HY RU EN

Փարիզում հայ երիտասարդները հանրահավաք են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջեւ

Ապրիլի 5-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի ունեցավ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքը:

Մասնակիցների ձեռքերին կարելի էր նկատել «Ղարաբաղը մերն է», «Ալիևը խաղաղության թշնամին է» լոզունգներով պաստառներ:

«Նոր սերունդ» կազմակերպության անդամներից Համբիկ Հովսեփյանը ներկայացրեց իրենց պահանջները՝ ուղղված Ֆրանսիայի իշխանություններին: Երիտասարդները, մասնավորապես, հորդորում էին դադարացնել Ղարաբաղյան հարցում ֆրանսիական կողմի ամոթալի քաղաքականությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանը 1994 թվականին կնքված հրադադարից հետո  շարունակաբար խախտել է զինադադարի ռեժիմը: 2016 թվականի ապրիլի 1-ից հրետանային զենքերի գործածությամբ Ադրբեջանի կողմից թույլ տված խախտումները  վերածվեցին իրական պատերազմի: Ռմբակոծվել են գյուղեր, Թալիշի շրջանում իրենց իսկ տանը դաժանորեն տանջամահ են արվել տարեց գյուղացիներ:

«Եթե Ադրբեջանի համար պատերազմը քաղաքական խաղ է, ապա Արցախի բնակչության համար դա կյանքի ու մահվան հարց է: Ղարաբաղի ժողովուրդը կատարել է իր որոշումը, պետք է ճանաչել նրա անկախությունը: Հարձակվում է ադրբեջանական կողմը, Ղարաբաղը միայն պաշտպանվում է»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Կազմակերպիչներից արգենտինահայ Ֆերնանդո Ավագյանը, խոսելով հանրահավաքի նպատակների մասին, հայտնեց. «Մենք փորձում ենք ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Ղարաբաղը կոնֆլիկտ չէ, Ղարաբաղը պատերազմ չէ, այլ անկախ երկիր, որ ապագա ունի: Ահա թե ինչու պարզապես ուզում ենք ամեն տեղ ցույց տալ, որ այն խաղաղ երկիր է, ավելի ապահով, քան կարող է լինել, օրինակ, Արգենտինան, եթե Ադրբեջանը պատերազմ չհրահրի»:

Ֆերնանդոյի խոսքով` Ղարաբաղյան հարցը իրենց համար կուսակցական հարց չէ (հիշեցնենք, որ «Նոր սերունդ» կազմակերպությունը ՀՅԴ կազմում է): «Մենք փորձում ենք հավաքել  ժողովրդին և գործել միասնաբար, պայքարել միասին»,-շեշտեց նա:

Հանրահավաքից հետո երիտասարդները փորձեցին ավելի մոտենալ դեսպանատանը, սակայն Փարիզի ոստիկանությունը կենդանի պատ կազմելով և արցունքնաբեր գազ օգտագործելով խոչընդոտեց երիտասարդներին: Ոստիկանների թիվն աճում էր, բողոքի ցույցի մասնակիցները բռնությունից և  անախորժություններից խուսափելու համար որոշեցին դադարեցնել իրենց երթը դեպի դեսպանատուն:

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նախատեսված է հանրահավաք անցկացնել նաև ապրիլի 9-ին:

Ծովինար Բանուչյան

Փարիզ