
Գյումրեցի 23-ամյա Մերուժան Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը կատարվեց Սուրբ Նշան եկեղեցում
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր, ժամը 18-ին տեղի ունեցավ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը: Երիտասարդ զինվորականին հրաժետ տալու էին եկել Գյումրիում տեղակայված զորամասերի զինվորականներ, տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Եկեղեցու մոտ հավաքված հարազատներից մի կին, ով չուզեց ներկայանալ, պատմեց, որ Մերուժանին վերջին անգամ տեսել էր մարտի 27-ին: Սուրբ Զատկի կապակցությամբ տղան նշանածի հետ միասին այցելել էր հարազատներին:
Նույն կինը պատմեց նաեւ, որ Մերուժանի հետ վերջին անգամ խոսել էին ապրիլի 1-ին՝ ցանկացել են իմանալ, թե արդյո՞ք խաղաղ է սահմանի Թալիշի հատվածում: Զոհված երիտասարդի բարեկամուհին ասաց, որ անհանգիստ են եղել, այդ օրը Արցախից Գյումրի էին տեղափոխել ժամկետային զինծառայող 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի դին եւ Մերուժանի հավաստիացումները, թե ամեն ինչ լավ է, որոշակիորեն հանգստացրել էր իրենց:
Արցախի սահմանները պաշտպանելիս թշնամու գնդակի զոհ դարձած 23-ամյա գյումրեցի երիտասարդը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայության էր անցել Թալիշի զորամասում: Մերուժանի ծնողները տղայի ուսման տարիներից տեղափոխվել էին Երեւան եւ վարձով բնակվում էին այնտեղ: Մերուժանի նշանածը Շուշի քաղաքից էր եւ, հարազատների ասելով, առաջիկայում պատրաստվում էին ամուսնանալ: Տղան տան միակ արու զավակն էր:
Որդու մավան լուրը ծնողներն իմացել էին ապրիլի 3-ին՝ Թալիշի զորամասի հրամանատարությունից: Մերուժանի դին Գյումրի էր տեղափոխվել ապրիլի 4-ի երեկոյան՝ Մուրացանի անվան ռազմական հիվանդանոցից: Հոգեհանգստին մասնակցող տղամարդիկ ասում էին, որ Մերուժանը բացի հրազենային վնասվածքից գլխին կացնի հարվածի հետքեր ունի:
Ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 6-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել