի մեջ: Այս կույր աղիքներից մեկը հասնում էր ռազմավարական դիրք գրավող Գյուլափլի ադրբեջանական գյուղը: Գյուլափլիի նպաստավոր դիրքերից ազերիները ռմբակոծում էին Ասկերանի եւ Մարտունու շրջանները: Իսկ եթե նրանց հաջողվեր այնտեղից ճեղքում կատարել, ոչ միայն Մարտունու շրջանը, այլ նաեւ ամբողջ Արցախը կընկներ մեծ վտանգի տակ: Գյուլափլիի առաջին գործողությունը տեղի ունեցավ 1992 թ. ապրիլին: Ես այդ կռվին չեմ մասնակցել, բայց իմ տեղեկություններով` գործողության նպատակը գյուղը գրավելը եւ պահելը չէր, այլ` մտնել, կրակակետերը ոչնչացնել եւ ապա դուրս գալ: Գյուլափլիի հաջորդ մեծ գործողությունը տեղի ունեցավ նույն տարվա հունիսին, սակայն այն վերջնական ավարտի չհասավ, որովհետեւ նույն օրերին ուժեղ հարձակում սկսվեց Կարմիր Շուկա-Մաճկալաշեն-Ճարտար հատվածի վրա: Գյուլափլին վերջնականապես վնասազերծվեց եւ մեր ուժերի վերահսկողության տակ անցավ օգոստոսին:

Հունիսին ադրբեջանցիները Շահումյանի եւ Մարտակերտի իրենց հաջողություններից ոգեւորված` մեծ ուժերով գրոհային գործողություն ձեռնարկեցին Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ, Դահրազ, Փրջեմալ եւ Աղբուլաղ գյուղերի վրա` նպատակ ունենալով հրթիռակոծել Ստեփանակերտն ու մերձակայքը: Ադրբեջանցիները գրավեցին այդ գյուղերը: Նրանք ուզում էին նաեւ Քյաթուկ գյուղը գրավել, որը Ստեփանակերտից դեպի Աղդամ լեռնաբազուկի վրա մի լեռնային գերիշխող դիրք ունեցող բնակավայր է: Եթե ադրբեջանցիները տիրեին իրենց ռազմավարական նշանակությամբ Շուշիին հավասար այդ բարձունքներին, շատ վատ կլիներ մեզ համար: Նրանց հետագա առաջխաղացումը կասեցնելու եւ դրանով իսկ ճնշումը թուլացնելու նպատակով ղեկավարությունը վճռեց Մարտունիի շրջանից հարձակում գործել Գյուլափլիի վրա: Գործողության ընթացքն անմիջականորեն ղեկավարում էր Ստեփանակերտից ժամանած հրամանատարությունը: Գործողությանը մասնակցում էին Մարտունիի շրջանի ուժերը, Մասիսի, Հոկտեմբերյանի, Թալինի ջոկատները, Ստեփանակերտի 9-րդ վաշտը եւ 6-րդը` մասամբ: Գործողությունը սկսելուց անմիջապես հետո ադրբեջանցիները վերոնշյալ գյուղերից ուժեր տեղափոխեցին Գյուլափլի` դրա պաշտպանությունը ուժեղացնելու համար: Այս իմաստով գրոհն իր նպատակը իրականացրեց: Այնուհետեւ, հրամանատարությունը որոշեց գրավել գյուղը: Մեր մի քանի փորձերը, սակայն, հաջողության չհասան, հիմնականում որովհետեւ նույն այդ օրերին Կարմիր Շուկա-Ճարտար ուղղության վրա ադրբեջանական ուժեղ հարձակումները կասեցնելու համար մեր ուժերի զգալի մասը պարտադրված տեղափոխվեց այդ հատված: Գյուլափլիի այդ գործողությունների ընթացքում, ցավոք, ունեցանք զոհեր եւ շատ վիրավորներ: Ինչպես ասացի, օգոստոսին, արդեն Մոնթեի անմիջական ղեկավարությամբ, վերջնականապես վնասազերծեցինք Գյուլափլին:

Մոնթեի էությունը եւ հունիսյան այդ օրերի հոգեվիճակը բնորոշող մի պատկեր մինչեւ այսօր անջնջելի է մնում իմ հիշողության մեջ: Արցախում ամպրոպներ շատ են լինում: Գյուլափլիի դեմ գործողության օրը անձրեւ էր գալիս, եւ ահավոր կայծակները թրատում էին երկինքն ու երկիրը: Սովորաբար, գործողությունները լուսադեմին էինք սկսում, որ կարողանայինք հաջողությամբ ավարտել դրանք: Այս անգամ Ստեփանակերտից ուղարկված հրամանատարի որոշումով հարձակումը պետք է սկսեինք կես գիշերից հետո` ժամը 2-ին: Այս փաստը Մոնթեին շատ էր մտահոգում, չհաշված այն, որ Շահումյանի ու Մարտակերտի կորուստներն արդեն չափազանց անհանգիստ էին դարձրել նրան: Սպասելով հարձակման ժամին` անձրեւի ու կայծակի տակ մեր դիրքերն էինք զբաղեցնում խրամատներում: Ես նույնիսկ զինվորական վերարկու էի գցել ռացիայի անտեննայի վրա, որ կայծակը չխփի: Երբեմն-երբեմն գլուխս բարձրացնում էի վերարկուի տակից եւ Մոնթեին նայում: Ինչպես միշտ, Մարտունու հրամանատարը խրամատում էր: Անձրեւի շիթերը դեմքի վրայով հոսում էին շորերի վրա: Կայծակի լույսից շրջակայքն այնպես էր լուսավորվում, որ կարողանում էի տեսնել Մոնթեի անձրեւահար դեմքը, որ այդ պահին երկաթի գույն ուներ: Ես երբեք չեմ մոռանա նրա չափազանց մտահոգ դեմքի այդ պատկերը:

Ամբողջ շրջանի հրամանատարը գիշերները խրամատներում էր անցկացնում: Ցերեկը գնում էր շտաբ, երեկոյան ժողովներ էին լինում, եւ հետո ամբողջ գիշերը խրամատներում էր անցկացնում: Մարտունիում շտաբում էր քնում, իսկ Գյուլափլիի օրերին Աշան գյուղում մի տուն կար, ծեր մարդիկ էին ապրում, այնտեղ էլ քնում էր: Նա ոչ միայն գործողություններն էր մշակում, այլեւ գրոհների ժամանակ առաջամարտիկ էր, իսկ մենք նրա հետեւից էինք գնում: Այնպես չի եղել, որ ինքը մնար իր շտաբում եւ հրամաններ տար:

Ինչպես ասացի, Մարտունու շրջանի մյուս գլխավոր ճակատը Կարմիր Շուկա-Մաճկալաշեն-Ճարտար հատվածն էր: 1992 թ. հունիսին, Շահումյանն ու Մարտակերտը գրոհելուց եւ գրավելուց շատ կարճ ժամանակ անց, ադրբեջանցիները մեծ ուժերով հարձակումներ գործեցին նաեւ Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր Շուկա ուղղությամբ: Այդ ուժերը հաշվում էին տասնյակ հրասայլեր եւ զրահամեքենաներ, հազարավոր հետեւակ: Նրանց հարձակումը ջախջախվեց: Մոնթեն սովորություն ուներ ամեն օր գրառումներ կատարել օրվա դեպքերի մասին: Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ ասաց, թե ադրբեջանցիների կողմից կա մոտ 150 սպանված: Առգրավեցինք 5-6 հրասայլ եւ զրահամեքենա: Ազերիներն իրենց ուժեղ հարձակումները շարունակեցին մինչեւ օգոստոս, բայց, առանց բացառության, բոլոր այդ հարձակումների ժամանակ կրում էին մարդկային եւ զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ եւ, ի վերջո, համոզվեցին, որ այս ուղղությամբ անհնարին է իրենց առաջխաղացումը: Այս գրոհների ժամանակ թշնամու ջախջախումն իրականացավ Մոնթեի ռազմական հանճարի, կամքի եւ հաղթանակի նկատմամբ ունեցած հավատքի շնորհիվ: Ազերիների նպատակն էր ճեղքել պաշտպանության այս գիծը, որը նրանց հնարավորություն կտար հասնել Շուշի-Ստեփանակերտ ճանապարհ: Եթե ադրբեջանցիները հաջողության հասնեին, կարծում եմ, որ մենք վերջնականապես կպարտվեինք` նկատի ունենալով, որ նրանք արդեն գրավել էին ամբողջ հյուսիսը եւ այդ կողմից արդեն մոտեցել Ստեփանակերտին: Հետեւաբար, գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ, որ այս գործողությունները վճռորոշ նշանակություն ունեցան պատերազմի հետագա ընթացքի` հաղթանակի համար:

1992 թվականի ամռան այդ թեժ օրերին ադրբեջանցիները հաճախակի ռմբակոծում էին Մարտունի քաղաքն ու մեծ թվով այլ բնակավայրեր: Անշուշտ, խաղաղ բնակչության շարքերից շատ զոհեր ու վիրավորներ կային: Բնակչությունը ձգտում էր իրեն ազատել վտանգից, թողնել բնակավայրերը: Մոնթեն որոշում ընդունեց պահակակետեր դնել, որպեսզի փակի ելքի ճանապարհը: Նրա այդ որոշումը, առանց չափազանցության, ճակատագրական էր: Չզարմանաք, որ սկզբում նույնիսկ հրամանատարներն էին դեմ պահակակետերի որոշմանը, բայց մեկ շաբաթ անց տեսան, որ կռվող մարտիկներն էլ դուրս են գալիս, եւ համոզվեցին, որ Մոնթեի որոշումը միակ ճշմարիտն է: Խիզախ էր այդ որոշումը եւ շատ վտանգավոր, քանզի եթե չկարողանար կազմակերպել պաշտպանությունը, ժողովրդի ջարդի պատասխանատվությունն ընկնելու էր իր վրա: Իմանալով հանդերձ` նա այդ որոշումը գործադրեց, քանզի հասկանում էր, որ փրկության այլ ճանապարհ չկա. եթե ժողովուրդը մեկներ, կարճ ժամանակ անց կռվողներն էլ կմեկնեին, եւ մենք, անկասկած, կկորցնեինք շրջանը:

1992 թ. աշնանը Մարտունիի գրեթե ամբողջ շրջանն ազատագրված էր, եւ շրջանի բնակավայրերն արդեն անհասանելի էին հակառակորդի կրակակետերի համար: Շրջանի զինված ուժերը ձեռք էին բերել հմտություն եւ փորձառություն, ապահովված էին բավականաչափ ժամանակակից զինտեխնիկայով եւ ռազմամթերքով, որոնց գերակշիռ մասը հանդիսանում էր հակառակորդից ձեռք բերված ռազմավարը: Մոնթեն արդեն լեգենդ էր, ապրող լեգենդ ոչ միայն Մարտունիի, այլ նաեւ Արցախի եւ համայն Հայաստանի համար: Երբ զրուցում էիր նրա հետ այս հաջողությունների մասին, նա առանց կեղծ երանգների խոսում էր հետագա անելիքների մասին եւ մտահոգվում էր, որ այդ ամենի համար դեռ շատ-շատ պետք է աշխատել: Հիրավի, զարմանալի է այն, որ այս հաջողություններով նա ուրախանում էր այնքանով, որքանով նրանք մաս էին կազմում ընդհանուր հաղթանակին հասնելու ճանապարհին, եւ այդ ուրախություններն ավարտվում էին այդ ճանապարհի հաջորդ քայլն անելու պահից:

Այս հաղթանակներին, ճանաչմանը եւ սիրուն Մոնթեն հեշտությամբ չի հասել: Ասեմ, որ այդ ամիսներին շատ լարված ու նյարդային էր: Մարտակերտի եւ Շահումյանի անկումը բավականին ծանր էին անդրադարձել նրա վրա: Շատ էր աշխատում: Պատահում էր, որ գիշերը ժամը 2-ին կամ 3-ին Կոմիտասին, որն առաջին օրվանից իր վարորդն ու օգնականն էր, հրամայում էր մեքենան քշել դեպի դիրքերը: Հավանաբար ծրագրեր էր մշակում: Ինչպես նշել եմ, օրական ընդամենը մի քանի ժամ էր քնում: Նույնիսկ չէր էլ քնում, այլ պառկում էր հանգստանալու, բայց հեռախոսն անընդհատ գործում էր: Առավոտյան 8-ին նախաճաշում էր եւ մինչեւ ուշ գիշեր աշխատում: Ամբողջ օրը միասին էինք լինում: Ես չէի դիմանում այդ ծանրաբեռնվածությանը, մեքենայում երբեմն սկսում էի ննջել, իսկ նա զարմանում էր, որ հոգնել եմ: Ասածս վերաբերում է ոչ մարտական գործողությունների օրերին, իսկ Գյուլափլիի եւ Կարմիր Շուկայի ամենաթեժ օրերին, ընդհանուր առմամբ, մի երկու ժամ էր հանգստանում: Մոնթեն ժամանակի պակասություն էր զգում, եւ օրվա 24 ժամերը կարծես նրան չէին բավականացնում: Երբեմն այնքան հոգնած էր լինում, որ նստում էր մահճակալին եւ այդպես էլ հագուստով քնում: Օրական քսան ժամ աշխատում էր: Ամբողջ շրջանի հրամանատարն էր` ինքնապաշտպանության հոգսն իր ուսերին առած, իր պարտականություններն ամենայն պատասխանատվությամբ էր կատարում:

Հակառակորդի դեմ տարած կռիվներին եւ կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ, ցավոք, Մոնթեն ստիպված եղավ պայքարել նաեւ բազում ներքին դժվարությունների եւ սադրանքների դեմ: Նրա ազնվությունն ու սկզբունքայնությունը խանգարում էին շատերին: Նա ստիպված էր հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, որոնք բխում էին պղտոր ջրում ձուկ որսալու սովոր որոշ մարդկանց հակամարդկային արարքներից: Այդպիսիներն ամեն ինչ անում էին, որպեսզի Մոնթեն հեռանա շրջանից: Ամեն պահ վտանգ կար նրանց հետ առճակատվելու: 1992 թ. մարտի վերջերին ես ժամանակավորապես վերադառնալու էի Մասիս: Մտահոգված տիրող ներքին լարվածությունից` մոտեցա Մոնթեին ու ասացի. «Նպատակներ, ծրագրեր ունես, բայց հիմա քո դեմ շատ խոչընդոտներ կան: Նպատակիդ հասնելու համար կարող ես շրջանցել այդ խոչընդոտները»: Նա, ափը բաց, ձեռքն առաջ պարզեց եւ ասաց. «Ես շիտակ պիտի քալեմ առաջ»: Իրոք, նա մինչեւ իր կյանքի վերջը շիտակ քայլեց իր ընտրած ճանապարհով` անարատ պահելով իր գաղափարախոսությունը, ազնվությունն ու իր սկզբունքները: Գնալուց հետո իմացա, որ նրանք, ովքեր դեմ էին իրեն, ինչ-որ բան են ուզում կազմակերպել: Լավ չգիտեմ այդ պատմությունը, ներկա չեմ եղել:

Ես երեւի ավելի վատ վիճակում չեմ տեսել Մոնթեին, քան այն օրը, երբ գործողությունների համար նախատեսված վառելիքը գողացել եւ թափել էին, որպեսզի նրա ծրագրավորած հերթական գործողությունը ձախողվեր, եւ նա վարկաբեկվեր: Կողքով անցա, բարեւեցի, բարեւս չառավ. մի տեսակ վերացած էր: Հետո, մի հինգ մետր անցնելուց հետո, կարծես ուշքի գալով` մոտեցավ եւ ասաց` շատ վատ բան է եղեր, ու պատմեց դեպքը:

1992 թ. ամռանը, նախքան Ղաջարի գործողությունը, Կարմիր Շուկայի հրամանատարը սրված հարաբերությունների մեջ էր Մոնթեի հետ: Կոմիտասն ասում էր, որ այդ մարդը, լինելով հրամանատար, ընդհանրապես չէր հետաքրքրվում գործողության ծրագրով: Իհարկե, Մոնթեին չէր կարող չմտահոգել այն փաստը, որ իր հրամանատարներից մեկը լավ չի կատարում կամ ընդհանրապես չի կատարում իր պարտականությունները: Եվ նրան պաշտոնից հեռացնելու հարցը Մոնթեն քննարկեց նախ Վազգեն Սարգսյանի, ապա` Սերժ Սարգսյանի հետ: Երկու պատճառ կար նման քայլի դիմելու. նախ` նշյալ հրամանատարը նեղ, տեղայնական ձեւով էր մտածում, երկրորդ` մաֆիոզ բաներ էր անում:

Նրա` այս բնույթի մարդ լինելու պատճառով էլ լարվածությունը հասել էր բավական վտանգավոր աստիճանի: Մոնթեն Ս. Սարգսյանին ասել էր, թե ինքը կամ պատասխանատվություն չպիտի կրի Կարմիր Շուկայի հրամանատարի գործողությունների համար, կամ հրամանատարությունը նրանից պիտի վերցվի: Արդյունքում այդ «հրամանատարը» հեռացավ Արցախից:

1993 թվականին էլ ներքին խնդիրների առումով ծանր օրեր եղան: Մարտունի քաղաքում կար մի խումբ, որը չէր ենթարկվում Մոնթեին: Այդ տղաներն իրենց «քաջամարտիկներ» էին երեւակայում եւ արտոնյալ դիրք էին ուզում գրավել, մերժում էին սահմանային դիրքերում եւ խրամատներում ծառայել: Մոնթեն նրանց ասում էր, որ իրեն «քաջամարտիկ» (բոեւիկ) պետք չէ, իրեն զինվոր է պետք: Մի անգամ` փետրվարի սկզբին, տվյալ անձինք զինված մտնում են շտաբ: Ես հիվանդ անկողնում պառկած էի: Ինձ զգուշացրին նրանց գալու մասին: Զենքս վերցրի ու բարձրացա երկրորդ հարկ, որտեղ Մոնթեի աշխատասենյակն էր: Դուռը հրեցի, որ ներս մտնեմ, զգացի, որ հետեւից մեկը պահում է: Հետո պարզվեց, որ Սարգսյան Հայկն էր. իրեն թվացել է, թե ես էլ այդ խմբից մեկն եմ: Այդ մարդկանց մեջ կային հաշիշամոլներ, վտանգավոր տիպեր: Ներս մտա, տեսա, որ Վալոն ( որը հետագայում Մարտունիում միլպետ դարձավ ) մեջքով փակել է Մոնթեին, որպեսզի նրան պաշտպանի այդ տղաներից: Մի քանի հոգի ճիգ էին գործադրում հասնել եւ խփել Մոնթեին: Նրանցից մոտ 15-20 հոգի կար ներսում: Սենյակը բավականին փոքր էր, եւ հնարավոր չէր շարժվել: Իմացա, թե ինչու են եկել: Պարզվեց, որ իրենց ընկերներին Սամվել Բաբայանը Ստեփանակերտում ձերբակալել է, սրանք էլ եկել են եւ պահանջում են Մոնթեից, որ զանգի Սամվելին իրենց ընկերներին ազատելու համար: Մոնթեն հրաժարվում էր, ասում էր, որ եթե զանգեմ, ուրեմն զրո եմ: Դուրս եկա սենյակից եւ շտաբի պետին` Աբրիկ Հայրապետյանին, ասացի, որ զանգի Սամվել Բաբայանին: Դրությունը շատ լարված էր: Մեկը մատը դներ հրացանի ձգանին, այնտեղից կենդանի ոչ ոք դուրս չէր գա: Շրջանի պարետ Ավետիսյան Վարդանը ներս մտավ եւ ասաց, որ զանգել է Բաբայանին, որը շուտով կգա: Հաջորդ առավոտյան Բաբայանը զրահապատ տեխնիկա ուղարկեց Մարտունու շտաբ: Փա~ռք Աստծո, միջադեպեր չեղան:

Մի քանի խոսք Մոնթեի մարդկային գծերի մասին: Մարտունու հրամանատարի մեջ ես երբեւիցե հակասություններ չեմ նկատել: Նա մի մարդ էր, որ իր ամբողջ գիտակցական կյանքում եւ՛ գաղափարապես, եւ՛ հոգու բոլոր թելերով կապված էր իր Ազգին, Հայրենիքին: Ես գիտեմ բազմաթիվ ծանոթ եւ անծանոթ մարդկանց, ովքեր ապրել են Հայրենիքի ազատության գաղափարով եւ իրենց կյանքը ծառայեցրել են այդ գործին: Մեր ամբողջ պատմության ընթացքում եղել են եւ կան ազգի իսկապես նվիրյալ զինվորներ, որոնց համար առավել գերակա խնդիր չի եղել, քան իրենց Ազգի նկատմամբ պատմական արդարության վերականգնումը: Մոնթեն այդպիսի նշանավոր մարդ էր: Եթե գիշերները չի քնել, եթե մեկի հետ վիճել է կամ մյուսին պատժել, դա ինքնանպատակ չի եղել, ամեն ինչ արել է մեծ նպատակն իրականացնելու ձգտումով: Անձամբ խիստ սակավապետ էր: Բազում շնորհներով օժտված ազատամարտիկը, բնականաբար, ռազմարվեստի մեծ գիտակ էր, ամեն տեսակ զենքերից հասկանում էր, գիտեր նույնիսկ յուրաքանչյուրի «կենսագրությունը»: Որ զենքը ձեռքը վերցներ, կասեր, թե որ թվին է արտադրվել, ինչ առավելություններ եւ թերություններ ունի, որ գործողությունների համար է առավել հարմար: Այնպես էր խոսում զենքի մասին, կարծես գյուտարարը հենց ինքն է: Սկզբնական շրջանում նվազագույն թվով փամփուշտներ ունեինք, բայց նա թույլ էր տալիս կրակել, որպեսզի ձեռքը սովորի այդ զենքին: Եթե գործը նույնիսկ գիշերվա մեկին ավարտվեր, նախքան շտաբ գնալը պիտի մտնեինք զինանոց: Այդ ժամանակ ոչ ոք հատուկ զինվորական ուսումնառություն չուներ, եւ նա սովորեցնում էր, թե ինչ դիրք է պետք բռնել, ինչպես վնասազերծել թշնամուն եւ այլն: Մոնթեն ռազմարվեստին շատ լուրջ էր վերաբերվում եւ իր գիտելիքները կիրառում էր մարտերի ընթացքում: Նրա ծրագրած գործողությունները միշտ անսպասելի եւ կործանարար էին հակառակորդի համար: Եւ ընդհակառակը, նրա ծրագրած եւ ղեկավարած հարձակումներն ավարտվում էին մեր հաջողությամբ, փոքրաթիվ զոհերով ու վիրավորներով, հաճախ` նույնիսկ առանց կորստի: Համոզված էր, որ առաջխաղացումից հետո պետք է խրամատներ կառուցել եւ պահել, այլ ոչ թե գրավել եւ թողնել: Մի անգամ, երբ մի քանի օրով գտնվում էինք Երեւանում, հանրակացարանում մի գիրք տեսա ձեռքին: Կարծեմ անգլերեն լեզվով էր, չինացի ռազմագետ էր հեղինակը: Գիրքը, եթե չեմ սխալվում, այդպես էլ կոչվում էր` «Պատերազմելու արվեստը»: Հիշում եմ` ասաց. «Եթե մեկն այս գիրքը չէ կարդացած, իրավունք չունի սպա ըլլալու»:

Մոնթեն ամբողջ էությամբ նվիրված էր ազատագրական պայքարին: Ուներ զորավոր կամք այդ գաղափարը կյանքի կոչելու: Ես հաստատ գիտեմ, որ նույնիսկ ամենադժվար պահերին նա չէր հրաժարվում իր ծրագրի իրականացումից: Նույնիսկ 1992 թվականին, երբ ընկան Մարտակերտն ու Շահումյանը, երբ Մարտունու ճակատագիրն անորոշ էր:

Մոնթեի գաղափարները հստակ էին եւ ամբողջական: Նրա գիտելիքները հիմնարար էին եւ խորը: Այդ ժամանակաընթացքում որեւէ զինվորական Մոնթեի կազմած ծրագրի վրա որեւէ ուղղում չէր ունենում անելու: Ամեն ինչ մանրակրկիտ նախագծում եւ մշակում էր:

Երբեմն այնպիսի հարցեր ու վիճակներ էին լինում, որ մեզ համար անիրականանալի էին թվում: Բայց Մոնթեն դրանք շատ հստակ տեսնում էր իրականության մեջ: Մի օր միասին էինք Երեւանում: Հանրակացարանի նրա սենյակի բոլոր պատերին քարտեզներ էին: Ասացի, որ լավ կլիներ, եթե Մռովի լեռնաշղթան գրավեինք: Մի փոքր մտածեց, չասաց` լավ է կամ վատ, ուղղակի ձեռքը դրեց քարտեզի վրա, Տավուշից սահեցրեց մինչեւ Մարտունի եւ ասաց. «Ասանք պիտի գրավենք»:

1993 թվականի հունվարին, երբ մի խումբ պատգամավորներ գնացել էին շրջաններ` դիրքերին ծանոթանալու, Մոնթեն քարտեզի վրա ցույց էր տալիս այն տարածքը, որ ազատագրական պայքարի ընթացքում պիտի ազատագրեինք: Երբ նա ասաց, որ սահմանը պիտի հասնի մինչեւ Հորադիզ, պատգամավորներից մեկը քմծիծաղով նկատեց, որ երազելը վնաս չէ: Մեծամասնության համար մինչեւ Արաքս գետ հասնելը երազանք էր թվում, բայց նա դա տեսնում էր պարզ իրականության մեջ: Մարդիկ կարող են շատ վեհ գաղափարակիրներ լինել, բայց գործով չկարողանալ կյանքի կոչել այդ գաղափարները: Սակայն, Մոնթեն այն մարդն էր, որն իր` ոմանց համար վերացական թվացող գաղափարաբանությունը կարողանում էր դարձնել իրականություն: Ասածս զուտ խոսքեր չհամարեք: Երբ պատկերացնում ես Մոնթեի ապրած կյանքը` սկսած այն պահից, երբ հասկացավ իր հայ լինելը եւ, ծանոթանալով Հայոց ազգային պատմությանը, հատկապես 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը եւ դրա արդյունքում Արեւմտյան Հայաստանի կորստին, նա իր առջեւ խնդիր դրեց ձեռնարկել Հայրենիքի ազատագրությունը, այդ նպատակով ոչ թե բավարարվում էր հազարավոր անհատների եւ ազգային որոշ ուժերի նման Հայրենիքի մասին երազելով կամ ոչ իրական ծրագրեր կազմելով, այլ վճռել էր թափանցել բռնազավթյալ Մայր Հայրենիք եւ տեղում պայքարել նրա ազատագրման համար: Եվ ո՞վ կարող է բացառել, որ նա իսկապես կհասներ իր նպատակին, եթե Արցախում չզոհվեր, եւ չընդհատվեր նրա կյանքի թելը:

Մոնթեն ասում էր, որ շատ ճանապարհ ունենք անցնելու` նկատի ունենալով Նախիջեւանը, æավախքը, Արեւմտյան Հայաստանը: Դրանք իր համար սոսկ երազանքներ չէին. նա ստույգ ծրագրեր ուներ, եւ ես համոզված եմ, որ մինչեւ կյանքի վերջը նա կպայքարեր այդ ծրագրերի իրագործման համար: Նա այդ գաղափարով էր առաջնորդվում, ու մարդիկ գնում էին նրա հետեւից:

Մոնթեն սրընթաց մտածողություն ուներ: Մի հարց, որ առաջադրվում էր, այնքան արագ էր պատասխաններ գտնում եւ վճիռներ արձակում, կարծես շատ անգամ մտածել էր այդ հարցի շուրջ: Ես էլ շատ անգամ նրան լսելուց հետո զարմացել եմ ինձ վրա, թե որքան բարդացրել եմ ամենապարզ բաները:

Մարտի մեջ անսահման քաջ էր, անվեհեր: Մի անգամ խոսում էինք այն մասին, թե արժե, որ յուրաքանչյուրն իր համար մեկ հատ փամփուշտ պահի: Ի վերջո, պատերազմ է: Ասաց. «Ոչ, ճիշտ չէ: Այդ փամփուշտով մի թշնամի էլ պիտի ոչնչացնես»: Հենց այդ խոսքն ասաց, առարկեցի. «Լավ, ասենք մի ադրբեջանցի էլ սպանեցինք, հետո՞, որ բռնեն տանեն, Աստված գիտի, թե ինչ չարչարանքների մեջ պետք է ընկնենք»: Ասաց. «Եթե մեռնելու ես, էլ ի՞նչ տարբերություն ինչպես կմեռնիս»: Կարծում եմ` նա, իսկապես, հոգեպես պատրաստ էր այդ բոլոր տառապանքները կրելուն:

Ասեմ նաեւ, որ շատ սրտացավ էր իր զինվորների նկատմամբ: Հասկանալի է, որ պատերազմական իրավիճակում հնարավոր չէ իսպառ խուսափել զոհերից ու վիրավորներից, բայց նրա սիրտը ցավում էր ամեն անգամ, երբ մի զինվոր վիրավորվում կամ հիվանդանում էր: Ամենաբարձր բարոյական հատկանիշների տեր մարդ էր: Եթե մեկը խաբեր կամ սուտ ասեր, հնարավոր է, որ երկար ժամանակ չներեր այդ մարդուն, մինչեւ որ մեղքն ինչ-որ ձեւով չքավեր: Չէր սիրում, երբ սուտ էին խոսում: Հավատացեք, որ եթե Մոնթեն մի որեւէ դիրք էր գնում, դա մեծ ուրախություն էր այդ դիրքապահների համար: Այնպիսի դիրք չկար, որ Մոնթեն շաբաթական առնվազն մեկ կամ երկու անգամ այնտեղ չլիներ: Եթե պետք լիներ, օրվա ընթացքում կարող էր մի քանի անգամ գնալ: Մարտիկները շատ էին ուրախանում, երբ տեսնում էին նրան: Բայց նաեւ գիտեին, որ սխալ բան անելու դեպքում կպատժվեն եւ պատասխանատվություն կկրեն: Բայց եթե Մոնթեի հրամանով էր, դրան էլ էին պատրաստ: Կռվի այդ տարիներին, եթե ուրիշների նկատմամբ նա չափից շատ պահանջկոտ էր թվում, ապա, պիտի ասեմ, որ իր նկատմամբ մի քանի անգամ ավելի պահանջկոտ էր, եւ այս առումով որեւէ մեկն իրավունք չուներ բողոքելու:

Շատ գրավիչ ծիծաղ ուներ: Ես շատ տպավորված եմ նրա ազնվությամբ: Վերին աստիճանի բարեկիրթ էր, պարզ ու ճշմարիտ: Անչափ մեծ է նրա ներդրումը շրջանի եւ ընդհանրապես Արցախի վիճակի բարձրացման գործում, բայց, ցավոք, չտեսավ վերջնական հաղթանակը:

Ինձ բախտավոր եմ համարում, որ այդ տեսակ մարդկանց հետ պատիվ եմ ունեցել շփվելու: Զարմանում ես մարդկային կամքի, ոգու եւ ֆիզիկական հնարավորությունների վրա: Գիտակցելով, որ իր մեծ նպատակների իրականացման համար ժամանակը քիչ է, եւ հասկանալով հանդերձ, որ այդ ճանապարհի ամեն քայլափոխ լի է մահացու վտանգներով, նա արեց ամեն ինչ այդ ճանապարհով ավելի առաջանալու: Մոնթեն մարմնավորում է Հայրենիքի զինվորի եւ արդարության մարտիկի կերպարը: Նա ապրեց վսեմ եւ աստվածահաճո կյանքով: Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերեց արդարության վերականգնման գաղափարին:

Մոնթեի զոհվելու մասին տարբեր բաներ են ասում: Ես չեմ հավատում, պարզապես չեմ կարող պատկերացնել, որ հայերի մեջ կգտնվեր մի մարդ, որ Մոնթեի դեմ նման դավադրություն կազմակերպեր:

Հատված Ասպրամ Ծառուկյանի «Բարեւ, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» անտիպ գրքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter