HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ով է ում տերը. ղարաբաղյան բախումների թուրքական գործոնը

Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների իրանական Րամսար քաղաքում եռակողմ հանդիպումից հետո (ապրիլի 5), Թուրքիայի նախարար Մ. Չավուշօղլուն «սեւ PR» անվանեց իրանական լրատվամիջոցների այն գնահատականները, որ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը պատերազմ է հրահրում Լեռնային Ղարաբաղում: Նախօրեին (ապրիլի 4), հայ- ադրբեջանական բախումների ամենաթեժ պահին հայտնի դարձավ, Էրդողանի հետեւյալ հայտրարության մասին. «Մի օր Ղարաբաղն անպայման կվերադռնա իր իսկական տիրոջը, նորից ադրբեջանական կդառնա»: 

«Եղբայրական եւ բարեկամական երկրից (Իրանից – Լ.Բ.) նման մեկնաբանությունները մեր հիասթափությունն են առաջացնում», - շարունակել է Չավուշօղլուն: «Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Մենք միշտ կոնկրետ ենք եղել այդ հարցում: Անկարան միշտ է հանդես եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»: Եվ էլի` «Ինչ-որ մի երկիր գալիս ու բռնազավթում է Լեռնային Ղարաբաղը, մի տարածաշրջան, որը Ադևբեջանին է պատկանում: Իսկ հետո փորձում է մեղավոր հանել Ադրբեջանին ու Թուրքիային»:

Անադոլու գործակալությանը տված այս հարցազրույցում Մ. Չավուշօղլուն նաեւ մեղադրել է ԵԱՀԿ ՄԽ-ին, քանի որ, ըստ նրա, մինչ օրս այն չի կատարել հայ-ադրբեջանական հակամարտության կարագավորման իր պարտավորությունը:  

Ի՞նչ են նշանակում այս բառերը

1. Ադրբեջանի եւ Թուրքիայի ընկալմամբ` հակամարտության կարգավորումը հայկական կողմի կապիտուլյացիայի դիվանագիտական ձեւակերպումն է,  քանի որ լարվածության բարձրացմանը զուգընթաց ավելի ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իրավասության վերականգնումը Ղարաբաղի նկատմամբ հնարավոր է միայն Ղարաբաղի ՊԲ հիմնովին ջախջախման, ողջ մնացած բոլոր հայերին այնտեղից վռնդելու արդյունքում: Սա եւս մեկ անգամ  ցույց  է տալիս, թե կողմերից հակտապես ո՞րն է արգելանք դրել ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկությունների` Նորացված Մադրիդյան սկզբունքների վրա («տարածքներ կարգավիճալի դիմաց » բանաձեւ): Ալիեւի նման էլ  Թուրքիայի իշխանություններն իրականում հանդես են գալիս  Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծումը թաղելու օգտին, ինչը սկզբունքորեն նրանց հաջողվում է անել: Ապագայում ավելի մեծ ընդհարումների փոքր մակետներն այսօր ցույց տալու արդյունքում Ալիեւը հասավ այն բանին, որ մի կողմից մարգինալացրեց քաղաքական բանակցությունների եւ առհասարակ խաղաղաշինական  դիսկուրսը հայկական հասարակական լայն շրջնակներում: Մյուս կողմից էլ` մատերիալիզացրեց իր երիտասարդությանը տարիներ շարունակ պարտադրվող թշնամու կերպարն` ի դեմս հայերի:   Ծանոթ տղաների թափված արյունը, կամ բարեկամների մահը ռազմաճակատում  հզոր գրգռիչ է նույնիսկ այն երիտասարդների համար, որոնք մեծացել են ետպատերազմյան շրջանում,  եւ որոնց համար մինչ այդ Ղարաբաղը վիրտուալ հայրենիք էր, եւ փաստ չէ, որ բոլորն էին պատրաստ լինելու զոհվելու հանուն այդ վիրտուալության:  

2. Թուրքիայի ու Ադրբեջանի համար ԵԱՀԿ ՄԽ արդյունավետությունն ուղիղ համեմատական է նրա ջանքերին` ուղղված Ադրբեջանի պահանջները հայկական կողմերում ընդունելուն: Նման ընկալումը խոսում է թուրք դիվանագետի կամ` լիովին մասնագիտական անպիտանիության մասին (դե հնարավոր չէ չիմանալ միջազգային ցանկացած միջնորդական առաքելությունների սահմանված պարտականությունները, այն, որ նրանք չեն ստիպում, նրանք միայն առաջարկում են եւ դեպի միմյանց են մղում կողմերին, եթե չկան բանակցություններով նրանց հետաքրքված  լինելու  ազդանշաններ), կամ էլ`ցույց է տալիս նրա հիմնարար կողմնակալությունը (ինչն այս դեպքում նույն բանն է):       

3. Թուրքիայի համար Հայաստանը «ինչ-որ մի երկիր է», որի հետ, ի դեպ, նա պատրաստվում էր ստեղծել «Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմ» (2008 թ. հոկտեմբեր), չնայած, որ լուծված չէին հայ-թուրքական խնդիրները, ստորագրել «ցյուրիխյան արձանագրությունները» (2009 թ. հոկտեմբեր), չնայած որ լուծված չէր հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտությունը:  

Ամենեւին էլ ոչ հայկական ծագման մեղադրանքները , որ հնչում են այս օրերին Թուրքիայի հասցեին  (որ նրա խորհրդով է Ադրբեջանը գնացել ռազմաճակատում վերջին սադրանքներին), չափազանց կոնսպիրոլոգիական են թվում: Քանի որ փաստ չէ, որ  այդ բախումները չէին վերածվելու ավելի լայնամասշտաբ գործընթացների: Եվ Թուրքիան իր այսօրվա խնդիրներով (Սիրիա, փախստականներ, քրդերի դեմ պայքար եւ երկրի ֆրագմենտացման ռեալ վտանգ), որպես Ադրբեջանի եղբայրական պետություն  ստիպված էր լինելու մասնակցելու: Եվ որպես արդյունք` վերջնականապես փչաացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դատելով ամեն ինչից, Թուրքիան սա ամենեւին չի ուզում: Բայց մյուս կողմից`եթե նայենք Հայաստանի դաշնակիցների դիրքորոշումներին (Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մյուս երկրների վերաբերմունքը ապրիլյան բռնկումներին),  ապա կարելի է ենթադրել, որ Թուրքիան էլ հետո , ինչ-որ պահի մի կողմ էր դնելու Ադրբեջանի նկատմամբ իր պարտավորությունները` քողարկելով դա դիվանագիտական տարբեր քսուքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter