
Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի բացահայտումը էթիկայի հանձնաժողովի տիրույթում է
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ ծանոթ է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից օֆշորում ընկերություն հիմնելու և բիզնես իրականացնելու մասին մամուլի հրապարակումներին, թեև ոչ շատ խորությամբ՝ հաշվի առնելով վերջին օրերի ղարաբաղաադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը:
Այդ հարցը ազգային ժողովում բարձրացրեց պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Պատգամավորը կարևորեց պետության պայքարը կոռուպցիայի դեմ, ինչը նաև ազգային անվտանգության հարց է:
«Հետքն» արդեն գրել է, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները
Նախարար Հովհաննիսյանն ասաց, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է իրավական որոշակի մեխանիզմ նման իրավիճակների կարգավորման համար: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նման դեպքերում ունի որոշակի լիազորություններ և հանձնաժողովն իրավունք ունի վարույթ հարուցել, ինչպես կոնկրետ հայտարարության հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ:
Ըստ նախարարի՝ արդյունքում մի քանի հետևանքներ կարող են առաջանալ: Հետևանք առաջին. եթե առկա է համապատասխան եզրակացություն հանցագործության հատկանիշներ պարունակելու մասին, ապա էթիկայի հանձնաժողովը կարող է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Երկրորդ դեպքում՝ պաշտոնյայի հետ կապված տեղեկացվում է պաշտոնին նշանակելու լիազորություն ունեցող անձը և վերադաս պաշտոնատար անձը:
Նախարարն ասաց, որ առաջիկայում խորհրդարան է ներկայացվելու մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով պատասխանատվության միջոցներ են սահմանվելու հայտարարագիրը ոչ ճիշտ լրացնելու, եկամուտները թաքցնելու և այլ դեպքերում:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կառավարությունը կողմ է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին լայն լիազորություններով օժտելուն և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել