
Շփման գծում աշխատելու համար ԿԽՄԿ-ն սպասում է իշխանությունների պատասխանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանություններին առաջարկել է կազմակերպել սպանված զինվորներին որոնելու և ընտանիքներին վերադարձնելու աշխատանքները:
«Այս պահին մենք չունենք այդ հաստատումը, որպեսզի կարողանանք գործել: Ունենք մասնագետ, որն այնտեղ է [Լեռնային Ղարաբաղում], պատրաստ է անմիջապես գործել, և ունենք նաև միջոցները»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Իշխանությունների հաստատումը ստանալուց հետո կոմիտեի ներկայացուցիչները կսկսեն զոհերի մարմինները գտնելու, փոխանակելու, պահելու և հարազատներին վերադարձնելու, ինչպես նաև անհետ կորածների մասին տեղեկությունները հստակեցնելու աշխատանքները: Նրանց մասին առայժմ պաշտոնական հստակ տվյալներ չեն ստացել, պատվիրակության անդամները հետևում են հրապարակումներին:
Առաքելության Ստեփանակերտի 15 ներկայացուցիչներին այսօր միացել են Երևանի գրասենյակի 3 անդամներ: ԿԽՄԿ ներկայացուցիչն ասում է, որ աշխատանքները երկկողմանի են, և մարդասիրական խնդիրներին առնչվող հարցերի շուրջ աշխատանքներ է տանում նաև Բաքվի գրասենյակը:
Զառա Ամատունին նշում է, որ շարունակվում են նաև Լեռնային Ղարաբաղի վտանգված տարածքներից տարհանված բնակիչների կարիքների գնահատման աշխատանքները: «Այս պահին առնվազն երեք հազար մարդկանց մասին է խոսքը: Մենք տեղյակ ենք նաև, որ նրանց մեծ մասը տեղ է գտել ավելի ապահով քաղաքներում, գյուղերում՝ իրենց բարեկամների, ընկերների տներում: Այցելել ենք մեծ թվով տարհանված բնակիչների՝ հասկանալու համար, թե որոնք են իրենց այժմյան և հետագա կարիքները»,- ասում է առաքելության ներկայացուցիչը:
Քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառված բռնությունների մասին տեղեկությունները ԿԽՄԿ ներկայացուցչությունները պետք է հանձնեն այն իշխանություններին, որոնք պատասխանատու են դրանց համար: Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը հիշեցնում է, որ կազմակերպությունը չունի պատժիչ գործառույթ. միջազգային մարդասիրական մանդատի համաձայն՝ կարող են միայն հավաքել փաստերը և ներկայացնել դրանք համապատասխան մարմիններին:
Մեկնաբանել